Նուբարյան գրադարանը՝ հայագիտական ուսումնասիրությունների կարևոր կենտրոն

Հայոց պատմությունն  ու մշակույթը շարունակում են ապրել ոչ միայն գրքերում, այլև՝ հայագիտական կենտրոններում: Հայագիտական ուսումնասիրությունների կարևոր հասցեներից մեկը Ֆրանսիայի հայկական Նուբարյան գրադարանն է, որտեղ պահպանվում են բացառիկ պատմական ու մշակութային արժեքներ: Այստեղ իրականացրած հետազոտության ընթացքի, ուսումնասիրած նյութերի և դրանց նշանակության մասին զրուցել ենք պ.գ.թ. Հրածին Վարդանյանի հետ:

Ինչպե՞ս առաջացավ Ֆրանսիայի հայկական Նուբարյան գրադարանում հետազոտություն իրականացնելու գաղափարը։

Նուբարյան գրադարանում (Bibliothèque Nubar) հետազոտություն իրականացնելը առաջին հերթին անհրաժեշտություն էր, քանի որ հայկական սփյուռքի վերաբերյալ գիտական ուսումնասիրություն կատարելու ընթացքում հասկացանք, որ կարևոր է ներառել դեռևս չուսումնասիրված արխիվային նյութեր, ինչը պատմագիտական ուսումնասիրություններում գիտական նորույթի տեսանկյունից առանցքային նշանակություն ունի։ Հենց այս ընթացքում հրապարակվել էր «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի մրցույթներից մեկի հայտարարությունը՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդ հետազոտողներին ամբողջացնելու իրենց ուսումնասիրությունները՝ հասանելիություն ունենալով արտերկրի արխիվներին։  

Nubaryan gradaran 4

Ի՞նչ տեղ է զբաղեցնում Նուբարյան գրադարանը հայկական մշակութային և գիտական ժառանգության պահպանման գործում։

Նուբարյան գրադարանը հայկական մշակութային և գիտական ժառանգության պահպանման գործում բացառիկ տեղ ունի՝ հատկապես արևմտահայության ու սփյուռքահայության հիշողության պահպանման տեսանկյունից։ Այն, թերևս, արևմտահայության և սփյուռքի պատմության ամենահարուստ և ազդեցիկ գիտական-արխիվային կենտրոններից մեկն է աշխարհում։ Նրա նշանակությունը մեծ է հատկապես այն պատճառով, որ այստեղ պահպանվում է այն ժառանգության զգալի մասը, որը կարող էր ընդմիշտ կորչել 1915 թվականից հետո։  

Եթե փորձենք գնահատել դրա դերը, ապա կարելի է առանձնացնել մի քանի հիմնական ուղղություն. գրադարանը, որը նեկայումս արևմտահայ մշակութային ժառանգության գլխավոր պահոցներից մեկն է, հիմնադրվել է 1928 թվականին՝ Պողոս-Նուբար Փաշայի նախաձեռնությամբ։ Հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանությունից հետո արևմտահայ մշակութային ժառանգության մեծ մասը ոչնչացվել կամ ցրվել էր աշխարհով մեկ, գրադարանի հիմնական առաքելությունն էր հավաքել, պահպանել և ուսումնասիրել Օսմանյան կայսրության հայության պատմական ու մշակութային ժառանգությունը։ Գրադարանի առաջին տնօրենը՝ Արամ Անտոնյանը, անձամբ հավաքել է ցեղասպանությունը վերապրածների բազմաթիվ վկայություններ, փաստաթղթեր և արխիվային նյութեր։ Այս հավաքածուները համարվում են Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության կարևորագույն սկզբնաղբյուրներից։  

Նուբարյան գրադարանը, սակայն, պարզապես գրապահոց չէ. այն նաև գիտական կենտրոն է՝ Հայկական սփյուռքի պատմության, ինքնության, միգրացիայի և մշակութային ժառանգության ուսումնասիրման կարևոր հարթակ, որը սպասարկում է պատմաբանների, հայագետների, մագիստրանտների, դոկտորանտների և արվեստագետների։

Գրադարանը կարևոր է ոչ միայն գիտնականների համար։ Այն նաև սփյուռքահայ ընտանիքների հիշողության պահպանման վայր է․ այստեղ պահվում են ընտանեկան արխիվներ, նամակներ, լուսանկարներ և անձնական վկայություններ, որոնք հնարավորություն են տալիս վերականգնել ցեղասպանությունից ու գաղթերից հետո ցրված ընտանիքների պատմությունը։ Գրադարանում ուսումնասիրություն կատարելու ընթացքում առիթ եղավ և հետաքրքիր էր տեսնելու այցելուի, որը հենց այդ նպատակով էր եկել գրադարան։

Nubaryan gradaran 5

Ի՞նչ նյութեր են հիմնականում այնտեղ պահվում, և ինչո՞վ են դրանք կարևոր հայագիտական ուսումնասիրությունների համար։

Նուբարյան գրադարանում պահպանվում են անփոխարինելի արխիվային հավաքածուներ։ Գրադարանի ֆոնդերը ներառում են՝

  • շուրջ 43,000 գիրք,
  • մոտ 800,000 արխիվային փաստաթուղթ,
  • 1,400 պարբերականի հավաքածու,
  • 10,000-ից ավելի լուսանկար,
  • հարյուրավոր ձեռագրեր,
  • Օսմանյան հայ մամուլի բացառիկ հավաքածուներ։  

Այս նյութերի զգալի մասն այլևս չի պահպանվել իր սկզբնական վայրում, ուստի Նուբարյան գրադարանը, շատ դեպքերում, միակ հաստատությունն է, որտեղ հետազոտողները կարող են գտնել և ուսումնասիրել այդ նյութերը։

Nubaryan gradaran 2

Հետազոտության ընթացքում եղե՞լ են բացահայտումներ, որոնք փոխել են Ձեր նախնական պատկերացումները ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ։

Հետազոտության ընթացքում թեմայի վերաբերյալ մեր նախնական պատկերացումները շրջադարձային և էական փոփոխության չեն ենթարկվել։ Իսկապես արժեքավոր և գիտական նորույթ պարունակող պատմագիտական հետազոտության համար հաճախ կարևոր է կա՛մ թեմայի նորովի մեկնաբանումը, վերլուծական նոր միտքն ու ասելիքը, կա՛մ նոր սկզբնաղբյուրների ներառումը՝ չբացառելով, իհարկե, այս երկուսի մեկտեղումը, կա՛մ մյուս հնարավոր եղանակները։ Առհասարկ կարևոր է հայագիտության աղբյուրագիտական հենքը  մշտապես նոր և վստահելի սկզբնաղբյուրներով հարստացնելու գործընթացը, և Նուբարյան գրադարանում կատարած մեր հետազոտությունը արդյունավետ էր այս տեսանկյունից։

Որո՞նք են ամենահետաքրքիր ու արժեքավոր փաստաթղթերը, որոնք ուսումնասիրել եք։

Ի թիվս վերը նշված արխիվային փաստաթղթերի Նուբարյան գրադարանում են պահպանվում Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքարանի արխիվային նյութերը, և մեզ համար կարևոր էր մասնավորապես Պատրիարքարանի և Ռուսական կայսրության հայկական համայնքների միջև նամակագրության՝ այսինքն երկու տարբեր կայսրություններում ապրող հայության անդրկայսերական (transimperial)    կապերի, հարաբերությունների ուսումնասիրումը։ Մեր ուսումնասիրած արխիվային նյութերն ընդգրկում են 1875-1880-ական թվականները։ Դրանք Ռուսական կայսրության հետևյալ բնակավայրերի՝ Աստրախանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նոր Նախիջևանի, Չալթրի, Եկատերինոդարի, Դերբենդի, Ստավրոպոլի, Պիտիգորսկի, Մոզդոկի հայկական համայնքների հոգևոր առաջնորդների նամակներն են, որոնք առնչվում են հայկական գաղթավայրերի հոգևոր և կրթական, համայնքային կյանքին, ինչպես նաև եկեղեցական վարչական բնույթի հարցերին։ Իհարկե, բոլոր ուսումասիրվող փաստատթղթերը նույն արժեքն ունենալ չեն կարող, բայց դա հաճախ կախված է կոնկրետ ուսումնասիրվող թեմայից, թեմայի շրջանակում պատրաստվող հոդվածից։ Այսինքն, հաճախ կարելի է կոնկրետ հոդվածի համար ասել՝ ինչն էր կարևոր, բայց հեռանկարում ավելի ծավալուն հետազոտություն պատկերացնելու, կամ այլ մեթոդաբանությամբ հետազոտություն պլանավորելու դեպքում սկսում ես վերաարժևորել նյութերը։ Այս իմաստով, հետազոտողի համար, կարելի է ասել, կարևոր է ամեն մի փաստաթուղթ։

Nubaryan gradaran 3

Ինչպիսի՞ն էր աշխատանքային միջավայրը գրադարանում։

Գալով գրադարան՝ Փարիզի կենտրոնական փողոցներից հայտնվում ես հայկական  մի հաստատությունում, որն արդեն գրեթե մեկդարյա պատմություն ունի և ամփոփում է պատմական զգալի ժառանգություն։ Եթե կարճ՝ շատ դրական և հանգիստ աշխատանքային միջավայր է։ Իսկ քիչ հեռու Էյֆելյան աշտարակն է և այգին, որտեղ ցանկության դեպքում կարելի է զբոսնել ընդմիջումներին։

Առաջին միտքը, որը ունենում ես գրադարան այցելելիս, այն գիտակցում է, որ սփյուռքյան միջավայրում, սփյուռքյան իրականության մեջ հայկական ցանկացած հաստատության առկայությունը և շարունակական գոյությունը հատուկ ջանքի ու խնամքի արդյունք է։ Գրադարանն, ի դեպ ներկայումս ղեկավարում է պատմաբան, դոկտոր Բորիս Աճեմյանը։

Nubaryan gradaran 6

Ի՞նչ ուղերձ կփոխանցեք երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են Հայոց պատմության և հայկական մշակույթի գիտական ուսումնասիրմամբ։

Առանձնացնելով մեկ ուղերձ՝ կնշեմ, շատ կարևոր է Հայոց պատմության և առհասարակ հայագիտության հայաստանյան միտքը կապել միջազգային գիտական քննարկումներին ու կատարել միջազգային հրապարակումներ։ Հաճախ շատ նեղ հայկական թեմաներն անգամ հնարավոր է կապել միջազգային քննարկմանը, սակայն չպետք է սահմանափակվել պատմագիտության ավանդական մեթոդաբանությամբ, և անհրաժեշտ է լավ պատկերացնել համանման թեմաների մատուցման միջազգային պրակտիկան։ Սա, թերևս, այն կետն է, որի պակասը նկատելի է բուհական կրթական միջավայրում, և ավելի մեծ ուշադրության կարիք ունի։

Զրուցեց Լուսինե Մոսկովյանը

155
Հուլիս 10, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: