Մրցանակը չի կարող լինել և չպետք է լինի վերջնական արդյունք․ «Լավագույն դերասանուհի» Լիլիա Մուկուչյան

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության 24-րդ հանդիսավոր արարողությանը լավագույն դերասանուհի կոչմանն արժանացել է Լիլիա Մուկուչյանը՝ «Սպանդի աստվածը» ներկայացմանը Վերոնիկա Վալլոնի դերով։
Cultural.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է ռեժիսորի և դերասանի համագործակցության, «Արտավազդ» մրցանակի, «Սպանդի աստվածը» ներկայացման և այլնի մասին։
Ի՞նչ է Ձեզ համար «Արտավազդ» մրցանակը։
Արտավազդ մրցանակը, և, ընդհանրապես, բոլոր մրցանակները պարտավորեցնող գնահատականներ են: Մրցանակը չի կարող լինել և չպետք է լինի վերջնական արդյունք, այլ ճիշտ հակառակը:
Ռեժիսոր Արսեն Խաչատրյանը մի անգամ պատմել է, որ այդ պիեսի բեմադրումը սկսվել է Ձեզնից։ Տարիներ առաջ Մնջախաղի թատրոնում ծանոթանալուց հետո հարցրել եք, թե ինչ-որ բան կուզի բեմադրել Ստանիսլավսկիում։ Դուք այդ ներկայացման դերի համար արժանացաք մրցանակի․ ինչպե՞ս ընտրությունը կանգ առավ «Սպանդի աստվածը» պիեսի վրա։
Պիեսը ընտրել է Արսենը, իսկ ես արդեն վաղուց ծանոթ էի այդ ստեղծագործությանը: Մինչ վերջնական որոշումը՝ մենք միմյանց տարբեր պիեսներ էինք ուղարկում, իսկ «Սպանդի աստվածը» գտավ արդեն Արսենը: Արսենը բազմիցս ասել է, և դա իրոք այդպես է, որ նա չի կարող բեմադրել գործ, որը իրեն այդքան էլ հետաքրքիր չէ, կամ նա՝ որպես արվեստագետ, ասելիք չունի:
Այժմ դերն ինչո՞վ է ձեզ համար առանձնահատուկ։ Ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել այդ կերպարի մարմնավորման համար։
Ոչ միայն այս դերը, այլ, ընդհանրապես, բոլոր նոր դերերը ինձ համար առանձնահատուկ են այն առումով, որ դառնում են սեփական մասնագիտական հնարավորությունները ստուգելու յուրահատուկ սանդղակ:Կոնկրետ Վերոնիկա Վալոնի կերպարը ստեղծվել է ռեժիսորի հետ միասին, այսինքն՝ ես գնացել եմ նրա գծած ճանապարհով: Քանի որ կատակերգությունը համարվում է ամենաբարդ ժանրը դերասանի համար, այստեղ էլ շատ վտանգավոր էր մնալ էսթետիկայի սահմաններում և չգլորվել էժանագին կոմիկական ժանր:
Պիեսում բացահայտվում են ընտանեկան կյանքի բազմաթիվ ենթաշերտեր՝ միմյանցից ունեցած դժգոհություններն ու հիասթափությունները, ամուսիների զրույցը․ ո՞րն էր պիեսի հիմնական ասելիքը։
Ասելիքներն այստեղ ավելին են․ օրինակ՝ որքանո՞վ է մարդը պատրաստ երկխոսության, փոխզիջման, կամ ինչո՞ւ ենք մենք վարպետորեն թաքցնում մեր իրական ցանկությունները, առավել ևս եթե դրանք չեն սահմանափակում դիմացինի ազատությունը և գտնվում են բարոյահագեբանական թույլատրելի նորմերի սահմաններում:
Մի ժամանակ նշել եք, որ ռեժիսոր Արսեն Խաչատրյանի հետ աշխատանքն ամենահեշտերից չի եղել։ Ի՞նչ ընթացքով եք անցել պիեսը բեմականացնելու ճանապարհին, ի՞նչ լուծումներ եք փնտրել ու գտել։
Արսենի հետ աշխատանքը հեշտերից չէր, սակայն ամենահետաքրքիրներից էր:Նա չափազանց տաղանդավոր արվեստագետ է, և նրան պետք է վստահել: Նա նաև կարողացավ դառնալ այն առանցքը, ում շուրջ համախմբվեց ողջ կազմը, և այս աշխատանքը սկիզբ դրեց հրաշալի ընկերության: Արսենը կարող է անդադար փորձել, անընդհատ փոփոխել դերասանի խնդիրը, և երբեմն ինձ թվում էր, որ նա ընդհանրապես չի հոգնում: Դժվար է նրա ռիթմին դիմանալը, բայց և շատ հետաքրքիր ու բովանդակալից:
Ի՞նչ նշանակություն ունի ռեժիսորի և դերասանի համագործակցությունը ձեր աշխատանքում։
Ես բոլորովին չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ստեղծել ներկայացում, եթե չի ստեղծվում ռեժիսոր-դերասան ստեղծագործական տանդեմը: Երկուստեք հարգանքի և վստահության դեպքում միայն կարող է գրանցվել արդյունք, այլ ճանապարհ չեմ տեսնում, համենայնդեպս ես:
Ո՞րն էր ամենահիշարժան պահը փորձերից կամ ներկայացումից։
Յուրաքնչյուր փորձ մինչ օրս հիշարժան է, անկեղծ: Մանվելը Խաչատրյան իր տաղանդավոր խաղով, իմպրովիզներով անմոռանալի է դարձնում և՛ փորձերը, և՛ ներկայացումը: Հիշում եմ՝ մեկ անգամ Արսենը ոգևորված փորձում է, աշխատում ենք իմ կերպարի վրա, նա անընդհատ փոխում է խնդիրները, ես փորձում եմ կատարել առանց տրտնջալու, բայց հոգնել էի շատ, կանգ առա մի պահ և ասացի՝ «Արսե՛ն, հարազա՛տս, ես ամեն ինչ չեմ կարող խաղալ, հավատա»: Նա միայն ասաց․ «Այդ քեզ է թվում, իսկ դու փորձիր և կտեսնես, որ անհնարին ոչինչ չկա»:
Պիեսում կերպարներից մեկը հանդես է գալիս որպես «հասարակական կաղապար»․ ինչպե՞ս է այս կերպարը անդրադառնում ժամանակի սոցիալական ճնշումերին։
Տեսեք, մենք ապրում ենք բավականին բարդ և հակասական ժամանակաշրջանում, երբ համարյա բոլորս կաղապարված ենք, սակայն ստիպված ենք նաև ձևացնել թվացյալ ազատություն, դա չափազանց բարդ պարտավորություն է դարձել 21-րդ դարի մարդու համար: Իսկ կարելի է ընդամենը երբեմն բարձրաձայնել հուզող հարցերը, երբեմն չհարմարվել, չստեղծել կեղծ իրականություն, չբարդել սեփական անկարող լինելը դիմացինի վրա:
Ի՞նչ սկզբունքների պետք է հետևել դերասանական արվեստում, եթե այդպիսիք կան։
Կարծում եմ, նաև համոզված եմ, որ ինչպես յուրաքանչյուր աշխատանք, այնպես էլ դերասանի աշխատանքը պահանջում է պատասխանատվության մեծ զգացողություն: Սա առաջնահերթ է: Չափազանց կարևոր է տիրապետել վարպետությանը, տեխնիկային, առանց դրա լուրջ հաջողությունների հասնել այս դեպքում համարյա հնարավոր չէ, սկզբունքային է բեմում հնարավորինս չկրկնվելը, այսինքն՝ յուրաքանչյուր կերպար պետք է և պարտավոր է ունենալ միայն իրեն առանձնահատուկ բնավորություն և բնութագիր:
Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում։
Ինձ ոգեշնչում է իմ ընտանիքը, այն սերը, որը ես ստանում եմ ընտանիքում, ոգեշնչում են իմ ընկերները՝ սակավաթիվ, բայց հավատարիմ, և, ընդհանրապես, ոգեշնչում է մարդկային բարությունը, ազնվությունը:
Զրուցեց Մերի Խաչատրյանը
- Created on .
- Hits: 475