Արվեստ՝ թանգարաններից դուրս. «Գուրբան»
Մի խումբ երիտասարդ արվեստագետներ տարիներ առաջ որոշել են ստեղծել մի հարթակ, որը մշակութային ցանց կստեղծի Գերմանիայի ու Հայաստանի արվեստագետների միջև: Արդյունքում՝ 2019թ-ին ստեղծվել է «Գուրբան» սոցիալ-մշակութային հարթակը, որն իր առջև նպատակ է դրել արվեստը դուրս բերել թանգարաններից, այն մտցնել հանրային տարածք ու մարդկանց առօրյա: Սա արվում է երկու երկրներում ապրող ժամանակակից արվեստագետներին մեկտեղելու, մշակութային փոխանակման ծրագրեր իրականացնելու, ցուցահանդեսների, համերգների, ներկայացումների, աշխատարանների, փերֆորմանսների, ֆիլմերի բացօթյա դիտումների և այլ արվեստային միջոցառումների միջոցով: Այս ընթացքում իրականացվել են մի շարք նախագծեր՝ «Ground Art Fest», «GUrban Residency», «Ground Cinema», «GUrban ArtLab», «ԱյգեՊարումենք»,«Artworks For Peace»:
«Գուրբան»-ի անդամները հաճախ աշխատում են ավերված հին գործարանների, քաղաքների լքված տարածքներում՝ փորձելով արվեստի միջոցով նոր շունչ ու իմաստ տալ հանրային տարածքներին: Այս ամենի վերաբերյալ մանրամասներ Cultural.am-ին պատմել են հարթակի համահիմնադիրներ, նկարչուհի Մարիա Մատինյանն ու քանդակագործ Վահան Մաթևոսյանը:
«Գուրբան»-ի աշխատանքային մեկնարկը, «Ground Art Fest»-ն ու Գյումրին
Մարիա: Նախ ասեմ, որ «Գուրբանի» անվան սկզբնատառը տարբեր գաղափարների կոնցետրացիաներ է պարունակում, այդ թվում կապված է հենց Գյումրիի հետ, այսինքն՝ «Գյումրի» և «ուրբան»: Ինչո՞ւ ընտրվեց Գյումրին, որովհետև կորիզը հենց այնտեղ էր ձևավորվել:
2019 թվականին ես Գյումրիում էի: Ընտրեցինք մի տարածք, որը ինչ-որ մի ժամանակ կարևոր դեր է ունեցել քաղաքի համար: Դա լքված, չգործող, բայց մեծ պոտենցիալ ունեցող տեքստիլ կոմբինատն էր, որտեղ էլ հենց ցուցահանդես կազմակերպեցինք տեղացի արվեստաբան, «Գուրբան»-ի համահիմնադիր Սյուզի Գինոսյանի և մեր մյուս թիմակիցների հետ: Քանի որ Գյումրիում շատ-շատ են այդպիսի տարածքները, որոշեցինք այնտեղ աշխատել ու ստեղծել մի հարթակ, որի միջոցով արվեստը դուրս կբերվի հանրային, քաղաքային տարածք: Երբ տարեվերջին տեղափոխվեցի Մյունխեն, իմ գաղափարներով կիսվեցի Վահանի հետ ու հաշվի առնելով, որ թե՛ Գյումրիի, թե՛ Մյունխենի միջավայրին բավականաչափ ծանոթ էի` միտք ծագեց, որ սկսենք մշակութային կապեր ձևավորել այս քաղաքների միջև: 2020թ-ին հիմնեցինք մեր հասարակական կազմակերպությունը, հաջորդ տարի տեղի ունեցավ «Ground Art Fest»-ը: Այն իր մեջ ներառում էր փերֆորմանսներ, քանդակների և ֆիլմերի ցուցադրություններ, ինստալացիաներ, «սթրիթ արտ» ու այլ միջոցառումներ:
Օրինակ՝ փերֆորմանսներն անցկացնում էինք քաղաքի մարդաշատ վայրերում և, իմ ընկալմամբ, իրենք այդքան խորթ, հեռու չեն արվեստից: Ամեն գյումրեցի ամիսը մի անգամ գոնե գնացել է թատրոն, ու կա մշակութային այդ հիմքը:
Վահան: Մեր գործունեությունը Գյումրիից սկսելու ամենակարևոր հանգամանքներից մեկը եղել է նաև այն, որ սովետական ու հետսովետական ժամանակաշրջանում Գյումրին` որպես արվեստի կենտրոն-քաղաք, ավելի հայտնի էր: Նախկինում գործել է Գյումրիի բիենալեն, որը ժամանակին բավական հաջողված ձևաչափ էր, ու որը հիմա, ցավոք սրտի, հետզհետե մարում է կամ մարել է: Դա շատ լավ հիմք էր, ու 2021թ-ի մեր փառատոնի խորագիրը՝ «Ground», հիմնված էր հենց այդ մշակութային շերտի վրա: Այսինքն՝ մենք շատ նոր բան չենք արել, այլ փորձել ենք շարունակել այն գործը, որն արել են մեր ուսուցիչները և ոչ միայն:
«Պատմություններն այսուհետ սկսվում են այստեղից»
«Հասնել մի վայր, որի մասին երբեք չես լսել, նշանակում է հանդիպել քո այն ԵՍ-ի հետ, որի մասին երբեք չես իմացել․․․ Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկավ այս վայրը: Ե՞րբ և ինչպե՞ս հայտնվեց այս գիտակցությունն այստեղ: Տեղի և ինքնագիտակցության փոխհարաբերման հանդիպման կետը հենց այս պահն է: Պատմություններն ԱՅՍՈՒՀԵՏ սկսվում են այստեղից»,- սա Գյումրիում անցկացված փառատոնի մասնակից, ճապոնացի արվեստագետ Կազունորի Կուրայի դիտարկումն է:
Մարիա: Ինձ հաճախ է գրում Կազունորի Կուրան և պարբերաբար ուղարկում Գյումրիում ձայնագրած իր պատմություններից: Նա «Ground Art Fest»-ի շրջանակում եղել էր այնտեղ: «Մայր Հայաստան» հուշարձանի տարածքում հինգ օր շարունակ աշխատել ու պատրաստել էր 120 միատիպ ժապավեն, դրանցից յուրաքանչյուրի վրա հայերենով մակագրել «Այսուհետ» բառն ու դրանք կապել ձողերին: Ինստալացիան ժամանակի ու տարածության հարաբերման մասին էր, մարդիկ կարող էին հանգիստ շրջել ինստալիացիայի ներսում, դառնալ դրա մի մասը, մոռանալով ժամանակի մասին՝ զգալ տեղանքի էներգիան:
Երբ վերջինս գետնին նստած գրում էր, մարդիկ էին գալիս, որոնք շփվելու, հաղորդակցվելու ընդհանուր լեզու չունեին. միշտ ընտանիքներ էին գալիս: Երեխաները հավաքվում էին գլխավերևում, և հեղինակը նրանց հետ գետնին նստած հայերեն էր գրում, իրենք էլ խմբակային կարդում էին գրվածը՝ «այ-սու-հետ»: Կ. Կուրան ասում էր՝ այդչափ մարդ միանգամից իրեն այդքան ջերմորեն չէր ընդունել, անգամ եթե չէին տեսել հայերեն գրող ճապոնացի ու չէին հասկանում: Տպավորված էր մարդկային ջերմությունից:
Արվեստն ընդդեմ պատերազմի. «Artworks For Peace»
Մարիա: Ինչպես արդեն նշեցի, մեր հիմնական ու գլխավոր նպատակը եղել է հարթակի ստեղծումը, որի բացումը ուզում էինք լիներ փառատոնով, իրագործվեր «արվեստագետների կացարան» փոխանակման ծրագիրը: Եվ ի սկզբանե այդ ուղղությամբ ենք աշխատել՝ նպատակադրվելով մեր գործունեությունը սկսել Գյումրիից ու աստիճանաբար ներգրավել մյուս քաղաքները: Բայց վրա հասավ համավարակը, պատերազմը, ու սկսեցինք աշխատել նաև այլ՝ «Artworks For Peace» նախագծի ուղղությամբ՝ կազմակերպելով ցուցահանդես վաճառք և հասույթը ուղղել պատերազմից տուժած երեխաներին:
Ցուցահանդեսը բացվել էր Մյունխենում՝ 2020 թվականի տարեվերջին: Այդ ժամանակ պատկերասրահները փակ էին, ցուցահանդեսներ չէին լինում, մեզ ոչ ոք չէր հավատում, և մենք էլ մինչև վերջին օրը չգիտեինք՝ տեղի կունենա ցուցահանդես, թե՝ ոչ: Մի տարածք գտանք, և երբ որ հրավերներ էինք ուղարկում, մարդիկ չէին հավատում, որ միջոցառումը տեղի կունենա: Որքան էլ զարմանալի թվա՝ այն կայացավ, բայց 3-րդ օրը փակվեց, որովհետև խիստ սահմանափակումներ մտցվեցին: Բարեբախտաբար մենք էլ մինչ այդ լոկդաունի ռեժիմը մեր գործն արեցինք, որից հետո այն տեղափոխվեց առցանց հարթակ: Այսկերպ Հայաստանում և Գերմանիայում բնակվող ավելի քան 25 արվեստագետ իրենց ստեղծագործություններով սեփական ներդրումն ունեցան:
Վահան: Օտարերկրացիների ու օտարազգի արվեստագետների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող պատերազմի կողմը դարձնելն ու այդ զգայուն խնդրի շուրջ միավորվելը, ես կասեի՝ հեշտ էր, հատկապես, որ կապերն արդեն ունեինք: Ամեն երկրորդ անցորդ կանգնում, հարցնում էր՝ ինչպիսին է հիմա իրավիճակը Հայաստանում, ինչով կարող են օգնել, շատերը պատրաստ էին նաև իրենց ստեղծագործությունները նվիրաբերել նմանատիպ ծրագրի, որպեսզի հավաքված գումարով մարդասաիրական օգնություն ցուցաբերվի:
Ցուցահանդեսը նաև տեղեկատվական բնույթ էր կրում, քանի որ այդ ժամանակ լրատվամիջոցները լռում կամ կցկտուր ինֆորմացիա էին հաղորդում, իսկ ցուցահանդես այցելած մարդկանց մոտ շատ հարցեր էին առաջանում, մենք էլ փորձում էինք պատմել իրավիճակը՝ քաղաքական դաշտից դուրս: Սա ստացված նախագծի գլխավոր մեխերից էր:
Կրթական ծրագրեր և մշակութային միջոցառումներ՝ տարածաշրջանային զարգացման շրջանակներում
Մարիա: Մենք շարունակում ենք ընդլայնել մեր աշխատանքային ցանցը: Գերմանիայի ավելի փոքր քաղաքաներից արվեստագետներ կան, որոնք մեզ հետ աշխատելու ցանկություն են հայտնել, և մենք փորձում ենք հասկանալ՝ ինչ հնարավորություններ կան: Կարևորում ենք նաև արված գործը դոկումենտացնելու, արխիվացնելու հանգամանքը՝ որպես հետազոտական, գիտական աշխատանք, որովհետև Հայաստանում դրա պակասը շատ կա:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 3627