«Ես տալիս եմ բանալիներ, բացե՛ք այն դուռը, որ ուզում եք». հարցազրույց Թամարա Ստեփանյանի հետ
«Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը բացվեց Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» դրամայով։ Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս արդի հեղինակային կինոյի նշանավոր դերասանուհիներ՝ ֆրանսուհի Քամիլ Կոտենն ու իրանուհի Զառ Ամիր Էբրահիմին, իսկ էպիզոդիկ դերերից մեկում նկարահանվել է լեգենդար Դընի Լավանը։
2025 թվականի օգոստոսին «Արտոյի երկիրը» բացել էր նաև Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնը, ինչից հետո մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների՝ ճանապարհորդելով Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում և այլ մայրցամաքներում։ Այժմ ֆիլմը, երկար միջազգային ճանապարհ անցնելուց հետո, հանդիպում է հայաստանյան հանդիսատեսին։
Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի հետ զրուցել ենք «Արտոյի երկրի» ստեղծման պատմության, պատերազմի և հավաքական տրավմայի կինեմատոգրաֆիական արտացոլման, հիշողության, հայկական կինոյի միջազգային կինոհարթակներում ունեցած հաջողությունների մասին։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բացվեց Ձեր «Արտոյի երկիրը» ֆիլմով, որը մինչ այդ անցել էր միջազգային կինոփառատոնների ճանապարհով։ Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այս վերադարձը, երբ ֆիլմը միջազգային հանդիսատեսի հետ հանդիպումից հետո առաջին մեծ երկխոսությունն է սկսում հայաստանյան հանդիսատեսի հետ։
Ես շատ էի մտածում, թե հանրությունն ինչպես կընդունի ֆիլմը, քանի որ մի բան է, երբ դու ֆիլմը ներկայացնում ես օտար հողում, այլ բան է, երբ ներկայացնում ես տանը։ Ինձ համար արվեստի գործը պետք է ինչ-որ շարժում ստեղծի՝ ոչ թե լավ կամ վատ, այլ պարզապես շարժում ստեղծի։ Ֆիլմից հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ արդեն ինչ-որ խոսակցություններ կան, հարցեր են քննարկվում, և դա արդեն ինձ համար հետաքրքիր է։ Ես անհամբեր սպասում էի այս պահին, որ մեկ տարի աշխարհում շրջագայելուց հետո վերջապես հասնենք տուն։ Զգացողությունը շատ հաճելի և ուրախալի է, բայց, իհարկե, կա նաև վախ։

Ձեր ֆիլմերում հաճախ հանդիպում ենք կորստի, հիշողության, բացակայության և մարդու ներքին պայքարի թեմաներին։ Արդյո՞ք կարծում եք, որ արվեստը ծնվում է ցավից։
Արվեստը միշտ ծնվում է ցավից։ Արվեստը ծնվում է այն ցավից, որի միջով մարդն անցնում է տվյալ պահին։ Համալսարանում դասավանդելիս ուսանողներիս ասում եմ՝ նայեք դեպի ձեր ներսը և հասկացեք՝ ինչ է կատարվում ձեր ներսում։ Եթե ներսումդ ինչ-որ բան քեզ նեղացնում է, մտահոգում է, ապա այն պետք է դուրս գա։ Եթե դուրս չգա, չես կարող հանգիստ ապրել։ Այն պետք է դուրս գա, և դա նշանակում է, որ դու ասելիք ունես։ Իսկ եթե այդ ներքին շարժումը չկա, ապա երևի ասելիքը դեռ չի եկել։ Այո, արվեստը ծնվում է ցավից և ունի իր յուրօրինակ արտահայտչամիջոցը։ Արվեստը նաև կարող է օգնել, կարող է հանդիսանալ բուժիչ միջոց։ Օրինակ՝ եթե ես չստեղծագործեմ, չլինեմ այդ գործընթացում, ինձ մոտ դեպրեսիա է սկսվում։ Իսկ երբ ես աշխատում եմ, ես ապրում եմ, շնչում եմ։ Կարծում եմ՝ շատ արվեստագետներ համամիտ են ինձ հետ։

«Արտոյի երկիրը» ֆի՞լմն էլ է ծնվել ցավից։
«Արտոյի երկիրը» ծնվել է ցավից, բայց կոլեկտիվ ցավից՝ հայկական ցավից։ Ես ուզում էի խոսել վերքերի մասին, որոնք չեն սպիանում։ Մենք ապրել ենք Հայոց ցեղասպանությունը, խորհրդային տարիները, 1988 թվականի երկրաշարժը, Արցախյան պատերազմները։ Այս ցավերի կուտակումը հանգեցրեց մի ֆիլմի, որի անունն է «Արտոյի երկիրը»։

Ամենադժվարը հենց սա էր՝ նուրբ ձևով խոսել հայկական տրավմաների մասին։ Այս դեպքում՝ խոսել զինվորի տրավմայի մասին, խոսել այն մասին, թե ինչպես կարող է զինվորի կողակիցը ապրել զինվորի մահից հետո։ Ինձ համար Արցախի կորուստը կարծես անդամահատում լինի, երբ կորցնում ես օրգաններիցդ մեկը, մարմնիդ մասերից մեկը։ Հայաստանը ամբողջական մի մարմին է, որը կորցրել է մարմնի մասերից մեկը։ Մենք հիմա զգում ենք ցավը, իսկ անդամահատված մասը երբեք հնարավոր չէ լրացնել։ Այդ ցավը միշտ կլինի։ Այդ ցավի մասին եմ ես ցանկացել խոսել ֆիլմում, բայց նաև ցանկացել եմ խոսել սիրո մասին։

Ձեր խաղարկային ֆիլմով և մյուս վավերագրական ֆիլմերով նաև հիշողություն եք վավերացնում: Աշխատում եք հիշողության հետ։ Կինոլեզվով հիշողության մասին խոսելը ի՞նչ դժվարություններ է առաջացնում։
Ֆիլմում ես խոսում եմ հիշողության մասին, ցավի մասին։ Իհարկե, դժվար է, բայց հենց դա է հետաքրքիր, եթե դու կինոգործիչ ես։ Ես միշտ փնտրտուքների մեջ եմ։ Կարծում եմ, որ հետաքրքիր է, երբ նոր ձևեր ես փնտրում, ուրիշ ձևով ես փորձում լուծումներ տալ, ոչ թե միշտ նույն ձևն ես ընտրում։
Հիշողությունը մի թեմա է, որի շուրջ իմ տարբեր ֆիլմերում ես աշխատում եմ։ Ահա «Իմ հայկական ուրվականները» ևս հիշողության մասին է։ Բայց միաժամանակ այն նաև շատ անձնական է։ Այն ներկայացնում է իմ հոր հիշողությունը։ Երբ նկատում ես, որ մի երևույթ անհետանում է, ուզում ես այն բռնել և պահպանել։ Հենց դա եմ ես անում իմ տարբեր ֆիլմերի միջոցով։ Որպես մայր և ուսուցիչ՝ ես նաև ցանկանում եմ ինչ-որ բան փոխանցել հաջորդ սերնդին։ Ես գտնում եմ, որ հայ խորհրդային կինոն ունի մի շարք մարգարիտներ, որոնց մասին շատերը չգիտեն։ Դրանով ես ուզում եմ ինչ-որ բան թողնել հաջորդ սերնդին։ Բացի այդ, ես խոսում եմ նաև իմ հոր հետ։ Ես խոսում եմ Հայաստանի հետ, կինոյի հետ։ Դա մի ուրիշ սիրո նամակ է Հայաստանին, կինոյին: Ես կարծում եմ, որ ինչ-որ կապ կա «Արտոյի երկրի» և «Իմ հայկական ուրվականները» ֆիլմերի միջև։ Երևի այդ կապը հենց ուրվականներն են։ Հիշողության մասին խոսելը ինձ համար շատ կարևոր է։ Չեմ սիրում կառչել հիշողությունից, ապրում եմ ներկայով, բայց եթե ուզում ես ապրել ներկան, չպետք է մոռանաս անցյալի մասին և կերտես ապագան։ Բայց անցյալը չենք կարող մոռանալ։ Իհարկե, դժվար է, բայց շատ հետաքրքիր։

Պատմական և պատերազմական հիշողությունը վավերացնելիս մենք հաճախ կենտրոնանում ենք հերոսների պատմությունների վրա։ Սակայն «Արտոյի երկիրը» ընտրում է մի կերպար, որին հասարակական ընկալումը կարող է անվանել «դասալիք»։ Կարո՞ղ է արդյոք կինոն վերանայել «հերոսի և հակահերոսի» սահմանները՝ փորձելով տեսնել մարդու ճակատագիրը ոչ միայն նրա արարքների, այլև նրա կրած տրավմայի, լռության և ներքին ցավի միջոցով։
«Արտոյի երկիրը» նկարելիս ես հանդիպել եմ շատ զինվորների, կանանց, զինվորների ծնողների, որպեսզի խոսեմ։ Այստեղ ինչ-որ առասպելական բաներ կան, շատ են խորհրդանիշները։ Դասալիքի մասին խոսելը ևս շատ կարևոր է։ Երբ խոսում ենք պատերազմի մասին, ինձ համար չկան հերոսներ։ Ինքնին պատերազմը բռնությունն է, այն ագրեսիվ գործողություն է։ Ինչպե՞ս կարող ենք մենք այդ ագրեսիայի մեջ խոսել հերոսի կամ հակահերոսի մասին։ Ես հարգում եմ բոլոր հերոսներին և խոնարհվում եմ նրանց առաջ, բայց կինոյի դեպքում ես չեմ խոսում անձի կամ հերոսի մասին։ Ես խոսում եմ մի մարդու մասին, որը երբեք չի կարողացել պատերազմից վերադառնալ։ Իմ կարծիքով՝ մարդիկ, որոնք գնում են պատերազմ և տրավմա են ապրում, երբեք չեն վերադառնում, անգամ եթե վերադառնում են։ Մահացած է, ողջ է՝ արդեն ուրվական է։ Ես խոսում եմ միայն այդպիսի մարդու մասին։ Երբ ասում են, որ Արտոյի պատճառով են նրա ընկերները մահացել, այո, բայց նա դա դիտմամբ չի արել։ Նա ինքը փորել է գերեզմաններ և հողին հանձնել այդ մահացած տղաներին։ Եթե ինչ-որ մեկը ուզում է փախչել, նա հողին չի հանձնի այդ մարմինները, խաչքարեր չի դնի։
Երբ ասում են՝ ինչպես կարելի է ֆիլմ անել դասալիքի մասին, ես ասում եմ, որ ընդհանրապես դրա մասին չէ խոսքը ֆիլմում։

Իսկ ինչու՞ են նման կարծրացած մոտեցումներ ձևավորվել, հնարավո՞ր է պայքարել դրանց դեմ:
Մեր խնդիրն այն է, որ մենք ուզում ենք, որ մեր երկիրը լինի ամենալավը, բայց ամեն մարդ, մարդու տեսակ, իր մեջ ունի տարբեր ելևէջներ։ Բոլորը հերոսներ չեն։ Նաև ասում են՝ ինչու ֆիլմում չես նկարել Հայաստանի գեղեցիկ վայրերը։ Չէ՞ որ ես տուրիստական ֆիլմ չեմ նկարել, իմ ուղերձն այլ է։ Իսկ Հայաստանի գեղեցկությունը միայն ճարտարապետության և եկեղեցիների մեջ չէ, այլ Հայաստանում գեղեցկությունը նաև մարդու մեջ է։ Հենց դա է կարևորը, դրա համար մենք խոսում ենք տրավմայի մասին, թե ինչպես Արտոն երբեք չվերադարձավ պատերազմից, և ինչպես նա ինքնասպան եղավ։ Նա փորձեց նոր կյանք սկսել՝ կին, երեխաներ, ընտանիք ունենալով, բայց այն պահին, երբ Հայաստանը կորցրեց այն հողերը, որտեղ կռվել էր Արտոն, նա ինքնասպան եղավ։ Նա ոչինչ չի բացատրել և ինքնասպան է եղել։ Նրա սիրտը պայթեց, իմ հոր սիրտն էլ պայթեց։ Նա ինքնասպան չի եղել, նա մահացել է պատերազմից երկու ամիս հետո՝ շատ հանկարծակի։ Իմ կարծիքով՝ իմ հոր սիրտն էլ չդիմացավ։ Հայրս ամեն օր զանգահարում էր և ասում՝ ինչպե՞ս եղավ, որ մեր երկիրը դարձավ գերեզման, ինչպե՞ս եղավ, որ այսքան երիտասարդներ էլ ոչինչ կյանքում չեն տեսնի։ Այս ամբողջը ես փորձել եմ այդ ֆիլմում նուրբ թելերով ցույց տալ։
Ողջ ֆիլմում Արտոյի ուրվականը ուղեկցում է Սելինին դեպի այն սարը, որտեղ Արտոն թաղել է իր ընկերներին։ Եվ այնտեղ, որտեղ Սելինը ատրճանակի վերջին փամփուշտն է արձակում, նա Արտոյի հոգին հանձնում է հողին և փորձում է իր երեխաների համար նոր էջ բացել, որտեղ խաղաղություն կլինի։

Այսինքն սա նաև ֆիլմ է հույսի՞ մասին:
Այո, կարող ենք այս ֆիլմը տարբեր ձևերով հասկանալ՝ հույսի, լույսի մասին։ Ես տալիս եմ բանալիներ մարդկանց, բացե՛ք որ դուռը ուզում եք և հասկացեք այնպես, ինչպես դուք եք ուզում։ Երբ ֆիլմ ես նկարում, պետք է բանալիներ տաս և բաց տարածություն թողնես, որպեսզի մարդիկ կարողանան իրենցը գրել, իրենցը ստեղծել։ Կինոն ինձ համար հենց դա է։
Այս ֆիլմը մի մարդու մասին է, որը երբեք չկարողացավ պատերազմից վերադառնալ և չդիմացավ այդ ցավին ու այդ տրավմային։ Նա ուներ ընտանիք և երեխաներ, սակայն ինքնասպան է լինում, քանի որ այլևս իմաստ չուներ նոր կյանք սկսելու։ Ինչ նոր կյանքի մասին է խոսքը, երբ այդ հողերը այլևս քոնը չեն, Արցախն այլևս մերը չէ։
Այսօր մենք ինչպես կարող ենք չխոսել այդ մասին, չհիշել, որ զոհեր ենք ունեցել։ Ո՛չ, չենք կարող։ Պետք է խոսենք, և իմ նոր նախագծում էլ խոսելու եմ այդ մասին։ Ուրախ եմ շատ, որ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում ֆիլմը բացեց փառատոնը, և կարևոր է, որ այսպիսի մեծ մասշտաբով կարող ենք խոսել այդ մասին։

Հիշողության հետ երկխոսելու թեման դեռ Ձեր նախորդ ֆիլմում էր ներկա՝ «Իմ հայկական ուրվականներում», որտեղ նորից երկխոսում եք, բայց այստեղ Ձեր անձնական պատումը միահյուսվում է հայ կինոյի պատմությանը։ «Իմ հայկական ուրվականները» երկխոսությո՞ւն է, բայց միաժամանակ գուցե նաև մենախոսությո՞ւն, որտեղ արժևորում եք հայ կինոյի անցած ուղին։
«Իմ հայկական ուրվականները» ուրվականների մասին է, մեր նախնիների մասին է։ Դա մի խոսակցություն է իմ հոր հետ, որը շատ հանկարծակի մահացավ այդ ցավից։
Եվ երբ ինչ-որ խոսակցություն միանգամից կտրվում է, դու ուզում ես շարունակել այդ խոսակցությունը, խոսել, զրուցել, հասկանալ։ Դա էլ է գալիս ցավից։ Իմ կյանքի վերջին շրջանում մեծ ցավեր եմ ապրել, բայց դա էլ ծնունդ է տալիս շատ հետաքրքիր երևույթների։

Ֆիլմը նաև շատ կարևոր էր հայ ռեժիսորների միջազգային հարթակում տեսանելիության առումով։ Ինչպիսի՞ պատասխանատվություն էր դա Ձեզ համար։
Իհարկե, սա ևս շատ կարևոր է։ Վերջերս Պերուում էի՝ Լիմա քաղաքում, որտեղ ցուցադրում էի «Իմ հայկական ուրվականները» և վարպետության դաս էի վարում։ Իմ ֆիլմն ընդգրկվել էր որպես փակման ֆիլմ։ Թվում է՝ կապեր չունենք Պերուի հետ, բայց հետաքրքիր է, որ նրանք այնքան տարված էին հայկական կինոյով, որ ասում էին՝ ինչ հրաշք կինո ենք ունեցել, որի մասին նույնիսկ չեն իմացել։ Հետաքրքրվում էին՝ որտեղ կարող են դիտել։ Այսինքն՝ երբ կարողանում ես հետաքրքրություն առաջացնել մյուսների մոտ, դա արդեն ինձ համար արժեքավոր է և խոսում է այն մասին, որ ինչ-որ բան կարողացել եմ անել։

Կա՞ն հայ ռեժիսորներ, որոնց ազդեցությունը կրել եք։
Ես իմ կրթությունը ստացել եմ Լիբանանում, ապա նաև Դանիայում, և հիմնականում այդպես է ձևավորվել իմ կինոփորձը։ Բայց շատ փոքր տարիքում դիտել եմ հայկական ֆիլմեր։ Հայրիկիս թատրոնի փորձերն եմ տեսել, գնացել, այդպես շատ հետաքրքիր խոսակցություններ եմ լսել, շատ դերասանների լսել, և նաև հայրիկս էր շատ բաներ բացատրում։ Դա շատ հետաքրքիր էր։ Իսկ հիմա արդեն սկսեցի ավելի շատ ուսումնասիրել հայկական կինոն։ Հասկացա, որ ինձ շատ մոտ եմ զգում Դովլաթյանին, Բագրատ Հովհաննիսյանին։ Շատ եմ սիրում նաև Համո Բեկնազարյանին։
Շատ եմ սիրում բոլորին, ինձ առավել մոտ է Փարաջանովի, Փելեշյանի ոճը։ Բայց ավելի ուշ հասկացա, որ ինձ ավելի շատ մոտ է Դովլաթյանի ոճը։ Դովլաթյանն էլ էր շատ սիրում ուրվականների մասին խոսել, խոսել ինչ-որ մի բանի մասին, որը պետք է պահել։
Երբ, օրինակ, միջազգային փառատոներում պետք է ներկայացնեի հայկական կինոն, ես չէի կարծում, որ կարող եմ որևէ իրավունք ունենալ դա անելու։ Իսկ այսօր ես արդեն կարող եմ ասել, որ լավ գիտեմ հայ կինոն։ Ուսումնասիրել եմ կինոարխիվները, կարդացել եմ, խոսել եմ կինոգետների հետ։ Այսօր ես կարող եմ ասել, որ ես հայ կինոռեժիսոր եմ, քանի որ անցել եմ արդեն այդ փորձառությունը։ Ես միշտ իմ ուսանողներին ասում եմ, որ նախևառաջ ձեր ֆիլմերը դիտեք, ձեր երկրի կինոն դիտեք, ապա մյուսներինը։

Բեռլինի միջազգային կինոփառատոնից մինչև Լոկառնոյի Piazza Grande։ Ի՞նչ են Ձեզ տվել միջազգային կինոհարթակներում Ձեր ֆիլմերի կարևոր ցուցադրությունները։ Դրանք ինչպիսի՞ փորձառություններ էին։ Փոխվե՞լ է արդյոք Ձեր պատկերացումը։
Օրինակ՝ «Արտոյի երկիրը» Լոկառնոյում առաջին ցուցադրությունից հետո ցուցադրվեց Բուսանում՝ Կորեայում։ Երբևէ չեմ մտածել, որ հայկական կինոն կարող էր Կորեայում նման հետաքրքրություն առաջացնել։ Կորեայում ունեցանք չորս վաճառված ցուցադրություն։ Հետո ես հասկացա մի շատ հետաքրքիր բան․ կորեացիներն ասում էին, որ իրենք իրենց գտնում են այս ֆիլմում։ Իրենց դեպքում էլ եղել է պատերազմ։ Սա նաև իմ ցանկությունն էր, որ մի շատ անձնական և ներքին պատմություն կարողանամ դուրս բերել դեպի աշխարհ։ Այսօր ամենուր աշխարհում պատերազմ է։ Մենք չենք խոսում այդ մասին, բայց դա կա։ Ամեն մարդ փորձում է իրեն գտնել այդ պատմության մեջ, և դա հետաքրքիր է։ Այն, որ մարդիկ փորձում են իրենց գտնել ֆիլմում, դա ամենահաճելին է։ Իհարկե, նրանք հասկանում են, որ դա Հայաստանի պատմությունն է, հայկական պատմությունն է։ Դա Հայաստանի դեպքն է, Հայաստանի անդամահատումն է։ Բայց միևնույն ժամանակ հասկանում են նաև, որ մենք խոսում ենք ոչ միայն Հայաստանի, այլ համամարդկային երևույթի՝ պատերազմի մասին։ Ֆիլմը միջազգային շատ կինոփառատոներում է ճանապարհորդել՝ Եվրոպայում, Ասիայում, արաբական աշխարհում։ Բավական հետաքրքիր արձագանքներ են ստացվում, միջազգային մամուլն է անդրադարձ կատարում։
Այդպես դու հասկանում ես, որ քո արածը տեղ է հասել։ Երբ արվեստագետը ստեղծագործում է և հասկանում է, որ կարողացել է իր փոքրիկ պատմությունը, իր փոքրիկ երկիրը բերել միջազգային բեմ, դա արդեն մեծ արժեք է։ Շուտով ֆիլմը նորից կճանապարհորդի Ավստրալիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, և դու հասկանում ես, որ կարողացել ես քո փոքրիկ մասնիկը մեծ բեմում ներկայացնել։ Դա արդեն ինձ համար նվեր է։ Իսկ ընդունելի է, թե ոչ՝ դա արդեն մարդկանց ճաշակից է կախված, դա շատ անձնական է։ Բայց երբ դու կարողանում ես շարժում մտցնել, դա արդեն հետաքրքիր է։ Հունաստանում հույները լաց էին լինում, ասում էին՝ սա մեր պատմությունն է։ Հայաստանում՝ Համալիրում ևս դիտմանը հանդիսատեսը լաց էր լինում, քանի որ հասկանում ենք, թե որքան կորուստ ենք ունեցել։ Ցավը մեր ներսում է, չենք կարող որոշել չխոսել դրա մասին։

Այսինքն՝ սա մի թեմա է, որը «բացակա՞ է, բայց նաև ներկա՞ է» մեր հիշողության մեջ։
Այո, սա պատմություն է զինվորների մասին, որոնք երբեք չեն վերադառնում։ Մարդիկ կան, որ վերադարձել են պատերազմից, բայց չեն վերադարձել։ Երբեք նրանք չեն վերադառնա, չեն ինտեգրվի։ Նրանց մասին է ֆիլմը։ Նրանց ցավը այնքան մեծ է, որ մենք չենք պատկերացնում։
Ֆիլմում նաև ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ եք համագործակցե՞լ, սա էլ է Ձեր վավերագրական կինոփորձից եկե՞լ։
Փաստը, որ վավերագրական կինոյից եմ գալիս, երևում է իրապես։ Ինձ միշտ հետաքրքրել է ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ աշխատելը, և այս ֆիլմում կան այդպիսի կերպարներ։ Կան տեսարաններ, որ վավերագրականի ոճով են արված։ Դա է հենց հետաքրքիր, որ բացատրում ես, որ ֆիլմ ես նկարում, և նրանք անում են իրենց գործը։ Օրինակ՝ նկարահանել ենք փլատակներում ապրող մարդկանցից մեկին։ Մարդիկ հասկանում են, թե ինչի մասին ես ուզում խոսել, և երևի իրենք էլ են ուզում մասնակցել։ Ինձ համար մեծ պատիվ էր հատկապես հայ դերասանների հետ աշխատելը՝ Բաբկեն Չոբանյան, Շանթ Հովհաննիսյան, Ալեքսանդր Խաչատրյան, Հասմիկ Սուվարյան, Հայկուհի Խուդավերդյան, Հրաչ Մովսիսյան։

Ինչպիսի՞ն էր համագործակցությունը Զար Ամիր Էբրահիմի հետ։ Նշել եք, որ նրա հետ շատ նմանություններ ունեք։
Ֆիլմում Արսինեի կերպարը ևս ինձ շատ նման է, որը կերտում է Զարը։ Ես ու Զարը իրար քույրեր ենք կոչում։ Մենք շատ կապված ենք նաև, քանի որ մեր պատմություններն են նման։ Ես փոքր տարիքից դուրս եմ եկել Հայաստանից, իսկ ինքը ստիպված է լքել երկիրը, նաև Գոլշիֆթե Ֆարահանին։ Ծանր տարիներ էին, և մենք ծնողներիս հետ մեկնեցինք Բեյրութ։ Սկզբում, իհարկե, դա շատ մեծ տրավմա էր ինձ համար։
Իսկ Գոլշիֆթե Ֆարահանին ինչպիսի՞ն է։
Գոլշիֆթեն հրաշալի մարդ է։ Լոկառնոյի 78-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ՝ Piazza Grande-ում, Զար Ամիր Էբրահիմը Գոլշիֆթե Ֆարահանիին հանձնեց «Գերազանցության մրցանակ»՝ համաշխարհային կինոյում բացառիկ ստեղծագործական ուղու համար։ Մենք՝ ես, Զարը, Գոլշիֆթեն, սիրում ենք ասել, որ արմատախիլ եղած ծառ ենք։ Բայց իրենց դեպքում ստիպված են եղել լքել իրենց երկիրը։ Իմ պարագայում ես ստիպված չեմ եղել լքել Հայաստանը և կարող եմ գալ։ Երբ արմատախիլ ես լինում, փորձում ես ամբողջ կյանքում արմատներ դնել, դա է դժվար։ Հիմա ես կարող եմ ասել, որ արմատներ կարողացել եմ դնել Ֆրանսիայում, երեխաներս Ֆրանսիայում են ծնվել։ Իսկ Հայաստանում ապրում եմ կինոյով։ Երեխաներս շատ են սիրում Հայաստանը և օրերն են հաշվում Հայաստան գալու։ Այսինքն՝ այստեղ էլ ենք կարողացել արմատներ դնել։ Լեզուն էլ է շատ կարևոր, և աղջիկներս շատ լավ հայերեն են խոսում։ Մեր կապերը Հայաստանի հետ շատ ամուր են։

Ձեր վավերագրական ֆիլմերից մեկը՝ «Կանանց գյուղը», ևս ուժեղ կանանց մասի՞ն էր։
Այսօր շատ կարևոր է բացել, ընդլայնել մեր սահմանափակ մտածելակերպը, վերացնել կարծրատիպերը կնոջ և տղամարդու դերերի մասին։ Ինչո՞ւ չենք խոսում կանանց մասին, կին զինվորականների մասին։ Ահա, օրինակ, այդպիսին է Արսինեն՝ «Արտոյի երկրում»։ Մենք կին զինվորականներ, զինվորներ ենք ունեցել, ու շատ քիչ ենք խոսում նրանց մասին։ «Կանանց գյուղ»-ն էլ, իհարկե, ուժեղ կանանց մասին է։ Գյուղում ապրող կնոջ դժվար կյանքի մասին է։ Գյուղի կանայք ինձ համար հերոսներ են, որոնք կարողանում են ամեն ինչ անել, հոգ տանել ընտանիքի մասին, և սա մեծ հարգանքի ու սիրո մասին է։
Շնորհակալ եմ զրույցի համար։
Զրուցեց Ալմաստ Մուրադյանը
Լուսանկարները արվել են «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում Մանե Հովհաննիսյանի կողմից։