Յուրի Լոտման․ Դեկաբրիստը կենցաղում (մաս 2)

Մաս 1

Մաս 2

Ազնվակիրթ հասարակության կենցաղային լեզուն մեղմասական էր զանազան ձևերով։ Հիշենք գոգոլյան հայտնի «ես թեթևացրի քիթս[1]», որը գավառական տիկնանց խոսքում օգտագործվում էր «անվայելուչ» գործողության անվանման փոխարեն։ Ժամանակակիցները հստակ որսում էին այդ լեզվի և կառամզիմիզմի միջև կապը։ Պատահական չէ, որ և՛ կարամզինիստների գրական լեզվին, և՛ աշխարհիկ խոսքին դեկաբրիստական դարաշրջանում նույն մեղադրանքն էր առաջադրվում՝ սեթևեթանք։ Հետագայում Տոլստոյը կայուն բացասական էր վերաբերվում բառի և դրա իմաստի միջև կապը «թուլացնելու», մեղմացնելու միտմանը՝ այն համարելով կեղծավորության դրսևորում աշխարհիկ մարդկանց խոսքում։

Ստոր գործունեության բառային «ազնվացման» նույն սկզբունքով էր կառուցվում նաև չինովնիկների գործավարական խոսքը իր «գառնուկը թղթիկի մեջ» արտահայտությամբ, որը նշանակում է կաշառք, մեղմասական «պետք է ավելացնել» արտահայտությամբ, որը նշանակում է «հարկավոր է գումարը մեծացնել», և «վերցնել» ու «տալ» բայերի յուրահատուկ իմաստներով։ Հիշենք Կապնիստի չինովնիկների խմբերգը «Բանսարկություն»-ում․ «Վերցրո՛ւ, մեծ գիտություն չկա այստեղ․․․»[2] Վյազեմսկին, մեկնաբանելով այդ բանաստեղծությունները, գրում էր․ «Այստեղ հետագա բացատրություններ չեն պահանջվում․ հայտնի է, թե ինչ զազրախոսության մասին է խոսք գնում։ Խմել բայն ինքնին հավասարվում է կոնծաբանել բային․․․ Պետերից մեկն ասում էր՝ երբ ստիպված էր լինում ծառայողական ցուցակներ ստորագրել և որոշ սյունակներում արժանի է և ունակ է գրել, հաճախ ցանկություն էր առաջանում ավելացնելու․ ունակ է ցանկացած ստորության, արժանի է ցանկացած արհամարհանքի»[3]։

Այս հիմունքներով գրասենյակի պրակտիկ լեզուն երբեմն վերաճում էր ծածկալեզվի՝ ձեռնադրվածների համար նախատեսված քրմական լեզու հիշեցնելով։ Այցելուից ոչ միայն որոշակի գործողությունների կատարում էր պահանջվում, այլ նաև հանելուկներ լուծելու ունակություն, որովհետև դրանց սկզբունքով էր կառուցվում չինովնիկների խոսքը։ Դրա վրա է, օրինակ, կառուցված Վարրավինի և Մուրոմսկու զրույցը Ա.Սուխով-Կոբիլինի[4] «Գործ»-ում։ Գրասենյակային լեզվի նմանատիպ օրինակ ենք տեսնում նաև Ա․ Չեխովի մոտ․

«- Հապա՜, եղբա՛յր, քսանչորս ու կես անախորժությո՛ւն բեր մեզ համար։

Մի քիչ հետո պանդոկի սպասավորը կես շիշ օղի և տարբեր տեսակի ակրատեղենով մի քանի ափսե բերեց մատուցարանով։

- Ահա՛ թե ինչ, հարգելի՛ս,- ասաց նրան Պոչատկինը,- հապա՜, կես բաժին զրպարտություն գլխավոր վարպետի՛ց և կարտոֆիլե պյուրեով չարախոսությո՛ւն բեր մեզ համար» [5]։

Սակայն մեղմասություններից հրաժարումը և իրերն իրենց անուններով կոչելու պահանջը դեկաբրիստի բառապաշարը ոճական առումով «հասարակ», կոպիտ կամ նույնիսկ ուղղակի կենցաղային չդարձրին։ Բավական է միայն համեմատել Չացկու և մոսկովյան «պառավների» և «ծերերի» խոսքերի ոճերը, որպեսզի ևս մեկ կտրուկ տարբերություն  տեսնենք աշխարհիկ և դեկաբրիստյան լեզուների միջև։ Չացկու լեզուն գրքային է և պաթետիկ, «գրիբոյեդովյան Մոսկվայի» լեզուն պատկերավոր է և այժմ գրավում է մեզ իմաստային նրբերանգների հարստությամբ։ Սակայն Գրիբոյեդովի տեսանկյունից՝ Չացկու խոսքը քաղաքացու պաթետիկ և ցասումնալից լեզու է, իսկ Մոսկվան «չարագուշակ պառավների և ծերերի» լեզվով է խոսում։

Եվ վերջապես դեկաբրիստի խոսքը միշտ ի լուր ամենքի ասված խոսք է։ Դեկաբրիստը հրապարակավ է իրերն իրենց անուններով կոչում, պարահանդեսին և հասարակության մեջ է «որոտում», քանի որ հենց այդպես է տեսնում մարդու ազատումն ու վերափոխման սկիզբը։ Ֆեոդոր Գլինկան՝ դարաշրջանի ամենաեռանդուն և հուզելու աստիճան ազնիվ մարդկանցից մեկը, գրողը, մարտական սպան, գվարդիայի գնդապետը և կիսամուրացիկ, անշահախնդիր մարդը, պարահանդես գնալիս գրի է առնում․ «Պարսավել 1) Արակչեևին[6] և Դոլգորուկովին[7], 2) ռազմական բնակավայրերը, 3) ստրկատիրությունն ու հարվածներով պատիժները, 4) աստիճանավորների ծուլությունը, 5) կույր վստահությունը գրասենյակների ղեկավարներին…»:[8] Պարահանդեսի էր գնում, բայց ասես ամբիոն գնար՝ «որոտալու» և խրատելու։ Հենց պարահանդեսի ժամանակ էլ բարձրաձայնում է ճորտատիրական չարաշահումների մասին և ստորագրահավաք է կազմակերպում՝ ճորտ բանաստեղծին կամ ջութակահարին ազատելու համար։ Իհարկե, բարձր հասարակությունում նման վարքը պարզամիտ և ծիծաղելի էր թվում։ Միամիտ է Ֆ․ Գլինկան, «անշնորհք» է Վ․ Կյուխելբեկերը[9], ապիկար և «աննրբանկատ է» Պիեռ Բեզուխովը «Պատերազմ և խաղաղություն»-ում։ Սակայն ուղղամտությունն ու նույնիսկ որոշակի միամտությունը, բարձր հասարակության համար ծիծաղելի իրավիճակներում հայտնվելու ունակությունը համատեղելի էին դեկաբրիստի վարքի հետ այնպես, ինչպես կտրուկությունը, հպարտությունն ու նույնիսկ ռոմանտիկ մեծամտությունը։ Դեկաբրիստի վարքը բացարձակապես բացառում է ոչ թե այդ «տարօրինակությունները», այլ խուսափողականությունը, գնահատանքների խաղը, «մեկին հաճելի բան անելու կամ ասելու» ունակությունը, ինչը ոչ միայն Մոլչալինի[10] ոգով էր, այլև Դոստոևկու «Դևեր» վեպի Ստեպան Տրոֆիմովիչ Վերխովենսկու ոճով։

Դեկաբրիստի խոսքային վարքի բոլոր այս առանձնահատկությունները, ըստ էության, չափազանց պարադոքսային են, քանի որ բարդ և հակասական հարաբերակցության մեջ են կոնսպիրացիայի[11], ընդհատակյա գործունեության հետ։

Հեղափոխականը միշտ ավերիչ է և մարտիկ։ Այդ պատճառով առանց կոնսպիրատիվության հասկացության հեղափոխություն չի կարող լինել։ Դրա հետ մեկտեղ, սակայն, ընդհատակյա գործքչի դրությունը շատ դժվար է հարաբերակցվում կենցաղի և ընդունված վարքի հետ։ Կոնսպիրատորը «յուրայինների» շրջանից դուրս, խրված թշնամական հասարակության աշխարհում, երկու եղանակով կարող է դրսևորել իրեն։

Առաջին եղանակը ռոմանտիկականն է․ կոնսպիրատոր լինելով հանդերձ՝ հեղափոխականը հասարակությունում ոչ միայն չի թաքցնում իր կյանքի գաղտնի բնույթը, այլ ընդհակառակը՝ ամեն կերպ ընդգծում է։ Նա չի բարեհաճում իր համոզմունքները թաքցնել հասարակությունից, և հենց կոնսպիրացիայի էության հետ հակասության մեջ մտնելով՝ թատերականացնում է իր խոսքը, ձայնի ելևէջները, ժեստերը և այլն։ Սա ռոմանտիկական հեղափոխությանը բնորոշ առանձնահատկություն է։ Այդպես 1840-ական թվականներին Մ․ Վ․ Պետրաշևսկին[12] շփոթեցնում էր հասարակությանն ու միաժամանակ ուշադրություն էր գրավում արարքների և հագուստի (քառակուսի ցիլինդր) ընդգծված արտասովորությամբ։ Մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում Ն․ Տուրգենևը կոնսպիրատիվության նմանատիպ դիտավորյալ խախտումը յուրօրինակ տեսությամբ էր հիմնավորում։ Նա ասում էր, որ երիտասարդությունը  «բռիներին» հաճոյանալու համար չէ յուրացրել ազատական հայացքները։ Պատահական չէ, որ դեկաբրիզմի դարաշրջանում կոնսպիրացիան դրսևորվում էր նրանում, որ գաղտնի միության կոնկրետ որոշումներն ու պլանները թաքցվում էին «ճրագմարիչներից», բայց գաղտնի միության գոյությունն ու նրա կազմը, հեղափոխական-«կոնսպիրատորների» ցուցակը գործնականորեն գաղտնի չէին։ Այն հայտնի էր և՛ կայսրին, և՛ մարդկանց լայն շրջանակի։ Պատահական չէ, որ հետագայում՝ 1821 թվականին, դեկաբրիստները ստիպված եղան դիմելու գաղտնի միության կեղծ լուծարմանը, որպեսզի վերակենդանացնեն կատարելապես անհետացած կոնսպիրացիան։

Տարօրինակ, պարադոքսային իրավիճակ է մեր առաջ, որը հետագայում հաճախ է շփոթեցնելու պատմաբաններին․ դեկաբրիստները հանդես են գալիս որպես «ոչ կոնսպիրատիվ կոնսպիրատորներ», գաղտնի միության անդամներ, որոնք ազնիվ չեն համարում իրենց հայացքներից գաղտնիք շինելը։ Ավելի ուշ՝ հետաքննության ընթացքում, ոմանք, կոնսպիրատիվությունը կեղծիքի հետ միտումնավոր խառնելով, դեկաբրիստների՝ անքակտելիության, ճշմարտացիության և պատվի մասին պատկերացումները նրանց դեմ էին օգտագործում։ Հետաքննության ընթացքում դեկաբրիստների ազնվությունը, որը մինչև հիմա զարմացնում է հետազոտողներին, տրամաբանորեն բխում էր ազնվական հեղափոխականների այն համոզմունքից, որ չկան ու չեն էլ կարող լինել ազնվության տարբեր ձևեր։

Հեղափոխականի կյանքի երկրորդ, ոչ ռոմանտիկական («ռեալիստական») եղանակը կոնսպիրացիան երկդիմի վարքի հետ է կապում։ Չեռնիշևսկին «Ի՞նչ անել» վեպ է ներմուծում իր մտացածին զրույցը Ռախմետովի հետ։ Ռախմետովը տարակուսանքի մեջ է գցում հեղինակին հայտարարելով․ «Դուք կա՛մ ստախոս եք, կա՛մ սրիկա»։ Եթե այս խոսքերը պայմանական կոնսպիրատիվ լեզվից տանենք իրական քաղաքական լեզու, ապա հետևյալ կերպ պետք է կարդալ դրանք․ «Դուք կա՛մ կոնսպիրատոր եք («ստախոս»), կա՛մ դատարկ, շատախոս ազատախոհ («սրիկա»)»։ Այդ կերպ կոնսպիրատիվությունը ուղղակիորեն ենթադրում է կեղծավորության  («ստի») անհրաժեշտություն և արդարացվածություն քաղաքական հակառակորդների հետ հարաբերություններում։ Նման իրավիճակներում անկեղծությունը արհամարհանք է առաջացնում՝ որպես քաղաքական տհասություն և բարեհոգություն։ Հեղափոխականի համար նորմ է դառնում կյանքը երկդիմի աշխարհում․ բարձր բարոյականության նորմ՝ «յուրայինների» հետ, և թույլատրելի անբարոյականության՝ հակառակորդների հետ հարաբերություններում։

XX դարի ռոմանտիկներին (ինչպիսին Անդրեյ Բելին[13] էր) հուզում էին հեղափոխական-կոնսպիրատորի, խուզարկու-կոնսպիրատորի՝ որպես մարդ-նմանակների կերպարները (Ֆ․ Դոստոևսկուց սկիզբ առնող միտում)։ Դեկաբրիստյան դարաշրջանի ռոմանտիկի համար կոնսպիրացիան միշտ ինչ-որ հարկադիր ու կասկածելի բան էր։ Դրան հակադրվում էր բաց ագիտացիոն ժեստի հերոսական հրապարակայնությունը։

Կարող է թվալ, թե բնութագիրը կիրառելի է ոչ թե ընդհանրապես դեկաբրիստների համար, այլ միայն «Բարօրության միության» (Союз багоденствия) դարաշրջանի գործիչների, երբ «պերճախոսությունը պարահանդեսներում» հասարակության դիրքորոշման մի մասն էր։ Հայտնի է, որ գաղտնի միությունների հետագա մարտավարական էվոլյուցիայի ընթացքում շեշտը դրվում էր կոնսպիրացիայի վրա։ Նոր մարտավարությունը աշխարհիկ պրոպագանդիստին փոխարինեց դավադիրով։

Սակայն պայքարի մարտավարության ոլորտում կատարված փոփոխությունը վարքի ոճի էական առաջընթացի չհանգեցրեց։ Դավադիր և կոնսպիրատոր դառնալով՝ դեկաբրիստը չէր սկսում «բոլորի» նման դրսևորել իրեն։ Ոչ մի կոնսպիրատիվ նպատակ չէր կարող Մոլչալինի վարքին միտել նրան։ Գնահատանքն արդեն ոչ թե բոցավառ ճառով, այլ արհամարհական բառով կամ դիմածռությամբ արտահայտելով՝ նա կենցաղային վարքում «կարբոնար»[14] էր մնում։ Քանի որ կենցաղային վարքը անմիջական քաղաքական քննարկումների առարկա չէր կարող լինել, այն չէին թաքցնում, այլ հակառակը՝ շեշտում էին՝ ինչ-որ չափով տարբերիչ նշան դարձնելով։

Դ․ Ի․ Զավալիշինը, 1824 թվականին շուրջերկրյա ճանապարհորդությունից Պետերբուրգ ժամանելով, այնպես պահեց իրեն (ընդ որում՝ հենց կենցաղային վարքի ոլորտում․ նա հրաժարվեց Արակչեևին ուղղված հանձնարարական նամակից օգտվելուց), որ վերջինս ասաց Բատենկովին․ «Այդ Զավալիշինը։ Դե՛, լսի՛ր, Գավրիլո Ստեպանիչ, թե ինչ կասեմ քեզ․ կա՛մ նա մեծագույն հպարտ է, ճիշտ իր հոր նման, կա՛մ ազատախոհ»[15]։ Հատկանշականն այն է, որ  Արակչեևի պատկերացմամբ «հպարտը» և «ազատախոհը» նույն կերպ պետք է պահեն իրենց։ Հետաքրքրական է նաև մեկ ուրիշ բան․ Զավալիշինն իր վարքով, քաղաքական ասպարեզ դեռ չմտած, ապաքողարկվեց։ Սակայն դեկաբրիստներից ոչ ոքի մտքով անգամ չանցավ մեղադրել նրան դրանում, չնայած որ նրանք արդեն ոչ թե «Բարօրության միության» դարաշրջանի խանդավառ պրոպագանդիստներ էին, այլ որոշիչ ելույթների պատրաստվող կոնսպիրատորներ։ Եվ հակառակը՝ եթե Զավալիշինը, քողարկվելու ունակություն դրսևորելով, խոնարհ խնդիրքով գնար Արակչեևի մոտ, ամենայն հավանականությամբ նրա վարքը քննարկման առարկա կդառնար, իսկ իր անձի հանդեպ անվստահություն կառաջացներ։ Հատկանշական է, որ Բատենկովի մտերմությունը Արակչեևի հետ դավադիրների շրջանում դժգոհություն էր առաջացնում։

Հետևյալ օրինակը ևս հատկանշական է։ 1824 թվականին Կատենինը[16] հավանություն չի տալիս Չացկու խառնվածքին հենց «պարահանդեսի ընթացքում պրոպագանդիստի» հատկանիշներ ցուցադրելու համար, որոնցում Մ․ Վ․ Նեչկինան[17] արդարացիորեն նկատել է «Բարօրության միության» մարտավարական հնարքների արտացոլանքը։ «Այդ Չացկին,- գրում է Կատենինը,- գլխավոր դեմքն է։ Հեղինակը պատկերել է նրան con amore[18], և ըստ հեղինակի՝ Չացկին ոչ մի արատ չունի, միայն արժանիքներ, իսկ ըստ իս՝ շատախոսում է, ամեն ինչ հայհոյում և անտեղի պրոպագանդում»[19]։ Սակայն այս կարծիքը հայտնելուց ընդամենը մի քանի ամիս առաջ Կատենինը, իր ընկեր Բախտինին համոզելով գրական բանավեճում բաց՝ առանց կեղծանունների, ելույթ ունենալ, բացառիկ ուղղամտությամբ պահանջեց ոչ միայն բառերով բացահայտ ցուցադրել համոզմունքները, այլ նաև վարքով․ «Այժմ մեր պարտքն է պաշտպանել ինքներս մեզ և արդար գործը, ասել ճշմարտությունն՝ առանց կմկմալու, համարձակ գովաբանել լավը և բացահայտել վատը՝ ոչ միայն գրքերում, այլև արարքներում, կրկնել ասվածը, անպայման կրկնել, որպեսզի սրիկաները չկարողանան ձևացնել, թե իբր չեն լսել, ստիպել նրանց դիմակները պատռել և մենամարտի դուրս գալ, ու հենց դուրս գան,  ծեծելով կիսամեռ դարձնել նրանց[20]»։

Կարևոր չէ, որ «արդար գործի» տակ Կատենինը հասկանում էր իր գրական ծրագրի և բանահյուսության ոլորտում սեփական վաստակների պրոպագանդան։ Որպեսզի հնարավոր լիներ անձնական բովանդակությունը արտահայտել նման բառերով, այդ արտահայտությունները պետք է իրենց ընդհանուր բովանդակությամբ մի ամբողջ սերնդի գաղտնաբառը դարձած լինեին։

Այն, որ շատ դեպքերում հենց կենցաղային վարքն էր երիտասարդ ազատախոհներին թույլ տալիս տարբերել «յուրայինին» «ճրագմարիչից», հենց ազնվականական մշակույթին է բնորոշ, որը վարքի նշանների չափազանց բարդ և ճյուղավորված համակարգ էր ստեղծել։ Սակայն դրանում արտացոլվեցին նաև որոշ յուրահատուկ գծեր, որոնք դեկաբրիստին տարբերակում են որպես ազնվական հեղափոխական։ Հատկանշական է, որ կենցաղային վարքը դարձավ հասարակություն մուտք գործող թեկնածուների ընտրության չափանիշներից մեկը։ Հենց այդ հիմքի վրա առաջացավ դեկաբրիստերին հատուկ ասպետականությունը, որը մի կողմից սահմանեց դեկաբրիստական ավանդականության բարոյական հմայքը ռուսական մշակույթում, իսկ մյուս կողմից իր անբարենպաստ դերն ունեցավ հետաքննության ողբերգական պայմաններում և անակնկալ կերպով  անկայունության վերածվեց։ Դեկաբրիստները հոգեբանորեն պատրաստ չէին օրենքով հաստատված ստորության պայմաններում գործելու։

Շարունակելի

Ռուսերենից թարգմանեց Էլիզա Ստեփայանը

[1] Ն․ Վ․ Գոգոլ «Մեռած հոգիներ»։

[2] Բառացի թարգմանություն։

[3] Вяземский П. А. Старая записная книжка, с. 105։ [Ծանոթագրությունը՝ Յ․ Լոտմանի] (բառացի թարգմանություն)

[4] Ռուս փիլիսոփա, թատերագիր, թարգմանիչ, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։

[5] Чехов А. П. Соч. М. 1977, т. 9, с. 88. [Ծանոթագրությունը՝ Յ․ Լոտմանի] (բառացի թարգմանություն)

[6] Ռուս պետական գործիչ, ժամիշխան Պավել I-ի և Ալեքսանդր I-ի արքունիքներում, կոմս, հրետանու գեներալ։

[7] Ռուս ռազմական և պետական գործիչ, գեներալ համհարզ, հեծելազորի գեներալ, 1865-1891 թվականներին Մոսկվայի գեներալ նահանգապետ։

[8]Вазонов В. Вольное общество любителей российской словесности. Петрозаводск, 1949, с. 16։ [Ծանոթագրությունը՝ Յ․ Լոտմանի] (բառացի թարգմանություն)

[9] Ծագումով գերմանացի ռուս գրող և դեկաբրիստ։

[10] Ա․ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգության գործող կերպարներից։

[11] Հակակառավարական գաղտնի գործունեություն:

[12] Ռուս ազնվական հեղափոխական, ուտոպիստ-սոցիալիստ։

[13] Ռուս գրող, բանաստեղծ, քննադատ, հուշավիպագիր, ռուսական սիմվոլիզմի և մոդեռնիզմի առաջադեմ ներկայացուցիչներից։

[14] Գաղտնի հեղափոխական կուսակցության անդամ Իտալիայում XIX դարի սկզբներին։

[15] Завалишин Д. И. Записки․ [Ծանոթագրությունը՝ Յ․ Լոտմանի] (բառացի թարգմանություն)

[16] Ռուս բանաստեղծ, թատերագիր, գրական քննադատ, թարգմանիչ, թատերական գործիչ։

[17] Սովետական պատմաբան։

[18] Սիրով։

[19] Письма П. А. Катенина к Н. И. Бахтину. (Материалы для истории русской литературы 20-х и 30-х годов XIX века). СПб., 1911, с. 77. [Ծանոթագրությունը՝ Յ․ Լոտմանի] (բառացի թարգմանություն)

[20] Там же, с. 31. [Ծանոթագրությունը՝ Յ․ Լոտմանի] (բառացի թարգմանություն)

  • Created on .
  • Hits: 5486

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: