«Մերսեդես և Զարուհի» մոնոդրաման Նյու Յորքում

Նյու Յորքի United Solo մոնոներկայացումների փառատոնին վերջերս մասնակցել է նաև Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես և Զարուհի» մոնոդրաման, որի դերակատարուհին եղել է նյույորքաբնակ հայազգի արտիստուհի Նորա Արմանին։

Այս մասին խոսել ենք թատերագիր Անուշ Ասլիբեկյանի հետ։

 

Սիրելի՛ Անուշ, ինչի՞ մասին է ներկայացումը, ո՞րն է հիմնական ասելիքը։

1948-ին խորհրդային իշխանությունների ագիտացիայի ջանքերով մեծ թվով հայեր վերադարձան Հայաստան, սակայն այն ամենն, ինչ խոստանում էին խորհրդային իշխանությունները, զուտ խոստումներ էին: Հետպատերազմյան երկրում սով, դժվարություններ, խնդիրներ. պատերն ասես ականջներ ունեին, ստուգվում էին նամակների բովանդակությունները, իսկ հայրենադարձներին առավել ուժեղացված ռեժիմով էին «հսկում»: Իմ հերոսուհիները Ցեղասպանությունից փրկված և Հունաստանի Սալոնիկ քաղաքում հաստատվածների զավակներ են՝ երկու քույր` Մերսեդեսն ու Զարուհին, որոնցից փոքրը՝ Զարուհին, ագիտացիայի հետքերով գալիս է Հայաստան, իսկ մեծը մնում է Սալոնիկում՝ հետագայում դառնալով հենարան ու թիկունք անսպասելիորեն սարսափելի պայմաններում հայտնված քրոջ, ավելի ուշ՝ վերջինիս ընտանիքի համար: Գործողությունները հյուսվում են քույրերի նամակագրության միջոցով, որոնց բովանդակությունը մի կողմից պատմում է  իրողությունները, մյուս կողմից ընթերցողի ու հանդիսատեսի համար բացահայտում է հայ դրամատուրգիայում այս տեսանկյունից  չարծարծված մեր պատմության դառը էջերը: Այնուհանդերձ՝ պիեսը հայրենասիրության մասին է, այն մասին է, որ հայրենիք ունենալու համար գին պետք է տալ, և այդ գինը տալիս են իմ երկու հերոսուհիներն էլ՝ մեկը Սովետական դաժան իրականության պայմաններում, մյուսը՝ թեև հեռվում, սակայն ոչ պակաս չափով:

Mersedes ev Zaruhi 2

Ինչո՞ւ որոշվեց հենց ա՛յս ներկայացումը հանել միջազգային ասպարեզ։

Նյույորքաբնակ դերասանուհի Նորա Արմանիից նամակ ստացա, որով նա իրավունք էր խնդրում պիեսս թարգմանելու, բեմադրելու և խաղալու ԱՄՆ-ում, ու քանի որ արդեն ունեի «Մերսեդես» պիեսիս հիման վրա գրված «Մադամ Զարուհի. մի հայրենադարձուհու պատմություն» մոնոդրաման, սիրով տրամադրեցի: Ավելի ուշ Նորա Արմանին հայտնեց, որ դիմել է Նյու Յորքում անցկացվող աշխարհի ամենամեծ մոնոներկայացումների United Solo փառատոնին, որն անցկացվում է Մանհեթենի հանրահայտ 42-րդ փողոցի վրա գտնվող օֆֆ բրոդվեյան թատերական հարթակներում և մեծ մրցակցության պայմաններում մեր հայտն ընդունվել է: Փառատոնը տևում է  գրեթե մեկ ամիս, այս տարի 80 երկրից մասնակից ներկայացումներ կային: Իմ պիեսների բեմադրությունները արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ ներկայացվում են բազմաթիվ միջազգային թատերական փառատոների շրջանակներում: Սակայն ԱՄՆ-ում հատուկ վերաբերմունք կա դրամատուրգի հանդեպ, ինչի արդյունքում ես ներկա գտնվեցի այս հեղինակավոր փառատոնին :

Mersedes ev Zaruhi 3

Ամերիկյան հանդիսատեսն ինչպե՞ս ընդունեց և ընկալեց ներկայացման հայկական թեման։

Նյույորքյան հանդիսատեսը բծախնդիր է և ամեն ինչ տեսած: Ես պատկերացում չունեի, թե մեր կարծիքով այս խիստ հայկական թեման ինչպես կընդունվի, սակայն ինչպես մամուլի, հեռուստատեսության  և քննադատության արձագանքից պարզվեց, ներկայացման թեման ընդունվել և հասկացվել է իր բոլոր նրբություններով և խորությամբ: Ցավն ամեն տեղ նույն ծանրությունն ունի, իսկ բազմազգ հանդիսատեսից յուրաքանչյուրն ինչ-որ տեղ իր ազգային ցավն էր այնտեղ տեսնում հավանաբար: Հանդիսասրահում էին նաև ԱՄՆ-ում ապրող հայ մտավորականներ, ինչով ես ինձ այնքան ամուր ու երջանիկ էի զգում: Առհասարակ, հանդիսասրահը շնչում և արտաշնչում էր, հառաչում ու ծիծաղում էր մեկ անձ դարձած:

Mersedes ev Zaruhi 4

Ըստ Ձեզ՝ մոնոդրամայի մասնակցությունը ի՞նչ տվեց փառատոնին, ի՞նչ տվեց հանդիսատեսին, ի՞նչ տվեց ձեզ։

Յուրաքանչյուր թատերական գործչի համար Բրոդվեյում ներկայացված լինելը երազանք ու մասնագիտական կյանքի մեծագույն ձեռբերում է: Բրոդվեյում բեմադրվելը շրջադարձային է եղել այնպիսի դրամատուրգների կյանքում, ինչպիսիք են Թեննեսի Ուիլյամսը, Յուջին Օ՛Նիլը, Վիլյամ Սարոյանը: Եվ նշանակություն չունի բեմի կամ հանդիսասրահի մեծությունը, այնտեղ լինելն արդեն նշանային երևույթ է: Ուրախ եմ, որ ԱՄՆ-ի հանդիսատեսին Հայոց ցեղասպանության մասին պատմելու, մեր ցավի մասին հիշեցնելու հնարավորություն ունեցա:

Mersedes ev Zaruhi 1

Ինձ համար կարևոր էր այս այցը նաև այն տեսանկյունից, որ ԱՄՆ-ի Բոստոն, Պրովիդենս և Նյու Յորք քաղաքներում ծանոթացա հայազգի արվեստի գործիչների հետ՝ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Կոնստանտին Պետրոսյանի և նրա տիկնոջ՝ Պրովիդենսի Սուրբ Սահակ և Մաշտոց եկեղեցու կրթական և մշակութային ծրագրերի բաժնի ղեկավար Ժաննա Գեղամյանի, Բոստոնի հայկական թանգարանի հիմնադիր-տնօրեն Պերճ Չեքիջյանի, The Armenian Mirror Spectator լեգենդար թերթի խմբագիրներից մեկի՝ Արամ Արքունի, Նյու Ջըրզիի Լևոն Շանթ թատերախմբի ղեկավար Վարդան Գառնիկիի, Նյու Յորքի Հայկական առաջնորդարանի դիվանապետ Վարդան Մատթեոսյանի և էլի շատերի հետ, և նրանց հանդեպ մեծագույն երախտագիտությամբ պետք է ասեմ, որ այս անձերից յուրաքանչյուրը մի ամբողջ ինստիտուտի դեր է խաղում հայապահպանության գործում: Շատ եմ ափսոսում, որ նրանց հետ սերտ չէ Հայաստանի կապերը, այլապես կարող էինք երկուստեք միմյանց օգտակար լինել, և կարևոր նախաձռնություններ կծնվեին:

Զրուցեց Հասմիկ Հակոբյանը

  • Created on .
  • Hits: 3274

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: