Ցանկացած գործում անհրաժեշտ է կամք և ձգտում. Մարիա Գալստյան

2018 թվականից գործում է «Ագապէ» երգչախումբը, որի ղեկավարը Մարիա Գալստյանն է: Մարիան երաժշտությամբ վաղուց է զբաղվում. մեզ հետ զրույցում նա կիսվել է ոչ միայն իր հաջողության պատմությամբ, այլև առաջիկա պլանների և անցած ուղու, դժվարությունների ու վերելքների մասին:

Ե՞րբ և ինչպե՞ս եղավ, որ ստեղծեցիք «Ագապէ» երգչախումբը: Պատմեք խմբի ստեղծման և առաջին քայլերի մասին:

2018թվականին հասունացավ կամերային երգչախումբ ստեղծելու ցանկալի պահանջը, և հենց այդ թվականին էլ հիմնադրվեց «Ագապէ» կամերային երգչախումբը` երկսեռ կազմով: Բաղձալի այս իրականությունը ընկերներիս բարի ու հասկանալի դրդմամբ աստիճանաբար ձևավորվեց և մի օր հավաքվեց երաժշտասեր երիտասարդների մի խումբ, որոնք արձագանքեցին նախաձեռնությանս:

Ամենաբարդ հարցը փորձատեղին էր, իհարկե. անչափ դժվար էր, և դա այսօր էլ շարունակում է խնդիր հանդիսանալ մեզ համար:

Գտնվեցին երաժշտագետ և երաժշտասեր անհատներ, որոնք սիրով և անհատույց օժանդակեցին նորաստեղծ «Ագապէ»-ին` փորձասենյակ տրամադրելով: Այդ ընթացքում հրավեր ստացանք` մասնակցելու Տավուշում կայանալիք հոգևոր փառատոնին: Մեր համերգային առաջին ելույթը կայացավ Հաղարծին վանական համալիրում` ստանալով Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի օրհնությունը: Սա «Ագապէ»-ի ուղեծրի առաջին քայլն էր:

Չնայած` «Ագապէ»-ի անցած ճանապարհը այնքան էլ երկար չէ, սակայն երգչախումբը հասցրել է մասնակցել հանրապետական տարբեր միջոցառումների և ունեցել է համագործակցություններ` «Կոմիտաս 150 տարի/րոպե» նախագիծ, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրեր, Գրքի փառատոն, Հաղարծինում` հոգևոր փառատոների մասնակցություն, Պատմամշակության հուշարձանների պահպանմանը նվիրված միջոցառում, մենահամերգ Երևանում և Տավուշում և այլ միջոցառումներ:

Այս ամենը երգչախմբին տվեց ոգևորություն, ստեղծագործական վերելքի ընթացք:

Agape002

Ինչպե՞ս են հիմա ընթանում գործերը «Ագապէ»-ում, ի՞նչ պլաններ ունեք և ինչո՞վ հանդես կգաք առաջիկայում:

Այսօր «Ագապէ»-ն ներկայանում է աղջիկների միակազմով: Պլանները շատ են, բազմաբովանդակ, սակայն դրանք պահանջում են տանիք, որպեսզի իրականացվեն:

Չունենալով ֆինանսական աջակցություն` ստիպված ենք փորձերը իրականացնել մեր տանը, և չնայած այն ամենին, ինչը տեղաշարժային և ժամանակային դժվարություններ է առաջացնում ծայրամասերից եկող երգիչների համար` այնուամենայնիվ, Ագապէի աղջիկները փորձի են գալիս սիրով ու նվիրումով: Այժմ աշխատում ենք հիմնականում հայ հոգևոր (Մակար Եկմալյանի ամբողջական Պատարագի և Կոմիտասի Պատարագի հատվածների շուրջ, որն էլ առաջիկայում կհնչի Իջևանի Սուրբ  Ներսես Շնորհալի առաջնորդանիստ և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներում) և աշխարհիկ ստեղծագործությունների շուրջ:

Դժվա՞ր չէր ստեղծել նոր երգչախումբ զրոյից: Ինչպիսի՞ դժվարությունների էիք հանդիպել այդ ընթացքում:

Ցանկացած գործունեություն ծավալելիս անհրաժեշտ է կամք և ձգտում, և այն իրագործելու համար անհրաժեշտ են գործոններ, որոնք կծառայեն դժվարությունները հաղթահարելու և նպատակին հասնելու համար: Այլ է պետական կառույցում աշխատելը. այստեղ դու աշխատակից ես, և դժվարամատչելի խնդիրները լուծելի են, իսկ ինքնագործ երգչախմբերը, որոնք թվով էլ շատ չեն,  կարիք ունեն պետության հոգածության. տարրական օրինակ` փորձատեղին:

Բերեմ մեր գործունեության շրջանակներում մի վառ օրինակ: Մաեստրո Սեդրակ Երկանյանի կողմից ստացանք «Տաղարան» համույթի հետ համագործակցելու առաջարկ` Ջ. Պերգոլեզիի «Stabat Mater» ստեղծագործության կատարման, ինչն էլ սիրով ընդունվեց «Ագապէ»-ի կողմից, և այն իրականացվեց Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, և քանի որ մենք փաստացի ունեցանք փորձատեղի, մեզ առաջարկվեց մենահամերգով ներկայանալ առաջին բաժնում: Անչափ ուրախ էինք, ոգևորված և պատասխանատվությամբ լցված:

Հարկ եմ համարում նշել, որ «Ագապէ»-ի գործունեության հընթացս ճանապարհին խնդրանքիս աջակցել են նվիրյալ երաժիշտներ և երաժշտասեր մարդիկ` որոշ ժամանակային տևողությամբ փորձատեղի տրամադրելով:

Շնորհակալությունս եմ հայտնում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն մաեստրո Տիգրան Հեքեքյանին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննսիյանին, Սեդրակ Երկանյանին և Նորայր Նազարյանին, ԿԳՄՍ նախարարությանը` ի դեմս Արայիկ Խզմալյանի, «Հոդված 3» ակումբի ղեկավար Գայանե Աբրահամյանին, Ա. Շիրակացու անվան ճեմարանի հիմնադիր-տնօրեն Աշոտ Ալիխանյանին և կրտսեր դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանին:

Agape00

Ո՞վ է Ձեզ օգնել, խորհորդներ տվել «Ագապէ»-ի ստեղծման ընթացքում: Ու՞մ շնորհիվ եք մոտիվացվել կամ ինչո՞վ եք ոգեշնչվել:

«Ագապէ»-ին օգնում է ինքը` ագապէականը, որը անմնացորդ նվիրված է երգչախմբին, սիրում է իր գործը և կրում է խմբի համար պատասխանատվություն, ինչն էլ ոգեշնչում է խմբին և դարձնում միաձույլ:

Գիտեմ, որ «Ագապէ»-ն միակ երգչախումբը չէ, որ ղեկավարում եք, աշխատում եք նաև ավելի մատաղ սերդնի ներկայացուցիչների հետ: Կմանրամասնե՞ք:

Այո´, աշխատում եմ մանկավարժության ոլորտում` Անանիա Շիրակացու անվան գիտահետազոտական ճեմարանում, դասավանդում եմ «Երաժշտություն» առարկան, այստեղ հիմնադրել եմ մանկական երեք երգչախումբ, խմբավար եմ նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Վերջերս հրավեր ստացա Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանից` թեմի մանկապատանեկան երգչախմբի հետ աշխատելու:

Այս տարիքային խմբերի հետ աշխատելը օրհնություն է և առաքելություն: Երեխաներին տեսնում եմ` որպես մի մոդելի, որին կարող ես խմորի պես հունցել և ստանալ այն, ինչ ինքդ ես ցանկանում` կարևորելով նրանց` սաների յուրահատկությունները, ներուժը և այստեղ կարևոր է տեսնել յուրաքանչյուր տարիքային խմբի հետ աշխատելու առանձնահատկությունները:

Մանուկների ազնիվ, մաքուր հոգին զգում է հնչյունների կախարդական գեղեցկությունը, բացահայտում է երաժշտության կամ երգի ազդեցությունն իր ներաշխարհին և կապվում է նրա հետ:

Միջին տարիքի սանը ավելի գիտակցորեն է մոտենում երաժշտությանը և դրա շուրջ վերլուծություններ կատարելով` զարգացնում է քննադատական մտածողություն:

Իսկ մեծերը, ունենալով երաժշտության վերաբերյալ գիտելիքներ ու պատկերացումներ, գնահատում են երաժշտությունը, արվեստի ուժը մարդու կյանքում, որն էլ տանում են իրենց հետ դեպի կյանք:

Agape1

Հետաքրքիր է, ինչպե՞ս եք համատեղում այս ամենը, ի՞նչ խոչընդոտներ են երբեմն ի հայտ գալիս: Ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:

Թվում է, թե այս ամենը դժվար է կյանքի կոչել: Կարծում եմ` հաջողության համար ինձ օգնում են իմ իսկ բնույթը, էներգետիկ դաշտս: Երբեմն գերհոգնում եմ, բայց հենց մտնում եմ աշխատանքային պրոցեսի մեջ, տալիս և ստանում եմ էներգիա: Օգնում են նաև ինքնակառավարման հմտություններն ու կարողություններս, ընտանիքս և սիրով ու սրտացավ կատարած աշխատանքս, իհա´րկե, «Ագապէ»-ի նվիրյալ աղջիկներս:

Ո՞րն է Ձեզ համար ամենակարևորը երաժշտական աշխատանքում:

Ցանկացած աշխատանքում կարևորում եմ սրտացավ, ազնիվ ու նվիրյալ մոտեցումը:

Մանկավարժության մեջ կարևորում եմ և ընդունում որպես պատգամ` մեծն Կոմիտաս վարդապետի կոչը, որ պետք է զգուշությամբ ու երկյուղածությամբ մոտենալ դաստիարակության գործին, քանի որ խիստ փափուկ պաշտոն է այն, ինչը կոչված է դաստիարակելու մի սերունդ, որ ապագա ազգն է. սխալ ուղղությամբ մի ազգ կխորտակվի: Իսկ կատարողական արվեստում կարևորում եմ, ստեղծագործական երևակայությունը, ինքնակրթությունը, մտքի, ազգային ոճի զարգազումը, ծրագրի ընտրությունն ու դրա մեկնաբանությունը, աշխատասիրությունը, նաև` մեր հոգևոր և աշխարհիկ գեղարվեստական կարողությունների ցուցադրումը:

Agape0

Ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը կամ կարգախոսը:

Անձամբ իմ հաջողության գրավականն են սերն առ մասնագիտություն, երգչախմբում կարգ ու կանոնի պահպանումը, ստեղծագործական հնարքները, թիմային աշխատանքի գիտակցումը, կարգախոսս` «Եղիր ինքդ քեզ հետ»:

Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ երաժշտության վերաբերյալ, եթե հանդիպեինք սեփական անձին 5-10 տարի առաջ: Ինչու՞ հենց այդ խորհուրդը:

Հանդիպել մարդուն, որը հինգից տաս տարի առաջ արդեն ընտրել էր մասնագիտություն... Եթե ես եմ հանդիպում իմ եսին, ապա կրկին և նորից խորհուրդ կտայի ընտրել նույն մասնագիտությունը և մտնել նրա գանձարանի խորխորատները և ապրել:

Զրուցեց Նատալի Մկրտչյանը

  • Created on .
  • Hits: 2038

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: