Գագիկ Գինոսյանի ցանկությունն իրականություն է դառնում. ռազմապարը վայրկյան առաջ պետք է բանակին

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հասարակական գործիչ, «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը 2009 թավականից ցանկություն է ունեցել ռազմական ակադեմիայում ներդնել «Պարք բանակաց»-ը։ 

Վարպետի ցանկությունն արդեն իրականանում է. 2023թ․ սեպտեմբերից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և Բաղրամյան զորամասում ներդրվել է «Պարք բանակաց»-ը՝ Մխիթար Դարմոնցի և Գարեգին Մանսուրյանի դասավանդմամբ։ 

Այս ծրագրով կարևորվում է այն, որ ավանդական մշակույթը, ռազմապարը ներդրվեն նաև հաստատություններում, որտեղ կրթվում են ապագա զինվորներ, սպաներ։ 

«Ընթացքի մեջ ենք, վստահ քայլերով գնում ենք առաջ։ Բայց արվում է ամեն ինչ, որ ռազմապարը դառնա հիմնական առարկա»,- նշում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի անդամ, երաժիշտ, պարուսույց Մխիթար Դարմոնցը` խոսելով ռազմապարի տարածման կարևորության մասին, որը երբեք չի կորրցել իր արդիականությունը։ 

Այսօր առավել ևս պետք է իմանալ և տարածել ռազմապարը։ Դա ընկալելու համար նախ պետք է հասկանանք՝ ինչու մենք ունենք ռազմապար։ 

«Այն ազգերի մոտ կա ռազմապար, որոնք ունեցել են ռազմ, պատերազմներ, մարտեր, իսկ պարը կենցաղի վերարտադրությունն է։ Ռազմապարի մեջ ամբողջությամբ պարփակված են արժանապատվության, քաջության, արիության շարքի հատկանիշներ։ Ինչպես առաջացավ, օրինակ, քոչարին․ մարդը տեսավ բնության մեջ խոյին, որը, որպես արժանապատիվ կենդանի, միանգամից մտնում է մարտի մեջ, երբ օտարն իր տարածքում է հայտնվում։ 

 Razmapar 2

Նկատելով՝ հարվածի ժամանակ ինչ դիրք է ընդունում, մտածեցին վերցնել այդ շարժումը. տոտեմիզմի արդյունքն է։ Այսպիսով` խոյին բնորոշող հարվածը՝ խոյահարումը, դարձավ պարի մասնիկ, որն արտահայտում է կամ դիրքավորում է հենց այդ արժանապատվությունը։ Այսինքն՝ պարով այդ հատկանիշը դաստիարակվում է։ Խոյի շարժումների նմանողությամբ ստեղծված պարը դարերով եկել, հասել է 2025 թվական ու վստահաբար շարունակվելու է»,- ընգծում է Մխիթարը՝ կարևորելով պարի գլխավոր ասելիքը։ 

Պարը, մասնավորապես ռազմապարը, պետք է ծառայի շատ կարևոր գաղափարի տարածմանը. հարգանքը պետք է գերակշռի պարում, ոչ թե գերակայությունը։ Ռազմապարերը նվաստացնելու մասին չեն, ցավեցնելով բարձրում երևալու համար չեն։ 

«Շարժումների շեշտակիությունը, ձեռքերով իրար հարվածելը, չի ենթադրում որևիցե նշույլով ստորացնել քո դիմաց կանգնած տղային։ Ձեր միջև գերակա շահը պետք է լինի միմյանց զորեղացնելը։ Յարխուշտան պարել են պատերազմներից առաջ ոգու բարձրացման համար։ Մեր մշակույթի ամբողջ գաղափարախոսությունը միասնականության, «մենք»-ի ստեղծումն է։ Ռազմի ժամանակ արդեն իսկ հասկանալի է, որ միասնականությունը և հավաքականությունը պետք է առաջնային դիրքերում լինեն։ Քայլերի հերթականությունն ու համաձայնեցված լինելն են բերելու սպասված արդյունքին։ Շարային պատրաստության նպատակն է նույն ոտքից, նույն հաշվին քայլելով ստեղծել հավասարության զգացում։ Կա նմանություն ռազմապարի հետ, բայց առաջին դեպքում պարզապես շարժում է, միտք չկա, իսկ ռազմապարով դու դաստիարակում ես ինքդ քեզ՝ որպես արժանապատիվ ու պատվախնդիր հայ։ Ռազմապարի մեջ դրված է հոգի ու մտածելակերպ։ Պարի ամեն շարժում հասկանալով կատարելիս դու քո ներսի մարդուն, քո կերպարին ևս մեկ լավ հատկանիշ ես ավելացնում։ Նայած` ինչ բնույթի աշխատանք ես կատարում. աշխատանքային է՝ գութանով աշխատել, հաց թխել. ավելի բարի, դրական հատկանիշներ ու էներգիա ես ստանում, աշխատանքն արդեն հաճույքով ես անում, ստացված արդյունքն է'լ ավելի լավն է լինում»,- ասում է պարուսույցն ու մատնանշում այսօրվա խնդիրները, որոնք առկա են բանակում, զինվորի կերպարում և փոխհարաբերություններում։ Խնդիրները նոր չեն, սակայն այսօր առավել քան լուծման կարիք ունեն։ 

 Razmapar 3

«Բազմիցս լսում ենք ինքնասպանությունների մասին։ Ինչից է այս իրավիճակը։ Կան շատ պատճառներ. դրանցից մեկը 90-ականներից առաջացած ենթամշակույթն է՝ «գողական» վիճակը։ Այն զինվորի գոյատևման մեխանիզմներից մեկն է։ Այս առումով շատ բարդ պատկեր ունենք։ Ռազմապարը վայրկյան առաջ պետք է բանակին։ Ուզում եմ, որ բոլորս հասնենք նրան, որ հունվարի 28-ը նշելիս, ասենք ոչ թե մեզ տանում են բանակ, այլ մենք գնում ենք։ Բայց մեզ միշտ տանում են, որովհետև «բանակի քեֆ» կոչվածի ժամանակ միշտ մեկը գալիս ու նորակոչիկին ասում է` «գնաս, այսպես կանես, մեկը մի բան ասի, կզանգես» և այլն։ Կամ օրինակներ կան, երբ տղան ավելի ուժեղ է լինում, ասում է հայրը՝ «հեսա տղես ոնց ա ծառայելու»։ Հետո այդ տղան հպարտանում է՝ ասելով` «ես ինչ ուզել, արել եմ, ընդհանրապես չեմ ծառայել»։ 

Մնացածն էլ, որոնք դեռ չեն գնացել, լսում են այս տարբերակն ու հետաքրքվում։ Մեկը չկա, որ ասի վատ ես արել, որ սպայիդ վրա ձեռք ես բարձրացրել կամ զինվորներին քեզ ստրուկներ ես կարգել, քո փոխարեն ամեն ինչ արել են։ Այս ամենը էգոյի մասին է։ 

Այստեղ է հենց ինքնագիտակցման գալու կարևորությունը, շատ հեշտ է ընկնել ընդհանուր ալիքի տակ։ Ինքնագիտակցման, ինքնամաքրման վիճակ եթե չեղավ, ալիքի հոսքի տակ ընկնել միշտ կարող է լինել»,- ցավով նշում է Դարմոնցը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս երևույթը ուժեղ լինելու մասին չէ։ Մեզ անկասկած ուժեղ լիդերներ պետք են, ուժեղ «մենք»-ի հիմքը ուժեղ «ես»-երն են։ 

«Ուժեղը (ֆիզիկականի մասին չէ), թույլի համեմատ ավելի լավ հատկանիշ ունենալով, պետք է նրա ձեռքը բռնի ու սովորեցնի, ոչ թե տեսնի՝ ով է թույլ, կամ ով է ինչ-որ պահի սխալ անում, ծիծաղի, նսեմացնի։ Ու արդեն կարծրացած մտքերով ու գաղափարներով հետ են գալիս տղաները՝ հասարակություն բերելով այդ բարքերը։ 

Ցանկացած դասի այս արտահայտությամբ եմ մտնում` «Ես եկել եմ, որ իրար հետ ուժեղանանք», «Հայ ասպետ» դպրոցում կլինի, ռազմական ակադեմիայում, թե ցանկացած տեղ։ Տվյալ պահին ուժեղը գիտելիքով, փորձով ես եմ, ծիծաղեմ, հա՞»։ Հրամայելով, «մունաթ գալով», վախի մթնոլորտ ստեղծելով՝ կարող եմ կորզել հարգանք. ցավոք, սա ներկա բանակում առկա խնդիրներ են։ Այս անհեթեթ գիտակցումը կա՝ վախենում ես, ուրեմն հարգում ես։ 

Razmapar 4

Ռազմական ակադեմիայում երբեք ես ձայնս չեմ էլ բարձրացնում, հարգանքի մթնոլորտը ունենք, գիտելիքի փոխանցումն էլ կատարվում է։ Սա է արդյունավետ ու ճիշտ ձևը, իսկ այդ ձևը ստացել եմ ընկեր Գինոսյանից»,- ասում է Մխիթարը՝ նշելով նաև սպաների դերի կարևորությունը. նման միջավայրի առկայությունը միայն զինվորի սխալ պատկերացումից չէ։ Սպան պետք է կարողանա հասկանալ յուրաքանչյուր զինվորի և ուղղորդի։ Իսկ հիմա պատկերն այլ վիճակի է նպաստում։ 

«Նախապես զինվորին տրամադրում են սպայի դեմ և ուղարկում բանակ։ Շատ կարևոր հարցեր են՝ սպան ինչ տեսակ կրող պետք է լինի, ինչ արժեհամակարգ պետք է ունենա, նույնիսկ ձայն բարձրացնելու կարիք պետք է չունենա զինվորի մոտ։ Հեղինակություն կոչվածը սխալ են հասկանում ու տարածում, սպան պետք է հեղինակություն լինի ռազմարվեստի գիտելիքներով և մարդկային տեսակով։ Իսկ մենք իսկապես ունենք այդպիսի հեղինակություններ, պարզապես ավելի շատ վատ արժեհամակարգի սպաներ կան։ Բայց լավերն, իհարկե, գնահատվում են։ Այ այստեղ ռազմապարը հստակ փոփոխություններ է բերում»,- ասում է երաժիշտը՝ հիշելով ռազմական ակադեմիայի տղաներից մեկի օրինակը, որի հետ արդեն մեկ տարի պարապում է։ Նա սկզբում այլ մոտեցում է ունեցել` հրամայելու, ասելու։ Սակայն պարուսույցը գտել է տղայի հետ ճիշտ շփվելու տարբերակը։ Այժմ տարբերությունը տեսանելի է։ 

«Այս տղայի հետ ռազմապարի մասին շատ ենք խոսել, խմբով էլ։ Առաջնորդել, ըստ նախկին մոտեցման, նշանակում էր ասողն ես, շեֆն ես, կարող ես հրամայել։ Օրինակ, կենցաղային իրավիճակ պատկերացնենք. պետք է այս սեղանը տեղափոխել, լիդերը կասեր «տղերք, եկեք էս սեղանը տեղափոխենք միասին», իսկ մյուս տարբերակը՝ կհրամայի, որ տանեն։ Եվ հիմա ես տեսնում եմ փոփոխությունը։ Մեր դասերի 40 տոկոսը խոսակցություններով է անցնում։ 

 Razmapar 5

Բացատրելը պետք է ենթադրի ոչ միայն շարժում ցույց տալ, նաև խոսել է պետք այդ մասին, դրանից բխող այլ հարցերի մասին։ Ես զինվորների հետ շատ եմ խոսում, օրինակ, համազգեստի հարգի մասին։ Այն այսօր հասարակության կողմից արժեզրկվել է։ Միշտ ասում եմ` դուք պետք է պայքարող տեսակը լինեք, որովհետև սպա դառնալիս գնալու եք հագնեք համազգեստ, որի հարգը դեռ բարձր չէ, ձեր մարդ տեսակով պետք է բարձրացնեք բանակի հանդեպ վերաբերմունքը, ձեր գործողությունները պետք է որոշիչ լինեն»,- նշում է Դարմոնցը՝ համեմատական անցկացնելով «Կարին» խմբի գործունեության հետ։ Այստեղ ևս լուծելու հստակ խնդիր կար դրված, հեշտ չէր, կարճ չէր ճանապարհը, բայց ինչ-որ առումով հասել են նպատակին։ Իրենց օրինակը կարող է պատճառ դառնալ այլ ճյուղերում և ոլորտներում փոփոխություններ կատարելուն։ Մեր հասարակությունը շատ կարծրացած գաղափարներ ունի, սակայն դրանք փոխել հնարավոր է։ 

«Մենք ընկեր Գինոսյանի հետ սկսեցինք պարել տղաներով, դա համարվում էր տղային ոչ վայել, «ղզիկ» բան։ Այն ժամանակ շատ տարածված էր այս մոտեցումը, հիմա ավելի քիչ, բայց դեռ կա։ Իմ մանկությունն եմ հիշում, ես էլ եմ այդպես մտածել։ Բոլորն են ասում, ուրեմն ճիշտ է, հոսանքի հետևից գնալու վիճակ էր։ Բայց երբ ընկեր Գինոսյանին տեսա, միանգամից փոխվեց իմ պատկերացումը․ այդ մարդը պարում էր կրակ տալով։ Ու իր հետ այս մարտի, գործի մեջ մտնելով` փոխեցինք համակարգը։ «Կարին»-ում, համեմատ ավանդական այլ խմբերի, գերակշռող մասը տղաներ են։ Ընկեր Գինոսյանից է։ Ժամանակ պետք եղավ ու ջանք, հիմա Կասկադում արդեն բոլորը պարում են»,- ուրախությամբ ընդգծում է Մխիթարը՝ անդրադառնալով ռազմապարի էության սխալ ընկալմանը։ 

 Razmapar 6

Նրա կարծիքով՝ շատ չպարող տղաների մոտ սխալ պատկերացում է ձևավորվում ռազմապարի մասին, քանի որ պարում են աղջիկները։ Այստեղ շատ հեշտ է պարի իրական, բնական էությունը վնասելու վտանգը։ 

«Ինչու է շատ կարևոր, որ աղջիկը չպարի, օրինակ, Յարխուշտա։ Պատկերացնենք՝ տղան մտածում է պարելը իրեն չի սազում, բայց լսել է, որ ռազմապարը հենց տղաներն են պարում, գալիս, տեսնում է, որ աղջիկն է պարում։ Դե արի այդ տղային համոզի, որ սա բնական վիճակ չէ։ Ու դա միայն ընդունված-չընդունված լինելու հարց չէ, աղջիկների ֆիզիոլոգիական տվյալներն էլ չեն բավարարում ռազմապար պարելու համար։ Յարխուշտա պարելու ժամանակ մենք հնարավոր է մեր ձեռքերը վնասենք, ոչ թե ցավեցնելու համար, այլ էներեգիան այնքան շատ ու ուժեղ է լինում, որ չես էլ զգում․ սա բնական է, իսկ աղջիկ-տղա չեն կարող այդ էներեգիայով պարել։ Բնությունից աղջիկը ֆիզիկապես ավելի նուրբ է, քան տղամարդը և հակառակն է ներսից․ աղջիկների հոգեբանությունն է ուժեղ, քան տղաներինը։ Եթե մի տղա նայի Յարխուշտա պարող աղջկա, կմտածի` ինչ սիրուն են պարում, բայց ռազմապարը սիրունության մասին չէ։ Աղջիկը պարտադիր պետք է իմանա Յարխուշտա, սա չքննարկվող հարց է։ Օրինակ` ինձ Յարխուշտա սովորեցրել է աղջիկ։ Իրենք կրիչներ են, պետք է փոխանցեն։ Բայց պարելը փոխում է սկզբնական գաղափարը։ Ես հասկանում եմ, որ աղջիկներին գրավում է ռազմապարի տված էներգետիկան, ուզում են զգալ, բայց չի կարող չէ՞ աղջիկը տղայի ուժով ու կոպտությամբ շարժումն անել, ավելի նուրբ է ստացվում, այստեղ էլ ռազմապարի հարգն է ընկնում։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ աղջկա պարելը չի գնահատվում։ 

 Razmapar 7

Ռազմական ակադեմիայում եմ միշտ այս միքտը ասում, որ եթե մարդուն կարողանում ես «Ինչի համար» հարցի պատասխանը տալ, ամեն ինչ պարզ է դառնում։

Ես իմ խմբում միշտ այդ ինչի համարները բացատրում եմ։ Օրինակ` Յարխուշտա պարելը ոչ թե արգելում եմ, այլ ասում եմ՝ ինչի համար պետք չէ, որ աղջիկը պարի, բոլորը հասկանում են, ընտրությունն արդեն իրենցն է։ 

«Ինչի համար»-ը պետք է բանակում սպան բացատրի զինվորին. եթե դա միայն հրաման է, չես տալիս բացատրությունը, չի անի։ Պատկերացրեք` ես գամ, ասեմ՝ պիտի պարեք` առանց բացատրության, նորմալ չի լինի, չէ՞։ Միանգամից գալիս է հակադրվելու սկզբունքը։ Կամ զենքը մաքրելը. պետք է բացատրել՝ ինչու է դա կարևոր։ Պարզ, ակնհայտ բան է, չէ՞, ինչպես առօրյայում հիգիենան, բայց պետք է ասել, տալ, որ հասկանա։ Սպան իր ավագ ընկերն է, ոչ թե ասողը»,- հստակեցնում է երաժիշտը՝ հավելելով, որ ռազմապարով ոչ միայն ռազմական, մարտական ոգու բարձրացման են հասնում, այլև համամարդկային, հայ ազգի արժեքներին են ծանոթանում․ 

«Այսպիսով, ուսանողները, նորակոչիկները հստակ կարող են դառնալ այն արժեհամակարգի, դաստիարակության հայ սպան, զորավարը, որի կարիքը մենք այսօր ունենք։ Ռազմապարի գերագույն նպատակը սա է` ճիշտ կանե՞ն շարժումը, թե չէ, դա իմ խնդիրն է։ Տղաներին ասում եմ՝ դուք մենակ ուզեք, որ ձեզ մոտ ստացվի»։ 

Razmapar 8

Ռուս-հայկական համալսարանի Միջհամալսարանական ունիվերսիադայում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները հաղթել են։ 11 համալսարանից միայն ռազմականի տղաներն են ներկայացել ավանդական մշակույթով, մյուսները ժողովրդականով են հանդես եկել։ 

«Նրանց պարելու ժամանակ բոլորը ոտքի կանգնեցին, ֆանտաստիկ ոգի էր տղաների ու հանդիսատեսի մոտ։ Ու երբ ժյուրին գնաց որոշում կայացնելու, արդեն ասում էին` միանշանակ է` ով է լինելու հաղթողը։ Հատկանշական է, որ շատ քիչ մարդկանց են մրցանակ հանձնելու համար բարձրացնում բեմ։ Տղաները մայիսի 2-ին ստացան պատվավոր առաջին տեղի մրցանակը և կազմակերպիչների խնդրանքով նորից պարեցին»,- ասում է Մխիթար Դարմոնցը՝ նշելով, որ սա «Պարք բանակաց» ծրագրի շրջանակում պարուսուցում սկսելուց ի վեր տղաների առաջին մրցույթային հաղթանակն էր։

Զրուցեց Գայանե Պողոսյանը

  • Created on .
  • Hits: 161

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: