Մշակույթը որպես պատմական հիշողության կրող. ինքնության պահպանումը փոփոխվող աշխարհում

«Մշակույթը որպես պատմական հիշողության կրող. ինքնության պահպանումը փոփոխվող աշխարհում» թեմայով զրուցել ենք անկախ լրագրող և Ֆրանսիայի հետախուզական հետազոտությունների կենտրոնի (CF2R) հետազոտող Տիգրան Եկավյանի հետ։ Տիգրան Եկավյանը Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences Po) համեմատական քաղաքագիտության մագիստրոս է։ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO) ստացել է արաբերենի մասնագետի բակալավրի աստիճան։ Մասնագիտական և հետազոտական գործունեության շրջանակում են Պորտուգալիան և պորտուգալախոս աշխարհը, հայկական Սփյուռքը, ինչպես նաև Արևելքի քրիստոնեական Սփյուռքերը։ Եկավյանի վերջին հրատարակված գրքերից է «Արևելքի փոքրամասնություններ. պատմության կողմից մոռացվածները» աշխատությունը, որը 2020 թվականին թարգմանվել է հայերեն և հրատարակվել «Ակտուալ արվեստ» հրատարակչության կողմից։

Զրույցում անդրադարձել ենք մշակույթի և պատմական հիշողության փոխհարաբերությանը, ինքնության պահպանման ու փոխանցման խնդիրներին, ինչպես նաև հայկական Սփյուռքին՝ որպես մշակութային և պատմական հիշողության կարևոր միջավայրի։ Քննարկել ենք նաև, թե ինչպես է հայկական ինքնությունը վերափոխվում փոփոխվող աշխարհում, և ինչ դեր ունեն այս գործընթացում սերնդափոխությունը, բազմակենտրոն հայկական աշխարհը և ժամանակակից մշակութային ու թվային միջավայրերը։

Դուք հաճախ եք խոսում մշակույթի՝ որպես ինքնության պահպանման և փոխանցման գործիքի մասին։ Ձեր պատկերացմամբ՝ մշակույթը պարզապես պահպանո՞ւմ է պատմական հիշողությունը, թե՞ նաև որոշում է, թե ինչ ենք հիշում, ինչպես ենք մեկնաբանում անցյալը և, ի վերջո, ինչ ինքնություն ենք ձևավորում։

Մշակույթը երբեք չեզոք պահարան չէ։ Այն միայն չի պահպանում հիշողությունը, այլև ընտրում, կազմակերպում և մեկնաբանում է այն։ Յուրաքանչյուր սերունդ իր մշակութային արտադրությամբ որոշում է, թե անցյալից ինչը արժանի է հիշվելու և ինչը կարող է մոռացության մատնվել։ Մորիս Հալբվաքսը արդեն ցույց էր տվել, որ հիշողությունը միշտ կառուցվում է հավաքական շրջանակների մեջ։ Հայկական պարագայում Սփյուռքի դպրոցները, եկեղեցին, մամուլը և կուսակցությունները դարձան այդ շրջանակները։ Ուստի մշակույթը և՛ պահապան է, և՛ ճարտարապետ։ Խնդիրն այն է, որ երբ չենք գիտակցում այս ընտրողական դերը, կարծում ենք, թե «բնական» ժառանգություն ենք փոխանցում, մինչդեռ իրականում ծառայում ենք որոշակի պատումի։

Եթե ինքնությունը պետք է ոչ թե պարզապես պահպանել, այլ շարունակաբար վերարտադրել և վերաիմաստավորել, ապա որտե՞ղ է անցնում սահմանը մշակութային շարունակականության և ինքնության փոփոխության միջև։ Ո՞ր պահից փոփոխությունը դադարում է լինել նույն ինքնության նոր դրսևորում և վերածվում է նոր ինքնության ձևավորման։

Սահմանը, իմ կարծիքով, ձևերի մեջ չէ, այլ ինքնագիտակցության և պատկանելիության զգացման։ Լեզուն կարող է փոխվել, ծեսերը կարող են նոսրանալ, բայց եթե մարդը շարունակում է իր կյանքը դիտել հայկական պատմության և ճակատագրի հետ հարաբերության մեջ, ինքնությունը շարունակվում է։ Փոփոխությունը դառնում է նոր ինքնություն, երբ խզվում է անցյալի հետ երկխոսությունը, երբ հայկականը վերածվում է զուտ ֆոլկլորային հիշատակի կամ ծագման մասին պարզ տեղեկության՝ առանց ներքին իմաստի։ Ֆրանսահայ երրորդ սերնդի մեջ երկու ուղղություններն էլ տեսնում ենք. ոմանք հայերեն չեն խոսում, բայց խոր կապ ունեն, ուրիշները պարզապես «հայկական ծագումով ֆրանսիացի» են։ Սահմանը, հետևաբար, հստակ գիծ չէ, այլ շարունակական ընտրություն։

Tigran Ekavyan 3

Դուք հարցադրում եք արել, թե ինչու երիտասարդ մարդը պետք է շարունակի իրեն հայ համարել, եթե միայն ծագումը բավարար պատասխան չէ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է առաջարկի հայկական մշակույթը երիտասարդին, որպեսզի հայ լինելը նրա համար լինի ոչ միայն ժառանգված ինքնություն, այլև գիտակցված ընտրություն և ապրող արժեք։

Ծագումը հարց է, ոչ թե պատասխան։ Երիտասարդին պետք է առաջարկել երեք բան։ Նախ՝ իմաստ. հայ լինելը պետք է օգնի աշխարհը հասկանալու, ոչ միայն անցյալը հիշելու։ Երկրորդ՝ ստեղծագործական տարածք. գրականություն, երաժշտություն, գիտություն, ձեռներեցություն, որտեղ նա կարող է լինել արարող, ոչ միայն ժառանգորդ։ Երրորդ՝ համայնք, այսինքն՝ մարդկային կապեր, որտեղ նա զգում է, որ իր ներկայությունը կարևոր է։ Եթե հայկականությունը միայն պարտավորություն ու հանդիմանություն է («հայերեն չես խոսում», «եկեղեցի չես գալիս»), այն վանում է։ Եթե բացում է դեպի հարուստ ու բազմաձայն աշխարհ, այն գրավում է։ Ընտրված ինքնությունը միշտ ավելի դիմացկուն է, քան պարտադրվածը։

Հայկական ինքնությունը պատմության ընթացքում ձևավորվել է տարբեր պետությունների, կայսրությունների և մշակութային միջավայրերի փոխազդեցության պայմաններում։ Արդյոք սա թո՞ւյլ է տալիս հայկական ինքնությունը դիտարկել ոչ թե որպես անփոփոխ ժառանգություն, այլ որպես պատմության ընթացքում շարունակաբար վերակառուցվող ինքնություն։

Անկասկած։ Հայկական ինքնությունը պատմության ընթացքում միշտ ձևավորվել է կայսրությունների սահմանագծին՝ պարթևական, բյուզանդական, արաբական, պարսկական, օսմանյան, ռուսական։ Կիլիկիան իր քաղաքական մշակույթը կերտեց խաչակիրների աշխարհի հետ շփման միջոցով, Պոլսի հայությունը եվրոպական լուսավորության ազդեցությամբ ստեղծեց արդի արևմտահայ գրականությունը, Թիֆլիսը դարձավ արևելահայ մտավորականության օրրանը։ Այս փոխազդեցությունները չեն աղավաղել ինքնությունը, այլ հարստացրել են այն։ Սակայն վերակառուցվող ինքնություն ասելը չի նշանակում, թե ամեն ինչ հարաբերական է։ Կա առանցք՝ եկեղեցի, լեզու, գիր, պատմական հիշողություն, որը դարեր շարունակ ծառայել է որպես հենարան։ Հայը միշտ կարողացել է փոխվել՝ առանց անհետանալու։

Ձեր վերջին հրապարակումներում շեշտում եք, որ Սփյուռքը չպետք է դիտարկել միայն Հայաստանի նկատմամբ ունեցած իր դերով։ Ի՞նչ է փոխվում, երբ Սփյուռքը դիտարկվում է որպես ինքնուրույն սոցիալական, մշակութային և մտավոր միջավայր՝ սեփական զարգացման օրակարգով։

Երբ Սփյուռքը դիտում ենք միայն որպես Հայաստանի «օժանդակ» կամ «պահեստային» ուժ, անտեսում ենք նրա պատմական ինքնատիպությունը։ Սփյուռքը հարյուր տարվա ընթացքում ստեղծել է իր դպրոցները, իր գրականությունը՝ Հակոբ Օշականից մինչև Վահե Օշական, իր մտավորական ավանդույթը և իր քաղաքական մշակույթը։ Իմ ատենախոսության մեջ խոսում եմ «ժամանակային անհամաժամանակության» մասին. պետությունն ու Սփյուռքն ապրում են տարբեր ժամանակներում, տարբեր առաջնահերթություններով։ Երբ ընդունենք Սփյուռքի ինքնավարությունը, կդադարենք այն չափել միայն իր «օգտակարությամբ» և կսկսենք լսել նրան։ Այդ ժամանակ Հայաստան-Սփյուռք հարաբերությունը կարող է դառնալ գործընկերություն, ոչ թե հովանավորություն կամ կախվածություն։

Tigran Ekavyan 2

Դուք խոսում եք հայկական աշխարհի՝ որպես բազմակենտրոն տարածքի մասին, որտեղ Երևանը կարևոր կենտրոն է, բայց ոչ միակը։ Այս պայմաններում ի՞նչն է տարբեր համայնքները պահում մեկ հայկական մշակութային աշխարհի մեջ։ Կա՞ հայկական ինքնության այնպիսի նվազագույն ընդհանուր հիմք, որն անկախ է աշխարհագրական կենտրոնից։

Այո՛, կարծում եմ, որ կա նվազագույն ընդհանուր հիմք, որը բաղկացած է երեք տարրից՝ պատմական ճակատագրի զգացում, լեզվամշակութային ժառանգության գիտակցություն (նույնիսկ երբ լեզուն այլևս չի խոսվում) և ապագայի հանդեպ պատասխանատվության զգացում։ Երևանն անփոխարինելի կենտրոն է, որովհետև այստեղ է պետությունը, բայց Բեյրութը, Փարիզը, Լոս Անջելեսը, Պոլիսը նույնպես ստեղծել և ստեղծում են հայկական մշակույթ։ Դրանց միավորում է ոչ թե աշխարհագրությունը, այլ ընդհանուր պատումը և փոխադարձ ճանաչումը։ Միասնությունը պահում է ցանցը, ոչ թե բուրգը։

Հայկազյան համալսարանում Ձեր վերջին դասախոսության ընթացքում հայկական Սփյուռքը բնորոշել եք որպես «անդրազգային» (transnation): Ի՞նչ նոր իրողություն է փորձում նկարագրել այս հասկացությունը, և ինչո՞վ է այն տարբերվում «Սփյուռք» ավանդական հասկացությունից։

Այս հասկացության համար մեծապես պարտական եմ Խաչիկ Թէօլէօլեանին, որը առաջիններից էր, որ Սփյուռքը դիտարկեց որպես «անդրազգային» (transnation) իրականություն։ Ավանդական «սփյուռք» հասկացությունը ենթադրում է կենտրոն՝ հայրենիքը, և ցրված ծայրամասեր, որոնք ձգտում են վերադարձի։ Անդրազգայինը նկարագրում է մի ազգ, որն ապրում է միաժամանակ բազմաթիվ պետություններում, որի անդամներն ունեն բազմակի քաղաքացիություն ու պատկանելիություն, և որի կենսունակությունը կախված չէ միայն մեկ տարածքից։ Այս տեսանկյունից ֆրանսահայը լիարժեք ֆրանսիացի է և լիարժեք հայ՝ առանց հակասության։ Հասկացությունը թույլ է տալիս դուրս գալ «աքսոր» և «ձուլում» երկընտրանքից և տեսնել գոյության նոր ձև, որը թերևս բնորոշ է մեր դարին։

Իսկ ինչպե՞ս կարող են միաժամանակ գոյություն ունենալ համայնքների ինքնավարությունը և ընդհանուր հայկական պատկանելիությունը։ Որտե՞ղ է այն սահմանը, որից հետո համահայկական միասնությունը կարող է վերածվել կենտրոնացման կամ միասնականացման պահանջի։

Միասնությունը չի նշանակում միատեսակություն։ Համայնքների ինքնավարությունն ու ընդհանուր պատկանելիությունը կարող են գոյակցել, եթե հարաբերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի և երկխոսության վրա։ Սահմանն անցնում է այն պահին, երբ կենտրոնը՝ լինի պետություն, կուսակցություն թե եկեղեցական կառույց, փորձում է բոլորին պարտադրել մեկ ճշմարտություն, մեկ գաղափարախոսություն կամ մեկ քաղաքական գիծ։ Վերջին տարիներին Հայաստանում «Իրական Հայաստան» գաղափարը փորձում է պետությունն անջատել «Պատմական Հայաստան» պատումից։ Պետությունն իրավունք ունի սահմանելու իր շահերը, բայց երբ այն սկսում է որոշել, թե ով է «իսկական» հայը, կամ Սփյուռքը դիտում է որպես խնդիր, վտանգում է համահայկական կապը։ Միասնությունը պետք է լինի ցանցային, ոչ թե ուղղահայաց։

Դուք նաև խոսում եք «Հոգևոր Հայաստանի» գաղափարի վերաիմաստավորման մասին։ Ի՞նչ պետք է նշանակի «Հոգևոր Հայաստանը» XXI դարում։ Արդյո՞ք այն պետք է հասկանալ որպես մշակութային տարածք, արժեքային համակարգ, պատմական հիշողության ընդհանուր հարթակ, թե՞ ավելի լայն՝ համահայկական գոյության ձև։

XXI դարում «Հոգևոր Հայաստանը» պետք է հասկանալ որպես ընդհանուր իմաստային տարածք, որտեղ հայը, ուր էլ որ լինի, կարող է մասնակցել հայկական մշակութային ու բարոյական կյանքին։ Այն ո՛չ տարածքի փոխարինողն է, ո՛չ էլ վերացական երազանք։ Այն միավորում է հիշողությունը, արժեքները (արժանապատվություն, համերաշխություն, ստեղծագործականություն) և գործնական կապերը՝ կրթական, մշակութային և թվային ցանցերը։ Պետական Հայաստանն ու Հոգևոր Հայաստանը միմյանց հակադիր չեն. առաջինը անհրաժեշտ է որպես քաղաքական հենարան, երկրորդը՝ որպես այն ավելի լայն շրջանակը, որն ընդգրկում է բոլոր հայերին։ Նրանց միջև լարվածությունը կարող է ստեղծագործական լինել, եթե ոչ մեկը չփորձի ջնջել մյուսին։

Հայկական ինքնության մեջ ցեղասպանության, հայրենազրկման և կորստի հիշողությունը հիմնարար տեղ ունի։ Ինչպե՞ս կարելի է պահպանել այդ հիշողությունը՝ առանց այն դարձնելու ինքնության միակ կամ գերիշխող հիմքը։ Ինչպե՞ս կարող է հիշողությունը վերածվել ոչ միայն անցյալի վկայության, այլև ապագա ստեղծելու ռեսուրսի։

Ցեղասպանության հիշողությունը մեր ինքնության անբաժանելի մասն է և պիտի մնա։ Սակայն եթե այն դառնա միակ հիմքը, վտանգում ենք մեր ինքնությունը կառուցել միայն վերքի շուրջ, ինչը հատկապես նոր սերնդի համար հոգնեցուցիչ է։ Պետք է հիշել ոչ միայն այն, ինչ կորցրինք, այլ նաև այն, ինչ էինք՝ Անիի ճարտարապետությունը, Պոլսի մամուլը, Վանի, Կեսարիայի, Ադանայի, Ուրֆայի քաղաքային քաղաքակրթությունը, Կոմիտասի գործը։ Սա ինքնին դիմադրություն է ջնջմանը։ Հիշողությունը ապագայի աղբյուր է դառնում, երբ ներշնչում է ստեղծագործություն, արդարության պահանջ և այլ ժողովուրդների տառապանքի հանդեպ զգայունություն։

Tigran Ekavyan 4

Դուք խոսում եք թե՛ «զոհի ինքնության» փակ շրջանի, թե՛ դատարկ պրագմատիզմի վտանգների մասին։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է գտնել այնպիսի դիրք, որտեղ պատմական հիշողությունը չի վերածվում փակ ինքնության, բայց միևնույն ժամանակ չի կորցնում իր քաղաքական, մշակութային և բարոյական նշանակությունը։

Երկու վտանգներն էլ իրական են։ Զոհի ինքնությունը մարդուն փակում է անցյալի մեջ, դարձնում պասիվ և կախված ուրիշների ճանաչումից։ Դատարկ պրագմատիզմը, մյուս կողմից, հանուն «իրատեսության» պատրաստ է զոհաբերելու հիշողությունն ու արժանապատվությունը, ինչպես տեսանք Արցախի կորստից հետո որոշ քաղաքական խոսույթներում։ Միջին ճանապարհը, իմ կարծիքով, արժանապատիվ իրատեսությունն է. ընդունել ուժային հարաբերակցության իրականությունը՝ առանց հրաժարվելու արդարության սկզբունքից։ Հիշողությունը պետք է լինի կողմնացույց, ոչ թե բանտ։ Այն պետք է օգնի հասկանալու մեր «ռազմավարական առաստաղը», այսինքն՝ մեր հնարավորությունների սահմանները, բայց նաև հիշեցնի, թե ինչու արժե պայքարել։

Եթե ավանդական հայկական կառույցների մի մասը ձևավորվել էր գոյատևման, ինքնապաշտպանության և հիշողության պահպանման խնդիրների շուրջ, ապա այսօր, երբ հայկական համայնքները սոցիալապես և մշակութային առումով շատ ավելի բազմազան են, ի՞նչ նոր գործառույթներ պետք է ստանձնեն այդ կառույցները։

Ավանդական կառույցները՝ եկեղեցին, կուսակցությունները, բարեսիրական միությունները, ստեղծվել էին գոյատևման համար և իրենց պարտականությունը կատարել են շատ դժվար պայմաններում։ Այսօր դրանք պետք է անցնեն պահպանողական տրամաբանությունից դեպի ստեղծագործական ու ցանցային տրամաբանություն։ Նախ՝ լինել բաց տարածքներ, որտեղ նույնիսկ հայերեն չխոսող կամ խառը ընտանիքից եկող երիտասարդը կարող է իր տեղը գտնել։ Երկրորդ՝ դառնալ մտավոր արտադրության կենտրոններ՝ հետազոտության, հրատարակության, վերլուծության։ Երրորդ՝ լինել կամուրջներ Հայաստանի հետ՝ ոչ միայն նվիրատվության, այլև իրական համագործակցության շրջանակում։ Դրանք պետք է նաև որդեգրեն ներքին ժողովրդավարություն և թափանցիկություն, առանց որոնց երիտասարդները շարունակելու են հեռանալ։

Դուք տարբեր առիթներով խոսել եք հայկական աշխարհի սերնդափոխության և մշակութային փոխանցման ճգնաժամի մասին։ Այսօր ավելի մեծ խնդիր է հայկական մշակույթի բովանդակության պակա՞սը, թե՞ այն նոր սերնդին փոխանցելու ձևերի անբավարարությունը։ Եվ ի՞նչ դեր կարող են այստեղ ունենալ կրթությունը, մեդիան, գրականությունը, կինոն և թվային մշակույթը։

Բովանդակության պակաս չունենք, մեր մշակույթը չափազանց հարուստ է։ Խնդիրը փոխանցման ձևերի մեջ է։ Շատ հաճախ XX դարի մեթոդներով՝ դասախոսություններով, տոնակատարություններով, հիշատակի միջոցառումներով, դիմում ենք XXI դարի մի սերնդի, որն ապրում է պատկերի, շարժման ու փոխազդեցության մեջ։ Կրթությունը պետք է լինի ավելի քննադատական և պակաս ծիսական, մեդիան՝ ավելի մասնագիտական ու անկախ։ Գրականությունը պետք է թարգմանվի, որպեսզի հասնի հայերեն չկարդացողներին։ Կինոն ու թվային մշակույթը կարող են ստեղծել ընդհանուր պատկերացումներ, որոնք կապում են Երևանն ու Սփյուռքը։ Արևմտահայերենի պարագայում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից վտանգված լեզու է համարվում, թվային գործիքները կենսական են։

Եթե XX դարում հայկական մշակույթի գլխավոր խնդիրներից մեկը գոյատևումն ու հիշողության պահպանումն էր, ապա ո՞րը պետք է լինի XXI դարի գլխավոր մշակութային խնդիրը՝ պահպանե՞լ ժառանգվածը, վերաիմաստավորե՞լ այն, թե՞ ստեղծել մշակութային նոր իրականություն, որը դեռ գոյություն չունի։

Կարծում եմ՝ երեքն էլ անհրաժեշտ են, բայց որոշակի հերթականությամբ։ Պահպանել ժառանգվածը, որովհետև առանց հիմքի ոչինչ հնարավոր չէ կառուցել։ Վերաիմաստավորել, որովհետև չվերաիմաստավորված ժառանգությունը դառնում է թանգարանային առարկա։ Բայց գլխավոր մարտահրավերը, իմ կարծիքով, նոր մշակութային իրականություն ստեղծելն է։ XX դարը մեզ ստիպեց դիմադրելու, XXI դարը պետք է մեզ մղի ստեղծելու այնպիսի մշակույթ, որը կարող է խոսել ոչ միայն հայերի, այլև աշխարհի հետ։ Սարոյանը, Ազնավուրը, Փարաջանովը ցույց տվեցին, որ հայկական փորձառությունը կարող է դառնալ համամարդկային։

Եվ վերջում՝ եթե փորձեք ձևակերպել ոչ թե անցյալի, այլ ապագայի հայկական ինքնության գաղափարը, ապա որո՞նք են այն երեք հիմնարար արժեքները կամ սկզբունքները, որոնց շուրջ, Ձեր կարծիքով, կարող է ձևավորվել XXI դարի ընդհանուր մշակութային պատկերը՝ Հայաստանում և Սփյուռքում։

Եթե պետք է ընտրեմ երեք սկզբունք, կասեմ՝ առաջինը՝ արժանապատվություն։ Հայը, ուր էլ որ լինի, պետք է ապրի ոչ թե որպես զոհ կամ պարտված, այլ որպես ազատ մարդ, որը տերն է իր պատմությանն ու ապագային։ Երկրորդը՝ բազմաձայնություն։ Հայկական աշխարհը կգոյատևի միայն եթե ընդունի իր ներքին բազմազանությունը՝ արևելահայ և արևմտահայ, հավատացյալ և աշխարհիկ, Հայաստանցի և սփյուռքահայ, հայախոս և ոչ հայախոս։ Երրորդը՝ ստեղծագործականություն։ Հիշողությունը ապագա չի կառուցում, եթե չի զուգորդվում նոր արժեքներ արարելու կամքի հետ։ Այս երեք սկզբունքները կարող են լինել կամուրջ Երևանի ու Սփյուռքի միջև, որովհետև դրանցից ոչ մեկը չի պատկանում միայն մեկ կենտրոնի. դրանք բոլորինս են։

Շնորհակալ եմ զրույցի համար:

Զրուցեց Ալմաստ Մուրադյանը

574
Սեպտեմբեր 25, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: