Բիենալեն մեզ համար ինքնաճանաչման հնարավորություն է. Սոնա Հարությունյան
Արվեստասերները, արվեստագետներն ու մայրաքաղաքի հյուրերը 2023թ․-ի սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 8-ը «Ազնավուր» կենտրոնում հնարավորություն ունեցան ներկա գտնվելու Գեղարվեստական տպագրության ոլորտում բացառիկ ցուցադրության։
«Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային Բիենալե, Երևան 2023»-ի լայնածավալ ծրագրի ցուցադրությանը մասնակցել է 53 երկրի 231 փորագրանկարիչ, ցուցադրվել է 356 գեղարվեստական տպագրության թերթ։
«Մեծ հպարտություն ենք ապրում, որ կարողացանք բիենալեն այդ մակարդակի իրականացնել»,- ասում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը՝ հավելելով.
«Բիենալեի ստեղծումից ի վեր՝ 2017թ.-ից հետո, բավականին աճել է հետաքրքությունը գեղարվեստական տպագրության հանդեպ։ Միևնույն ժամանակ, հասարակության բոլոր շերտերին ներգրավելու համար, անհրաժեշտ են բավարար ֆինանսական միջոցներ։ Արվեստասեր հանրությունը, յուրաքանչյուր այցելու իրենց նախասիրություններին, գեղագիտական ճաշակին համապատասխան, պետք է տեղեկատվության մատուցման տարատեսակ ձևաչափերով տեղեկանա Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի, նախատեսված հանդիպումների և իրադարձությունների մասին»։
Բիենալեի շրջանակում 2023թ․-ի սեպտեմբերի 12-ից 17-ը Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ միջազգային փորձագետների ներկայությամբ կայացավ «Հայաստանը` տարածաշրջանում Գեղարվեստական տպագրության կենտրոն» միջազգային Առաջին համաժողովը։
Վերջինիս ներկա գտնվեցին 21 երկրից փորագրանկարչության ավելի քան 32 փորձագետ, որոնք հանրությանը ներկայացան զեկույցներով և վարպետության դասերով։
Ըստ կազմակերպիչների՝ միջոցառման արդյունքներն ու արձագանքներն ակնհայտ են։ Միջազգային համաժողովի մասնակիցներից յուրաքանչյուրն իր մասնագիտական կարևոր ներդրումն է կատարել և փոխադարձաբար՝ ստացել հայ ուսանողների և փորագրանկարիչների ոգևորությունը և շնորհակալությունը։ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեի համար Առաջին միջազգային համաժողովը նաև փորձառության նոր հնարավորություն է դարձել։
«Կարևոր ձեռքբերումներից էր Հայաստանի ճանաչելիության ապահովումը փորագրանկարչության վարպետների և աշխարհի տարբեր երկրներից ժամանած միջազգային արվեստագետների համար։ Առաջին հերթին բացահայտում են Հայասատանը, հետո՝ մայրաքաղաք Երևանը։ Դրանից հետո, իհարկե, շատ զարմանում նման ծավալուն ծրագրի գոյությունից և իրագործումից։
Պարբերաբար իրենց տպավորություններով են կիսվում երևանյան Բիենալեի որակի վերաբերյալ. միջազգային ժյուրիի անդամները մատնանշում են երևանյան Բիենալեի շրջանակում ներկայացված անվանի արվեստագետներին, որոնք իրենց երկրներում մասնակցության հայտ են ներկայացրել, օրինակ՝ տասներորդ Բիենալեից հետո։
Մեզ համար Բիենալեն նաև ինքնաճանաչողության հնարավորություն է: Օտար ազգի արվեստագետների, արվեստի կառավարիչների միջոցով ինքներս մեզ ենք ճանաչում և մեզ համար բացահայտում Հայաստանը»,- նշում է կազմակերպիչը:
«Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի և վերջինիս շրջանակում իրականացվող համաժողովի մասնակից փորագրանկարիչները վարպետության դաս են մատուցում՝ փոխանցելով իրենց մասնագիտական հմտությունները և գիտելիքներն անվարձահատույց:
Հայ փորագրանկարիչների համար ցանկալի կլիներ լիարժեք օգտագործել անվանի վարպետների ներկայությունը Հայաստանում և գնահատել Հայաստանում իրենց գտնվելու փաստը»,- հույսով նշում է Սոնա Հարությունյանը։
«Գեղարվեստական տպագրության Չորրորդ միաջազգային Բիենալե, Երևան 2023»-ը մեկնարկել է 2023թ.-ի մայիսին՝ «Մ՛ակույթների երկխոսություն» կազմակերպության կողմից հայ հանրությանը Երևանում ներկայացրած գերմանացի հանրաճանաչ գեղանկարիչ և փորագրանկարիչ Օտտո Դիքսի ցուցահանդեսով և ամփոփվում է Սարսելի Փորագրանկարչության միջազգային Բիենալեի համադրող, փորագրանկարչության վարպետ՝ Ժան Պիեր Տանգիի առաջին անհատական ցուցահանդեսով Երևանում։
Հայաստանում առաջին անգամ կայանում է Փարիզում ներկայացվող «Սարսելի Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե»-ի (Biennale Internationale de la Gravure de Sarcelles) հիմնադիր և համադրող, փորագրանկարչության վարպետ Ժան-Պիեր Տանգիի անհատական ցուցահանդեսը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում։ Այն մեկնարկել է մայիսի 3-ին և կշարունակվի մինչև մայիսի 27-ը։ Այս ցուցահանդեսը նաև ազդարարում է 2025թ․-ի հոբելյանական Հինգերորդ երևանյան Բիենալեն։
«2024թ․-ի սեպտեմբերի 15-ին երևանյան Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն հանդես է գալու առաջին պաշտոնական ասուլիսով, որի շրջանակում ազդարարվելու է Գեղարվեստական տպագրության հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ի մրցութային փուլի բացման և գրանցման մասին»,- մանրամասնում է Հարությունյանը։
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը չի սահմանափակում իր գործունեությունը միայն գեղարվեստական տպագրության ոլորտով. իրականացնում է լայնածավալ ծրագիր Սյունիքի մարզի Շվանիձոր բնակավայրում՝ նախագծելով ժամանակակից արվեստի կենտրոնի կառուցումը։
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը երեք տարի աշխատում է «Շվանիձոր. Ժամանակակից արվեստի կենտրոն» բազմաշերտ և բազմաբովանդակ ծրագրի շուրջ։ Մայիսի 7-ին առաջին անգամ Հայաստանում հյուրընկալեցինք դանիացի արվեստագետ Մարտին Թհուրլովին: Նա ապրելու և ստեղծագործելու է Շվանիձոր բնակավայրում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք այս տարի Սյունիքի մարզում մեկնարկում ենք մեր իղձերի իրականացման գործընթացը։
Սյունիքի մարզի ընտրությունը հատկանշական է: Նպատակն է մեր ուժերի սահամաններում մշակույթի և արվեստի միջոցով ամրակայել Հայաստանի հարավային դարպասը: Եվ եթե յուրաքանչյուրն իր ոլորտում ամրակայի Սյունիքի սահմանը, աներկբա այն կլինի կայուն և անսասան։
Հարկավոր է դադարել միայն խոսել․ մենք խոսում ենք շատ, գործում՝ քիչ»,- ընդգծում է Սոնա Հարությունյանը։
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն արդեն իսկ մշակել և իրագործում են 2024-2025թթ.-ի ժամանակացույցում ընդգրկված արվեստի և մշակույթի ոլորտում միջազգային և տեղական կարևոր ռազմավարական ծրագրերը։
Գայանե Պողոսյան
- Created on .
- Hits: 676