«Մի քիչ Դոն Կիխոտ, մի քիչ Միշկին». հարցազրույց Հրաչյա Սարիբեկյանի հետ

Զրուցել ենք բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, հայ ժամանակակից արձակագիր, «Երկվորյակների արևը», «Ապուշների ուղևորությունը», «Գուշակություններ հայելիներով», «Այնտեղ՝ աչքերդ երբ բացես» և այլ ստեղծագործությունների հեղինակ Հրաչյա Սարիբեկյանի հետ։

Գրող լինելը՝ ի կատար ածված երազա՞նք... ինչպե՞ս դարձաք գրող։ Երբվանի՞ց եք սկսել գրել։ Ի՞նչ փորձություններ եք հաղթահարել այդ ճանապարհին։

Դեռ նախադպրոցական տարիքում ինձ դուր էր գալիս երևակայության գիրկն ընկնել, ինչ-որ աշխարհներ երազել ու պատկերացնել: Տառաճանաչությունն ինձ անմիջապես այդպիսի աշխարհներ արարելու, ավելի իրեղեն, տեսանելի, դարձնելու հրաշալի հնարավորությունը հուշեց: Տպագրվելու կամ գրող դառնալու երազանքն արդեն մի փոքր ուշ՝ երրորդ դասարանից ինձ սկսեց հետամտել մինչև դպրոցական կյանքիս ավարտ, թեպետ «Կանչ» թերթին, «Ծիծեռնակ» ու «Աղբյուր» ամսագրերին, «Գրական թերթին» ու «Գարունին» ուղարկված իմ ոչ մի նամակի պատասխանն այդպես էլ չստացա, և հենց չտպագրվելու շնորհիվ էլ երևի իմ մեջ վառ մնաց գրող դառնալու իղձը: Հասակակից ընկերներ ունեի, որոնք ինձ համար հեղինակություն էին, որովհետև տպագրվում էին և, իսկապես, հիանալի էին գրում և ինձնից հասուն էին, բայց նրանք բոլորն էլ թողեցին գրիչն ու այդպես էլ գրող չդարձան: Տպագրվելուց հետո ինչ-որ կարևոր ու կուսական բան, որ շատ ավելի հասուն տարիքում պիտի ճանաչես, կորչում է, առաջին գրքից հետո` արդեն գիտակցական տարիքում, ոչ թե գրող դառնալն, այլ գրող լինելն սկսեց ինձ համար կարևորվել, այսինքն բացառապես գրելու ընթացքի անկրկնելի հաճույքը, կյանքի այն հազվագյուտ ու երջանիկ պահերը, երբ կենդանանում ես ու զգում լիարժեք ապրելու բերկրանքը...

Կարողացե՞լ եք դառնալ այն գրողը, որ Ձեր մտքում էր։

Կատարելագործումն անընդհատ ընթացք է, և դրա համար է գրողը նորանոր գործեր գրում...

Երբևէ հուզվել, արտասվե՞լ եք գրելիս։

Ո՛չ: Կարծեմ իմ գրականությունն էլ այդքան հուզական չէ: Գուցե ինչ-որ հատվածներ, համենայն դեպս այդ հատվածներում էլ միշտ եղել են գերակայող այլ զգացողություններ, հատկապես գտնված լուծումների, բացահայտումների, ձևակերպումների բերկրանքը...

Ի՞նչ տեղ ունի մանկությունը Ձեր կյանքում և հատկապես՝ գրականության մեջ։

Մանկությունը հավիտենությունն է, որովհետև վերծանելի է անվերջ, «Երկվորյակների արևը» վեպում հավիտենության այդ զգացողությունն եմ փորձել հենց փոխանցել...

Ձեր ստեղծագործություններից մեկում ասում եք. «Մարդ սպանելը միզապարկ դատարկելուն հենց դրանով է նման՝ երկուսից հետո էլ շունչ ես քաշում…»։ Այդքան հե՞շտ եք սպանում Ձեր հերոսներին։ Իսկ նույն բանաձևը իրականում էլ կկիրառե՞ք։ 

Ես չեմ ասում, հերոսն է ասում, պարզապես «Ապուշների ուղևորությունը» վեպում ես հերոսների մտքերը որպես հեղինակային խոսք ձևակերպելու հնարք եմ կիրառել, որ ինձ հնարավորություն է տվել խաղալ իմաստության ու «հիմարության» երերուն միջակայքում՝ հիմարների անունից խոսելով պատերազմի մասին: Իսկ ինչ վերաբերում է հերոսներիս այդքան հեշտ սպանելուն, դրա հեղինակը ես չեմ, այլ պատերազմը, որի բովով անցնում են նրանք...

Ասում են՝ լավ ընթերցող եք։ Կարդում եք համաշխարհային շատ տարբեր գրականություններ տարբեր լեզուներով։ Մեծ մասշտաբների մեջ կարողացե՞լ եք գտնել այն գիրքը, որ դարձել է ամենից ամենան։

Լավ ընթերցող նշանակում է ոչ այնքան շատ ընթերցել, որքան գնալով ավելի ու ավելի ընտիր գրքեր ընթերցել` նախապես իմանալով, թե ինչ ես ընթերցում, իսկ հետո վերլուծել ընթերցածդ: Ընթերցողի կյանքում գալիս է մի շրջան, երբ ինչքան շատ է կարդում, այնքան սիրելի գրքերի թիվն աճում է, և նա դժվարանում է որևէ ստեղծագործություն առանձնացնել, հետո ոմանց մոտ գալիս է հասունացման մի շրջան, երբ պարզվում է, որ իսկապես անմահ գլուխգործոցներն այնքան էլ շատ չեն, իսկ քչերի մոտ Ամենից ամենան Գիրք գրոցն է անշուշտ:

Իսկ գրելիս կարդո՞ւմ եք ուրիշներին։

Ես միշտ եմ կարդում, ի՞նչ տարբերություն, թե երբ: Կարդում եմ մի քանի գիրք միաժամանակ: Փակում ես ուրիշի գիրքը, վերադառնում քոնին, պարզապես սեփականը գրելիս չես հափշտակվում նախկինի պես, իսկ եթե ինչ-որ պահից սկսած կիսատ ես թողնում բոլոր գրքերը, որովհետև քեզ քոնն է սկսում հափշտակել, ուրեմն ճիշտ ուղու վրա ես...

Ձեր ընթերցած կամ գուցե գրած ստեղծագործություններից ո՞ր հերոսին եք ամենից շատը նմանեցնում Ձեզ։

Երբեմն մի քիչ Դոն Կիխոտին, երբեմն մի քիչ Միշկինին...    

Մեկուսացում կյանքի՞ց, թե՞ ստեղծագործել մարդկանց շրջանում, շփվել նրանց հետ։

Գրողն ինքը պիտի զգա` երբ է իր մեկուսացման ժամանակը, երբ է մարդկանց մեջ ապրելու և գործելու ժամանակը, ճիշտ և ճիշտ ներշնչել-արտաշնչելու պես: Այս իմաստով գրողը քիչ է տարբերվում հոգևորականից: Անկասկած գրելիս մեկուսանալ է պետք, որպեսզի ստեղծագործությունը հնարավորինս խորն ստացվի...

Ասում են՝ գրողի համար շատ կարևոր է, թե ով է առաջինը կարդում իր գործը, և նրանք հիմնականում խիստ քննադատներ են լինում, որոնք երբեմն ճակատագրական նշանակություն են ունենում գրողի և իր գրականության վրա։ Ո՞վ է նա։

Մանուկ հասակում և վաղ պատանեկությանս շրջանում մայրս էր, հետո Գուրգեն Խանջյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը... Եղել են դեպքեր, երբ հանգամանքների բերումով գործերս այլ առաջին ընթերցողներ են ունեցել: Հիմնականում պարզվում է, որ իմ առաջին ընթերցողներին ընտրել եմ ոգևորությունս կիսելու համար...

Գրականության մեջ ամենից շատ ինչի՞ց եք վախենում։ Օրնակ՝ կորցնել մուսան, կամ դառնալ չընդունված գրող...

Այլևս իմ անձին կամ իմ գրականությանը վերաբերող ոչնչից չեմ վախենում... Իսկ ճանաչումն ու համբավն ինձ հետաքրքրել են արդեն մոռացված մի անցյալում...

«Երկվորյակների արև»-ում թիթեռների հետաքրքիր կերպար եք ստեղծել և նրանց մասին խոսելիս ասում եք. «Ինքնասպառման խենթ բնազդն է նրանց ստիպում անընդհատ թևածել, ինքնակործանման կույր բնազդը մղում է կրակների մեջ»։ Արդյո՞ք միայն թիթեռներ են, որ այդ կույր բնազդով մղվում են դեպի կրակները։

Հոգի և թիթեռ հասկացություններն արտահայտելու համար հին հունարենը մի բառ է ունեցել՝ պսիխե: Վեպս գրելուց հետո բացահայտեցի սա Թեոֆիլ Գոթիեի ռուսերեն նոր երկհատորյակի ծանոթագրություններում կարծեմ: Իմացա, որ միջնադարյան որոշ սրբապատկերներում Քրիստոսը մանուկ հասակում պատկերվել է թիթեռների հետևից վազելիս... Սրանք ինձ համար շատ թանկ բացահայտումներ են եղել...

Ձեր ստեղծագործությունների միջով կարմիր թելի նման անցնում է գերեզմանը։ Ի՞նչ է սա։ Գրել գերեզմանի մասին՝ ձգտելով կյանքի՞ն, թե՞…

Մի ժամանակ մահն ինձ համար բացարձակ առեղծված էր, և դրա համար էի անընդհատ պտտվում այդ թեմայի ու դրան վերաբերող պատկերների շուրջ՝ փորձելով թափանցել այդ աշխարհ, ինչպես թիթեռն է փորձում ապակու միջով թափանցել լամպի մեջ ու չի կարողանում...   

Վերջին շրջանում ընթերցողը կարծես չի նկատում Հրաչյա Սարիբեկյան գրողին, ինչը չենք կարող ասել մոտ 10-12 տարի առաջվա մասին։ Ի՞նչ սպասի Ձեզանից Ձեր ընթերցողը։

Ցավալի է գրողի վիճակը, որ իր մասին հիշեցնելու համար անընդհատ նոր ստեղծագործություններ պիտի գրի, մահից հետո էլ հո չե՞ս շարունակի գրել, բայց առավել ցավալի է, իհարկե, այն գրողի վիճակը, որ իր ներկայությունը հիշեցնելու համար գրելուց բացի աղաղակում է ամենատարբեր ձևերով, որովհետև առաջինը գիտի կամ գիտակցում է, որ հավիտենության ամենակուլ մոռացությունից մի անուն-ազգանուն փրկելու համար աղմուկ-աղաղակ դնելն ապարդյուն ու անհեթեթ գործ է, իսկ երկրորդը` կամ չգիտի, կամ ներքուստ անհաշտ է այդ իրողության հետ: Իսկ նրանք, ովքեր ցանկություն ունեն ինձ ընթերցելու, անորոշ ժամանակով կարող են սպասել նոր վեպիս, որի առաջին տարբերակն եմ դեռևս ավարտել...  

Զրուցեց Արեգ Բագրատյանը

  • Created on .
  • Hits: 731

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: