Արեգ Բագրատյան․ Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն
Գրական աշխարհ մտնելու առաջին տարիներին Զոյա Փիրզադին բավականին բացասական են ընկալել հայրենի Իրանում՝ տալով «Խոհանոցի գրող» մականունը: Սակայն շուտով հայազգի գրողը դառնալու էր 80 միլիոնանոց այդ երկրի այցեքարտը միջազգային գրական հարթակներում, եւ նրա «խոհանոցային» ոճին էր հետեւելու գրողների, հատկապես «ճաշ եփող» կին գրողների մի հսկայական բանակ: Այո՛, ընդունված է կարծել, որ կենցաղում ոչնչանում է ամեն ինչ՝ սեր, երազանք, տենչեր ու իղձեր, բայց Զոյա Փիրզադ կինն ու գրողը հենց կենցաղում, մանրուքներում, դետալներում է տեսնում կյանքի հմայքը, գեղեցկությունները: Եվ պատահական չէ, որ ցայսօր Զոյա Փիրզադի գրքերն իրենց տպաքանակով Իրանում զիջում են թերեւս միայն Ղուրանին եւ պարսկական պոեզիայի արքային՝ Հաֆեզին[1]:
Իրանահայ հայտնի և սիրված արձակագիր Զոյա Փիրզադը ծնվել է Հարավային Իրանի հայաշատ Աբադան քաղաքում: Հեղինակին լայն ճանաչում են բերել «Ինչպես բոլոր երեկոները», «Զատկի նախօրեին», «Արքայանարնջի տտիպ համը» ժողովածուները և «Լույսերը ես կհանգցնեմ», «Ընտելանում ենք» վեպերը: Թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, նորվեգերեն, իսպաներեն, իտալերեն, հունարեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն, ճապոներեն և այլ լեզուներով:
Փիրզադի ստեղծագործություններն արժանացել են իրանական և միջազգային մի շարք բարձրագույն գրական մրցանակների. «Լույսերը ես կհանգցնեմ» վեպը 2002 թվականին ճանաչվել է «Տարվա լավագույն գիրք» միջազգային մրցանակաբաշխության հաղթող և արժանացել Իրանի նախագահի մրցանակին: 2014 թ. նրան շնորհվել է ֆրանսիական կառավարության Արվեստների և գրականության ասպետի շքանշան:
1991թ. Իրանում լույս է տեսնում Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն՝ բաղկացած թվով 18 պարզ, համառոտ և անմիջական պատմվածքներից, պատմվածքներ, որ հայազգի գրողի համար պիտի դառնային բանալի՝ մուտք գործելու համաշխարհային գրականության լայնահորիզոն աշխարհ:
Փիրզադի հերոսները հասարակ մարդիկ են՝ իրենց առօրեական, կենցաղային մանր ու մեծ խնդիրներով: Հենց հեղինակն էլ իր պատմվածքները կառուցում է այս խնդիրների վրա, սակայն նա կարողանում է դրանք բարձրացնել, վեր հանել կենցաղային մակարդակից՝ դարձնելով իրական գեղարվեստական գրականության յուրօրինակ նմուշ:
Հեղինակի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածաշարում առաջնային պլան է մղված կինը, Փիրզադը վեր է հանում կանացի այնպիսի նուրբ, առաջին հայացքից անկարևոր, մանրուքային խնդիրներ, որ թերևս ոչ մի տղամարդ գրող չկարողանար անել նույնը: Ասես հեղինակը կյանքին նայում է մի նուրբ, շղարշե վարագույրի միջից, որը, սակայն, չի խոչընդոտում նրան՝ տեսնելու կնոջը հուզող խնդիրները և բացահայտելու դրանք:
Զոյա Փիրզադի լեզուն, կերպարները, արտահայտչամիջոցները ևս բավականին հետաքրքիր են ու բնորոշ հենց իր ընտրած նուրբ գրելաոճին: Նրա նախադասությունները հակիրճ են՝ առանց որոշակի բարդ կառույցների, գրեթե համեմատություններ չի օգտագործում, խոսում է բավական պարզ լեզվով, բայց այս ամենին զուգահեռ, ստեղծում է մի այնպիսի պատկեր, որ ընթերցողին թվում է՝ ինքը ներկա է կատարվող գործողություններին:
Եթե փորձենք «Ինչպես բոլոր երեկոները» ժողովածուի 18 պատմվածքները ամբողջացնել՝ ըստ իրենց թեմատիկայի, արծարծած խնդիրների, մոտավորապես նման պատկեր կստանանք.
- հասարակությունից օտարված մարդու (հատկապես՝ կնոջ) խնդիրներ
- կենցաղային խնդիրներ
- դժբախտ կնոջ կյանք
- սերունդների ու նախնիների կապ
- հեռացում բնությունից
- պատերազմ, հեղափոխություն
- ավտոմատացված աշխատանք
- կապ անծանոթների միջև
20-21-րդ դարերի գլոբալ խնդիրներից մեկը օտարված, հասարակությունից մեկուսացած մարդն է՝ իր մեծ ու փոքր խնդիրներով: Անհատի մենության խնդիրը ժամանակակից գրականության թերևս ամենից խնդրահարույց թեման է, այսինքն՝ հերոսները օտարված են հասարակության, սեփական ընտանիքի, աշխատակիցների կողմից: Եթե փոքր-ինչ խորանում ենք այս խնդրի շուրջ, հարց է առաջանում՝ ո՞րն է պատճառը: Կարելի է նշել անհատի և հասարակության իրարից անջատման ու հեռացման երկու պատճառ՝ ա) հասարակությունն է իր քայլերով, գործողություններով անհատին վանում, դուրս բերում իր շրջապատից, բ) անհատն ինքն է, որ չի ընդունում հասարակության այս կամ այն կարծրատիպերը, սովորույթները և ուղղակիորեն դուրս է գալիս այդ հասարակությունից:
Այնուամենայնիվ, պիտի նշենք, որ հասարակությունից մեկուսացած մարդը հաճախ է ընկնում մտածմունքների, ինքնակեղեքման ու ինքնախարազանման մեջ՝ երբեմն ինքն իրեն հասցնելով սահմանային վիճակի:
Այս համընդհանուր խնդիրն է, որ մաս է կազմել Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածաշարի հոգեբանական դրսևորումների հիմնական առանցքը: Փիրզադն իր մի շարք պատմվածքներում անդրադարձ է կատարում հասարակության կողմից օտարված կանանց. նրանք զուտ իրանցի կանայք չեն, որ մեկուսացվել են իսլամական սովորույթների և այլնի պատճառով, այլ այնպիսի կանայք են, որ, խորանալով կենցաղում կամ ծերանալով, օտարվել են իրենց ընտանիքի, հարազատների, զավակների ու ամուսինների կողմից:
Այս առումով անհրաժեշտ է հիշել ժողովածուի «Ռահելեն և իր ծխածաղիկները» պատմվածքը: Այս ստեղծագործության գլխավոր հերոսը Ռահելեն է՝ տարիքն առած մի կին, որն ամուսնացրել է իր երկու զավակներին՝ տղային ու դստերը, նրանիցից յուրաքանչյուրն ապրում է սեփական կյանքով, իսկ Ռահելեն մեծ, երկհարկանի տանը՝ միայնակ: Հերոսուհին իր մայրական սերը, գորովը տալիս է ծխածաղիկներին, դրանք ջրում, մշակում: Ամբողջ օրը նրա ուշքն ու միտքը բակի դռան կողմն է՝ ո՞վ անցավ, տեսնես՝ ո՞վ կգա իր տուն, երանի որդին կամ դուստրը մտնեին… եւ հեղինակը, բավական պատկերավոր ու արտահայտչական է ներկայացնում հերոսուհու ապրումները այդ մեծ, բայց իրեն նեղող տանը, որը դատարկությունից ասես զնգում է: «…. Վառում է լույսը. մի մեծ սեղան և տասներկու դատարկ աթոռ: Խոհանոց է գնում ու լույսը վառում՝ գազօջախին ոչինչ չկա: Հյուրասենյակում տասը մոմանոց ջահը աղոտ լույս է տալիս: Վերադառնում է միջանցք, աստիճաններով բարձրանում: Երկրորդ հարկի միջանցքի լույսն է վառում: ․․․․Առանց լույսը վառելու գնում է բակին նայող պատուհանի կողմը: Վարագույրն է քաշում: Ծխածաղիկները մթության մեջ խունացած են թվում: Տեսողությունն է լարում և ուշադիր նայում: Այգում միայն գույն է տեսնում. մեղմ երանգներ՝ միախառնված մուգ գույներին»[2]:
Զոյա Փիրզադը, լինելով կին գրող և կանացի նուրբ խնդիրները լավ հասկացող ու ներկայացնող հոգեբան-գրող, չէր կարող չանդրադառնալ կենցաղային մի շարք մանր ու մեծ խնդիրների, որ կնոջ կյանքում դառնում են որոշակի դժվարությունների պատճառ: Փիրզադի գրեթե բոլոր պատմվածքներում կտեսնենք այս խնդիրը, մի տեղ կենցաղն այնքան ամուր է կառչած կնոջ կյանքում, որ նա չի կարողանում գրել հեքիաթ, մի տեղ կինն ուղղակի խելագարության է հասնում ամենօրյա կենցաղային խնդիրներից, մեկ ուրիշ պատմվածքում կենցաղը հեռվից հեռու կապում է անծանոթ հարևաններին և այլն:
Պատմվածաշարի առաջին պատմվածքն է «Նապաստակի ու լոլիկի հեքիաթը»: Այստեղ հեղինակը պատկերել է մի հերոսուհու, որ ողջ պատմվածքի ընթացքում ցանկանում է, փորձում է գրել երեխաների համար մի հեքիաթ նապաստակի ու լոլիկի մասին, բայց կենցաղային ամենօրյա հասարակ խնդիրները նրան այդպես էլ թույլ չեն տալիս․ մերթ մտածում է, որ երբ ամուսինը գնա աշխատանքի, այդ ժամանակ կգրի, մերթ ճաշ եփելուց հետո, մերթ ափսեները լվանալուց հետո, բայց, երբ ի վերջո կատարում է այս բոլորը, այնքան հոգնած է լինում, որ գրելու ո՛չ միտք ունի, ո՛չ էլ ցանկություն:
Ամբողջ պատմվածքում կարևորվում է նրա՝ հեքիաթ գրելու ցանկությունը, որը, սակայն, պատմվածքի վերջում հօդս է ցնդում է, և հերոսուհին գրում է հաջորդ օրվա առևտրի ցուցակը[3]:
«Հարևանները» պատմվածքում Փիրզադը ներկայացնում է երկու ընտանիքի, որոնք անմիջականորեն չունեն ոչ մի կապ, սակայն նրանց միացնում է կենցաղը: Կինը ամեն օր, անկախ իր կամքից, հետևում է հարևանուհու ընտանեկան իրադարձություններին, կարելի է ասել՝ դառնում նրանց ընտանիքի անբաժան մասը[4]:
«Պարոն Ֆ-ի երազած կյանքը» և «Տիկին Ֆ-ն երջանիկ կին է» պատմվածքներն ասես մեկը մյուսի շարունակությունը լինեն, որոնցից առաջինում ներկայացվում է տան տղամարդու կյանքի երազանքերը, որոնք, սակայն, սահմանափակվում են սոսկ կենցաղային ցանկություններով, իսկ երկրորդ պատմվածքում գլխավոր հերոսուհին տիկին Ֆ-ն է՝ իր կանացի երազանքներով, հոգսերով, ապագայի ցանկություններով: Նա ևս կենցաղին կառչած կին է, որն ամբողջ հոգով ու սրտով նվիրված է իր ընտանիքին, ինչը, սակայն, այդքան էլ փոխադարձ չէ[5]:
Զոյա Փիրզադի ստեղծագործություններին մի յուրօրինակ երանգավորում են տալիս դժբախտ կանայք՝ իրենց բարդ ճակատագրերով, հոգսերով, իրենց չհասկացված լինելով ու բոլորին նման չլինելով:
Հիշենք «Թարս ու շիտակ» պատմվածքը, որտեղ հերոսուհին մինչև կոկորդը հոգնել է կենցաղային ամենօրյա հոգսերից, նա ցանկանում է առանց սանրվելու, առանց գիշերազգեստը փոխեու նստել ու մուլտֆիլմեր նայել: Նրան ոչ ոք չի հասկանում, անսահման հոգատար ու նվիրված ամուսինն ու մայրը ամեն կերպ փորձում են օգնել կնոջը, բայց նրա հոգու ցավը ոչ ոք չի կարողանում հասկանալ: Հեղինակը բավականին մեղմությամբ, նուրբ բառերով է նկարագրում կնոջ հոգեբանական ծանր ապրումները, նրա ցանկությունները՝ ստեղծելով մի յուրօրինակ աշխարհ՝ լռության գեղագիտության աշխարհ: Լռության աշխարհում է, որ հերոսուհու ամեն մի հայացքից, չասված խոսքից, ամեն մի թեթև շարժումից ընթերցողը հասկանում է՝ որն է խնդիրը: Ահա այսպիսի մի հատված, թե ամուսինն ինչպես է «ստիպում» կնոջը լռել․ «Ամուսինս ժպտաց, ձեռքս սեղմեց ու ասաց. «Սիրելիս, հանգի՛ստ եղիր», և ես հասկացա` նկատի ուներ` լռի՛ր»[6]:
Պատմվածքում թերևս ամենից ստացված կերպարներից են երկրորդական դերում հանդես եկող սպասասրահում սպասող կինը և հոգեբանը: Բավական հետաքրքիր է պատմվածքի անսպասելի ավարտը. «Չգիտեմ` ինչքան ժամանակ է, որ երբեմն հոգեբույժի հետ նստում ենք ու Ուոլթ Դիսնեյի մուլտերը նայում մի մեծ, կոկիկ ու սիրուն դղյակում, ուր չկան կեղտ ու փոշի: Հոգեբույժս խաղողը կտահան է արել, և ես երբեք մազերս չեմ սանրում: Նրա մորուքը շա՜տ է երկարել: Ես նեյլոնե բոլոր զուգագուլպաներս դուրս եմ թափել, և քանի որ նա չէր ուզում, որ գուլպաներս ուղղեմ, միշտ դրանք թարս ու շիտակ էի հագնում: Իսկ նա ձեռքն ընկած ամեն ինչի վրա ծիծաղող դեմքեր է նկարում և ինձ համար պատմում այն կնոջից, որ նստած է ընդունարանում ու աչքերը չռել է երեք արհեստական մեխակների վրա: [7]» Հետաքրքիր ենք գտնում փաստը, որ հայ ժամանակակից արձակագիրներից Արմինե Գաբրիելյանին, գրավել-ոգեշնչել է Փիրզադը, և նա իր պատմվածքը, որ կոչվում է «Ընթերցելով Զոյա Փիրզադին», կառուցել է սեփական կյանքի դրվագների և իրանահայ գրողի երկու պատմվածքների («Նապաստակի ու լոլիկի հեքիաթը» և «Թարս ու շիտակ») համադրությամբ[8]:
Զոյա Փիրզադի պատմվածքներում առկա մյուս կարևոր տարրը անմիջական կապն է սերունդների միջև: Սերնդակցական այս կապը հիմնականում մայրական գծով է տրված՝ տատ-մայր-դուստր: Այս շեշտով են գրված հեղինակի «Ծաղկավոր ծածկոցը», «Ինչպես գարունը», «Ձմեռ» պատմվածքները:
«Ծաղկավոր ծածկոցը» պատմվածքի գլխավոր հերոսուհին Ռոշանաքն է, որը տատից գործել է սովորում, և տատ ու թոռ սկսում են մի ծաղկավոր ծածկոց գործել: Հետաքրքիր է, որ Ռոշանաքի մայրը չէր գործում: Հեղինակը նկարագրում է Ռոշանաքի կյանքը՝ այն միահյուսելով օր օրի մեծացող ծաղկավոր ծածկոցին: Ռոշանաքն ամուսնանում է, երեք աղջիկ ունենում, բայց նրա ամուսինը մշտապես դժգոհ է կնոջից, նույնիսկ բաժանվում է կնոջից՝ տղա չունենալու պատճառով: Եվ կարծես այդ ծաղկավոր ծածկոցը դառնում է սերունդների միջև մի կամուրջ, ինչպես տատը, որ գործում էր այն, երջանիկ չէր, այնպես էլ թոռնուհին երջանիկ չէ: Եվ պատմվածքի վերջում տատի ու թոռան կերպարներն ասես միանում են մեկ՝ դժբախտ հերոսուհու կերպարում. «Ռոշանաքն իր երեք աղջիկներից ոչ մեկին երբեք գործել չսովորեցրեց, ու նույնիսկ նրա մահվանից տարիներ անց ոչ ոք չիմացավ ու չհարցրեց՝ այն ծածկոցի ծաղիկներն ո՞վ էր գործել՝ Ռոշանա՞քը, թե՞ տատը»[9]:
Տատ-մայր-դուստր ազգակցական կապը գեղեցիկ է նկարագրված «Ինչպես գարուն» պատմվածքում: Այստեղ ներկայացվում է մայր և դուստր կապը տարիների ընթացքում: Այսինքն՝ առաջին հատվածում իբրև դուստր հանդես եկող հերոսուհին, երկրորդ հատվածում դառնում է մայր և այդպես շարունակ: Եվ այս բոլորին իր շուրջն է միավորում մոր կարած ծաղկավոր զգեստը, որ կարծես գարուն լինի: Տարիներն անցնում են, տողատակերում տեսնում ենք պատերազմի կամ հեղափոխության շունչը, թե ինչպես ամեն ինչ խավարի մեջ է, մեծ խանութները փոշոտ են ու կեղտոտ, մարդիկ անդադար շտապում են, նույնիսկ մայրերի վերաբերմունքն է փոխվել, կոպտացել: Բայց մայր-դուստր կապը անխաթար է մնում, և կարմիր թելի նման անցնում է հարցը. «Ի՜նչ սիրուն ծաղիկներ են: Դրանց անունն ի՞նչ է…»[10]:
Զ. Փիրզադը իր ամեն մի պատմվածքում ներկայացրել է յուրօրինակ նուրբ հոգեբանական ապրումներ: Թե՛ ուրախությունը, թե՛ տխրությունը նրա գրչի տակ դառնում են նուրբ՝ առանց ավելորդ պաթոսի ու կրկնաբանության: Այս ամենի վառ ապացույցն է նրա «Մի կյանք» պատմվածքը: Ընդամենը մի քանի էջում հեղինակն անսահման վարպետությամբ նկարագրում է մի կնոջ կյանքի պատմությունը՝ այն համեմատելով ծառի ծաղկելու հետ:
Ամբողջությամբ վերհուշի միջոցով կնոջ աչքի առաջ են հայտնվում իր կյանքի դրվագները՝ ամուսնության առաջին տարին, երեխայի ծնունդը, ամուսնու մահը, դստեր հարսանիքը, իր մենակությունը: Այս ամենն այնքան լուռ է նկարագրվում, որ թերևս փոքր-ինչ անուշադիր ընթերցողը չզգա տողատակում թաքնված ողջ խորությունը՝ հերոսուհու կյանքի քաղցր ու դժբախտ օրերը՝ միահյուսված ծառի ճակատագրին։
Ահա այսպես է նկարագրում աղջկա ծնունդը. «Տասն անգամ առաջին ծաղիկները միասին դիտեցին: Տասնմեկերորդ անգամ կինը հենց բացեց պատուհանը, սառը քամին հեռուներից եկավ, պտտվեց ծառի շուրջբոլորը և սենյակ մտավ: Մի ծաղիկ էր իր հետ բերել: Սպիտակ ծաղիկը կնոջ կրծքին ընկավ: Կինը նկատեց, տղամարդն էլ նկատեց: Երեխան կնոջ գրկում խաղաղ քնած էր: Տղամարդը մատը հպեց երեխայի` փափուկ և ոսկի աղվամազով դեմքին: Ասաց. «Ճի՛շտ դեղձի նման»: Կինը ծիծաղեց: Ծառին նայելիս զգաց, որ ծառի վրայի ծաղիկները ծիծաղում էին:»[11]
Հեղինակն անսահման վարպետորեն է միահյուսել ծառի ու կնոջ ճակատագրերը, ասես նրանք երկուսն էլ աղջկա մայրը լինեն. «Ծառը երեսունմեկերորդ անգամ էր ծաղկում: Ծառն այնքան հոգնած էր, որ ոչինչ չէր զգում: Կինը պատուհանը բացեց: Ձեռքը երկարեց և ծաղիկներ քաղեց: Փեշը լի էր ծաղիկներով: Ծաղիկները մեկ առ մեկ բարձրացան, բարակ ասեղով ու երկար թելով անցան, միմյանց ետև շարվեցին ու պտտվեցին, շրջան կազմեցին: Կինը ծաղկեթագին էր նայում: Երիտասարդ աղջիկը ծաղկեթագը գլխին դրեց և շրջվեց դեպի հայելին: Ծիծաղեց: Նրա զգեստը երկար էր ու ճերմակ: Թևքերի ծայրերն ու օձիքը զարդարված էին մանյակով ու մարգարտով: Մոմերի լույսը հայելին լուսավորեց: Կինն ինքն իրեն ասաց. «Արի՛, տե՛ս, մեր ծաղիկը…»։
Կինը դեռ պատուհանի կողքին կանգնած է: Միայնա՜կ: Քամին կարծես ծաղիկներին խուտուտ է տալիս: Ծաղիկները ծիծաղելու տրամադրություն չունեն: Ծաղիկները հոգնած են:»[12] Իսկ վերջում ասես «ծ» տառի միջոցով ստեղծվել է յուրօրինակ բաղաձայնույթ՝ ցույց տալու ծառի ու կնոջ ծերությունը:
Վերը նշված օրինակներում հիշատակեցինք մի քանի պատմվածքներ, որտեղ մարդ–բնություն կապը անքակտելի է, նրանք միմյանց են լրացնում, դառնում հաջորդական միավորներ: Բայց, միևնույն ժամանակ, Զ. Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուում հանդիպում ենք այնպիսի պատմվածքների, որտեղ մարդը անջատվել, հեռացել է բնությունից՝ իր սկզբնական ակունքից:
Հիշենք «Պատուհանագոգը» պատմվածքը, որտեղ հեղինակը ներկայացնում է հերոսուհու կյանքը՝ մանկությունից մինչ ծերություն: Մանկության օրերին աղջնակը բնության մի մասնիկն էր, սոսին՝ նրա ամենօրյա խաղընկերը: Աղջնակն օրերով նստում էր պատուհանագոգին, նայում սոսիին, զրուցում նրա հետ ու թթի չիր ուտում: Սակայն անցնում են տարիները, դեպքերը սրընթաց զարգանում են, կինն արդեն այն հին օրերի անհոգ աղջնակը չէ, այլևս չենք տեսնու այն կապը բնության ու մարդու միջև: Եվ մի օր էլ մարդն այնքան է հեռանում բնությունից, որ կոկա կոլայի շշեր, պաստերիզացված կաթի տուփեր են հայտնվում սոսուն ջրող առվի մեջ, փակում ջրի ճամփան, և մի օր էլ սոսին շատ է բարկանում ու հարվածում է կնոջ ծանրաքարշ մարմնին:
Համանման պատկեր ենք տեսնում «Մորեխները» պատմվածքում: Այստեղ մարդիկ իրենց ագահությունից, անկշտությունից վերացնում են ողջ բնությունը, ագահաբար դատարկում են խանութները՝ սպասելով թե պիտի մի օր մորեխները գան քաղաք[13]:
20-րդ դարը թերևս մարդկության պատմության ամենից խառնակ ժամանակաշրջաններով աչքի ընկնող դարաշրջանն է, իրար հաջորդող երկու համաշխարհային պատերազմ, ստացված ու ապարդյուն հեղափոխություններ: Համանման իրավիճակ էր նաև նույն դարաշրջանում Իրանում, և, իհարկե, այս իրավիճակը չէր կարող իր ազդեցությունն ու խոր կնիքը չդնել գրականության՝ մարդկության իրական կյանքը արտացոլող հայելու վրա: Փիրզադի պատմվածքներում ևս տեսնում ենք հեղափոխությունների, պատերազմների, ինչպես նաև դրանց անմիջական և ոչ անմիջական մի շարք հետևանքների ազդեցությունը՝ սով, համաճարակներ, աղքատություն, հուսալքություն, գողություններ: Զոյա Փիրզադի պատմվածքների մի հատվածում տեսնում ենք գործ երանգավորում՝ պատերազմի, հեղափոխության, վախի գույնը: Ինչպես, օրինակ, «Կանթով գավաթը», «Մի զույգ գուլպա», «Ինչպես գարունը» և այլն: Այս պատմվածքներում հերոսը տխուր է, դժբախտ, որի պատճառը, մեղավորը պատերազն է, հեղափոխությունը:
Այսպիսով, ամփոփելով Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածաշարի մասին մեր ունեցած տեղեկությունները՝ կարող ենք եզրահանգել, որ
- Զ․ Փիրզադը բավական բազմաշերտ հեղինակ է, որի ստեղծագործություններում կարելի է գտնել այսօրվա մարդուն հուզող ամենատարբեր խնդիրներ։
- Նրա երկերում յուրօրինակ տեղ ունի կենցաղը, սակայն հեղինակը կարողացել է վեր կանգնել կենցաղից և հենց դրա միջոցով ջամանակակից կնոջը, նրա էությանը և իրականության ու էության բախմանը առնչվող հարցեր կարևոր հարցեր բարձրացնել։
- Փիրզադը իր պատմվածքներով ստեղծել է կանանց հետաքրքիր կերպարներ, որ չափազանց հոգեհարազատ են թե՛ այսօրվա իրանցի կանանց, թե՛ Իրանի սահմաններից դուրս ապրողներին, և հենց այդ ընթերցողների շնորհիվ են նրա կին հերոսները ստացել «փիրզադյան» պատվանունը։
[1] https://mediamax.am/am/news/BookHouse/16937/
[2] https://granish.org/rahelen-ev-ir-tskhatsaghiknery/
[3] Տե՛ս https://granish.org/napastaki-u-loloki-heqiaty/
[4] زویا پیرزاد، سه کتاب، مثل همه عصر ها، نشر مرکز، سال 1331، ص 7
[5]Տե՛ս https://www.cultural.am/hy/2020-03-06-09-14-27/grakanutyun/3556-zoya-pirzad-paron-f-i-papagac-kyanqy
[6] https://granish.org/tars-u-shitak/
[7] Նույն տեղում:
[8] https://granish.org/yntercelov-zoya-pirzadin/
[9] Եղիցի լույս, 2017, թիվ 03-04, էջ 13:
[10] Անդին ամսագիր, №5, էջ 80:
[11] https://granish.org/mi-kyanq/
[12] Նույն տեղում:
[13] Ինչպես բոլոր երեկոները, պատմվածքներ, Զոյա Փիրզադ, Եր., 2014թ., էջ 134:
- Created on .
- Hits: 2604