Միահյուսելով գիտությունն ու երաժշտությունը. Երիտասարդ կոմպոզիտորի մտորումների շուրջ
Մեծ Բրիտանիայում անցկացված Սերգեյ Ռախմանինովի անվան միջազգային երաժշտական մրցույթում առաջին հորիզոնականին է արժանացել և կոմպոզիցիայի անվանակարգում հաղթող ճանաչվել «Պարբերական աղյուսակի տարրերը» շարքի ստեղծագործություններից մեկը՝ ամենառադիոակտիվ տարրերից մեկին նվիրված դաշնամուրային էտյուդը։
Ստեղծագործության հեղինակը Մաննեն է՝ կինոռեժիսոր, կոմպոզիտոր, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր։ Նրա հետ զրուցել ենք ստեղծագործական աշխարհի, գիտության և արվեստի փոխազդեցության, ինչպես նաև փիլիսոփայական որոնումների մասին, որոնք ձևավորում են նրա երաժշտական մտածողությունը։
Նախ շնորհավորում ենք միջազգային հաղթանակի կապակցությամբ։ Կպատմե՞ք Սերգեյ Ռախմանինովի անվան միջազգային երաժշտական մրցույթը ինչպիսի՞ փուլերով է անցկացվում և ի՞նչ նշանակություն ունի այն կոմպոզիտորների համար։
Շնորհակալ եմ։ Սերգեյ Ռախմանինովի մրցույթը համախմբում է թե՛ կատարողներին, թե՛ կոմպոզիտորներին։ Ինձ համար նախ և առաջ մեծ պատիվ է Ս․Ռախմանինովի անունը կրող մրցանակը, քանի որ նրա ստեղծագործությունները հոգևոր տարածություն են ինձ համար։ Ռախմանինովի 2026 թվականի մրցույթն անցկացվել է առցանց Մեծ Բրիտանիայում։ Եղել են նախընտրական, եզրափակիչ ու արդյունքների հրապարակման փուլեր։ Ես չեմ կարծում, թե կոմպոզիտորի կամ ստեղծագործողի համար մրցանակները պետք է առաջնային դեր ունենան, քանի որ դրանցով չեն որոշվում արվեստագետների կամ նրանց ստեղծածի արժեքը, սակայն երբ կա պրոֆեսիոնալ գնահատական, դու էլ ավելի վստահ ես լինում։ Շնորհակալ եմ մրցույթի ժյուրիին, կազմակերպիչներին։

Մրցույթում ներկայացրել եք ձեր հեղինակային ստեղծագործությունը՝ «Պարբերական աղյուսակի տարրերը» մեծ նախագծի մաս կազմող դաշնամուրային էտյուդը։ Ինչպե՞ս է ծնվել այս գաղափարը՝ քիմիան և դասական երաժշտությունը միավորելու մասին։ Ի՞նչ է թաքնված այս նախագծի ներսում։
Գաղափարը ծնվել է շատ սովորական պայմաններում, շատ իրատեսական մտքերի հիման վրա։ Մենդելեևի աղյուսակն իմ դպրոցական տարիների հոբբին էր, ես այն միշտ ունեցել եմ իմ մտքում։ Գիտությունների հանդեպ սերը միշտ արտահայտվել է իմ նախորդ ստեղծագործություններում նույնպես։ Օրինակ՝ մինչ այս նախագիծը ես գրել եմ «Դիրակի հավասարումը» դուետը կոնտրաբասերի համար։ Ինձ միշտ հետաքրքրել են շարժումը, ժամանակը, ձգողականությունը, տարածությունը, լույսի մասնիկները։ Միգուցե սա եկավ որպես իմ մտորումների շարունակություն։
Ե՞րբ սկսվեցին ձեր առաջին որոնումները գիտության աշխարհում, և ե՞րբ հասկացաք, որ այդ հետաքրքրությունը պետք է արտահայտվի արդեն արվեստի՝ կինոյի և երաժշտության միջոցով։
Դպրոցական տարիքից եղել է նաև ցանկություն զբաղվել որևէ բնագիտական ողղությամբ, սակայն ես ընտրեցի արվեստը։ Հետո հասկացա, որ դրանք այնքան էլ հեռու չեն միմյանցից։
Ի՞նչն է ձեզ հատկապես հետաքրքրում քիմիական տարրերի մեջ, և ինչպե՞ս են դրանց ֆիզիկական ու քիմիական հատկությունները վերածվում երաժշտական լեզվի։
Ինձ հետաքրքրում է նրանց ակուստիկան, ձայնային գեղագիտությունը։ Ժամանակակից դասական երաժշտությունը թույլ է տալիս, որ ստեղծես օրինաչափությունների համակարգ, որը բնորոշ է քեզ որպես հեղինակ։ Բացատրելու համար թե ինչպե՞ս է տարրի հատկություններն արտահայտվում, կարող եմ կոնկրետ օրինակով խոսել։ Եթե օրինակ լիթիումի կամ նատրիումի քիմիական ռեակցիաների ձայնը քիչ թե շատ մեզ լսելի է, հատկապես ջրի հետ փոխազդման ժամանակ, ապա ռադիոակտիվ սինթետիկ էլեմենտներինը բարդ է պատկերացնել։ Օրինակ մայտներիումի տարբեր իզոտոպների կիսատրոհման ժամանակը տատանվում է միլիվայրկյաններից մինչև մոտ 8 վայրկյան։ Պարզ ասած՝ փորձել եմ երաժշտության մեջ ստեղծել մի կերպար, որը կարծես ծնվում է հսկայական էներգիայով, բայց գրեթե անմիջապես անհետանում է։ Այս տեսակ էլեմենտների քիմիական հատկությունները սահմանափակ են ուսումնասիրված, և այդ ժամանակ օգնության հասնում են նաև նրանց բացահայտման պատմությունները, անվան պատմությունները կամ էլ կանխատեսումները նրանց հատկությունների մասին ըստ նրանց խմբի։ Նոտագրությունը այստեղ լեզու է դառնում, որը փոխանցում է տարրերի բնավորությունները։ «Մագնեզիումը» գրելիս ես նաև նկատի ունեցա տեսողական ազդեցությունը․ այրման ընթացքում նրա կուրացնող, սպիտակ լույսը՝ ուղեկցող շատ տիպիկ, թեթև, շշացող ձայնային աղմուկի հետ։ Իմ նոտաներում նաև կարելի է հանդիպել որոշ սիմվոլիկ թվերի, որոնք անմիջապես կապ ունեն տվյալ տարրի հետ։
Պարբերական աղյուսակում կա 118 տարր, և դուք յուրաքանչյուրին փորձում եք տալ իր երաժշտական կերպարը։ Ինչպե՞ս եք որոշում՝ ինչպիսի՞ն պետք է ներկայանա և հնչի որևէ տարր։
Հնչողությունը ստեղծվում է հենց համալիր աշխատանքի ամենավերջին կետում․ ուսումնասիրություններ, հետազոտություն, օրինաչափությունների մշակում, նոտագրություն, խմբագրում, փորձեր և ամենավերջին փուլում, ինձ նույնպես հետաքրքրում է թե ինչ ստացա.. ինչպե՞ս է հնչում։ Ես չեմ սկսում գրելը հենց հնչողության մասին մտածելիս, այլ հակառակը՝ հնչողությունը ստեղծվում է, երբ արդեն կա դրա մաթեմատիկական կողմը։ Իսկ ամենաառաջին կետում Ֆարադեյի, Լավուազիեի, անտիկ հույն գիտնականների գրքերը կարդալն է ու գոնե մի տող ակուստիկ նկարագրություն գտնելը, որը, որ ինձ ժպիտ է պարգևում։

Կոմպոզիտորի ստեղծագործական ճանապարհը սովորաբար սկսվում է հնչյունից, մեղեդուց կամ զգացողությունից։ Ձեր դեպքում առաջինը ծնվում է գիտական գաղափա՞րը, թե՞ արդեն լսում եք երաժշտությունը։
Շատ է լինում, երբ մտածում եմ այսինչ տարրի մասին ու ամբողջ երաժշտությունն արդեն մտքումս հնչում է։ Բայց ես փորձում եմ նախորդ կետում նշածս բոլոր արտադրական փուլերով անցկացնել այն, որպեսզի այն հղկվի։ Դաշնակահարուհի Սոֆի Սուվարյանի մեկնաբանությունները ինձ շատ են ոգևորում և մենք միասին փորձում ենք երաժշտությունը։ Սա էլ մեկ ուրիշ աշխարհ է, երբ վերջապես լսում ես քո գործը։
Դուք նշել եք, որ յուրաքանչյուր տարր ունի իր բնավորությունը՝ ինչպես մարդիկ։ Ի՞նչ է նշանակում տարրի «բնավորությունը» երաժշտության մեջ։ Դա ավելի շատ գիտակա՞ն վերլուծության արդյունք է, թե՞ արվեստագետի ինտուիցիա։
Երկուսը մեկում։ Ամեն տարր ունի իր առանձնահատկություններն ու հատկությունները, որոնք, փոխաբերական իմաստով, կազմում են նրա «բնավորությունը»։ Միջազգային գիտական գրականության մեջ այս հատկանիշները հաճախ նկարագրվում են characteristics տերմինով։
Ձեր ստեղծագործական մեթոդում կարևոր դեր ունի նաև լաբորատոր աշխատանքը։ Ինչպե՞ս է գիտական փորձը, քիմիական գործընթացը կամ դրանց ընթացքում առաջացող ակուստիկ երևույթը վերածվում երաժշտական գաղափարի։
Ես ուզում եմ մեծագույն շնորհակալություն հայտնել քիմիկոս, դոցենտ Լաուրա Գալստյանին, ով չմերժեց իմ նորաթուխ առաջարկը, երբ այն դեռ սկզբնական փուլում էր և ինձ ծանոթացրեց քիմիկոս, դոցենտ Ռոբերտ Ադամյանի հետ, ում աշխատանքներին արդեն ծանոթ էի։ Ես հիանում եմ մեր մասնագետներով, որոնք կատարում են մեծ աշխատանք՝ կրթելով սերունդներ ու բարդ ժամանակներում գիտության հանդեպ սեր են ներշնչում ավելի երիտասարդներին։ Ես կարողացա կատարելագործել իմ երաժշտական գաղափարները՝ դրանք հարստացնելով գիտական արժեքավոր դիտարկումներով և գիտելիքներով։ Լաբորատոր աշխատանքում պիտի ունենաս «լրացուցիչ աչքեր ու ականջներ» սուր հոտառություն, որպեսզի ուշադիր լինես՝ որ պայմաններում ինչ տեղի ունեցավ, ինչ ազդեցությունների հետևանքով, երբ և որքան ժամանակում։ Ահա այս դիտարկումներն են դառնում երաժշտության առաջին էսքիզը։ Քիմիական ռեակցիան ինչպես բնության մեջ ցանկացած երևույթ, չի կրկնվի նույնությամբ երկրորդ անգամ, ուստի, իմ երաժշտությունն էլ, ամեն կատարման ժամանակ կլինի տարբեր։

Դուք հատկապես հետաքրքրված եք ռադիոակտիվ և սինթետիկ տարրերով, որոնցից շատերի հատկությունները դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Ի՞նչն է ձեզ գրավում հենց այդ չբացահայտված տարածքում։
Այո, տվյալ պահին ես աշխատում եմ սինթետիկ ռադիոակտիվ տարրերի շարքի վրա, որոնք ինձ հետաքրքրում են իրենց ծանր միջուկներով, ստեղծման պրոցեսներով։ Ռադիոակտիվությունը խորհրդավոր է, վտանգավոր բայց նաև «շողարձակում է լույս»` կարող է բուժել մարդկանց բարդ հիվանդություններից։ Պարզապես պետք է իմանալ, ինչպե՞ս խոսել այս էլեմենտների հետ։ Իմ ստեղծագործություններում այս առումով ունեմ հետաքրքիր լուծումներ, որոնք կթողնեմ պրեմիերայի ժամանակ բացահայտելու․․․
Ի՞նչ զգացիք այն պահին, երբ իմացաք, որ ձեր ստեղծագործությունը հաղթող է ճանաչվել։ Այդ պահը ձեզ համար ավելի շատ անձնական հաղթանա՞կ էր, թե՞ ձեր՝ գիտությունն ու արվեստը միավորող մոտեցման միջազգային ճանաչում։
Սա իմ 30-րդ մրցանակն է, ամեն անգամ դա մեծ ոգևորություն է ինձ փոխանցում։ Բայց քիչ անց ես շարունակում եմ աշխատել իմ նույն գործունեությամբ։
Այս հաղթանակից առաջ Ձեզ ճանաչում էին նաև որպես կինոռեժիսոր։ Այս մրցանակը փոխե՞ց ձեր ինքնաընկալումը՝ որպես կոմպոզիտորի։
Չէի ասի, որ փոխվեց ինքնաընկալումս, որովհետև այն այնպիսին է, ինչպիսին եղել է մանուկ ժամանակ։ Կարևոր է ուրախանալ ոչ միայն կոնկրետ նյութական փաստաթղթից, այլ օրինակ՝ ժյուրիի արձագանքներից, հանդիսատեսի կարծիքներից, գիտական ու արվեստի զրույցներից։ Շատ բան է տալիս մրցանակը՝ առաջ շարժվելու վստահություն, ոլորտում ճանաչում, հաստատում և այլն։
Ինչպե՞ս է կինոյի փորձը փոխել ձեր երաժշտական մտածողությունը։
Ռիթմի ընկալման զարգացմամբ, ինչն ամենակարևորն է։
Ձեր ստեղծագործական ճանապարհում մեծ ազդեցություն է ունեցել Արտավազդ Փելեշյանի կինոլեզուն։ Ի՞նչ եք վերցրել նրա արվեստից ռիթմի, ժամանակի զգացողության կամ պատկերային մտածողության առումով։
Փելեշյանին իմ ուսուցիչն եմ համարում։ Նրանից սովորել եմ երևի ամենաանբացատրելին, որը արվեստում կա։ Նրա դիտանկյունը, տիեզերական հայացքը ամեն բան ասում է։ Շատ առիթներ եմ ունեցել հանդիպելու մեծն վարպետին, խոսելու նրա հետ, դիտելու նրա վերջին ֆիլմը։ Նրա արվեստում ես շատ հարազատ զգացողություն եմ գտնում։

Եթե «Պարբերական աղյուսակի տարրերը» մի օր վերածվի կինոնախագծի, ինչպիսի՞ ֆիլմ եք պատկերացնում՝ գիտավավերագրակա՞ն, փորձարարակա՞ն, թե՞ բոլորովին նոր ժանրի ստեղծագործություն։
Դեռ ժանրը չեմ պատկերացնում, բայց պիտի օգնի երաժշտության ավելի տեսանելի ընկալմանը։ Օրինակ շատ հետաքրքիր կլիներ նկարահանել որոշ բյուրեղացման երևույթներ, կարծում եմ շատ գեղագիտական կդիտվեր էկրանին։
Այսօր, երբ արդեն միավորում եք արվեստի և գիտության հորիզոնները, ո՞րն է այն հարցը, որի պատասխանը դեռ շարունակում եք փնտրել ստեղծագործության միջոցով։
Մեկ ընդհանուր տեսությունը, որտեղ կմիանան մեր բոլոր հարցերի պատասխանները։
Ձեր նախագծում գիտությունն ու երևակայությունը մշտապես կողք կողքի են։ Ի՞նչ կարող է գիտությունը սովորեցնել արվեստագետին և ի՞նչ կարող է արվեստը տալ գիտությանը։
Գիտությունը շատ բան է սովորեցրել արվեստագետին, բայց ինձ առավել հետաքրքրում է մեկ այլ հարց․ ինչպե՞ս է արվեստը երբեմն անդրադառնում գիտությանը և բացում նոր դիտանկյուններ։ Կրկին դիտելով Վան Գոգի «Աստղալից գիշերը»՝ հետազոտողները նկատել են, որ այս կտավի երկնքի պտտվող ամպային և աստղային ձևերը որոշակի նմանություններ ունեն այն կառուցվածքների հետ, որոնք այսօր ուսումնասիրում է տուրբուլենտության ֆիզիկան։ Սակայն Վան Գոգի ժամանակ այդ երևույթների մաթեմատիկական խորքային նկարագրությունները դեռևս ձևավորված չէին։ Այսպիսի օրինակները ցույց են տալիս, որ երբեմն արվեստագետի ինտուիցիան կարող է որսալ բնության այնպիսի օրինաչափություններ, որոնք գիտությունը հետագայում ձևակերպում է իր լեզվով։ Նույն երևույթը հաճախ հանդիպում է նաև գիտաֆանտաստիկ գրականության և կինոյի մեջ, որտեղ երևակայական գաղափարները ժամանակի ընթացքում երբեմն մոտենում են իրական գիտական հնարավորություններին։
Ձեր կարծիքով՝ ժամանակակից արվեստագետը միայն գեղեցիկ ստեղծագործության հեղինա՞կ է, թե՞ նաև գիտելիք փոխանցող և հասարակության հետ երկխոսող։
Ժամանակակից արվեստագետի առաքելությունը միգուցե շատ ավելի ծանրացել է այսօր։ Տեղեկատվության մեծ հոսքի մեջ արվեստագետը ունի խնդիր` լինելու ուղղորդող դերում։ Առանց երկխոսության կարծում եմ իմաստ չունի արվեստը, քանի որ այն ըստ իս՝ ստեղծված է մարդկության քաղաքակրթության փուլերը հաղթահարելու համար։
Շնորհակալ եմ զրույցի համար։
Զրուցեց Ալմաստ Մուրադյանը