«Իմ ինքնության մեջ ես սիրում եմ արվեստների սինթեզը». Կարինա Շիկանյան
Հուլիսի 26-ին Չինաստանի Չժենչժոու քաղաքում հայկական բալետի արտիստ, մենապարող Կարինա Շիկանյանը կկատարի գլխավոր դերերից մեկը՝ Կիտրիի դերապարը՝ «Դոն Կիխոտ» բալետում։ Պաշտոնական աֆիշում նրան անվանում են «Հայաստանի մարգարիտը»։ Սա Կարինա Շիկանյանի արդեն չորրորդ հյուրախաղն է Չինաստանում, որտեղ նա վայելում է չինական հանդիսատեսի բարձր գնահատանքը։
Այս կարևոր մշակութային իրադարձությանն ընդառաջ զրուցել ենք Կարինա Շիկանյանի հետ՝ անդրադառնալով նրա ստեղծագործական գործունեությանը Չինաստանում, հայկական բալետի միջազգային ներկայացուցչությանը, ինչպես նաև «Դոն Կիխոտ» բալետում Կիտրիի դերապարի առանձնահատկություններին։
Շուտով մեկնում եք Չինաստան, որտեղ հանդես եք գալու «Դոն Կիխոտ» բալետում՝ Կիտրիի դերակատարմամբ։ Ի՞նչ սպասումներ ունեք այս հյուրախաղերից, և որքանո՞վ է այս ելույթը տարբերվելու նախորդներից։
Հուլիսի 26-ին Չինաստանի Չժենչժոու քաղաքում տեղի է ունենալու «ԹՈւԹՈւ» բալետային պրոֆեսիոնալ դպրոցի ներկայացման պրեմիերան։ Ներգրավված են դպրոցի սաները և պրոֆեսիոնալ բալետի արտիստներ։ Նրանցից մեկը ես եմ, իսկ իմ պարընկերը Ռուսաստանից է։ Ներկայացնելու ենք «Դոն Կիխոտ» բալետը, որտեղ կատարելու եմ Կիտրիի դերապարը։ Այս դերապարով արդեն ելույթ ունեցել եմ, և հենց դա էլ նպաստել է, որ ես ընտրվեմ որպես դերակատար։

Չինական աֆիշում Ձեզ ներկայացրել են որպես «Հայաստանի մարգարիտ»։ Ի՞նչ զգացողություն է առաջացնում նման գնահատականը, և արդյո՞ք այն մեծացնում է պատասխանատվությունը՝ որպես հայ արտիստ միջազգային բեմում հանդես գալու առումով:
Ինձ համար մեծ պատասխանատվություն է ներկայացնել Հայաստանի բալետային արվեստը, մեր ոճն ու կատարողական մշակույթը։ Մյուս կողմից, դա իհարկե, նաև շատ հաճելի է։ Ես միշտ ձգտել եմ դրան, և անկախ երկրից ու հանդիսատեսից՝ միշտ հաճելի է զգալ, որ գնահատված ես։
Ամեն անգամ Չինաստան մեկնելով՝ ավելի շատ եմ տպավորվում և ավելի շատ եմ սովորում չինացիներից։ Նրանց մշակույթը շատ պահպանողական է, նրանք ունեն իրենց ավանդույթները և խնամքով պահպանում են դրանք։ Միևնույն ժամանակ, Չինաստանը գերզարգացած երկիր է՝ տեխնոլոգիաների և ուրբանիստիկայի տեսանկյունից։ Զարգացման այնպիսի մակարդակի է հասել, որ շատ չինացիներ նույնիսկ չեն պատկերացնում, թե կարող է գոյություն ունենալ ավելի լավ երկիր։ Նրանք իսկապես հավատում են, որ ապրում են լավագույն երկրում, և այդ հավատը ինձ շատ բան է սովորեցնում, որպեսզի ես էլ ավելի հավատամ իմ հայրենիքին և իմ երկրին։
Ձեր չորրորդ հյուրախաղերն են Չինաստանում։ Այդ ընթացքում ինչպե՞ս է փոխվել Ձեր ընկալումը չինական մշակույթի, հանդիսատեսի և այդ երկրի մշակութային միջավայրի մասին։
Չինաստանը ոչ թե պարզապես արդարացրեց իմ սպասումները հենց առաջին իսկ այցից, այլ ուղղակի չափազանց տպավորեց ինձ։ Դա վերաբերում է կազմակերպվածությանը, արտիստներին տրամադրվող պայմաններին և, իհարկե, այն հանգամանքին, որ հանդիսատեսը մեզ շատ ջերմ էր ընդունում։ Մենք ներկայացրել ենք «Կարապի լիճ» բալետը, և այդ երեք հյուրախաղերը շատ երկարատև ու ծանր էին՝ մեծ թվով ներկայացումներով։ Բացի այդ, ներկայացնում էինք բալետային արվեստի էտալոն համարվող ամենաբարդ բալետներից մեկը։ Այն պահանջում է բացառիկ տեխնիկա, և դա Չինաստանի հանդիսատեսը շատ լավ էր գնահատում։ Նրանք ակտիվորեն մեկնաբանում էին, նկարահանում, սոցիալական ցանցերում կիսվում իրենց անկեղծ կարծիքներով, ինչը նույնպես շատ գնահատելի է ինձ համար։
Միանշանակ, նրանք հասկանում են ներկայացման այնպիսի մանրուքներ, որոնց մասին շատերը նույնիսկ տեղյակ չեն։ Շատ երկրներում հանդիսատեսը ներկայացման է գնում՝ պարզապես նախապես ծանոթանալով լիբրետոյին, իսկ Չինաստանում մարդիկ սկսել են շատ ավելի խորությամբ հետաքրքրվել բալետով։ Կարծում եմ՝ միշտ այդպես չի եղել, և վերջին տարիներին է այդ հետաքրքրությունն աճել։ Դրան նպաստում են հյուրախաղերը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Չինաստանում միշտ մեծ սպասումով են ընդունում առաջատար ռուսական բալետին, հատկապես համաշխարհային բալետի գլուխգործոցները՝ «Կարապի լիճը», «Մարդուկ-ջարդուկը» և այլ ներկայացումներ, որոնք այնտեղ մեծ սեր են վայելում։
Ինձ համար սա շատ պատասխանատու և պարտավորեցնող է, քանի որ Հայաստանից իրականում շատ քիչ արտիստներ են Չինաստանում ելույթ ունեցել։

Կիտրիի կերպարը տարիներ առաջ անվանել եք Ձեր ամենաբարդ դերերից մեկը։ Այսօր, արդեն ավելի մեծ փորձով, ինչպե՞ս եք վերադառնում այդ կերպարին։ Փոխվե՞լ է արդյոք Ձեր ընկալումը։ Ի՞նչն է Ձեզ համար ամենակարևորը այս կերպարը բեմում կառուցելիս։
Ինձ համար Կիտրիի դերապարը շատ հետաքրքիր է։ Այն ոչ միայն ամենաբարդերից մեկն է, այլև ամենատարբերվողներից՝ իր ոճով, զգացականությամբ և ուժեղ բնավորությամբ։ Սա մի կերպար է, որի մարմնավորումը եղել է բազմաթիվ բալետի արտիստների երազանքը։ Ինձ համար այն առաջին գլխավոր կերպարն էր, որը մարմնավորել եմ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ամեն անգամ մեծ կարոտով եմ վերադառնում այս դերին, քանի որ ներկայացումը թատրոնում բեմադրվում էր կես տարին մեկ կամ նույնիսկ տարին մեկ անգամ։ Այն ֆիզիկապես չափազանց բարդ դերապար է, և յուրաքանչյուր ներկայացումից հետո վերականգնվելը նույնպես հեշտ չէ։ Շատ ուրախ եմ, որ հիմա վերադարձել եմ այս դերին, քանի որ կրկին հնարավորություն ունեմ ինքս ինձ մարտահրավեր նետելու և տեսնելու, թե որքանով կարող եմ կատարելագործել իմ կատարումն ու դերախաղը։ Իհարկե, սա վերաբերում է բոլոր ներկայացումներին, բայց այս պարագայում նաև շատ երկար ընդմիջում է եղել, և ըստ իս, իսկապես մեծ տարբերություն կնկատվի իմ զգացողությունների մեջ։ Ինձ համար շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես կանցնի այս ամենը։
«Դոն Կիխոտ»-ը համարվում է դասական բալետի ամենավառ և տեխնիկապես բարդ ստեղծագործություններից մեկը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է այս բալետին դարձնում ժամանակի մեջ ապրող և տարբեր սերունդների հանդիսատեսին հետաքրքրող։
«Դոն Կիխոտ» բալետը շատ տարբեր բեմադրություններ ունի և աշխարհում ներկայացվում է բազմաթիվ հաջող մեկնաբանություններով։ Այնտեղ կարելի է շատ հետաքրքիր բաներ գտնել, անգամ եթե բալետի մասին պատկերացում չունես։ Նույնիսկ եթե սա քո առաջին դիտած բալետն է, այն կարող ես ընկալել թե՛ տեխնիկական, թե՛ սյուժետային առումով։ Իհարկե, կան դրվագներ, որտեղ արտիստները կատարում են չափազանց բարդ տեխնիկական վարժություններ։ Կարծում եմ՝ այս բալետի հաջողության համար ամենակարևորը համապատասխան մթնոլորտ ստեղծելն է, օրինակ՝ Բարսելոնայի հրապարակի շունչը փոխանցելը։ Հուսով եմ, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նույնպես շուտով կրկին կվերականգնեն այս բալետը, քանի որ այն հրաշալի ստեղծագործություն է թե՛ երաժշտության, թե՛ բեմադրության առումով։ Այժմ ես ինքս եմ ճանապարհորդում։ Իհարկե, դա նաև դժվար է, բայց միևնույն ժամանակ ունի իր առանձնահատկություններն ու գեղեցկությունը։

Այսօր բալետային աշխարհում հաճախ գերակշռում է տեխնիկական կատարելության ձգտումը։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է լինել տեխնիկապես անթերի, բայց չհուզել հանդիսատեսին։ Ի՞նչն է տարբերում մեծ արտիստին պարզապես լավ կատարողից։
Բալետում պետք է հասնել կատարելության՝ կարողանալով հավասարակշռել ամեն ինչ և գտնել ոսկե միջինը։ Առանց դրա բալետում հնարավոր չէ հաջողության հասնել։ Դու պարտավոր ես լինել շատ ուժեղ և տեխնիկապես տիրապետել այն ամենին, ինչ պահանջում է բալետի արտիստի մասնագիտությունը։ Բացի այդ, այստեղ կա նաև մնջախաղ. պետք է լինես դերասան և կարողանաս հանդիսատեսին համոզել, որ նա հայտնվել է մեկ այլ իրականության մեջ։ Ինչ կերպար էլ մարմնավորեմ, պետք է կարողանամ հանդիսատեսին համոզել, որ հենց այդ կերպարն եմ։
Բալետի հանդիսատեսը որոշ չափով ժյուրիի անդամի է նման։ Նրանք չեն կարող գնահատել միայն արտիստիզմը. անհնար է չնկատել, եթե արտիստը տեխնիկապես բավարար մակարդակով չի կատարում իր աշխատանքը։ Հետևաբար, հանդիսատեսին հնարավոր չէ խաբել։ Պետք է հավասարապես ժամանակ և ուշադրություն հատկացնել թե՛ տեխնիկային, թե՛ դերասանական խաղին։
Այսօր բալետը գտնվում է ավանդույթի և նորարարության երկխոսության հատման կետում։ Դասական ստեղծագործությունները հաճախ ստանում են նոր մեկնաբանություններ։ Ձեր կարծիքով՝ որտե՞ղ է այն սահմանը, որը պետք է պահպանել դասականի և ժամանակակից մոտեցումների միջև։
Այսօր աշխարհում բալետն արդեն իսկ ժամանակակից արվեստ է, և դա ակնհայտ է։ Ժամանակակից միտումներով աշխատող խորեոգրաֆները ստեղծում են մնայուն գործեր, որոնք արժեք ունեն ոչ միայն որպես պարարվեստ, այլև որպես վիզուալ և երաժշտական արվեստ։ Այդ ներկայացումների համար հաճախ հատուկ երաժշտություն է գրվում, և բալետը սերտ կապ ունի նաև օպերայի ու թատրոնի հետ։ Կարծում եմ՝ հենց իր բարձր գեղագիտական արժեքի շնորհիվ է, որ բալետը կարողանում է միաժամանակ մնալ և՛ ժամանակակից, և՛ դասական։ Իհարկե, միշտ խոսվում է այն սահմանի մասին, որը չի կարելի անցնել, բայց միևնույն ժամանակ ժամանակակից պարարվեստը մշտապես փորձում է գտնել նոր արտահայտչամիջոցներ: Միշտ լինում են խորեոգրաֆներ, որոնք փորձում են նոր բաներ ստեղծել։ Սկզբում դրանք հաճախ դժվար են ընկալվում, սակայն ժամանակի ընթացքում սկսում են արժևորվել և գնահատվել։ Այսօր բալետն այդ միտումներով ավելի առաջ է շարժվում և ավելի հետաքրքիր է դառնում հանդիսատեսի համար։ Կարծում եմ՝ բալետն այսօր նաև բավականին մոդայիկ է դարձել։ Մարդիկ սիրով գալիս են բալետ դիտելու։

Իսկ ինչպե՞ս պահել սահմանը դասականի և ժամանակակիցի միջև։
Սա շատ բարդ հարց է, քանի որ ես ինքս էլ նման փորձեր եմ կատարում և փորձում հասկանալ, թե որտեղ պետք է անցնի այդ սահմանը։ Ես նույնպես հաճախ մտածում եմ այդ մասին։ Կարծում եմ՝ այս թեմայով նույնիսկ կարելի է գիտական աշխատանք գրել, քանի որ չեմ կարծում, թե երբևէ հստակ սահմանում է տրվել, թե որտեղ է ավարտվում դասականը և սկսվում ժամանակակիցը։ Առհասարակ չեմ կարծում, որ արվեստում ինչ-որ սահմաններ դնելը հեշտ է, բայց, իհարկե, կա դասական ոճ և տեխնիկա, որը մեկնաբանված է։ Այդ մեկնաբանությունները փոփոխվում են, քանի որ զարգանում են նաև մարդու մարմնի հնարավորությունները, և հնարավոր չէ ասել, թե որտեղ է այդ սահմանը։ Սակայն այսօր արդեն լրիվ այլ ժամանակակից շունչ է նկատվում, որն այլևս դասականը չէ, որը փորձում են պահպանողականության մեջ թողնել։ Միևնույն ժամանակ, վերջերս այն, ինչը մեզ համար ժամանակակից էր, արդեն դարձել է դասական։ Դրա օրինակներն են ժամանակակից բալետները, որոնց մասին ժամանակին կարծում էին, թե անհասկանալի են, սյուժե չունեն, և անհասկանալի է, թե ինչպես են շարժվում։
Դասական բալետի բազմաթիվ ստեղծագործություններ այսօր վերաիմաստավորվում են աշխարհի տարբեր բեմերում։ Որքանո՞վ կարող է փոխվել դասական բալետը՝ առանց կորցնելու իր ինքնությունը։
Կարծում եմ, որ դասական բալետը փոխզիջումների կգնա։ Մյուս կողմից, հիմա խորեոգրաֆները բեմադրելիս հնարավորինս փորձում են պահպանել գոնե մեկ հատված կամ գաղափար։ Բայց, միևնույն է, այն պետք է մի նոր բան ասի այսօրվա մասին, որպեսզի արդիական լինի ժամանակակից հանդիսատեսի համար։ Օրինակ՝ «Կարապի լիճը» սիրո մասին պատմություն է, բայց թեմաները պետք է լինեն նաև այսօրվա մասին, որպեսզի գրավեն ժամանակակից հանդիսատեսին։

Դուք նաև հետաքրքրված եք ժամանակակից պարով և ցանկանում եք ավելի խորանալ այդ ուղղության մեջ։ Ի՞նչ նոր հնարավորություններ է այն բացում դասական բալետի արտիստի համար։
Դա առաջին հերթին մարմնի հնարավորություններն են, որոնք միշտ հետաքրքիր է ուսումնասիրել։ Ժամանակակից պարը տալիս է նաև նոր մտածողություն, քանի որ բացում է նոր անկյուններ, որտեղից կարելի է ուսումնասիրել հարցերը։ Այդ պայմաններում բալետի արտիստը կզգա իր դրած սահմանները և պետք է կոտրի այդ սահմանափակումները իր մարմնի միջոցով։
Բալետի արտիստից պահանջվում է ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն, այլև լայն աշխարհայացք։ Ի՞նչ դեր ունեն գրականությունը, թատրոնը և արվեստի մյուս ճյուղերը Ձեր մասնագիտական զարգացման մեջ։
Թատրոնն առհասարակ շատ մեծ կապ ունի բալետի հետ, եթե այն դիտարկենք որպես առանձին թատերական ժանր։ Ես սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Դա ազդեցություն է թողել ինձ վրա, և ես շատ եմ սիրում թատրոնը, թատրոն ստեղծող մարդկանց, քանի որ յուրաքանչյուրն իր դերն ունի թատրոնում, և դրանք բոլորը շատ գեղեցիկ ու հետաքրքիր դերեր են։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր թատրոնում աշխատելիս կարելի է նոր հետաքրքրություններ գտնել։ Ես շատ եմ սիրում աշխարհի տարբեր թատերախմբերի և մեր թատրոնների հետ աշխատել։ Տարբեր թատրոններում եմ լինում և տեսնում, թե ինչպիսի մթնոլորտ է այնտեղ տիրում։ Դա միշտ հետաքրքիր է, քանի որ թատրոնն անհավանական աշխարհ է։ Եթե մարդը սիրում է այս արվեստը և նվիրվում է դրան՝ լինի հանդիսատես, թե կատարող, նրա կյանքն առավել հետաքրքիր է դառնում։

Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է լինելու ապագայի բալետի արտիստը։ Ի՞նչ նոր հատկանիշներ են անհրաժեշտ լինելու հաջորդ սերնդին։
Որոշ փոփոխություններ, իհարկե, պետք են։ Ես արդեն նկատում եմ, որ որոշ փոփոխություններ կան, կա զարգացում։ Սակայն միաժամանակ կան հարցեր, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, լուծված չեն։ Ներսում աշխատող արտիստը լրիվ այլ պատկեր է տեսնում։ Ապագայում ես տեսնում եմ, որ Հայաստանում պետք է ստեղծվեն այլ պայմաններ արտիստների համար։ Այսօր աշխարհում ձգտում են բալետում ձևավորել ավելի առողջ միջավայր, և կարծում եմ, որ որոշ կարծրացած պատկերացումներ ժամանակի ընթացքում կփոխվեն։
Ի՞նչ խնդիրներ եք տեսնում հայկական ժամանակակից պարի ոլորտում, և ի՞նչ փոփոխություն կցանկանայիք բերել։
Ես կուզեի, որ գրվեր ժամանակակից պարի պատմություն կամ հեղինակվեր որևէ գիտական աշխատություն այդ թեմայով։
Հայաստանում ժամանակակից պարը դեռևս լայն հանդիսատես չունի։ Ի՞նչ պետք է փոխվի, որպեսզի այն հասանելի դառնա ավելի մեծ լսարանի։
Կարծում եմ, որ ժամանակակից պարն ունի փոքր լսարան, քանի որ շատ մարդիկ դեռ պատրաստ չեն ընդունել ժամանակակից պարը։ Անգամ խոսքը վերաբերում է բալետի արտիստներին և բալետի սիրահարներին։ Նրանք պատրաստ չեն նոր տեղ տալ ժամանակակից պարին։ Ոչ ոք չի ասում, որ դրանք պետք է պայքարեն կամ խանգարեն մեկը մյուսին։ Ընդհակառակը, կարծում եմ, որ հիմա արդեն սկսել են դրանք համատեղել, ինչի համար շատ ուրախ եմ։ Ուրախ եմ, որ բեմադրվում են շատ ժամանակակից ներկայացումներ, կա նաև ժամանակակից պարի փառատոն, որի հանդիսատեսից մենք հասկացանք, որ կա հանդիսատես, և, իհարկե, ունենք աճելու շատ մեծ հնարավորություն։
«Լա Բոհեմ» նախագծում, որտեղ ակտիվ մասնակցություն ունեք, միավորվում են Շառլ Ազնավուրի երաժշտական աշխարհը և ժամանակակից պարային արտահայտչամիջոցները։ Ի՞նչն է Ձեզ համար ամենահետաքրքիրը տարբեր արվեստների նման միավորման մեջ։
Ես հրավեր ստացա Պարոնյանի թատրոնից մի քանի ամիս առաջ՝ մասնակցելու բեմադրություններին, որոնք իրականում ինձ համար նոր չէին։ Ես «Լա Բոհեմ» ներկայացման առաջին կատարողներից եմ։ Այն բեմադրվել էր 2017 թվականին, և ես աշխատել եմ Ռուդոլֆ Խառատյանի հետ։ Իսկ «Տանգո» ներկայացումը նույնպես բեմադրվել էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և եղել էր թատրոնի խաղացանկում։ Այդ պատճառով շատ լավ ծանոթ էի ներկայացումներին, և ինձ հրավիրել էին որպես նախկին մենակատար։ Ես համաձայնվեցի աշխատել, և ստացվեց շատ գեղեցիկ ու նորովի։ Հատկապես «Տանգոյի» մասին է խոսքը, քանի որ լրիվ նոր դեկորացիաներ և բեմանկարչություն էին պատրաստվել, և շատ յուրահատուկ ստացվեց։
Շատ հաճելի էր աշխատել այդ երաժշտության ներքո, և երաժշտությունը նաև թելադրում էր, թե ինչպիսին պետք է լինի կատարումը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրը մեկնաբանում է յուրովի։ Ինձ համար չէի ասի, որ սա բարդություն է ներկայացնում, այլ, հակառակը, ոգեշնչում է։ Այս ներկայացման մեջ ամեն անգամ երաժշտությունը լսելիս զգացողությունները փոխվում են, և երաժշտությունը թելադրում է, թե ինչպես շարժվել։
Պարը բառեր չունի, բայց կարող է պատմել մարդու ներաշխարհի մասին։ Ինչի՞ մասին է Ձեր պարը:
Ես կարծում եմ, որ այն կլինի հավատի մասին։ Հավատը պետք է միշտ ներսում պահպանել և երբեք ինքդ քո հանդեպ հավատդ չկորցնել։ Դա շատ կարևոր է և նաև շատ դասական սյուժեների համար լեյտմոտիվ է դարձել։

Ձեր ընտանիքում արվեստը միշտ եղել է կարևոր արժեք՝ բալետ, երաժշտություն, նկարչություն։ Այսօր ի՞նչն է ձևավորում Կարինա Շիկանյանի ստեղծագործական ինքնությունը։
Իմ կյանքում շատ մեծ ներդրում է ունեցել իմ ընտանիքը, որպեսզի ես լինեմ արվեստի մեջ։ Այդ ժառանգությունը ես տեսնում եմ իմ տան գրապահարանում։ Կերպարվեստի մասով ինձ հասել են գրքեր մայրիկիցս, կինոյի ոլորտում մորաքույրս է սովորել, տատիկս բալետի սիրահար է եղել, և, իհարկե, նախատատիկից նույնպես ժառանգություն եմ ստացել։ Այդ ամենը չէր կարող չազդել ինձ վրա։ Դա է պատճառը, որ իմ ինքնության մեջ ես սիրում եմ արվեստների սինթեզը։
Գիտեմ նաև, որ ոչ միայն պարում եք, այլև գրում եք պատմվածքներ։ Ի՞նչ է տալիս արտիստին գրելու փորձառությունը։
Գրելը շատ օգտակար է յուրաքանչյուր մարդու համար։ Շատերը մտածում են, որ չեն կարող գրել։ Ես նույնպես ժամանակին այդպես եմ մտածել, բայց այն, ինչ ուզում եմ արտահայտել, փորձում եմ անել ազնվորեն։ Գրելն առաջին հերթին ինձ համար երկխոսություն է ինքս ինձ հետ։ Շատ հարցերի պատասխաններ գտնում եմ հենց գրելու ընթացքում, և դա ինձ ոգեշնչում է։ Որոշակի պայմաններում կարող եմ ինքնաբուխ սկսել գրել, և այդ գործընթացում միշտ շատ գեղեցիկ ընթացք եմ տեսնում։ Կարծում եմ՝ ինձ ոգեշնչում է կյանքում ամեն բան, որին հնարավոր է այլ տեսանկյունից նայել։
Տարբեր երկրներում աշխատելուց հետո՝ կա՞ մի բան, որը կցանկանայիք բերել և ներդնել հայկական բալետային միջավայրում։ Ի՞նչ կփոխեիք ժամանակակից արվեստում։
Ես կուզեի, որ փոխվեր մեր բոլորի մտածելակերպը, մեր մենթալիտետը։ Կուզեի, որ յուրաքանչյուրս ազատ թողնենք մեր միտքը, որովհետև մեր հասարակությունը հաճախ սիրում է այն սահմանափակել շատ նեղ շրջանակներով։ Դա շատ վտանգավոր է, քանի որ կանգնեցնում է այնպիսի գործընթացներ, որոնք անհրաժեշտ են մարդու զարգացման համար։
Մարդը կարիք ունի երազելու, երևակայելու, ձգտելու։ Երբ որևէ գաղափար երկար ժամանակ ապրում է մարդու մտքում, նա սկսում է այն իրագործել։ Իսկ երբ դրվում են սահմաններ, մարդը երբեմն նույնիսկ չի համարձակվում ընդունել շատ գաղափարներ՝ ամոթից կամ հասարակական գնահատականի վախից։ Այդ սահմանափակումները պետք է ձգտել կոտրել։ Որքան շատ մարդիկ հաղորդակցվեն արվեստին և այն սպառեն, այնքան ավելի կզարգանա մեր հասարակությունը։ Մենք պարտավոր ենք տարածել և հանրահռչակել արվեստը, որովհետև մարդիկ արվեստի կարիք ունեն։
Շնորհակալ եմ զրույցի համար։
Զրուցեց Ալմաստ Մուրադյանը