Երաժշտությունն այն լեզուն է, որով ես ուզում եմ խոսել մարդկանց հետ. Ռուզան Մանթաշյան

Օպերային երգչուհի, սոպրանո Ռուզան Մանթաշյանը օրերս համերգով հանդես եկավ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Հայրենիքում գտնվելու փաստը առիթ հանդիսացավ նրա հետ զրուցելու նրա երաժշտական կարիերայի, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության և հետագա պլանների մասին:

- Հարգելի Ռուզան, գիտեմ, որ սկսել եք Ձեր երաժշտական կարիերիան 17 տարեկանից՝ առաջին անգամ բեմ բարձրանալով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Պատմեք մեզ, թե ինչպես ամեն բան սկսվեց ու նման լուրջ ընթացք ստացավ: Ե՞րբ վերջանական որոշում կայացրիք զբաղվել այս մասնագիտությամբ:

- Այո, առաջին մեծ բեմս եղել է 17 տարեկանում դիրիժոր Ռուբեն Ասատրյանի հետ: Դա իմ և ծնողներիս համար կարևոր օր ու համերգ էր: Ծնողներս կասկածում էին, որ պետք է օպերային երգչուհի դառնամ, իսկ այդ օրը շատ բան փոխեց: Համերգի ծրագրում լավագույն երաժշտական և արվեստի դպրոցների լավագույն սաների ելույթներն էին, հնչում էին հանճարեղ կոմպոզիտորիների լավագույն գործերը:

- Երաժշտական կրթություն եք ստացել թե՛ արտասահմանում, թե՛ Հայաստանում: Ինչո՞վ են առանձնացել կրթական հաստատություններն ու ո՞րն ինչ արժեքավոր, մնայուն գիտելիք է տվել:

- Յուրաքանչյուր տեղ, որտեղ որ սովորել եմ, մի նոր ու կարևոր բան եմ ստացել: Կարծում եմ՝ եթե մարդու նպտակը սովորելն է, սովորում է յուրաքանչյուրից և վերցնում արժեքավորը: Իմ պարագայում` հիմքը դրվել է Հայաստանում` թե՛ որպես երաժիշտ, թե՛ որպես երգչուհի: Նախ և առաջ յոթնամյա կրթություն եմ ստացել Սարաջևի անվան երաժշտական դպրոցում՝ որպես դաշնակահարուհի, որն էլ եղել է իմ երաժշտական ուղու սկիզբը: Իմ դաշնամուրի ուսուցչուհին՝ Լյուդմիլա Պապիկյանը, ինձ տվել է անգնահատելի գիտելիքներ, որի համար նրան անչափ շնորհակալ եմ: Ուսուցիչների հարցում ինձ բախտավոր եմ համարում, քանի որ հանդիպել եմ ինձ համար լավագույնը համարվող մարդկանց, որոնք տվել են ինձ այն ամենը, ինչ կարողացել են:

Կոնսերվատորիայում ավելի լուրջ պատրաստություն եմ անցել, արել առաջին լուրջ քայլերս, որն ինձ բեմում շատ է օգնել: Արտասահմանում սովորելիս պահանջները մի քիչ այլ էին. նրանք պատրաստում էին մեզ իրենց թատրոնի համակարգում աշխատելու չափանիշներին համատասխան, որը պահանջում էր մեծ աշխատանք սեղմ ժամկետներում: Միջավայրն այնտեղ պրոֆեսիոնալ էր, որն օգնում էր մնալ լավ մարզավիճակում: Ամեն պատն այնտեղ արվեստ էր շնչում: Հաճախ էին լինում հետաքրքիր համագործակցությունների առաջարկներ, լայն հնարավորություններ, կարող էինք գնալ տարբեր համերգների, հաճախ էինք բեմ դուրս գալիս, որը շատ էր օգնում մասնագիտական աճին:

- Ծանոթ լինելով թե՛ հայ, թե՛ օտար մշակույթին, ժողովրդին, բեմական արվեստին՝ ի՞նչը կփոխեիք կամ ի՞նչ նորություն կբերեիք Հայաստան ու Հայաստանից ի՞նչը որպես օրինակ կներկայացնեիք արտերկրում:

- Հայ և օտար մշակույթները կարող են իրար փոխլրացնել, միմյանցից վերցնել լավը, սովորել իրարից: Օրինակ՝ Կոմիտասը օտար բեմերում լսելի և շատ խոսուն է: Կուզեմ, որ Հայաստանը ավելի բաց լինի նորությունների առաջ, շատ շփվի օտար երկրների բեմերի հետ, լինի փորձի փոխանակում, որն էլ իր հերթին կօգնի հարստացնել տեղի մշակույթը: Ելույթ ունենալով օտար բեմերում` մենք մեզնից ինչ-որ բան ենք դնում, ինչպես նաև այնտեղից բերում Հայաստան: Կուզեի` ավելի հարուստ խաղացանկ ունենայինք, հաճախ լինեին բեմադրություններ: Ճիշտ է, սա կապված է մեծ ծախսերի հետ, բայց կազմակերպչական աշխատանքը ևս կարևոր է: Կարելի է ամեն բան ի սկզբանե ավելի լավ պլանավորել, որը վստահ եմ՝ կստացվի մեզ մոտ:

- Տարին մալերյան ենք սկսել, այս տարի տարվա սկզբից հանդես եկաք հայ ֆիլհարմոնիայի հետ մի շարք համերգներով: Ե՞րբ և ինչպե՞ս ստացաք հրավերները, ինչպե՞ս էր ստացվում համագործակցությունը նվագախմբի և դիրիժորների հետ: Առաջիկայում ևս սպասե՞նք Ձեզ հայաստանյան բեմում: 

- Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մեր համագործակցությունը շատ վաղուց է սկսվել: Այն ինձ համար հարազատ դարձած նվագախումբ է: Նախորդ ամիս Թոփչյանի հետ ունեցանք երկու համերգ, որից մեկը`Մալերի 4-րդ սիմֆոնիան, երկրորդ անգամ էինք միասին ներկայացնում. տարիներ առաջ հենց Մալեր 4-րդով է սկսվել մեր համագործակցությունը: Էդուարդ Թոփչյանի առաջարկով մասնակցեցի այս հրաշալի համերգին և հուրախություն ինձ, տարիներ անց թե՛ ես, թե՛ նվագախումբը կարողացանք ավելի հասուն և գեղեցիկ կատարել ստեղծագործությունները: 

- Արտերկրում ի՞նչ համերգային նորություններ են սպասվում Ձեր մասնակցությամբ:

- Քանի որ հիմնական գործունեությունս ծավալում եմ արտերկրում, նորություններն անընդհատ են: Այս պահին աշխատում եմ Բեռլինի Քոմիշո օպերայում, որտեղ պատրաստում ենք Վերդիի վերջին` «Ֆալստաֆ» օպերան: Հետագայում սպասվում են համերգներ Ժնևում, Ամստերդամում և այլուր: Չեմ կարող փակագծեր բացել, ընթացքում բոլորի մասին էլ հանրությունը տեղեկացված կլինի:

- Լինելով հայ արտիստ և հանդես գալով տարբեր օտար երկրներում՝ շեշտո՞ւմ եք, որ հայ եք: Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր հայ լինելը, դա պահպանելն ու ի ցույց դնելը: Վերջիվերջո, դժվար չէ՞ օտար հողում ապրելն ու ստեղծագործելը:

- Ես հայ եմ, ծնողներս հայ են, ծնվել եմ Հայաստանում, հաճախել եմ հայկական դպրոց, սովորել եմ կոնսերվատորիայում, որից հետո ուսումս շարունակելու նպատակով մեկնել եմ արտերկիր, քանի որ զարգանալու և որպես արտիստ ձևավորվելու համար դա ինձ համար եղել է միակ ուղին: Կարծում եմ՝ մի վայրում մնալով` կլճանայի, ինձ պետք էր նոր գիտելիք ու փորձ: Շփվելով օտար մշակույթի հետ՝ հարսատանում ես: Բեմում մենք «մերկ» ենք, և ինչ կա մեր հոգում, հնարավոր չէ քողարկել: Մի վայրում մնալով, նորը չսովորելով՝ ինձ բոբիկ կզգայի: Ունենալ նման հնարավորություն ու չօգտվել՝ անմտություն կլիներ: Միայն այն, որ ես հայ եմ ու ինձ հայ եմ համարում, արդեն հերիք է, պարտադիր չէ, որ ես կանգնեմ ու գոռամ, որ հայ եմ: Իմ անունը, ազգանունը, ազգությունը հայ է, ու մարդիկ դա գիտեն: Դա ինձ համար շատ կարևոր է. այն կապված է իմ էության հետ և այն է, ինչ ես կամ:

Օտար երկրում ապրելը, իհարկե, դժվար է, քանի որ հեռու ես քո հարազատ մարդկանցից ու միջավայրից: Ինչքան էլ տիրապետես լեզվին, հասկանաս նրանց մշակույթը, զգում ես, որ չհասկացված ես: 

Նկատել եմ, որ ես արտասահմանում չունեմ նախապաշարմունքներ, որովհետև այդքան էլ լավ ծանոթ չեմ բոլոր մշակույթներին, հետևաբար որևէ մեկի հետ դրա շուրջ քննարկում ծավալել չեմ կարող: 

- Ե՞րբ հասկացաք, որ Ձեր առաքելությունը օպերային երգչուհի դառնալն է:

- Առաքելությունն ինձ համար ամպագոռգոռ է հնչում, ես անում եմ իմ սիրած գործը, զբաղվում եմ երաժշտությամբ, որն ինձ համար այլ աշխարհ է՝ անաղարտ ու աշխարհիկ կյանքից դուրս, որտեղ ես ինձ լավ եմ զգում, եթե այդ աշխարհը չպահապանեմ՝ չի լինի այն արդյունքն ու արվեստը, որը ես ներկայացնում եմ: Երաժշտությունն այն լեզուն է, որով ես ուզում եմ խոսել մարդկանց հետ: 

- Ինչպիսի՞ն է Ձեր երգացանկը, ինչպե՞ս կամ ի՞նչ սկզբունքով եք այն ընտրում:

- Իմ երգացանկը ընտրում եմ կախված իմ հնարավորություններից: Կա հասկացություն, որ ընտրվում են դերեր` կախված անձի հնարավորություններից, որոնք ընդունվում են նախապես: Ես փորձում եմ ընտրել ամենահետաքրքիր դերերը, և եթե դրանք համընկնում են թատրոնի պահանջների հետ, լավ համագործակցություն ենք ստանում: Մյուսն էլ այն է, որ նայում եմ, թե ընտրածս դերը որքանով է հետաքրքիր և ինչ ասելիք ունի:

- Նշեք օպերային երգչի մասնագիտության դժվարությունները: Ինչպե՞ս եք դրանք անձամբ հաղթահարում:

- Բոլոր մասնագիտություններում էլ դժվարությունները շատ են, սակայն օպերային երգչի դեպքում պիտի առանձնացնեմ մենակություն: Հաճախ`  լինելով նոր քաղաքում, չճանաչելով ոչ մեկի` պետք է մասնակցես նոր բեմադրության, որտեղ քեզ պես նոր մարդիկ են` ամեն ինչին անծանոթ: Ճիշտ է, շրջան է գալիս, երբ սկսում ես աշխատել ծանոթների հետ, սակայն հարազատ մարդկանց քիչ ես հանդիպում այդ ուղու ընթացքում: Դա էլ ստեղծում է միայնության զգացումը ու հաղթահարվում է նրանով, որ ժամանակավոր է, որ որոշ ժամանակ անց կրկին սիրելիներիդ հետ ես լինելու: Այդ միտքն է, որ օգնում ու փրկում է:

- Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:

- Քննադատություններին շատ ադեկվատ եմ մոտենում, եթե դրանք օգնում են ինձ դառնալ ավելի լավը, իսկ եթե դա որևէ մեկի կարծիքն է, այսինքն` օբյեկտիվ չէ, դրանք, իհարկե, անցնում են պատմության գիրկը: Կարծում եմ` եթե քննադատությունները լինեն տեղին, մեզ՝ արտիստներիս, շատ կօգնեն:

- Ո՞րն է եղել Ձեր ամենառիսկային քայլը կամ զոհողությունը կարիերայի համար:

- Զոհողությունների չեմ գնացել, ցանկացած արված բան եղել է կոնկրետ նպատակի համար: Ինձ համար առաջնային տեղում ընտանիքն ու մարդկային հարաբերություններ են, սակայն ամենառիսկային քայլս եղել է այն, որ 20 տարեկանում միայնակ գնացել եմ Իտալիա՝ Ֆրենիի ակադեմիայում սովորելու համար՝ իմանալով լեզուն ոչ լավ: Սկզբում բարդ էր, բայց հետագայում ամեն բան իր տեղն ընկավ:

- Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ ոգեշնչում, մոտիվացնում և ինչպե՞ս:

- Իմ ամենօրյա աշխատանքը, իմ ու կոլեգաներիս նվիրվածությունն ինձ ոգեշնչում է: Ոգեշնչում կարելի է գտնել ամենուր, նույնիսկ փոքր բաներում: Օրինակ՝ ինձ բաժին հասած նոր դերն ինձ ոգեշնչում է, նոր թատրոնը, նոր կոլեգաները, հրաշալի երաժիշտներն ու նրանց հետ հանդիպումները ևս:

- Ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչները: Որո՞նք են եղել այն գլխավոր կամ կարևոր խորհուրդները, որ ստացել եք նրանցից:

- Իմ ուսուցիչներից մեծ դեր են խաղացել առաջին ուսուցիչս՝ Լյուդմիլա Պապիկյանը, ինչպես արդեն նշեցի, Վալերի Հարությույանը, որը տվել է ինձ բազային գիտելիքներ ու նույնիսկ ավելին: Իրականում ուսուցիչներից կարողանում ես սովորել ոչ միայն մասնագիտականը, այլև մարդկայինը, կյանքից դասեր ստանալ, հասկանալ` ինչ խթաններ ու խոչընդոտներ կարող են լինել: Իտալիայում ուսուցիչս էր Միրելլա Ֆրենին, որից սովորել եմ ամեն ինչ, ինչ հնարավոր էր: Շատ խիստ կին էր, և այդ առումով Վալերի Հարությունյանից շատ չէր տարբերվում: Կարծում եմ՝ ուսուցիչներիս խստությունն է, որ ինձ օգնել է միշտ զարգանալ: Իտալիայում սովորելու տարիներին ունեի կոլեգաներ, որոնք բողոքում էին Ֆրենիի խստությունից, իսկ ինձ համար դա լրիվ նորմալ էր, ինձ պետք չէր, որ ասեին ամեն բան հրաշալի է, ու ես տեղում դոփեի: 4-րդ ուսուցիչս Ֆրանկֆուրտի Հեդվիգ Ֆասբենդերն էր, որի հետ մինչև հիմա էլ կապի մեջ ենք և որից սովորել եմ գործել, ինչպես արտիստը: Իրենից հետո այլ ուսուցիչ չեմ ունեցել:

- Ունե՞ք սիրելի կամ նախընտրելի օպերային երգիչ, երգչուհի, որի կատարողական արվեստը Ձեզ դուր է գալիս և փորձում եք որոշ բաներ  սովորել ու կատարելագործել Ձեր իսկ գործերում:

- Ցավոք, հիմա չեմ կարող նշել որևէ երգչի, որն ինձ ոգեշնչում է: Բոլորի մեջ կարելի է փնտրել ու գտնել այն, ինչը կարող է ոգեշնչել, ինչը հետաքրքիր է, սակայն հատուկ անուններ նշել չեմ կարող և պարտադիր չէ ոգեշնչվել այն մարդուց, որը կապ ունի երաժշության հետ, կարելի է սովորել սովորական մարդուց ու սովորածը կիրառել սեփական գործում:

Զրուցեց Նատալի Մկրտչյանը

  • Created on .
  • Hits: 1236

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: