Տաղանդն ու աշխատասիրությունը պետք է միշտ հավասար քայլեն. Ալլա Սահակյան

Մեր զրուցակիցը դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանն է, որի հետ խոսել ենք զանազան թեմաներից՝ բացահայտելով նրան ոչ միայն որպես արտիստի, այլև որպես անհատի և ընտանիքի կնոջ:

Հարգելի՛ Ալլա, սովորել եք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2004 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ինչու՞ եք ընտրել մասնագիտական այդ ուղղվածությունները և ո՞րն եք առավել հոգեհարազատ համարում:

Մեծ սերն առ երաժշտություն պատճառ հանդիսացավ, որ ընդունվեմ կոնսերվատորիա: Ճիշտ է, թատրոնի հանդեպ սերս միշտ էլ եղել է, հակառակ դեպքում չէի ընտրի այդ ուղին, սակայն թատերականն ավարտելուց հետո, երբ արդեն աշխատում էի թատրոնում, որոշեցի գնալ երաժշտության գծով ու քանի որ այդ ոլորտում կայի, հասկացա, որ ցանկանում եմ ոչ թե ուղղակի վոկալ սովորել, այլ ամբողջովին ուսումնասիրել այդ արվեստն ու դառնալ դրա մի մասնիկը: Ես էլ, քանի որ շատ եմ սիրում ամեն բան մանրամասնորեն ուսումնասիրել, սովորել, կարողացա միաժամանակ հեշտությամբ ինտեգրվել երաժշտական ու թատերական գործին: Չեմ փոշմանել, որ ընտրել եմ այս ուղիները, դրանք թե՛ ինձ, թե՛ միմյանց շատ են օգնել, կարծես թե փոխկապակցված են: Սիրով համատեղում եմ երկուսն էլ, առանց որևէ լուրջ դժվարության. Երկուսն էլ հոգեհարազատ են ինձ, միանշանակ:

Վաղ տարիքում ո՞րն է եղել Ձեր ոգեշնչման աղբյուրը, գուցե դա՞ է օգնել, որ ընտրեք մշակութային աշխարհը:

Ինձ միշտ ոգեշնչել է թատրոնն ու նկարչությունը: Դեռ վաղ հասակից շատ հետաքրքրասեր եմ եղել և ինչ որ ուսումնասիրել եմ, արել եմ մանրամասնորեն: Դասերից հետո հաճախ էի գնում ասեղնագործության, ասմունքի, հագուստի մոդելավորման, թատերական և այլ խմբակների: Ի դեպ, հագուստի մոդելավորումն ինձ համար իրական տարերք էր, որտեղ ինձ միշտ լիարժեք հանգիստ էի զգում, մինչև հիմա էլ դա այդպես է: Արվեստը միշտ իմն է եղել: Դասական երաժշտության համերգների հաճախ միայնակ էի գնում, որպեսզի լսեմ և ամբողջովին հասկանամ օպերային բարձրագույն արվեստը, ժամանակ ունենամ ինքս ինձ հետ մնալու և խորհելու:

Քանի որ, ինչպես արդեն նշեցի, զբաղվում եմ նաև հագուստի մոդելավորմամբ, այն էլ շատ վաղ տարիքից, ինձ դա օգնել է տեսնել գեղեցիկն ու գնահատել այն. դա միշտ ինձ հետ է, միշտ եմ ստեղծագործում: Բնությունն ինձ ոգեշնչում է, և ես փորձում եմ դա  վերարտադրել իմ գործերում: Անկեղծ կլինեմ, գեղեցիկի հանդեպ թուլություն ունեմ: Մոդելավորածս զգեստները միշտ նուրբ են, կանացի, բնությանը համահունչ: Կնոջ մեջ ինձ կարևորն ու սիրելին էլեգանտությունն է ու կանացիության ընդգծումը: Երբ որևէ մեկի համար շոր եմ մոդելավորում, դա անպայման այդ մարդու ու նրա բնավորության հետ համահունչ է լինում՝ բացահայտելով  նրան որպես անհատականություն: Այս աշխատանքն ինձ, իրոք, հանգստացնում է:

Alla Sahakyan 1

Ի՞նչն եք ամենից շատ կարևորում Ձեր գործում և ինչու՞: Ի՞նչ եք կարծում, հաճախ ի՞նչ սխալներ են թույլ տալիս Ձեր կոլեգաները:

Տեսակով հակված չեմ քննադատությանը և երբ որևէ ներկայացման ժամանակ նկատում եմ իմ կամ կոլեգաներիս մոտ թերություններ, դրոշակ չեմ դարձնում դա: Ոչ ոք չի կարող իմանալ, թե դիմացինն այդ սխալն ինչու արեց, որն էր պատճառը, ինչպիսին էր նրա հոգեբանական վիճակը, ինչ էր զգում, գուցե չմտածված էր:

Մեր գործում, երբ երիտասարդ ես լինում, այդքան շատ չես մտածում, թե որն է կարևորը մասանգիտության մեջ, սակայն տարեցտարի շատ արտիստներ գալիս են այն իմաստնությանը, որ պետք է չափազանց լուրջ վերաբերվել սեփական գործին, բեմ բարձրանալուն և այնտեղ լինելուն, այսինքն՝ այնքան սիրես մասնագիտությունդ ու քեզ դրանում, որ «մաքուր ոտքերով», սրտով ու մտքով բեմ բարձրանաս: Դերասանը շատ հետևողական պետք է լինի իր նկատմամբ՝ իր մարմնի, հոգեվիճակի, հակառակ դեպքում՝ բեմում չի կարող լիարժեք լինել: Նա պետք է առողջ լինի և կարողանա իրեն հետևել, որպեսզի հանդիսատեսն էլ տեսնի այն աշխատանքը, որն արվել է: Երբեք թափթփված չպետք է լինի և չապրի սուտ բոհեմական կյանքով: Յուրքանչյուր արտիստ պետք է հարգի բեմն ու ունենա առողջ ինքնաքննադատություն՝ ավելի լավը դառնալու և զարգանալու համար:

Բեմ բարձրանալիս յուրաքանչյուր արտիստ հուզմունք է զգում: Ինչպե՞ս եք հաղթահարում այդ հուզմունքը և ե՞րբ եք ավելի շատ հուզվում, երգելի՞ս, թե՞ բեմ բարձրանալիս: Ինչու՞:

Հուզմունքը հավասարապես կա, սակայն տարբերությունն այն է, որ հուզմունքը երգելիս  միշտ ազդում է ձայնալարերի վրա, իսկ բեմում դա այդքան էլ նկատելի չէ: Փորձն այս դեպքում երկու մասնագիտություններում էլ շատ է օգնում, որի շնորհիվ թե՛ թաքցնում ես հուզմունքը, թե՛ հաղթահարում: Պարզապես երգելիս դու տեսնում ես մարդկանց ու  նրանց հայացքները, որոնք քեզ փոքր-ինչ լարվածություն են փոխանցում, իսկ բեմում մութ է, ու հանդիսատեսի դեմքերը չեն երևում, որն օգնում է ավելի հանգիստ լինել և շուտ մտնել դերի մեջ:

Alla Sahakyan 4

Աշխատանքը չի՞ խանգարում համատեղել ընտանիքն ու կենցաղային գործերը: Ի՞նչ դժվարություններ են առաջ գալիս այդ ժամանակ:

Ինձ թե՛ փրկում, թե՛ օգնում է արագաշարժությունս: Ճիշտ է, մշակութային ընտանիք ենք, սակայն ինձ վրա շատ գործեր կան դրված թե՛ աշխատանքային, թե՛ կենցաղային: Գարին`  ամուսինս էլ ինձ պես խստապահանջ է. տունը պետք է լինի մաքուր և ամեն  բան կարգավորված: Դժվարություններ կան, սակայն հասցնում եմ ամեն բան: Շատ եմ սիրում  նաև պատրաստել և պատրստածս հյուրասիրել: Սիրում եմ էքսպերիմենտներ անել. դա օգնում է չձանձրանալ:

Ցանկանու՞մ եք, որ Ձեր երեխան ևս ընտրի ծնողների բռնած ուղին: Ի՞նչն եք ամենից շատը կարևորում երեխայի մշակութային դաստիարակության մեջ:

Շատ եմ կարևորում այն, թե ինչ պետք է լսի,  վերահսկում եմ, թե ինչ պետք է դիտի և չդիտի հեռուստատեսությամբ ու, ցավոք, չդիտելունն ավելի շատ է, քան դիտելունը: Ինձ հետ միշտ համերգների եմ տանում, չեմ թողնում անմասն մնա մշակութային կյանքից: Փոքրուց սովորեցնում եմ՝ ինչն է լավ, վատ, ճաշակով և այլն, ու նա էլ, արվեստին մոտ մարդ լինելով, հեշտ է ընկալում: Պետք է նշեմ, որ երբեք չեմ մտածել ու չեմ արել այնպես, որ նա պարտադիր գնա այն ուղով, ինչ մենք: Դուստրս դեռ անձնային ձևավորվման տարիքում է, երբ պետք է բացահայտի և գտնի իրենը: Այդպես նա, վստահաբար, կգտնի այն, ինչ իրոք իրենն է, մենք էլ կաջակցենք, սակայն ոչ մի պարտադրանք չի լինի. դա սխալ է: Միայն փորձում ենք ճաշակ ձևավորել:

Ի՞նչն եք ամենից շատ սիրում հայ հանդիսատեսի մեջ: Իսկ ի՞նչը կփոխեիք:

Մեր հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ է թատրոնն ու ինչպես պետք է իրեն պահի այդտեղ: Եղել են դեպքեր, երբ լսել ենք, թե ինչպես են ներկայացման ժամանակ բարձրաձայն հեռախոսով խոսում, ուտում, չեն լսում դերասաններին և այլն: Երեխաների պարագայում մի փոքր ավելի դժվար է, սակայն երբ կլանվում են ներկայացման մեջ, հավաքվում են և ուշադիր դիտում: Կարևոր է, որ երեխաները վաղ տարիքից թատրոն հաճախեն ու սովորեն թատրոնում լինելու, դրանից օգտվելու կուլտուրան:

Իրականում այդքան էլ վատ հանդիսատես չունենք` չհաշված բացառությունները, սակայն մեծամասամբ լավն են ու նախընտրում են իրենց երեկոն անցկացնել թատրոնում: Հրաշալի երիտասարդություն ունենք, որը գիտի, թե ինչ է թատրոնը: Հուրախություն ինձ` հանդիսատեսի խնդիր չունենք: Հայերը սիրում են թատրոնը, ես էլ հայ հանդիսատեսի մեջ սիրում եմ իր ջերմությունն ու հարազատությունը, որովհետև մերն են:

Դերասանը դերասան չէ առանց… շարունակեք միտքը:

Առանց աշխատասիրության: Տաղանդավոր մարդը կարող է կորցնել իր տաղանդը, եթե աշխատասեր չէ: Տաղանդն ու աշխատասիրությունը պետք է միշտ հավասար քայլեն:

Alla Sahakyan 5

Եթե ոչ դերասանուհի, ապա ի՞նչ և ինչու՞:

Միշտ երազել եմ թռչելու մասին, ցանկություն ունեի անգամ այդ ուղղությամբ մասնագիտանալու: Որոշել էի պարապել և ընդունվել, սակայն, ցավոք, չստացվեց, քանի որ առաջ եկան այլ կարևոր գործեր: Ֆիզմաթ քոլեջում էի սովորում, տնեցիներս մտածում էին՝ տնտեսագետ կդառնամ, ինձ հետ սովորողները գնացին այդ ուղղությամբ, իսկ ես ընդունվեցի թատերական: Հայրս չէր սպասում, որ թատերական կդիմեմ, անգամ բարկացել էր, սակայն երբ անվճար ընդունվեցի, քիչ-քիչ համակարպվեցին, որ սա է իմը:

Կարևո՞ր է դերասանի գործում անկեղծությունը. անկեղծությունն առ հանդիսատես:

Դերասանը կարող է շատ վատ տրամադրություն ունենալ, սակայն բեմում հիանալի խաղա, այսինքն՝ անկեղծ լինի ինքն իր դերի հետ: Ինձ համար ամեն մի ներկայացում տոն է ու յուրաքանչյուր ներկայացում, դեր պետք է սիրեմ, գտնեմ դրա մեջ հրապուրողը, որն ինձ կօգնի հաճույքով խաղալ: Ես ինձ համար միշտ հնարում կամ գտնում այն չամիչը, որն ինձ օգնում է հաճույքով աշխատել, հակառակ դեպքում՝ չեմ կարող խաղալ ու, իրոք, եղել են նման դեպքեր, երբ չեմ գտել ինձ գերող որևէ նշույլ ու հրաժարվել եմ այդ դերից կամ ներկայացումից: Եղել են նաև դեպքեր, երբ ներկայացման եմ եկել սարսափելի վատ հոգեվիճակում, սակայն բարձրացել եմ բեմ ու պատվով կատարել ինձ վրա դրված առաջադրանքը, ու ոչ ոք չի իմացել, թե ինչ է կատարվում իմ ներսում: Միշտ շնորհակալ եմ եղել, որ կա թատրոնը, որն ինձ օգնում է դուրս գալ նման իրավիճակներից ու երջանկանալ:

Փաստ է, որ ոչ մեկին դիմացինի անձնական կյանքը չի հետաքրրքրում (բացառությունը «կուլիսայինն» է), և դերասանը պետք է այնպես ներկայանա, որ հանդիսատեսը չնկատի անգամ նրա տխրության մի նշույլ: Մեր գործը փրկություն է, այն թույլ է տալիս սեփական անձից մի պահ այնքան օտարանալ, որ չկարողանաս հիշել անգամ քո ցավն ու վիշտը: Հանդիսատեսը միշտ զգում է՝ դերասանը անկե՞ղծ է, թե՞ ոչ:

Alla Sahakyan 7

Նկարագրեք Ձեր կյանքն ու անցած ուղին երեք բառով:

Սեր, հավատ, գեղեցկություն: Առանց սիրո ոչինչ չի ծնվում: Առանց հավատի հնարավոր չէ որևէ բան անել, ամեն բանի հիմքում հավատն է, որը կարող է սարեր շուռ տալ: Ամեն բան փոխկապակցված է: Առանց գեղեցկության չես կարող ստեղծագործել, որովհետև արվեստում ամեն բան պետք է լինի ներդաշնակ ու գեղեցիկ: Պետք է կարողանաս քո մեջ տարանջատել գեղեցիկն ու տգեղը: Ես շատ եմ սիրում կյանքն ու դրան միշտ սիրահարված եմ: Միշտ փորձում եմ ամեն ինչում լավը տեսնել, որովհետև լավատեսությունն օգնում է տեսնել այն գեղեցիկը, որն օգնում է ապրել:

Ի՞նչ  նորություններով հանդես կգաք առաջիկայում:

Սեպտեմբերին կսկսենք մեր աշխատանքները: Թատրոնում սկսում ենք մի շարք նոր ներկայացումներ, որոնցից երկուսում ունեմ արդեն իմ դերը, դրանք են Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինին» (ռեժիսոր` Նարինե Գրիգորյան), և Բուլգակովի «Շան սիրտը» (ռեժիսոր` Տաթևիկ Մելիքյան): Մնացածը ընթացիկ են: Առջևում դեռ շատ նորություններ կլինեն։ Բուռն գործունեության փուլում ենք, նորությունների մասին հավելյալ կտեղեկացնենք հանդիսատեսին:

Ուրախ եմ, որ նորից անդրադառնում ենք համաշխարհային գրականությանը, որը հիմնականում մարդու մասին է, իսկ մեր գործն էլ մարդուն ուսումնասիրելն է: Ի վերջո, դերերը ոչ միայն օգնում են հանդիսատեսին, այլև արտիստին: Դերերիցս սովորել եմ գնահատել պահը, ներկան ու ապրել դրանով:

Զրուցեց Նատալի Մկրտչյանը

 

  • Created on .
  • Hits: 1236

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: