Ոչինչ բնության մեջ չի կարող փոխարինել այն հաճույքին, որն ինձ տալիս է խաղի պահը. Դավիթ Հակոբյան

Թատրոնի, թատերասերների, իր կարիերայի և այլ հետաքրքիր թեմաների մասին զրուցել ենք Համազգային թատրոնի դերասան Դավիթ Հակոբյանի հետ:

Պարոն Հակոբյան, գիտեմ, որ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում սովորել եք ռեժիսուրայի բաժնում։ Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր բուն գործունեությունը սկսեցիք շարունակել որպես դերասան։  Ռեժիսուրական գիտելիքներն արդյոք օնգե՞լ են Ձեզ բեմում՝ որպես դերասանի։

Երկու մասնագիտություններս համատեղել եմ, իսկ ռեժիսուրական գիտելիքներս շատ են օգնել ինձ այդ հարցում, որովհետև իմ վարպետը ստիպում էր, որ բոլորս մինչև տարեվերջ անենք մոտ 35-45 րոպե տևողությամբ ներկայացում, բացի դա՝ մեզ ստիպում էր, որ մենք խաղանք մյուս ռեժիսորների  ներկայացումներում, դե ես էլ խաղում էի: Համալսարանն ավարտել եմ` 36 գլխավոր դեր խաղացած, որն ինձ օգնեց մտնել թատրոն: Ասեմ, որ ավելի շատ խաղացել եմ քան բեմադրել, որն էլ իր պատճառներն ունի, ոչ թե, որ առիթ չի եղել բեմադրություններ անելու, ո՛չ, եղել է, այլ այն, որ ես ներկայացումներ անում եմ, երբ դրա պահանջը զգում եմ, երբ զգում եմ, որ այդ թեման ինձ «խուտուտ» է տալիս: Դեռ ուսանողական տարիներից ձգտում էի Հովհաննես Թումանյանի «Անուշ»-ը բեմադրել, սակայն չէի համարձակվում մոտենալ դրան: Երբ Բեյրությում ղեկավարում էի «Մանկական ստուդիան», համարձակվեցի մի էսքիզ անել, որն էլ ստացվեց ու կոտրեց միջիս վախը, Հայաստան վերադառանլուն պես բեմադրեցի «Անուշը»: Այս գործում ինձ օգնեց Սեդրակ Երկանյանը, որը համաձայնեց գրել երաժշտություն այս գործի համար: Շատ կոմպոզիտորներ ինձ մերժեցին՝ ասելով, որ Արմեն Տիգրանյանից հետո էլ ի՞նչ գրեն «Անուշ»-ի համար, բայց ես ասում էի, որ ես ոչ թե օպերան եմ բեմադրում, այլ պոեմը: Ի վերջո Երկանյանը 2 օր ինձ լուռ լսելուց հետո (երբ ես մտածում էի, որ չի համաձայնի) համաձայնեց՝ ասելով, որ որևէ բան գրելու կարիք չկա, ես ամեն բան արդեն արել եմ, պետք է միայն նոտայագրել: Ինձ շատ է օգնել ռեժիսուրական մասնագիտությունս: Վարպետս ասում էր՝ մինչև չխաղաս, դրա համը չզգաս, չհասկանաս, թե դերասանը դա ինչպես է անում, չես կարող դերասանից որպես ռեժիսոր որևէ բան պահանջել ու ստանալ, պետք է նախ դու դրա միջով անցնես. դա նույն բանն է ինչ բասկետբոլի մարզիչը, բասկետբոլ խաղալ չիմանալով, պահանջի իր մարզիկներից այսպես կամ այնպես խաղալ:

David Hakobyan3

Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը։ Ի՞նչն է Ձեզ ստիպում անվերջ ստեղծագործել ու ամեն անգամ ստանալ նորը, յուրովին։

Մի կարևոր բան կա, որը ես որոշ ժամանակ անց հասկացա, թե ինչն է արվեստագետին ստիպում ստեղծագործել: Երբ երիտասարդ ես, խաղալու ու կայանալու կիրքն է քո մեջ, որ ուզում ես անդադար խաղալ կամ բեմադրել, սակայն այդ ժամանակ դեռ չես ընկալում խնդիրն ու չես հասկանում, թե ինչն է քեզ դրդում ստեղծագործելու: Տարիներ անց, ուսումնասիրելով այլ մասնագետների կյանքը, հասկացա, որ արվեստագետը լրջագույն արժեքներ սկսում է ստեղծել այն ժամանակ, երբ նրան սկսում է անհանգստացնել իր մանկությունը, որովհետև այն, ինչ մենք անում ենք, մեր մանկության պատրանքն է` խաղերը, տպավորությունները, երազնքները, դառնությունները, կորուստները, որոնք էլ հարստացնում են արվեստագետին ու անհանգստացնելուն պես պոռթկում: Այդ ժամանակ ստեղծագործելը աստվածային գերագույն հաճույք է պատճառում, ու ցանկանում ես անդադար այդ հաճույքը զգալ: Ոչինչ բնության մեջ չի կարող փոխարինել այն հաճույքին, որն ինձ տալիս է խաղի պահը, հատկապես` հադիսատեսի հետ հանդիպումը:

Երբեմն մենք խաղում ենք ու ուշադրություն չենք դարձնում նրան՝ արդյոք կրկնվու՞մ ենք, թե՞ ոչ: Մի քանի տարի է, ինչ ինձ դեր են առաջարկում, սակայն ես վախենում եմ. վախենում եմ անհետաքրքիր լինելուց, իսկ դերասանի տարիների կուտակածն ու ձեռքբերումը նա կարող է մեկ երեկոյում ջուրը նետել իր վատ դերակատարումով, իսկ մնացյալ լավը չեն էլ հիշի: Սա շատ վտանգավոր բան է: Ես միշտ ասում եմ, որ պետք է ուժ ունենալ ինքդ քեզ խոստովանելու, որ վերջ ու պիկի վրա նամուսով հեռանալ, ոչ թե անկում ապրել և անկմամբ հեռանալ: Աստված տա` ես այդ ուժն ունենամ և ժամանակին հեռանամ: Կարծում եմ՝ կունենամ, եթե հանկարծ զգամ, որ բան կա ասելու, կիսատ չեմ թողնի:

David Hakobyan4

Ո՞վ է եղել այն մարդը, որ ամենամեծ ու կարևոր դերն է խաղացել Ձեր մասանագիտական ընտրության ու կարիերայի հարցում:

Ցավոք, ով ինձ տարել է այս ուղղությամբ, այլևս ողջ չէ, իմ մեծ եղբայրը: Ես չեմ մտածել, որ դերասան եմ դառնալու, նա է ձեռքիցս բռնել ու տարել այդ ուղղությամբ։ Այդ ուղղությամբ գնալու ընթացքում ունեցա հրաշալի վարպետներ, որոնցից շատ բան սովորեցի: Հետագայում ճակատագիրն ինձ հանդիպեցրեց ռեժիսոր, հզոր մարդ Մարատ Մարինոսյանին: Ես նրան եմ պարտական, որ մնացի այս ասպերզում և դարձա այն, ինչ դարձել եմ, եթե դարձել եմ: Կյանքը հետագայում էլ ինձ կապեց ուրիշների հետ, իմ աշակերտների, որոնցից ևս շարունակեցի սովորել: Հիմա էլ դեռ դասավանդում եմ, չգիտեմ` դեռ որքան կհերիքեն ուժերս: Կամաց-կամաց մոտենում եմ մանկությանս շեմին:

Երբևէ հոգնե՞լ եք դերասանի մասնագիտությունից ու ցանկացել թողնել այն։ Եթե այո, ինչու՞։

Չեմ հոգնել, սակայն երբեմն խռովում եմ, որովհետև լինում են դեպքեր, երբ հանդիպում ես այնպիսի միջավայրի, որ հասկանում ես՝ քո արածը պետք չէ: Այդ ժամանակ խռովքն է արթանանում մեջդ ու հարցնում ես ինքդ քեզ՝ ինչի համար ես սա անում, բայց հաջորդ անգամ էլ լինում ես այնպիսի միջավայրում, որը քեզ ոգևորում է: Ես պատրաստ եմ անդադար աշխատել, որոշել եմ ձիու վրա մեռնել:

Ձեր ամենակարևոր խորհրդատուն ո՞վ է, ու՞մ խորհուրդներն եք կարևորում և ու՞մ եք դիմում, երբ ունեք խորհրդի կարիք։

Գիտե՞ք, ես ինքս ոչ մեկի խորհուրդ չեմ տալիս. դա շատ անշնորհակալ գործ է, որովհետև ես վստահ չեմ, որ այն ամենը, ինչ որ ասելու եմ, իրապես ճշմարտություն է: Ես խորհուրդ չեմ տալիս ու ոչ էլ փորձում եմ ինչ-որ մեկին որևէ բան սովորեցնել, այլ ընդամենը հայտնում եմ իմ կարծիքը, լավագույն դեպքում ասում եմ, թե ինչպես կվարվեի ես, սակայն ընտրությունը դիմացինիս է մնում: Անկեղծ ասած` քչերը կան իմ կյանքում, որոնցից ես խորհուրդ եմ հարցնում: Իմ մյուս եղբյարը, որից անպայման խորհուրդ էի հարցնում, նա էլ ինձ շուտ լքեց, խորհրդակցում էի հորս հետ, Մարատ Մարինոսյանի հետ, որը ևս միայն իր կարծիքն էր հայտնում, առաջ չէի հասկանում, թե ինչու է այդպես անում, հետո հասկացա: Ինչ որ անում ես, պետք է անես` տարիների կուտակած փորձից ելնելով: Մի  բան էլ կա, որ երբեմն հաշվի չենք առնում. արդյոք ում մոտ, որ գնում ես խորհրդի, տհաճություն չես պատճառո՞ւմ նրան:

David Hakobyan5

Ի՞նչը կփոխեիք կամ ի՞նչ խորհուրդ կտայիք, եթե հանդիպեինք Ձեզ վաղը երիտասարդության տարիքում։ Ինչու՞։

Ոչ մի բան: Միևնույնն է, ես անելու էի այն, ինչ արել եմ: Այդ տարիքում էլ չէի ունենա այն իմաստությունը, որն ունեմ հիմա: Ես ծնվել եմ այնտեղ, որտեղ պետք է ծնվեի, անում եմ այն, ինչ պետք է անեի:

Հաճախ ի՞նչ խորհուրդներ եք տալիս Ձեր սաներին։ Ի՞նչն եք ուզում, որ նրանք կարևորեն դերասանի մասնագիտության մեջ։

Ինչպես նշեցի՝ խորհուրդներ չեմ տալիս, սակայն հանուն մեկ տաղանդավոր ուսանողի` արժե չարչարվել 20 հոգու հետ: Ես փորձում եմ նրանց փոխանցել արհեստի գաղտնինքները, որովհետև առանց արհեստավարժության տաղանդն անպետք բան է, տաղանդը չի կարող երկար սպասել, այն պետք է սնվի, եթե դադարեցնես կերակրել, կլքի քեզ՝ թողնելով իմացածդ, ոչինչ չի ավելանա: Հույսը Աստծո տված տաղանդի վրա դնելը վիրավորկան է հենց Աստծո համար, որովհետև նա մեզ ընտրություն  է տվել, ընտրություն՝ դառնալու ավելի լավը: Մեր արհեստը մարմնի մշակում է, այն ոսկորն ու միսը չէ, մարմին է նաև ուղեղը, որը պահանջում է անդադար տրվող գիտելիքներ, հենց դադարեցրիր, ոչինչ չի փրկի քեզ:

Եթե ոչ դերասան կամ ռեժիսոր, ապա ի՞նչ և ինչու՞։

Չգիտեմ: Առաջ ոգևորվում էի զինվորական գործով, որովհետև շատ էի կարդում մեր հերոսների մասին ու ընտանիքս էլ անմասն չէր դրանցից: Երազում էի իմ բանակը տեսնել, հայկականը, ասում էի՝ լավ կլիներ, որ ես լինեի հայ գեներալ կամ սպա: Չստացվեց: Սակայն շատերով հպարտացա, շատերին էլ մերժեցի իմ մեջ: Հուրախություն ինձ` տղաս էլ, փեսաս էլ ծառայեցին, թոռներս էլ հուսամ` կծառայեն: Սրանցից զատ, ուրախ եմ, որ դպրոցում լավ եմ սովորել ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, որովհետև ամեն բան թիվ է: Առանց մաթեմատիկայի հնարավոր չէ, անգամ երաժշտությունն ու խոսքը ևս թիվ են: Ի դեպ, երաժշտությունը մարդու պատմության ամենամեծ գյուտն է, որովհետև ամենամոտն է Աստծուն:  Այն հասանելի է բոլորին. 7 նոտա` աստվածային շնչով:

David Hakobyan7

Ձեր խաղացած դերերից ո՞րն է եղել այն մեկը, որն ինչ-որ բան է  փոխել Ձեր մեջ կամ մի փոքր մասնիկ թողել մինչև հիմա։ Ինչու՞։

Բոլոր դերերը նստվածք են թողել իմ մեջ, նույնիսկ չհաջողվածները. բոլորն ինձ հետ են, ու բոլորը ես եմ: Երբ ես որևէ դեր եմ խաղում, հանդիսաստեսը գիտի, որ դա ես եմ, ոչ թե կերտածս դերը, սակայն եթե լավ եմ խաղում, ասում են՝ օրինակ՝ Արշակ պապն է, եթե շատ լավ եմ խաղում, ապա Դավիթ Հակոբյանը խաղում է Արշակ պապին։ Այդ դերում մեկը տեսնում է իր պապին, մյուսը` հորեղբորը, մեկ ուրիշը` այլ մարդու. սա է դերասանի վարպետությունը: Մենք իրականություն չենք ստեղծում, մենք ստեղծում ենք իրականության պատրանք, որին հանդիաստեսը հավատում է: Եթե տաղանդավոր կերպով է արված գործը, հանդիսատեսը, շատ լավ իմանալով, որ դա Արշակ պապը չէ, Դավիթ Հակոբյանն է, հավատում է նրան: Դերեր էլ կան, որոնք անդադար ցանկանում ես խաղալ: Ի դեպ, դերը դերասանին հոգեհարազատ լինել կամ չլինել չի կարող, այն պետք է համապատասխան լինի տվյալ դերասանին` հաշվի առնելով նրա ֆիզիոլոգիան, սկզբունքներն ու այլ հանգամանքներ:

Կա՞ դեր, որի մասին երազել եք, սակայն այդպես էլ չեք կերտել:

Երբ 40 տարեկան էի, շատ էի ուզում խաղալ Արքա Լիր, սակայն հասկանում էի, որ դեռ այդ տարիքում չեմ, դեռ ֆիզիկական խոչընդոտ պետք է հաղթահարեմ դրա համար: Շատ զուգահեռներ էի տեսնում այդ պիեսի և Հայաստանի միջև, շատ էի ուսումնասիրում այդ դերը: Այդ ժամանակ Սոս Սարգսյանը բեմադրում էր դա, ու պետք է ինքը խաղար Արքա Լիրի դերը, ինձ էլ դուքսերից մեկի դերը առաջարկեց, որից առանձանպես չոգևորվեցի, քանի որ տարված էի Արքա Լիրով: Իր հետ զրույց ունեցա, ու առաջարկեց Արքա Լիր հերթով խաղալ, մերժեցի՝ ասելով, որ այն շապիկը, որը կարվում է նրա վրա, իմ հագով մեծ կամ փոքր կլինի. ամեն մարդ իր շապիկը պետք է հագնի, եթե Աստված կամենա, մի օր ես այդ դերը կկերտեմ: Հարցրեց՝ իսկ ինչ կուզեի խաղալ, ասացի` եթե ոչ Արքա Լիր, ապա միայն ծաղրածու` Արքա Լիրի ծաղրածուի դերը: Հանճարեղ դեր էր դա, խաղացի, շնորհակալ եմ Աստծուն, որ խաղացի դա ու խաղացի գերագույն հաճույքով: Այդ ծաղրածուն Արքա Լիրի մյուս երեսն էր...

David Hakobyan8

Ինչպե՞ս եք հաղթահարում հուզմունքը ներկայացումից առաջ:

Պրոֆեսիոնալ դերասանը չի կարող առանց հուզվելու բեմ բարձրանալ: Ես դեռ չեմ հանդիպել մի այնպիսի տաղանդավոր դերասանի, որը մուտքից առաջ տագնապի մեջ չլինի. դա անպայման կա ու ամեն երեկո, երբ վարագույրը փակվում է, ես ինքս ինձ ասում եմ` Տե՛ր Աստված, մեկ էլ, երբ կբացվի վարագույրս: Ինչ-որ քայլեր էլ չեն արվում հուզմունքի հաղթահարման համար, երբ բարձրանում ես բեմ, ինքնըստինքյան այն անցնում է, չես էլ զգում, թե ինչպես: Ի վերջո ոչ մի մասնագետի հանրությունն այդքան չի փառաբանում գործունեության պիկի ժամանակ, ինչպես դերասանին և ոչ մի մասնագետի այդքան արագ չի մոռանում, ինչպես դերասանին: Մեր մասնագիտությունն անիծված է, որովհետև այդ օրվա, բուն պահի եղածն է հետաքրքիր, որով հանդիսատեսն ապրում է, նկարվածը երբեք չի կարող տալ այն, ինչ կտա այդ պահը: Կինոն մեզ ցույց են տալիս, իսկ թատրոնը մենք ենք նայում:

Ի՞նչը կփոխեիք ներկայիս հայ հանդիսատեսի ու դերասանների մեջ։

Ամեն ժամանակ ծնում է իր հանդիաստեսին ու իր դերասանին և այն դրամատուրգիան, որը պետք է ծնվի հենց այդ ժամանակ, վերջում էլ մնում է միայն հատընտիրը: Գիտե՞ք, թատրոն գալիս են հինականում այն մարդիկ, որոնք ցանկանում են զվարճանալ թատրոնով, իսկ թատրոնը պարզ զվարճանքի վայր չէ, այստեղ գալիս են` այլ իրականություն փնտրելու, որովհետև մեր գործը իրականության հետ առանչություն չունի․ թատրոնն այն մասին չէ, թե ինչ կեղտի մեջ ենք ապրում, այլ նրա, թե որտեղ կուզենայինք ապրել: Թատրոնը երջանակալու մասին է, նույնիսկ երբ ողբերգություն ես խաղում, փնտրում ես լույսը: Թատրոն գալիս է քիչ թե շատ էլիտար մասսան, որոնք թատրոնում զվարճանալու կարիք են զգում: Հայաստանում շատ լուրջ թատերասեր հասարակություն կա, սակայն թատերական միջավայրին համապատասխան կրթության պակաս ունենք․ դահլիճում խոսել չի կարելի, ուշանալ, հեռախոսի ձայնը չանջատել, պոպկոռն ուտել չի կարելի, քանի որ դա խանգարում է մարդկանց հաղորդկացվելուն:

David Hakobyan9

Ի՞նչն է պակասում հայ թատորնին, ի՞նչ լրացումների կամ փոփոխությունների կարիք ունի այն։

Կուզեմ, որ Հայաստանում թատրոնները հագեցած լինեն ժամանակակից տեխնիկայով, քանի որ տեխնոլոգիաների այս ժամանակում փոխվում են նաև հանդիսաստեսի պահանջները: Թատրոնները պետք է հագեցած լինեն լուրջ տեխնոլոգիական սարքավորումներով, ու դերասաններն էլ պետք է հենվեն պրոֆեսիոնալիզմի վրա, արհեստի լիարժեք տիրապետմանը ձգտեն: Կուզեմ, որ դերասանները լավ ապրեն. ո՞վ է ասել, որ դերասանը, գրողը, արվեստագետը վատ պետք է ապրի: Լուրջ ու տաղանդավոր արվեստագետները մեծամասամբ ինքնաբավ են, նրանք ավելորդ ցանկություններ չունեն: Ես համոզված եմ՝ դերասանին մուտքից առաջ մոտենաս, ասես` «վերցրու այս 1000 դոլարը, դու այս դերն այլևս չես խաղալու», չի վերցնի, կռիվ կտա, քանի որ նա դրանով չի ապրում:

Նշե՛ք երեք պատճառ, որի համար արժի ընտրել դերասանի մասնագիտությունը։

3 կամ այլ քանակի պատճառներ չկան, պատճառները շատ են, պետք է պարզապես երջանականալ թատրոնում, եթե չես երջանակնում, մի զբաղվիր այդ գործով. դա քեզ համար տառապանք կդառնա. մեկ է, այդ գործով չես հարստանալու: Եվ եթե որպես արվեստագետ ինքաբավ չես, 3000 դոլար աշխատավարձ էլ տան, չես հարստանա, սուտ է, որովհետև դու էլի խաղալու ես այն կերպ, ինչպես խաղացել ես:

Առաջիկայում ի՞նչ նորություններով հանդես կգաք:

Նորություն էր վերջերս էկրաններին  բարձրացած «Ամերիկացին» ֆիլմը, շուտով կսկսենք «Խատուտիկի գինին» ներկայացումը, որին սիրով սպաում եմ, Նոր Հայաստան հեռուստաալիքով էլ նոր սերիալ ենք սկսելու: Այլ նորությունների մասին հանրությունն իրազեկված կլինի:

Զրուցեց Նատալի Մկրտչյանը

  • Created on .
  • Hits: 514

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: