Յուրի Լոտման․ Դեկաբրիստը կենցաղում
Էլիզա Ստեփանյանի թարգմանությամբ հայ ընթերցողին ենք ներկայացնում ծագումով հրեա ռուս մշակութաբան Յուրի Լոտմանի «Դեկաբրիստը կենցաղում» հոդվածը «Զրույցներ ռուսական մշակույթի մասին» (Беседы о русской культуре) գրքից։ Լոտմանը Տարտուի նշանագիտական դպրոցի հիմնադիրն է։ Իր հակաստալինական կեցվածքի պատճառով նա չի կարողանում ասպիրանտուրայի տեղ ստանալ Լենինգրադում և մեկնում է Տարտու, որտեղ էլ դասավանդում է երկար տարիներ։ Կարևոր է փաստը, որ քանի որ Լոտմանը հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, կռվել էր ճակատում, խորհրդային իշխանությունները նրա վրա ճնշումներ գործադրում են, բայց, այնուամենայնիվ, ձեռք չեն տալիս, որքան էլ որ վտանգավոր համարեին նրա դպրոցը խորհրդային գիտության չափանիշներով։ Լոտմանը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային նշանագիտության զարգացման վրա։ Նրա աշակերտները այսօր էլ շարունակում են տարբեր ուղղություններով զարգացնել նրա տեսությունը աշխարհի նշանավոր բուհերում։
Այս հոդվածը ներկայացնում ենք թե որպես սեմիոտիկ անալիզի հետաքրքիր նմուշ, թե որպես կարևոր ինֆորմացիա դեկաբրիստների մասին։ Դեկաբրիստները տասնիններորդ դարասկզբի կազմակերպված հակակառավարական ապստամբության մասնակիցներ են։ Անվանումը ստացել են ապստամբության ամսից (ապստամբությունը տեղի է ունեցել 1825 թվականի դեկտ․ 14-ին)։ Նրանք ազնվականներ էին և գաղտնի միությունների անդամներ։ Լոտմանը նորովի է մոտենում դեկաբրիստներին՝ նրանց գաղափարախոսության կամ ապստամբության մասին խոսելու փոխարեն ներկայացնելով նրանց վարքը, բացահայտելով և մեկնաբանելով այս կամ այն վարվելաձևի պատճառները։ Վարքը նա դիտում է որպես նշանային համակարգ, որտեղ վարքային յուրաքանչյուր դրսևորում նշան է, որ թույլ է տալիս մեկնաբանել նրանց այս կամ այն գործունեության դրդապատճառները և մոտիվացիան։
Մաս 1
Դեկաբրիզմի նշանակությունը ռուս հասարակական մտածողության մեջ չի սահմանափակվում միայն այն ուղղություններով, որոնք մինչև այժմ գրավել են հետազոտողների ուշադրությունը՝ հասարակական-քաղաքական ծրագրերի և հայեցակարգերի մշակմամբ, հեղափոխական պայքարի մարտավարության մասին դատողություններով, գրականագիտական պայքարին մասնակցությամբ, գեղարվեստական և քննադատական արվեստով։ Դեկաբրիստների գործունեության այս կարևոր ուղղություններին (և գիտական գրականության մեջ ուսումնասիրվող շատ ուրիշներին) կարելի է ավելացնել ևս մեկը, որը մինչև այժմ ստվերում էր մնում։ Դեկաբրիստները մեծ ստեղծագործական եռանդ են ցուցաբերել ռուս մարդու առանձնահատուկ տեսակի ձևավորման գործում՝ իր վարքով խիստ տարբերվող նրանից, որին ճանաչում էր ողջ նախընթաց ռուսական պատմությունը։ Այդ առումով նրանք հանդես եկան որպես իսկական նորարարներ, և հնարավոր է՝ նրանց գործունեության հենց այդ ուղղությունն է, որ առավել խորը հետք է թողել ռուսական մշակույթում։ Իրենց տաղանդներով, խառնվածքով, ծագմամբ, իրենց անձնական և ընտանեկան կապերով, ծառայողական հեռանկարներով[1] և նմանատիպ այլ բաներով հասարակական ուշադրության կենտրոնում գտնվող երիտասարդների մեծաքանակ խմբի՝ ազնվականության շրջանի համար յուրահատուկ և խիստ անսովոր վարքը իր ազդեցությունն է թողել ռուս ժողովրդի մի ամբողջ սերնդի վրա։ Ազնվական հեղափոխականության գաղափարաքաղաքական բնույթը ծնել է և՛ մարդկային բնավորության յուրահատուկ գծեր, և՛ վարքի յուրահատուկ տեսակ, այդ թվում՝ նաև ամենօրյա, կենցաղային վարքի։ Տվյալ գլխի նպատակը դրա հիմնական հատկանիշներից որոշների ուսումնասիրությունն է։
Սակայն գոյություն ունե՞ր արդյոք դեկաբրիստի յուրահատուկ վարք, որը թույլ էր տալիս զանազանել նրան ոչ միայն հետադիմականներից և «ճրագմարիչնեից[2]», այլ նաև նրա ժամանակակից ազատախոհ և կրթված ազնվականների զանգվածից։ Տվյալների ուսումնասիրությունը թույլ է տալիս դրական պատասխանել այդ հարցին։ Մենք ինքներս էլ մշակութային ժառանգորդների անմիջական հոտառությամբ զգում ենք դա։ Այդպես՝ դեռ առանց բացատրություններ կարդալու՝ մենք Չացկուն դեկաբրիստ ենք ընկալում, չնայած որ «գաղտնագույն միության» նիստին չենք տենում նրան։ Մենք տեսնում ենք նրան կենցաղում՝ մոսկովյան ազնվական տանը։ Չացկու մենախոսություններում մի քանի արտահայտություններ, որոնք որպես ստրկության և տգիտության թշնամի են բնորոշում նրան, իհարկե, էական նշանակություն ունեն մեր մեկնաբանության համար, սակայն ոչ պակաս կարևոր է նաև նրա վարքն ու խոսելաոճը։ Հենց Չացկու՝ Ֆամուսովների տանը ցուցաբերած վարքի, կենցաղային որոշակի վարվելաձևից հրաժարվելու պատճառով է, որ Ֆամուսովը նրան անսխալորեն «վտանգավոր երիտասարդ» է որակում․
У покровителей зевать на потолок,
Явиться помолчать, пошаркать, пообедать,
Подставить стул, поднять платок... —
(Հովանավորի տանը հորանջե՜լ, առաստաղին նայել,
Ներկայանա՜լ, լռե՜լ, հաճոյանա՜լ, հետը ճաշել,
Աթոռ հրամցնել, կամ թաշկինակը բարձրացնել[3]։)
Բազմաթիվ փաստաթղթեր արտացոլում են հեղափոխական ազնվականի կենցաղային վարքի տարբեր կողմերը և թույլ են տալիս դեկաբրիստի մասին խոսել որպես որոշակի պատմամշակութային և հոգեբանական տեսակի։ Ընդ որում՝ հարկավոր է, իհարկե, հիշել, որ յուրաքանչյուր մարդ իր վարքում գործողությունների մի որևէ պլան չի իրականացնում, այլ անընդհատ ընտրություն է կատարում։ Հասարակական դերերի լայնածավալ ամբողջությունն է թելադրում վարքի այս կամ այն մարտավարությունը։ Յուրաքանչյուր դեկաբրիստ իրական կենցաղում բնավ ոչ միշտ է որպես դեկաբրիստ դրսևորել իրեն․ նա կարող էր գործել որպես ազնվական, որպես սպա (գվարդիական զինվոր, հուսար, շտաբի տեսաբան), արիստոկրատ, տղամարդ, ռուս, եվրոպացի, երիտասարդ և այլն, և այլն։
Սակայն հնարավոր դրսևորումների այս ողջ բարդ հավաքածուում գոյություն ուներ նաև առանձնահատուկ վարք՝ խոսքի, գործողությունների և հակազդեցությունների յուրահատուկ տեսակ, որը բնորոշ էր հենց գաղտնի միության անդամին։ Գլխավորապես հենց այդ առանձնահատուկ վարքի բնույթն է հետաքրքրում մեզ։ Հատկանշական է ոչ միայն այն, թե ինչպես կարող էր իրեն դրսևորել դեկաբրիստը, այլև այն, թե ինչպես չէր կարող՝ մերժելով իր ժամանակների ազնվական վարքի որոշակի տարբերակներ։ Վերջինս կարևոր է հատկապես հարցի մյուս կողմի ընկալման համար․ այն ամենը, ինչ ժամանակակից ընթերցողին «սովորական օրինաչափություն» է թվում, բոլորովին անհամատեղելի էր դեկաբրիստի վարքի հետ։ Այդ վարքը չենք նկարագրելու իր այն դրսևորումներով, որոնք համընկնում էին XIX հարյուրամյակի սկզբի ռուս կրթված ազնվականի կերպարի ուրվագծերի հետ։ Փորձելու ենք մատնանշել միայն այն առանձնահատկությունները, որ սերմանել է դեկաբրիզմը նրա՛նց կյանքային վարքում, որոնց կոչում ենք ազնվական հեղափոխականներ։
Իհարկե, դեկաբրիստներից յուրաքանչյուրը կենդանի մարդ էր և որոշակի առումով չկրկնվող վարքագիծ էր ցուցաբերում․ կենցաղում Ռիլեևը[4] նման չէր Պեստելին[5], Օռլովը[6]՝ Տուրգենևին կամ Չաադաևին[7]։ Մարդկանց վարքն անհատական է, բայց դա չի չեղարկում այնպիսի խնդիրների ուսումնասիրման իրավացիությունը, ինչպիսիք են «դեռահասների հոգեբանությունը» (կամ ցանկացած այլ տարիքի), «կանանց հոգեբանությունը» (կամ տղամարդկանց) և վերջին հաշվով «մարդու հոգեբանությունը»։ Հարկավոր է համալրել պատմությանը՝ որպես զանազան հասարակական, ընդհանուր պատմական օրինաչափությունների դրսևորումների դաշտի, ուղղված հայացքը այն որպես «մարդկանց գործունեության» արդյունք դիտարկումով։ Առանց ուսումնասիրելու մարդկային արարքների պատմահոգեբանական մեխանիզմները՝ անխուսափելիորեն կշարունակենք մնալ խիստ սխեմատիկ պատկերացումների ազդեցության տակ։ Եվ ավելին՝ հենց այն, որ պատմական օրինաչափություններն արտահայտվում են ոչ թե ուղղակիորեն, այլ հոգեբանական մեխանիզմների միջոցով, ինքնին կարևորագույն պատմական մեխանիզմ է։ Այդ մեխանիզմը զերծ է պահում նրան գործընթացների ճակատագրական կանխատեսելիությունից։
Դեկաբրիստները առաջին հերթին գործի մարդիկ էին։ Այստեղ է արտահայտվում Ռուսաստանի քաղաքական կեցության պրակտիկ փոփոխության նրանց կողմնորոշումը։ Դրանում դեր է խաղացել նաև դեկաբրիստների մեծամասնության անձնական փորձը որպես մարտական սպաներ, որոնք մեծացել են համաեվրոպական պատերազմների դարաշրջանում և արիությունը, եռանդը, նախաձեռնությունը, հաստատակամությունն ու համառությունը գնահատում են ոչ պակաս, քան այս կամ այն ծրագրային փաստաթուղթ կազմելու կամ տեսական բանավեճ անցկացնելու ունակությունը։ Որպես կանոն, ոչ թե ինքնին քաղաքական ուսմունքներն էին հետաքրքրում նրանց (իհարկե, բացառություններ նույնպես լինում էին, օրինակ՝ Ն․ Տուրգենևը), այլ դրանք դիտարկվում էին որպես չափանիշներ՝ գործունեության որոշակի ուղիներ գնահատելու և ընտրելու համար։ Նրանց՝ հենց առ գործունեություն ուղղվածությունն է, որ զգացվում է Լունինի[8] ծաղրական խոսքերում, թե Պեստելն առաջարկում է «նախ Հանրագիտարան գրել, հետո անցնել Հեղափոխության»[9]։ Գաղտնի միության նույնիսկ այն անդամները, որոնք ամենաշատն էին սովոր շտաբային աշխատանքին, ընդգծում էին, որ «կարգն ու ձևը» հենց «ամենահաջողված գործողության» համար են հարկավոր (Ս․ Տրուբեցկոյի[10] բառերը)։
Այս իմաստով միանգամայն արդարացված է այն, որ դիտարկման համար միայն մեկ հայեցակետ ենք առանձնացնելու՝ դեկաբրիստի վարքը, նրա արարքները, այլ ոչ թե նրա ներքին հուզական աշխարհը։ Հարկավոր է ևս մեկ վերապահում անել․ դեկաբրիստներն ազնվական հեղափոխականներ էին, նրանց վարքը ռուս ազնվականի վարք էր և մեծամասամբ համապատասխանում էր Պետրոս Առաջինի և 1812 թվականի Հայրենական պատերազմի դարաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում ձևավորված կանոններին։ Նույնիսկ մերժելով դասային վարվելաձևերը, պայքարելով դրանց հետ, տեսական տրակտատներում հերքելով դրանք՝ նրանք սեփական կենցաղային պրակտիկայում օրգանապես կապված էին մնում դրանց հետ։ Եթե շարժման նպատակը որոշակի գործողությունն էր (ռուսական իրականության վերափոխումը), ապա գործողության հիմնական ձևը տարօրինակ կերպով դարձավ դեկաբրիստի խոսքային վարքը։ Դժվար է նշել ռուսական կյանքի որևէ դարաշրջան, որի ընթացքում բանավոր խոսքը (զրույցներ, ընկերական ելույթներ, խոսակցություններ, քարոզներ, ցասումնաճառեր), այսպիսի դեր խաղացած լինի։ Շարժման սկզբնավորումից սկսած, որը Պուշկինը դիպուկ կերպով սահմանել է որպես «ընկերական բանավեճեր» «Լաֆիտի և Կլինոյի» միջև, մինչև Քննչական կոմիտեի առաջ ելույթները դեկաբրիստները զարմացնում են իրենց «զրուցասիրությամբ», զգացմունքների և մտքերի բանավոր ամրապնդման ձգտմամբ։ Պուշկինը «Բարօրության միության» ժողովը հետևյալ կերպ բնութագրելու հիմք ուներ․
Витийством резким знамениты
Сбирались члены сей семьи...
(VI, 523)
(Ճարտասանությամբ իրենց կրակոտ
Հայտնի անդամներն այս ընտանիքի
Հավաքվում էին․․․[11])
Ավելի ուշ ժամանակների կանոնների և պատկերացումների տեսանկյունից ելնելով՝ դա հնարավորություն էր տալիս դեկաբրիստներին մեղադրելու ճոռոմախոսության և գործերը խոսքերով փոխարինելու մեջ։ Սակայն ոչ միայն «նիհիլիստ»-վաթսունականները[12], այլև անմիջական ժամանակակիցները, որոնք երբեմն շատ հարցերում համակարծիք էին դեկաբրիստների գաղափարներին, հակված էին այդ ոգով արտահայտվելուն։ Դեկաբրիզմի տեսանկյունից՝ Չացկին, ինչպես ցույց է տալիս Մ․ Վ․ Նեչկինան[13], դատարկաբանության և ճոռոմախոսության մեջ է մեղադրում Ռեպետիլովին։ Բայց ինքն էլ զերծ չմնաց Պուշկինի կողմից ներկայացված նմանատիպ մեղադրանքից․ «Այն ամենը, ինչ ասում է, շատ խելամիտ է։ Բայց ո՞ւմ է ասում։ Ֆամուսովի՞ն։ Սկալոզուբի՞ն։ Աններելի է։ Խելացի մարդու առաջին հատկանիշն այն է, որ առաջին հայացքից պետք է իմանա, թե ում հետ գործ ունի․․․»[14] (Письмо Жуковскому, датируемое 20-ми числами апреля 1825 года ):
1826 թվականին Պ․ Վյազեմսկին[15], դեկաբրիստներին առաջադրված արքայասպանության մեղադրանքի օրինաչափականությունը առարկելով, կընդգծի, որ արքայասպանությունը գործողություն է, արարք։ Ըստ նրա՝ դավադիրների կողմից խոսքից գործի անցնելու ոչ մի փորձ չի կատարվել։ Նրանց վարքը նա որպես «մահացու շաղակրատանք» («bavardage atroce»[16]) է որակում և վճռականորեն վիճարկում խոսքերի և կատարած արարքների համար նույն կերպ դատապարտելու հնարավորությունը։ Դա միայն անարդարության զոհերի իրավական պաշտպանություն չէ։ Վյազեմսու խոսքերը մատնանշում են նաև այն, որ դավադիրների գործողություններում «շաղակրատանքը» գերազանցում է «գործին»։ Այդ տեսակ վկայությունները կարելի է բազմապատկել։
Սակայն ակներև մոլորություն կլիներ «կտրուկ պերճախոսության» մեջ դեկաբրիզմի միայն թույլ կողմը տեսնել և դատել նրանց այնպես, ինչպես Չեռնիշևսկին[17] դատում էր Տուրգենևի հերոսներին։ Պատմաբանի խնդիրը ոչ թե գործիչների, որոնց անունները պատմության մի մասն են, «դատապարտման» կամ «արդարացման» մեջ է, այլ հիշյալ առանձնահատկությունը բացատրելու փորձի։
Ժամանակակիցները առանձնացնում են ոչ միայն դեկաբրիստների «զրուցասիրությունը», այլև ընդգծում նրանց դատողությունների ուղղամտությունն ու կտրուկությունը, վճիռների անառարկելիությունը, իրերն իրենց անունով կոչելու աշխարհիկ կանոնների տեսանկյունից «անվայելուչ» միտումը՝ խուսափելով աշխարհիկ ձևակերպումների պայմանականություններից։ Դեկաբրիստները բնորոշվում էին սեփական կարծիքը առանց ակնարկների արտահայտելու մշտական ձգտմամբ՝ չընդունելով հաստատված կարգն ու խոսքային վարքի աշխարհիկ կանոնները։ Նման կտրուկությամբ և «խոսքային պատշաճության» դիտավորյալ անտեսմամբ է հայտնի Նիկոլայ Տուրգենևը[18]։ Խոսքային վարքի ընդգծված անբարեկրթությունը և «անտակտությունը» դեկաբրիստների մտերիմ շրջաններում ընդունվում էր որպես «սպարտական» կամ «հռոմեական» վարք։ Այն հակադրվում էր բացասաբար գնահատվող «ֆրանսիականին»։ Թեմաները, որոնք աշխարհիկ զրույցներում արգելված էին կամ մեղմասական կերպով էին շոշափվում (օրինակ՝ կալվածատիրական իշխանության, ծառայողական մեկենասության հարցերը), բացահայտ քննարկման առարկա էին դառնում։
Բանն այն է, որ Ալեքսանդրյան դարաշրջանի կրթված ու եվրոպականացված ազնվական հասարակության վարքը սկզբունքորեն հակասական էր։ «Գաղափարախոսության» մեջ և գաղափարների ոլորտում յուրացվել էին եվրոպական մշակույթի կանոնները, որոնց հիմքը դրել էր ХVIII դարի լուսավորականությունը։ Սակայն սովորույթների, կենցաղի, կալվածատիրական տնտեսության իրական պայմանների, ծառայության իրական հանգամանքների հետ կապված պրակտիկ վարքը դուրս էր մնում «գաղափարական» իմաստավորման ոլորտից։ Բնական է, որ խոսքային վարքում այն կապվում էր բանավոր, խոսակցական տարերքին՝ նվազագույն չափով արտացոլվելով բարձր մշակութային արժեք ունեցող տեքստերում։ Այդպիսով վարքերի ստորակարգություն (հիերարխիա) էր ստեղծվում՝ կառուցված մշակութային արժեքների աճման սկզբունքով։ Ընդ որում՝ առանձնացվում էր ստորին, միանգամայն պրակտիկ շերտը, որը տեսական գիտակցության տեսակետից «կարծես թե գոյություն չէր ունեցել»։
Հենց այս պլյուրալիստական[19] վարքը, գործելաոճերի ընտրության հնարավորությունը, գաղափարախոսականի և պրակտիկի սահմանազատման մեջ ամփոփված հակասականությունն էր բնորոշում XIX դարի առաջադեմ ռուս մարդուն։ Եվ հենց դա էլ զանազանում էր նրան ազնվական հեղափոխականից։ (Այս հարցը միանգամայն էական է, որովհետև դժվար չէ Սկոտինինի[20] կերպարը տարբերել Ռիլեևի կերպարից, սակայն Ռիլեևին Դելվիգի հետ կամ Նիկոլայ Տուրգենևին իր եղբոր հետ համեմատելը շատ ավելի բովանդակալից է):
Դեկաբրիստն իր վարքով չեղարկում էր արարքի ստորակարգությունն ու ոճային բազմազանությունը։ Առաջին հերթին վերացնում էր տարբերությունը բանավոր և գրավոր խոսքերի միջև. գրավոր խոսքի բարձր կանոնավորությունը, քաղաքական տերմինաբանությունը, շարահյուսական ավարտվածությունը անցնում էին բանավոր օգտագործման։ Ֆամուսովը հիմքեր ուներ ասելու, որ Չացկին «ինչպես գրում, այնպես էլ խոսում է»։ Տվյալ դեպքում դա միայն ասացվածք չէ․ Չացկու խոսքը հենց իր գրքայնությամբ է խիստ տարբերվում մյուս կերպարների խոսքերից։ Նա «ինչպես գրում, այնպես էլ խոսում է», որովհետև աշխարհը տեսնում է գաղափարաբանական, այլ ոչ թե կենցաղային դրսևորմամբ։
Միևնույն ժամանակ զուտ պրակտիկ վարքը միայն եզրույթներով և գաղափարափիլիսոփայական շարքի հասկացություններով իմաստավորելու առարկա չէր։ Այն չգնահատվող գործողությունների շարքից անցում էր կատարում արարքների խումբ, որոնք իմաստավորվում էին որպես «ազնվաբարո» և «վեհ» կամ «զազրելի», «բռի» (ըստ Ն․ Տուրգենևի տերմինաբանության) և «ստոր»[21]։
Չտեսնված արտահայտիչ մի օրինակ բերենք։ Պուշկինը մի բնահատուկ խոսակցություն է գրի առել․
«Մի օր Դելվիգը Ռիլեևին կանանց մոտ գնալու է կանչում։
- Ամուսնացած եմ,- ասում է Ռիլեևը։
- Հետո ինչ,- պատասխանում է Դ<ելվիգը>,- մի՞թե չես կարող ճաշարանում ճաշել միայն այն պատճառով, որ տանը խոհանոց ունես» [22]։
Դելվիգի և Ռիլեևի՝ Պուշկինի կողմից գրանցված զրույցը հետաքրքիր է ոչ այնքան նրանց իրական կենսագրական վարքագծերի վերակառուցման համար (թե՛ մեկը, թե՛ մյուսը կենդանի էակներ էին, որոնց գործողությունները կարող էին կարգավորվել բազմաթիվ գործոններով և կենցաղային արարքների մակարդակում առաջ քաշել անթիվ տարբերակներ), որքան վարքի բուն սկզբունքի հանդեպ նրանց վերաբերմունքի ըմբռնման։
Մեր առջև է կյանքի հանդեպ «խաղային» և «լրջմիտ» վերաբերմունքների բախումը։ Ռիլեևը լուրջ վարքի տեր մարդ է։ Ոչ միայն բարձր գաղափարաբանական համակարգերի մակարդակում, այլ նաև կենցաղում նման մոտեցումը յուրաքանչյուր նշանակալից իրավիճակի համար ենթադրում է ճիշտ գործողությունների որոշակիորեն ընդհանուր կանոն։ Դելվիգը, ինչպես արզամասցիները[23] կամ «Կանաչ լամպի»[24] անդամները, «խաղային» վարքագիծ է ցուցաբերում, որն, ըստ էության, երկդիմի է։ Իրական կյանք է տեղափոխվում խաղային իրավիճակը, որը որոշ դեպքերում հնարավորություն է տալիս թույլատրելի համարել «ճիշտ» վարքի պայմանական փոխարինումը հակառակով։
Դեկաբրիստները լրջությունը ներկայացնում էին որպես վարքի կանոն։
Զավալիշինը[25] հատկանշական կերպով ընդգծում էր, որ «ինքը միշտ լուրջ է եղել» և նույնիսկ մանուկ ժամանակ «երբեք չի խաղացել»[26]։ Դեկաբրիստները բառախաղին՝ որպես խոսքային վարքի ձևի, նույնպես բացասաբար էին մոտենում։ Ռեպլիկների ցիտված փոխանակության մեջ զրուցակիցները, ըստ էության, տարբեր լեզուներով են խոսում․ Դելվիգը ամենևին չի առաջարկում իր խոսքերը լրջորեն ընդունել որպես բարոյական սկզբունքների պաշտոնական հայտարարություն․ նրան ասվածի սրախոսությունն է հետաքրքրում։ Իսկ Ռիլեևը չի կարողանում վայելել պարադոքսն այնտեղ, որտեղ էթիկական ճշմարտություններ են քննարկվում։ Նրա յուրաքանչյուր խոսք ծրագիր է։
Խոսքային խաղի և քաղաքացիականության հակադրությունը առավելագույն դիպուկությամբ արտահայտել է Միլոնովը[27] Ժուկովսկուն[28] ուղղված նամակում՝ ցույց տալով, թե որքան գիտակցված է սահմանը, որ ընկած է երիտասարդական առաջադեմ գրականության ճամբարի ներսում։
...останемся мы каждый при своем —
С галиматьею ты, а я с парнасским жалом;
Зовись ты Шиллером, зовусь я Ювеналом;
Потомство судит нас, а не твои друзья,
А Блудов, кажется, меж нами не судья[29].
(․․․ մնանք ամենքս մեր ասածին․
Դու՝ բարբաջանքով, իսկ ես՝ պառնասյան խայթով,
Դու Շիլլեր կոչվի՛ր, ես Յուվենալիս եմ կոչվում,
Սերունդներն են դատելու մեզ, այլ ոչ թե քո ընկերները,
Իսկ Բլուդովը կարծես մեզ դատավոր չէ։[30])
Այստեղ հակադրությունների կարևոր հավաքածու է ներկայացվում․ բարբաջանք (բառախաղ, ինքնանպատակ կատակ) և քաղաքացիական վեհ ու լուրջ երգիծանք․ Շիլլեր, որի անունը կապվում է բալլադային սյուժեների երևակայության հետ, և Յուվենալիս, որը որպես բանաստեղծ-քաղաքացի է ընկալվում․ գրական էլիտայի կարծիքը, փակ խմբակի[31] տեսակետը, այն է՝ սերունդների տեսակետը։ Միլոնովի ուրվագծած հակաթեզի իմաստը լիարժեք պատկերացնելու համար բավական է ցույց տալ, որ այն շատ մոտ է 1820-ականների սկզբին Պուշկինի՝ Ժուկովսկու քննադատությանը՝ ներառյալ Բլուդովի դեմ թշնամական ելույթը (տե՛ս Письмо Жуковскому, датируемое 20-ми числами апреля 1825 года):
Դելվիգի տեսանկյունից՝ «կանանց» այցելելը կենցաղային վարքի ոլորտին է պատկանում, որը ոչ մի կերպ չի հարաբերակցվում գաղափարաբանականի հետ։ Պոեզիայում մեկը, իսկ կյանքում մյուսը լինելու հնարավորությունը չի ընկալվում որպես երկդիմություն և ընդհանուր առմամբ ստվեր չի գցում խառնվածքի վրա։ Ռիլեևի վարքը սկզբունքորեն միասնական է, նման արարքը նրա համար հավասարազոր է մարդու՝ անբարոյական լինելու իրավունքը տեսականորեն ընդունելուն։ Այն, ինչը ոչ մի նշանակություն չունի Դելվիգի համար (նշան չի հանդիսանում), Ռիլեևի համար գաղափարաբանական իմաստի կրողն է։ Այդպես ազատատենչ Դելվիգի և հեղափոխական Ռիլեևի միջև տարբերությունը պարզ արտահայտվում է ոչ միայն գաղափարների կամ տեսական ըմբռնումների մակարդակում, այլև նրանց կենցաղային վարքի բնույթի մեջ։
Կարամզինիզմը[32] հաստատեց վարքերի բազմազանությունը, դրանց հերթափոխությունը` որպես կյանքին բանաստեղծական մոտեցման նորմ։ Կարամզինը[33] գրում էր․
Чувствительной душе не сродно ль изменяться?
Она мягка как воск, как зеркало ясна...
...Нельзя ей для тебя единою казаться[34].
(Արդյոք զգայուն հոգին սովոր չէ փոփոխվելու,
Այն մոմի նման փափուկ է, հայելու նման թափանցիկ․․․
...Այն չի կարող քեզ նույնը թվալ[35]։)
Դրան հակառակ՝ ռոմանտիզմի համար բանաստեղծականը վարքերի ամբողջությունն էր, արարքների անկախությունը հանգամանքերից։ «Մենակ էր, սակայն ամենուր էր նա, սառն էր ու շիտակ․․․[36]»,- գրում էր Լերմոնտովը Նապոլեոնի մասին։ Ա․ Բեստուժևը Պուշկինին գրում էր․ «Եղի՛ր այնպիսին, ինչպիսին որ կաս»։ Բնութագրելով Պեստելի՝ հետաքննության ընթացքում ցուցաբերած վարքը՝ քահանա Միսլովսկին ընդգծում էր․ «Ամենուր և միշտ նույնն էր, ոչինչ չէր կարող խախտել նրա հաստատակամությունը»։
Դեկաբրիստի վարքի «ոճի միասնությունը» յուրօրինակ առանձնահատկություն ուներ․ դա ռոմանտիկների վարքի ընդհանուր «գրական բնույթն» էր, բոլոր արարքները որպես նշաններ դիտարկելու ձգտումը։ Մի կողմից դա բերում էր կենցաղային վարքում ժեստերի դերի չափազանցության։ (Ժեստը գործողություն է կամ արարք, որը ոչ միայն պրակտիկ ուղղվածություն ունի, այլ նաև որոշակի իմաստ․ ժեստը միշտ նշան է կամ խորհրդանիշ։ Այդ պատճառով ցանկացած գործողություն բեմում՝ ներառյալ լիարժեք բնականությունը, թատերականությունից լիարժեք ազատություն նմանակող գործողությունը, ժեստ է, որի իմաստը հեղինակի մտահղացումն է։ Եվ հակառակը՝ ժեստային վարքը միշտ այս կամ այն չափով թատերականացված է թվում)։ Այդ տեսանկյունից՝ դեկաբրիստի կենցաղային վարքը ժամանակակից դիտորդին թատերական կթվար, հանդիսատեսի համար նախատեսված։ Պետք է անմիջապես նշել, որ այստեղ ներկայացվող իմաստով վարքի «թատերականությունը» բոլորովին չի նշանակում, որ այն կեղծավոր էր կամ որևէ այլ բացասական բնութագրեր ուներ։ Դա սոսկ մատնանշում է, որ վարքը որոշակի գերկենցաղային իմաստ է ստանում, ընդ որում՝ ոչ թե հենց արարքներն են գնահատվում, այլ նրանց խորհրդանշական իմաստները։
Սակայն ընդգծված ուշադրությունը խոսքին, ժեստին, և ընդհանրապես վարքին, որը մեր աչքում թատերականության բնույթ է հաղորդում դրան, դեկաբրիստի համար կապվում էր իրեն որպես պատմական դեմք, իսկ իր արարքները՝ որպես պատմական արարքներ ընկալելու հետ։ Գաղտնի միություն մտնելը դեկաբրիստն ընկալում էր որպես անցում պատմական դեմքերի աշխարհ։ Գաղտնի միությունը նշանավոր մարդկանց դաշինք էր։ Իսկ նշանավոր մարդու վարքը պետք է արմատապես տարբերվի գռեհիկ մարդկության առօրեական կյանքից։ Այն Պատմության մի մասն է և ուսումնասիրվելու է փիլիսոփաների կողմից, գովաբանվելու է բանաստեղծների կողմից։
Իրեն որպես պատմական դեմքի ընկալումը ստիպում էր կյանքը արժևորել որպես ապագա պատմաբանների, բանաստեղծների, արվեստագետների, թատերագիրների համար նախատեսված սյուժեների շարան։ Այդ տեսանկյունից՝ սեփական իրական կյանքի գնահատմանը ակամա կողմնակի հայացք է խառնվում՝ հետնորդների տեսակետը։ Հետնորդը այն բանի դիտորդն ու դատավորն է, ինչ նշանավոր մարդիկ խաղում են պատմության ասպարեզում։ Եվ դեկաբրիստը միշտ բարձր պատմական բեմի վրա է զգում իրեն։ Այդ զգացումը հստակ կերպով արտացոլվել է ամենաերիտասարդ դեկաբրիստի՝ Ալեքսանդր Օդոևսկու խոսքերում, որոնք արտասանելով նա Ռիլեևի բնակարանից դուրս է եկել Սենատի հրապարակ․ «Մահանալու ենք, եղբայրնե՛ր, ա՜խ, ինչպիսի՜ փառավոր կերպով ենք մահանալու»։ Քաղաքական գործչի տեսանկյունից՝ ընդհանուր վախճանը կապված է անհաջողության, ձախողման հետ, և հետևաբար միայն դառը զգացումներ կարող է արթնացնել։ Ապագա պատմաբանի, բանաստեղծի կամ ողբերգակի տեսանկյունից՝ հերոսական մահը ավելի վեհ է, քան սովորական հաղթանակը։
Պրակտիկ, առօրեական վարքի «գրական բնույթն» ու «թատերականությունը» հանգեցնում էր սովորական իմաստային կապերի փոփոխման։ Սովորական կյանքում խոսքը արարքի է դրդում․ խոսքերով ասվածն իրական ավարտի է հասնում գործողության մեջ։ Դեկաբրիստի կյանքային վարքում, ինչպես բեմի վրա, հերթականությունը հակառակն է․ արարքը որպես պրակտիկ գործողություն պսակվում է Խոսքով՝ դրա արդյունքով, արժեքով, դրա խորհրդանշական իմաստի բացահայտմամբ։ Այն, ինչ կատարվել է, բայց ոչ մի անվանում չի ստացել տեսական դեկլամացիայում[37], պատմաբանի հիշատակությունների մեջ կամ որևէ այլ տեքստում, հետնորդների համար անհետանում է և ասես գոյություն չունի։ Խոսքը կյանքում գոյություն ունի, եթե գործողության է մղում, իսկ դեկաբրիստի մտածելակերպում արարքը գոյություն ունի, եթե Խոսքով է պսակվում։ Ռոմանտիզմին խորթ Գյոթեն, բառափոխելով Աստվածաշունչը, «Ֆաուստ»-ում հայտարարում է․ «Ի սկզբանէ էր գործը»: XVIII դարի լուսավորականի համար սկզբում եղել է Խոսքը: Դեկաբրիստի համար Խոսքը և՛ սկիզբն է եղել, և՛ պսակը, և՛ դեպի պատմական գործողություն տանող ազդակն ու դրա գերագույն իմաստը։
Ռուսերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը
[1] Դեկաբրիստների մեծամասնությունը բարձր պետական պաշտոններ չէր զբաղեցնում (և տարիքի պատճառով չէր էլ կարող զբաղեցնել)։ Սակայն դեկաբրիստական շարժման մասնակիցների նշանակալի մասը այնպիսի խավի էր պատկանում, որը հետագայում, անկասկած, ճանապարհ էր հարթելու այդպիսի պաշտոննների համար։ [Նշումը՝ Յ․ Լոտմանի]
[2] Նիկոլայ Տուրգենևի «տեխնիկական արտահայտություններից», որն ունի հետևյալ նշանակությունը․ «հասարակական լուսավորման թշնամիներ»։ [Նշումը՝ Յ․ Լոտմանի]
[3] Ա․ Գրիբոեդով «Խելքից պատուհասը», թարգմ.՝ Ս. Վահունի, Երևան, «Սովետական գրող», 1981, էջ 196։
[4] Ռուս բանաստեղծ, դեկաբրիստ։
[5] Ռուս ազնվական հեղափոխական, դեկաբրիստ, գնդապետ։
[6] Ռուս գեներալ-ֆելդմարշալ։
[7] Ռուս մտածող, հրապարակախոս։
[8] Միխայիլ Սերգեևիչ Լունին (1787/1788—1845) — դեկաբրիստ, ռուսական գվարդիայի փոխգնդապետ (1822).
[9] Восстание декабристов. М.; Л., 1927, т. 4, с. 179։ [Ծանոթագրությունը՝ Յ․ Լոտմանի]
[10] Ռուս դեկաբրիստ, իշխան, գվարդիայի գնդապետ։
[11] Ա․ Ս․ Պուշկին «Եվգենի Օնեգին»։
[12] 19-րդ դարի վաթսունական թվականների ռուսական հեղափոխական դեմոկրատների ուղղությանը պատկանող գործիչներ։
[13] ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ) մանկավարժական գիտությունների ակադեմիայի անդամ, պատմաբան։
[14] Բառացի թարգմանություն։
[15] Ռուս իշխան, բանաստեղծ, գրաքննադատ։
[16] См.: Лотман Ю. М. П. А. Вяземский и движение декабристов. – Учен. зап. Тартиского гос. ун-та, вып. 98, 1968, с. 134. [Ծանոթագրությունը՝ Յ․ Լոտմանի]
[17]Ռուս ուտոպիստ փիլիսոփա, հեղափոխական-դեմոկրատ, գիտնական, գրաքննադատ, հրապարակախոս և գրող։
[18] Ռուս տնտեսագետ և հրապարակախոս, դեկաբրիստների շարժման ակտիվ մասնակից։
[19] Պլյուրալիզմ կամ բազմակարծություն՝ տեսակետ, որի համաձայն գոյություն ունեն կյանքի միմյանցից անկախ մի քանի կամ բազում սկզբունքներ կամ տեսակներ, գիտելիքների հիմքեր և ձևեր, գործելակերպի և այլ բաների ոճեր։
[20] Կերպար Դենիս Ֆոնվիզինի «Տհասը» կատակերգությունից։
[21] Տուրգենևի քաղաքական բառապաշարում «բռի» (хам) բառը նշանակում էր «հետադիմական», «ճորտատեր», «լուսավորության թշնամի»։ [Նշումը՝ Յ․ Լոտմանի]
[22] А. С. Пушкин Собрание сочинений в 10 томах. Том 7, с. 159. [Ծանոթագրությունը՝ Յ․ Լոտմանի]
[23] «Արզամաս» ընկերական միության և գրական խմբակի անդամներ։
[24] 1819-1820 թվականներին պետերբուրգյան ազնվական, մեծամասամբ զինվորական, երիտասարդության ընկերական միություն։
[25] Ռուս ծովային սպա, հրապարակախոս, հիշատակագիր, դեկաբրիստ։
[26] Завалишин Д. И. Записки. СПб., 1908, с. 10. [Ծանոթագրությունը՝ Յ․ Լոտմանի]
[27] Ռուս բանաստեղծ։
[28] Ռուս գրող, ռուսական ռոմանտիզմի հիմնադիրներից, թարգմանիչ, քննադատ։
[29] Поэты 1790-1810-х годов, с. 537. [Ծանոթագրությունը՝ Յ․ Լոտմանի]
[30] Բառացի թարգմանություն։
[31] Շիլլերն այստեղ պիտի հասկանալ որպես Ժուկովսկու թարգմանությամբ բալլադների հեղինակ․ համեմատի՛ր Կյուլխերբերգերի «Մեր պոեզիայի, հատկապես քնարական, վերջին տասնամյակների ուղղվածության մասին» հոդվածի հետ։- Декабристы. Поэзия, драматургия, проза, публицистика, литературная критика. М.; Л., 1951, с. 552. Այն մասին, թե ինչ բարկություն է առաջացրել կարամզինիստների մոտ իրենց ճամբարից դուրս «նշանավոր ընկերների» կարծիքին տված հղումը, անկեղծ գրում է Ն․ Պոլևոյը․ «Բառեր․ նշանավոր ընկերներ կամ պարզապես նշանավորներ, այն ժամանակվա պայմանական լեզվում ուներ առանձնահատուկ նշանակություն» (Полевой Я. Материалы по истории русской литературы и журналистики тридцатых годов, с. 153).
[32] 1790–1820-ականների ռուսական գրականության ուղղություն, որը փորձում էր ռացիոնալ գեղագիտական մոտեցման հիման վրա ստեղծել ռուսական գրական լեզու՝ օգտագործելով եվրոպական նմուշները։
[33] Ռուս գրող, հրապարակախոս, պատմաբան։
[34] Карамзин Н. М. Полн. собр. стихотворений. М.; Л., с. 242-243. [Ծանոթագրությունը՝ Յ․ Լոտմանի]
[35] Բառացի թարգմանություն։
[36] Մ․ Յու․ Լերմոնտով «Վերջին տունմտեք»։
[37] Արտասանության՝ հնչյունների արտաբերման գործողությունը և դրան բնորոշ առանձնահատկությունները:
- Created on .
- Hits: 3391