Կոմպոզիտոր Արեգնազ Մարտիրոսյանի ստեղծագործության համաշխարհային պրեմիերան կայացել է Othmar Schoeck փառատոնի շրջանակում

Սեպտեմբերի 6-8-ը Բրունենում (Շվեյցարիա) անցկացվել է Othmar Schoeck-ի վեցերորդ փառատոնը։ Փառատոնի ընթացքում, ընդհանուր առմամբ, կայացել է յոթ միջոցառում, հնչել 18 ստեղծագործություն։

Սեպտեմբերի 7-ին  կայացած համերգին նաև պրեմիերաներ են հնչել, այդ թվում կոմպոզիտոր Արեգնազ Մարտիրոսյանի ստեղծագործության համաշխարհային պրեմիերան է եղել։

Cultural.am-ը զրուցել է Արեգնազ Մարտիրոսյանի հետ։

Փառատոնի շրջանակում կայացել է Ձեր ստեղծագործության պրեմիերան։ Ի՞նչ ստեղծագործություն է և ինչպե՞ս է այն ընդգրկվել փառատոնի ծրագրում։

Ստեղծագործությունս գրված է ջութակի և դաշնամուրի համար գերմաներեն «Fremd» («Оտար») անվանումով: Փառատոնին մասնակցել եմ Ալվարո Շոեկի հրավերով: Մենք ծանոթացել ենք 3 տարի առաջ փառատոնի շրջանակներում: Այս տարի նա ցանկություն էր հայտնել, նոր ստեղծագործության պատվերով, մասնակից լինեմ Շոեկ փառատոնին՝ որպես հրավիրյալ կոմպոզիտոր:

Aregnaz MArtirosyan 1

Ընդհանրապես, Ձեր կարծիքով, ի՞նչ է տալիս փառատոնին մասնակցությունը կոմպոզիտորին, սեղծագործողին։

Ճանապարհ է ստեղծում, հետագա բազում ծանոթություններ՝ տարբեր կատարողների, արտիստների հետ, ինչպես նաև փորձառություն: Փառատոների, համերգների միջոցով կոմպոզիտորը ճանաչում է ձեռք բերում և ներկայացնում իր արվեստը:

Կրթություն ստացել եք Հայաստանում, հիմա ապրում և ստեղծագործում եք Շվեյցարիայում։ Որտե՞ղ եք սովորում այժմ։ 

Սովորել եմ Երևանի պետական կոնսերվատորիայում Վարդան Աճեմյանի ստեղծագործական դասարանում, հետագայում տեղափոխվել եմ Շվեյցարիայի Լյուցեռն քաղաք և շարունակել եմ կրթությունս Լյուցեռնի կիրառական գիտությունների համալսարանում, կոմպոզիտոր, պրոֆեսոր Դիթեր Ամանի մոտ: Այժմ զուգահեռ շարունակում եմ կրթությունս նաև դաշնամուրային մանկավարժության ֆակուլտետում, պրոֆեսոր Շտեֆան Վիրթի մոտ:

Aregnaz MArtirosyan 2

Ինչո՞ւ հենց կոմպոզիտոր։ Ինչպե՞ս Ձեզ մոտ ձևավորվեց այն գիտակցումը, որ հենց կոմպոզիտորն է այն «մասնագիտությունը», որը Ձերն է։

Դեռևս մանկուց արվեստի, երաժշտության հանդեպ սերս շատ մեծ է եղել: Երաժշտական դպրոցի տարիներից արդեն իսկ պարզ և հստակ ձևավորվել էր իմ մեջ, որ ես պրոֆեսիոնալ երաժիշտ պետք է դառնամ: Հետագայում՝ ավելի հասուն տարիքում, էլ ավելի վստահ քայլերս ուղղորդեցին դեպի ստեղծագործելու աշխարհ:

Հանդիսատեսը, լսելով Ձեր ստեղծագործությունները, որևէ ձև կզգա՞, որ այն ստեղծել է հենց հայ կոմպոզիտոր։

Ինձ համար այնքան էլ կարևոր չէ՝ ով է ստեղծագործել, որ ազգությանն է պատկանում: Կարևորություն եմ տալիս որակյալ և գրագետ արված աշխատանքին:

Ի՞նչ կարծիք ունեք հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի մասին։ Արդյո՞ք համահունչ ենք քայլում համաշխարհային տենդենցներին։

Նախ պետք է հասկանալ՝ ո՞րն է համաշխարհային տենդենցը, հետո փորձել ցանկության դեպքում հետևել և համապատասխանել: Ըստ իս՝ ստույգ պատասխան չեմ կարող տալ:

Նախատեսո՞ւմ եք առաջիկայում Ձեր որևէ նոր ստեղծագործության պրեմիերա հենց Հայաստանում անել։

 Հայաստանից դեռևս հրավերներ չունեմ, իսկ արտերկրում բոլոր փառատոներին և համերգներին մասնակցում եմ հրավերների միջոցով:

Տ․ Մ․

  • Created on .
  • Hits: 657

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: