Հանդիսատեսը չպետք է կասկածի՝ արդյոք դու արժանի էիր լավագույն դերասանուհի տիտղոսին. Տաթև Ղազարյան

Դերասանուհի Տաթև Ղազարյանը տարին ավարտել ու սկսել է բուռն թատերական եռուզեռով. «4-րդ  Արտավազդ», պրեմիերա Գյումրու թատորնում և նոր պիեսներ հարազատ Համազգային թատրոնում։

Cultural.am-ը նրա հետ խոսել է դերասանի ունեցած պատասխանատվության, հարազատ թատրոնի և այլ հարցերի շուրջ։

Տաթև՛, վերջին շրջանում զբաղվածությունը կարծես շատ է։ Նոր պրեմիերաներ եղան։ Այս տարին հատկապես ինչո՞վ առանձնացավ։ Ի՞նչ նոր փոփոխություններ եղան։

Այո՛, տարին բուռն եմ սկսել։ Անցած տարին ավարտվել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ Տարին Համազգային թատրոնում սկսեցինք «Խատուտիկի գինին» վեպի հիման վրա արված ներկայացմամբ, որտեղ նույնպես իմ դերակատարումն ունեցա։ Մարտ ամսվա սկզբին թատերականացված ներկայացում ունեցանք «Մերսեդես»  պիեսի հիման վրա։ Այնուհետև թատերական ընթերցանության մեկ այլ ներկայացման շրջանակներում աշխատանք էի տանում դերասանների հետ, որպեսզի այն բեմադրեինք. կոչվում էր «Չեխով-Machine»։    

Այս տարի նաև արժանացաք 4-րդ «Արտավազդին»՝ որպես տարվա լավագույն դերասանուհի։  Բայց այս անգամ հարազատ թատրոնը չէիք ներկայացնում։ 

Այո՛, այս անգամ հարազատ թատրոնը չէր․ երեք Արտավազդները ստացել եմ համազգային թատրոնի ներկայացումներից, այս անգամ Գյումրին էր, որը ոչ պակաս հարազատ է դարձել։ Երկրորդ տունն եմ համարում։ Շատ բովանդակալից ու բուռնն էր համագործակցությունը, և ցանկություն կա նորից համագործակցելու։ Ֆանտաստիկ թատրոն էր` իր հնարավորություններով և մարդկային ջերմությամբ։ Պատասխանատվություն կար, քանի որ ես ուրիշ թատրոն էի ներկայացնում, և ուզում էի իմ միջոցով արժանի լումա ներդնել ու մրցանակ տանել այդ թատրոնին։ Մրցանակը իմը չէ, այն իսկապես թատրոնինն է, ներկայացման ստեղծագործական կազմինը, իմ խաղընկերոջինն է։ Ավելի մեծ պատասխանատվություն կար այս դեպքում, քան Համազգայինի դեպքում էր։

Մրցանակները դերասանի կարիերայում ի՞նչ դեր ունեն։

Մրցանակները դերասանին ուրախացնում են, գնահատված ես զգում քեզ, արժևորված, որ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից նման գնահատականի ես արժանացել։ Հանդիսատեսի բուռն ծափահարություններն էլ դա են վկայում։ Ամբողջ տարի այդ տիտղոսը կրելով` պատասխանատվություն կա, որ հանդիսատեսը չկասկածի` արդյոք այս դերասանուհին արժանի էր այդ տիտղոսին։ Պետք է կարողանաս բեմում հայտնվելիս միշտ ապացուցել, որ ամեն ինչ ճիշտ է։

Tatev Ghazaryan 3

«Միզերի»-ի մասին խոսենք, որն էլ ձեզ պարգևեց մրցանակը։

Իմ վերջին շրջանի ամենաերջանիկ ամիսներն էին։ Մի քանի երնեկներ մեկտեղվել էին։ Երկկողմանի ցանկություն կար թատրոնում աշխատելու։ Թատրոնի ղեկավարը իմ վաղեմի ընկերն է, և ամեն անգամ իրար տեսնելիս երկուսս էլ հարցնում էինք՝ երբ եմ խաղալու թատրոնում, բայց հարմար առիթ չէր ստացվում։ Մի օր էլ հանրապետության լավագույն ռեժիսորներից մեկը` իմ ընկեր Գոռ Մարգարյանը, ինձ ասաց՝ հրավեր է ստացել թատրոնում աշխատելու համար, ասացի՝ ես էլ եմ ուզում։ Հարցրեց՝ տեսել եմ արդյոք «Միզերի» ֆիլմը, որը Հոլիվուդյան ֆիլմ է 1999 թվականին նկարահանված. չէի նայել, ասաց՝ նայի։ Ես նայեցի ֆիլմը, Գոռի թաքուն միտքը հասկացա, սիրահարվեցի այդ ֆիլմին, վեպը կարդացի ու Գոռին հանգիստ չտվեցի՝ ուզում եմ այդ դերը խաղալ։ Իհարկե, վախ կար այդքան լավ դերակատարումից հետո այդ դերը խաղալու, քանի որ դերասանուհին ֆիլմում ֆանտաստիկ է։ Նա արաժանացել է իրենց Օսկարին, ես, փաստորեն, արժանացա  մեր  Օսկարին։ Գոռն ասաց՝ ինչո՞ւ չանել դա Գյումրու թատրոնում․ այդպես բոլորիս ցանկությունները մեկտեղվեցին։ Թատրոնի ողջ անձնակազմը օգնում էր, որ ներկայացումը կայանա բարձր մակարդակով։ Յուրաքանչյուրը մեզ աջակցում էր։ Երեք ամիս ապրեցինք Գյումրիում և ամեն փորձ տոնի էր վերածվում։ Ստեղծագործական փառահեղ հաճույք էի զգում, անթերի աշխատանք։ Մի ամբողջ սեր էր ներդրված ներկայացմանը, և դա էր պատճառը, որ այդքան սիրվեց։

Ի՞նչ պատասխանատվություն ունի դերասանը բեմում, հատկապես մրցանակներից հետո։

Դերասանը ահռելի պատասխանատվություն ունի։ Երբ ներկայացումը կայացած է ու հանձնված հանդիսատեսին, դրա միակ պատասխանատուն դերասանն է։ Ռեժիսորը, լուսային ձևավորողը, նկարիչը իրենց գործն արել են, զգեստները կան, դերասանը այդ ամենի հետ մնում է միայնակ։ Ամեն անգամ ներկայացում խաղալիս զրոյացնում ես քեզ ու նորից լիցքավորում, որ այդ էմոցիաները փոխանցես հանդիսատեսին, որպեսզի չխափանես բոլորի աշխատանքը, որ ամիսների ընթացքում կատարել են ներկայացման համար։ Իրենք իրենց գործն արել են, մնացածը քո ուսերին է։

Երկար տարիներ են, ինչ բեմում եք։ Որքա՞ն է փոխվել հանդիսատեսը, այդ փոփոխությունը ինչպիսին է։ Ասում են՝ թատրոնը երիդասարդներին հետաքրքիր չէ, դուք այս կարծիքին համաձա՞յն եք։

Տարիների ընթացքում հանդիսատեսը փոխվել է, այո՛, դա վկայում է այն, որ ներկայացումների ընթացքում քչացել են հեռախոսազանգերի ձայները։ Հանդիսատեսը տրամադրված է թատրոն գալիս, նվիրվում է ներկայացմանը։ Ես համաձայն չեմ այդ կարծիքին, քանի որ հանդիսատեսի շարքերում երիտասարդները լուրջ տոկոս են կազմում։ Համազգայինում կա ձևավորված հանդիսատես, ներկայացումներ կան, որտեղ երիտասարդներն են միայն գալիս, տոմսերը սպառվում են շատ արագ։ Օրինակ՝ Գյումրիում  «Միզերի» ներկայացման հանդիսատեսի 80 տոկոսը Երևանից էր եկել. դա խոսում է, որ  հանդիսատեսը ուզում է թատրոն գնալ ու ամեն բան անում է, երկար ճանապարհ է անցնում, որ իր սիրելի դերասանի կատարմամբ ներկայացումը նայի։ 

Tatev Ghazaryan 4

Հայ թատերաշխարհն ի՞նչ աջակցության կարիք ունի այսօր։ 

Թատերական աշխարհը միշտ աջակցության կարիք ունի․ պետք է լինի պետական մարմինների բարի աչքի և հովանու ներքո։ Այդպես թատրոններն ավելի մեծ ջանքերով առաջ կգնան և աշխարհին կներկայանան մեծ հնարավորություններով։ Եթե ավելի լուրջ ու մեծ տեղ տրվի արվեստին ու թատերարվեստին, ես հավատացած եմ, որ շատ ավելի լուրջ միջազգային ու համաշխարհային մակարդակի հասնող գործեր կստեղծվեն հայ թատրոնում։

Պետական թատրոնը, կարելի է ասել, պետության դեմքն է։ Ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Համազգայինը։ Ի՞նչ եք դուք փորձում մատուցել հանդիսատեսին և ինչի՞ կարիք ունի նա։ 

Համազգայինը, այո՛, պետական թատրոնն է և պարտավոր է անմասն չմնալ երկրում կատարվող իրադարձություններից։ Դա եկել է դեռ Սոս Սարգսյանից, որը առաջնահերթ էր համարում ազգային խնդիրներն ու միշտ ասում էր՝ դու դերասանից բացի նաև քաղաքացի ես և անմասն պետք է չլինես։ Մենք ամեն կերպ փորձում ենք խոսել դրականի մասին, ցույց տալ հերոսներին, հաղթող հերոսներին, երջանիկ հայի տեսակը ու անդրադառնալ դրամատուրգիային` ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական։ Մեր ներկայացումներից մեկը՝ «Խատուտիկի գինին», կյանքն ապրելու ձևի մասին է, ինչպես գնահատենք ամեն վայրկյանը, օդը, կյանքի հոտը շնչենք։ Նարինե Գրիգորյանի բեմադրած պիեսում հանդիսատեսը դա զգում է և փառավորված հոգով հեռանում է։ Բեմադրության հերոսը հանկարծ հասկանում է, որ ինքը ողջ է, ու դրանից մեծ երջանկություն աշխարհում չկա։ Այն ժամանակի դիմաց, որ հանդիսատեսը մեզ է տրամադրում, մենք ցանկանում ենք պարգևել նրան մի քանի ժամվա երջանկություն։

Հայաատանի սահմաններից դուրս նույնպես բազում հաջողություններ եք ունեցել։ Տարբե՞ր է դրսի հանդիսատեսը հայաստանյան` այսպես ասած` տան հանդիսատեսից։ 

Յուրաքանչյուր երկիր իր հանդիսատեսը ունի։ Եթե կարողանում ես քո խաղով ու բեմադրությամբ հասնել հանդիսատեսի հոգուն, բոլորը սկսում են խոսել մի լեզվով՝ թատրոնի։ Կա մի քիչ էմոցիոնալ, շատ ծափ տվող, քիչ ծափահարող հանդիսատես։

Tatev Ghazaryan 2

Առաջիկայում ի՞նչ նորություններ կլինեն թատրոնից։ 

Առաջիկայում մասնակցելու եմ «Արմոնո» փառատոնին։ Լինելու եմ թատերականացված ընթերցանության ղեկավար, կազմակերպող, ռեժիսոր ու աշխատելու եմ դերասանների հետ։ Վեց նոր պիես պետք է ներկայացնենք փառատոնին։ Ինչպես նաև կլինեն նոր պիեսներ Համազգայինում։

Ո՞րն է հաջողության ճանապարհի ձեր բանաձևը։

Շնորհակալ եմ, որ համարում եք, որ ես հաջողություն եմ ունեցել, և այո, ես էլ եմ ինձ այդպիսին համարում՝ հաջողակ, երջանիկ դերասանուհի։ Իր մասնագիտության մեջ կայացած թե՛ դերասանուհի, թե՛ իբրև դասախոս։ Գաղտնիքը լուռ ու ազնիվ նվիրվածությունն է աշխատանքին։ Լուռ ծառայի՛ր քո գործին ու լո՛ւրջ վերաբերվիր այն մասնագիտությանը, որն ընտրել ես։ Սա աշխարհի լավագույն մասնագիտությունն է, մնացածը ճանապարհին քեզ սատար կկանգնեն։

Զրուցեց Մերի Խաչատրյանը

  • Created on .
  • Hits: 16647

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: