Սեյրան Գրիգորյան․ Եղիշե Չարենցի «Պատգամն» իբրև մեզոստիքոս

     
                «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» ասույթի առեղծվածները
                               
                Մուտք
              
            1933 թվականի մայիսի 8-ին Եղիշե Չարենցը  գրում է իր առաջին երկու ակրոստիքոսները, որ նվիրում է նորածին դստերը և բանաստեղծության առաջին տողերով հոդում  նրա անուն-ազգանունը՝ «ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑ»: Անմիջապես հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, նա ստեղծում է իր մոտալուտ ողբերգությունը և ապագա անկասելի փառքը մարմնավորող «Պատգամ» բանաստեղծությունը:
           Ոչ ոք, բացի հեղինակից, դեռ չգիտեր, որ  սովորական թվացող այդ չափածո գրվածքի տողերի երկրորդ տառերով կազմված է մի նախադասություն. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Եվս ինը օր, և մայիսի 18-ին Չարենցը գրում է մանկահասակ դստերը նվիրված ևս երկու ակրոստիքոս: Դրանցից մեկին շուտով պատիվ է վիճակվում բացելու «Գիրք ճանապարհի» ժողովածուն: Հենց «Ակրոստիքոս» վերնագրով այն բանաստեղծական-գեղագիտական ձևակերպում է տալիս «Գիրքս նվիրում եմ իմ դուստր ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԻՆ» ընծայականին: Մյուս չորս գործերը տեղ են գտել գրքի «Զանազան բանաստեղծություններ և թարգմանություններ» բաժնում. ժողովածուի այդ վերջին մասը բացվում է  «Պատգամ» բանաստեղծությամբ, իսկ դրանից մոտ տասնհինգ էջ հետո՝ բաժնի միջնամասում, իրար հետևից զետեղվել են առաջին զավակին ձոնված մյուս երեք ակրոստիքոս-նվիրումները, որոնք նույնպես պարզապես վերնագրված են «Ակրոստիքոս»:
       
               1. Ոչ թե ակրոստիքոս, այլ մեզոստիքոս
 
          Իր կենդանության օրոք տպագրված վերջին գրքում Եղիշե Չարենցը դրել է ուղղահայաց տող պարունակող միանգամից հինգ բանաստեղծություն՝ չորս բացահայտ ակրոստիքոս և միջին տառերով կազմված մեկ գաղտնագիր: Փաստն ինքնին ուշագրավ է, մանավանդ որ ակրոստիքոսի ձևը, ավելի քան հազար տարի գոյություն ունենալով հայ  միջնադարյան պոեզիայում, գրեթե տեղ չի գտել հայ նոր և նորագույն բանաստեղծության մեջ: Գիտական հետաքրքրությունն էլ ավելի է սրվում, երբ նկատի ենք ունենում, որ «Պատգամում» գործադրված ձևը՝ ուղղահայաց տողը կամ բանակապը ոչ առաջին տառերով հոդելու հնարանքը, ամբողջ հայ գրականության մեջ գոյություն չունեցած մի ձև է:
Որպես գեղարվեստական երևույթ՝ այն կարող է հասկացվել և բնութագրվել միայն համաշխարհային բանարվեստի համապատասխան իրողությունների հետ ունեցած հարաբերությունների միջոցով: Տիպաբանական, ինչպես և պատմական, գաղափարական, հոգեբանական բազմանիստ խնդիրները համակարգելու և ըստ հնարավորին նորովի մեկնաբանելու համար հարկ է նախ վերստին մեջբերել հանրահայտ «Պատգամը»: Երկրորդ տառերի կապակցումը տեսողական առումով ճիշտ վերարտադրելու համար բանաստեղծությունը միշտ պետք է տպագրել 1933 թվականին Հայաստանում գործող ուղղագրությամբ.
                                                           ՊԱՏԳԱՄ 
                                                 
                                                  Նոր լույս ծագեց աշխարհին.
                                                  Ո՞վ այդ արևը բերեց:–
                                                 
                                                   Ահա վոսկյա մի արև՝
                                                   Ճառագումով իր հրե՝
                                                   Այգաբացի պուրպուրե
                                                   Նժույգների վրա հեց՝
                                                   Նոր աշխարհին ու մարդուն
                                                   Հղում ե լույս զվարթուն:
                                                   Նոր աշխարհին ու մարդուն
                                                   Ո՞վ բերեց լույսն այս արթուն:
                                                   Ո՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ
                                                   Հրակարմիր, հրավարս,
                                                   Ադամանդյա լույսը այս:–
 
                                                   Կքած կյանքի բեռի տակ,
                                                   Խոր գերության ընդերքում,
                                                   Իմաստության մի գետակ
                                                   Հիմարության համերգում –
                                                   Քանի՜ տարի, քանի՜ դար
                                                   Վկայեցիր անհերքում…
 
                                                   Ափերին այն խավարտչին,
                                                   Ուր հայրենիքն եր մեր հին, –
                                                   Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
                                                   Վոր գերության անհաղորդ՝
                                                    Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
                                                    Մթության մեջ այն համառ
                                                    Այս այգաբացն եր կրում,
                                                    Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
                                                    Հնուց պահած իր ջրում
                                                    Ո՜, ըղձական այս հեռուն…
                                                    Կքած կյանքի բեռի տակ՝
                                                    Վոգի՜ անկոր, հո՜ւր գետակ…
 
                                                     Ահա վառվում ե մեր նոր
                                                     Հաղթանակի լույսը բորբ.
                                                     Լվանում ե նա հիմա
                                                     Վառվող վոգին մեր անմահ,
                                                     Չքնաղ արև՛ն այդ արի,
                                                     Վառված հրով աշխարհի…
                                                     Չկա՜ ուրիշ արև ե՛լ.
                                                     Նա՛ յե միայն, վոր դարեր
                                                     Անմար՝ պիտի արևե՛…
 
                                                     Լույսով վառված սակայն այդ՝
                                                     Նժարներից հիմա մենք
                                                     Հիմարությամբ չթափենք
                                                     Իմաստությունն այն արար. –
                                                     Մեր անցյալի խորամիտ
                                                     Ե՛ջն այն արդար ու ռամիկ՝
                                                     Մեծահանճար ու վարար… [i]
                                
   Մոտ ութսուն տարի առաջ ստեղծված «Պատգամ» բանաստեղծությանն առնչվող գրեթե բոլոր հարցերը շատ կամ քիչ, խորությամբ կամ հպանցիկ շոշափվել են անցած տասնամյակների ընթացքում: Դրանց մեծ մասը, սակայն, մինչ օրս մնում է կա՛մ չլուծված (օրինակ՝ գաղտնագիրը բացահայտողի կամ «մատնիչի» անձը), կա՛մ վերջնականապես չհստակեցված (ասույթի արտահայտած գաղափարի բովանդակությունը), կա՛մ էլ գրեթե արձագանքի չարժանացած (հանրահայտ ասույթը պարունակող բանաստեղծության բուն բնագրի որպիսությունը): Դրանց համակարգված ձևով և նորովի անդրադառնալուց առաջ արձանագրենք, որ ձևային տեսակետից ամենակարևոր հատկանիշը ի սկզբանե և ցարդ չի գիտակցվել առհասարակ: «Պատգամում» գործադրված բանաստեղծական հնարանքը անգիտությունից և անսովորությունից բխած սխալմունքով համարվել է ակրոստիքոս:
           Այդ մասին առաջին անգամ խոսվել է 1936 թվականի նոյեմբերի 16-ին՝ Ե. Չարենցի այն հարցաքննության ժամանակ, որ վարել են ԱԽՖՍՀ ՀԽՍՀ-ի գծով ՆԳԺԿ վարչության պետ, պետանվտանգության մայոր Մուղդուսին և նրա տեղակալ, ՊԱՎ հատուկ բաժնի պետ, պետանվտանգության կապիտան Գևորգովը: Ճակատագրի հեգնանքով՝ դեռ գրեթե անհայտ այդ բանաստեղծության լեգենդը կյանք է մտել մեղմ ասած՝ պաշտոնական պայմաններում, հատուկ ծառայությունների սահմռկեցուցիչ նախաձեռնությամբ: Հարցաքննողներն իրենց հերթական հարցը ձևակերպել են այսպես. «Ձեր «Գիրք ճանապարհի» ժողովածուի «Պատգամ» բանաստեղծության մեջ ակրոստիքոսով Դուք անց եք կացրել հետևյալ … լոզունգը» [ii]:
         Այս խոսակցությունը, ի դեպ, նաև «Պատգամ» բանաստեղծության առաջին «վերլուծությունն» է և որպես այդպիսին՝ հետաքրքիր է նաև բովանդակային առումով: Բայց առայժմ քննենք գրվածքի ժանրային պատկանելությունը։ Նկատենք, որ հեղինակը չի հակադրվում քննիչների տված «ակրոստիքոս» բնորոշմանը և ինքն էլ պատասխանի մեջ օգտագործում է այն: Միայն թե Չարենցը կատարում է անէական թվացող, բայց իրականում կարևորագույն մի ճշտում՝ «երկրորդ տառերի ակրոստիքոս»: Ահա նրա պատասխանի սկիզբը. «Ընդունում եմ, որ իմ «Գիրք ճանապարհի»-ում, հրատարակված 1934 թ.,  «Պատգամ» բանաստեղծության մեջ երկրորդ տառերի ակրոստիքոսով ես գրել եմ. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»» [iii]:
        Ճակատագրական այս երկխոսությունից մոտ քսան տարի անց Չարենցի արդարացման առիթով ստեղծված հանձնաժողովը, Հր. Քոչարի նախագահությամբ քննելով բռնադատված գրողին ուղղված մեղադրանքը, դարձյալ օգտագործել է  ««Պատգամ»  ակրոստիքոսը» արտահայտությունը [iv]:
        Որքան մեզ հայտնի է, «Պատգամը», որ միայն մեկ անգամ էր տպագրվել հեղինակի կենդանության օրոք, Հայաստանում լույս չի տեսել ո՛չ Չարենցի արգելման շրջանում, ո՛չ էլ արդարացմանը հաջորդած տարիներին՝ ընդհուպ մինչև երկերի ժողովածուի վեցհատորյա գիտական հրատարակությունը: Փոխարենը այդ տասնամյակներին այն բավական հաճախ է տպագրվել սփյուռքում՝  «Գիրք ճանապարհի»-ի վերահրատարակությունների մեջ (Բեյրութ՝ 1950 և 1959, Հալեպ՝ 1954 և 1959), առանձին հատընտիրներում, որոշ հեղինակների գրքերում[v]: Մինչև 1968 թվականը, այսինքն՝ մինչև Ե. Չարենցի երկերի երևանյան գիտական հրատարակության չորրորդ հատորի տպագրությունը  «Պատգամը» մեկ տասնյակից ավելի հրատարակություններ է ունեցել նաև սփյուռքահայ տարբեր գաղթօջախների պարբերականներում[vi]: Վերջիններս հրապարակումները երբեմն ուղեկցել են փոքրիկ պարզաբանումներով, որոնց մեջ, ինչպես և Վահան Նավասարդյանի գրքում,  «ակրոստիքոս» բառը բացակայում է և առանձին դեպքերում փոխարինված է «բանալի», «գաղտնիք» և այդ կարգի այլ բառերով:
        Եվ ահա 1968 թվականին զգալի ուշացումով (վերջին երկու հատորները արդեն տպագրվել էին) Երևանում լույս է տեսնում Չարենցի երկերի ակադեմիական վեցհատորյակի չորրորդ հատորը, որ ի թիվս այլ գործերի ընդգրկում էր նաև «Գիրք ճանապարհի» ժողովածուն՝ «Պատգամ» բանաստեղծությամբ հանդերձ:  Նրա 427-428-րդ էջերում զետեղված այս գրվածքի ծանոթագրության մեջ գրականագետ Ալմաստ Զաքարյանը բանաստեղծից ու քննիչներից ավելի քան երեք տասնամյակ անց հարություն է տալիս «ակրոստիքոսի» վարկածին. ««Պատգամ» բանաստեղծությունը գրված է ակրոստիքոսի ձևով. երկրորդ տառերից հետևում է՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»»[vii]: Այսպիսով՝ գիտական հրատարակությունը պաշտոնական տեսք է տալիս այն տեսակետին, որը, թեկուզ և հարցաքննության անձուկ մթնոլորտում, ընդունել էր նաև Չարենցը: Ըստ այդ տեսակետի՝ արդեն լեգենդի վերածված այս բանաստեղծության մեջ գործադրված է, ինչպես Չարենցն է ասում՝ «երկրորդ տառերի ակրոստիքոս»: Զարմանք է հարուցում, որ այդպես են դատել անգամ հմուտ չարենցագետները և տաղաչափության մասնագետները՝ օգտագործելով նույնիսկ «երկրորդ տառերի եզրատող» անիմաստ բառակապակցությունը[viii]:
      Խնդիրն այն է, սակայն, որ ակրոստիքոսը լինում է բանաստեղծության միայն առաջին տառերով: Այն ունի հազարամյակների պատմություն: Տերմինը ծագում է հունարեն «άκρος»-«եզր» և  «στίχος»-«ոտանավոր» բառերից: Հետևաբար ակրոստիքոս է համարվում բացառապես առաջին եզրային տառերով կապակցված ուղղահայաց տողը:
  Երկլեզվյան և գրականագիտական որոշ բառարաններում, գրականության տեսությանը և տաղաչափությանը վերաբերող քիչ թվով աշխատանքներում  ակրոստիքոսից որոշակիորեն տարբերակվում է տողերի մեջտեղի որևէ տառով կազմվող ուղղահայաց տողը: Այն կոչվում է «մեզոստիքոս» (առանձին դեպքերում՝ «մեսոստիքոս»): Այդ բառը նույնպես  ծագում է հունարենից՝ «μέσος»- «միջին» և «στίχος»-«ոտանավոր» բառերից:
     Եթե մեջտեղում թաքնված տողը ոչ թե  ուղղահայաց է, այլ ունի անկանոն դասավորություն, բանաստեղծությունը (կամ ժանրատեսակը) կոչվում է «լաբիրինթոս»: Սրա մի տարատեսակ էլ համարվում է այն ձևը, երբ հավելյալ տողը կազմվում է թեքությամբ, այսինքն՝ տողերի անկյունագծով: Այն առավել հաճախ անվանում են «անկյունագծային  լաբիրինթոս» («диагональный лабиринт»):
          Վերջապես, պատահում են նաև բանաստեղծություններ, որոնց ուղղահայաց տողը բաղկանում է եզրային տառերից, բայց տողավերջի տառերից: Դրանք էլ կոչվում են «տելեստիքոս» (հունարեն  «τέλος»-«հեռու» և «στίχος»-«ոտանավոր» բառերից): Եվ շատ հազվադեպ լինում են նաև դեպքեր, երբ նշված ձևերից երկուսը կամ մի քանիսը հանդես են գալիս միևնույն բնագրում: Բարդացված այդ ձևը որոշ ուսումնասիրողներ, մասնավորապես ժամանակակից ռուս բանաստեղծ և գրականագետ Իվան Չուդասովը, բնութագրում են որպես «ակրոկառուցվածք» («акроконструкция»)[ix]:
        Ելնելով այս համառոտ և հստակ դասակարգումից՝ մենք պետք է որոշակիորեն և վերջնականապես արձանագրենք, որ Եղիշե Չարենցի «Պատգամ» բանաստեղծության մեջ գործադրված է ոչ թե ակրոստիքոս, այլ մեզոստիքոս:
         Հատուկ պետք է նշել, որ այս բառը բացակայում է ինչպես չարենցագիտության մեջ, այնպես էլ առհասարակ հայերենում: Ուստի խիստ հավանական «օրինականացումից» առաջ հարկ է կատարել եզրաբառի լեզվական և գրականագիտական անխուսափելի պարզաբանումներ, ինչպես նաև չարենցյան «Պատգամի» իրական ժանրային պատկանելությունը հիմնավորող փաստարկումներ:
      Նախ՝ արձանագրենք, որ «մեզոստիքոս» բառը միանգամայն համապատասխանում է հայերենի բառակազմության և տառադարձության օրինաչափություններին: Այն կազմված է հայերենին բավական հարազատ դարձած «ակրոստիքոս»-ի համաբանությամբ, իսկ «-ոս» վերջածանցով ներդաշնակում է հին հունարենից հայերենին անցած, ինչպես նաև դրանց նմանությամբ կազմված մի ամբողջ շարք բառերի (օվկիանոս, կաթողիկոս և այլն): Ի տարբերություն շատ լեզուների՝ հայերենն այդ մասնիկը պահում է և՛ տեղանունների մեջ ¥Կիպրոս, Հռոդոս¤, և՛ հին ու նոր անձնանուններում (Հոմերոս, Հուստինիանոս), և՛ որոշ մասնագիտությունների տեր գիտնականների անուններում (‎‎մաթեմատիկոս, ‎քիմիկոս‎‎): Անսովոր կարող է թվալ միայն բառակազմական կաղապարի առաջին բաղադրիչը՝ «մեզո-»: Իրականում, սակայն, հունական ««μέσος» արմատը հայերենում վաղուց է կատարում բառակազմիչ դեր: Առանձին բառահոդվածի ձևով այն նշված է նույնիսկ հայկական հանրագիտարանում. «Մեզո…, մեզ…(< հուն. μέσος– միջին, միջանկյալ), բարդ բառերի սկզբնամաս, որ ցույց է տալիս միջին մեծություն կամ որևէ բանի միջանկյալ դիրքը (օրինակ, մեզոատոմ, մեզոդերմ, մեզոլիթ[x]: Նշվածներից բացի՝ հանրագիտարանի հաջորդող էջերում տեղ են գտել այլ բառահոդվածներ՝ մեզոմետրիա, մեզոններ և այլն: Դրանցից մի քանիսն առկա են նաև արդի հայերենի բացատրական բառարաններում: Ընդ որում ո՛չ հանրագիտարանում, ո՛չ բառարաններում չկա որևէ բառ, որ ունենա «մեսո-» սկզբնաձևը: Եվ քանի որ, ինչպես վերը ակնարկվեց, ռուսական աղբյուրներում բառը երբեմն հանդիպում է նաև ս-ով, հատուկ պետք է նշել, որ հայերենի տառադարձության թելադրանքով միանշանակ  նախընտրելի է հենց «մեզոստիքոս» ձևը («մեսոստիքոս» ձևը  Մեսոպոտամիա տեղանվան նման թվում է հնաբանություն կամ փոխանցում եվրոպական լեզուներից, որոնցում բառը ս-ով է՝ «meso֊» սկսվածքով):
     Գալով մեզոստիքոսի՝ որպես գրականագիտական տերմինի բնորոշմանը՝ նշենք, որ այն լայնորեն շրջանառում է հատկապես վերջին տասնամյակների ռուսական  գրականագիտության մեջ: Ընդ որում հաճախ է նշվում, որ մեզոստիքոսը սակավ հանդիպող տեսակ է: Ուստի պատահական չէ, որ նրանով զբաղվում են առավելապես պոեզիայի նորարարական, անսովոր, անգամ արտառոց ձևերի նկատմամբ առանձնակի հետաքրքրություն տածող մասնագետները՝ Միխայիլ Գասպարովը[xi], Սերգեյ Բիրյուկովը[xii], Տատյանա  Բոնչ-Օսմոլովսկայան[xiii], Իվան Չուդասովը[xiv]  և ուրիշներ: Բայց նորագույն այս հետազոտությունների առատությունը չպետք է ստեղծի այն տպավորությունը, թե մեզոստիքոսի պատմատեսական իմաստավորումը նոր է սկսվում: Ընդհակառակը, ժամանակը մի տեսակ «հետ տանելով»՝ գտնում ենք այդ երևույթի ավելի հին դրսևորումներ, որոնց ծավալումն ու խորացումն են վերջին շրջանի ուսումնասիրությունները:
     Մեզոստիքոսի համառոտ, բայց ուսանելի բնութագրումը գտնում ենք Ալեքսանդր Կվյատկովսկու «Պոետական բառարանում», որ լույս է տեսել 1966 թվականին: Ահա նրա սահմանումը՝ ըստ այդ բառարանի. «Բանաստեղծություն, որի ներսում բառերը դրված են այնպես, որ դրանց առանձին տառեր՝ դասավորված որոշակի կարգով և գրա‎‎ֆիկորեն ընդգծված, կազմում են բառ, արտահայտություն կամ այն հասցեատիրոջ անունը, ում նվիրված է մեսոստիքոսը: Մեսոստիքոսը ամբողջովին վերաբերում է տաղաչափության տեխնիկային, այն ընկալվում է միայն աչքե‎րով կարդալու դեպքում: Մեսոստիքոսները հայտնի էին անտիկ պոեզիայում...»[xv]: Հին ավանդույթով դեռ «մեսոստիքոս» ձևը օգտագործող բառարանագիրը հատուկ նշում է տարատեսակի վաղնջականությունը («հայտնի էր անտիկ պոեզիայում»), բայց, ցավոք, նմուշ չի բերում անտիկ որևէ բանաստեղծից: Բնագրային երկու օրինակ է բերվում, երկուսն էլ՝ 18-րդ դարի ռուսական պոեզիայից: Դրանք ռուսական մեզոստիքոսի առաջին նմուշներն են և հանդիպում են քիչ հայտնի բանաստեղծների գործերում: Առաջինը Վ. Սոբակինի մի բանաստեղծությունն է, որի առաջին տան երեք տարբեր բառերի մասերով կազմված են իր երկրի և նրա կայսրուհի Աննայի անունները.
                                                    Выслушай мой вопРОС, СИЯюща в свете:
                                                     Кто тя толь украсил, яко розу в лете?
                                                     Во истину скажешь, что мудрый владетель,
                                                     Глава увенчАННА, чему всяк свидетель[xvi].
   Սա օտար փորձից մեր քաղած առաջին մեզոստիքոսն է: Նման բոլոր դեպքերում կամա թե ակամա ծնվում են զուգահեռներ չարենցյան մեզոստիքոսի հետ՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք հայ բանաստեղծը ծանո՞թ է եղել դրանց, թե՞ ոչ (իրականում չկա որևէ փաստ, որ հաստատի Չարենցի ծանոթությունը ակրոստիքոսի, մեզոստիքոսի կամ նման այլ ձևի որոշակի նմուշի. բոլոր դիտարկումները վարկածի կամ հավանականության տիրույթում են):
           Ձևի առումով նկատելի յուրահատկություն է, որ Վ. Սոբակինի մեզոստիքոսը հյուսված է ոչ թե առանձին տառերից, այլ բառամասերից: Սա էական տարբերություն է՝ այն աստիճանի, որ հակառակ Ա. Կվյատկովսկու միանշանակ համոզվածությանը՝ ժամանակակից մասնագետներից շատերը վերոբերյալ նմուշը կհամարեին ոչ թե մեզոստիքոս, այլ լաբիրինթոս (տերմինային նման շփոթների առաջիկայում դեռ էլի կբախվենք): Իսկ ահա բովանդակային առումով առկա է ամենայն հավանականությամբ պատահական բացահայտ նմանություն. Վ.Սոբակինի օրինակը միակն է մեզ հայտնի օտար բնագրերից, որ, ինչպես և Չարենցի «Պատգամը», մեզոստիքոսի ներսում ամփոփում է ազգային բովանդակությամբ ասույթ: Մյուս մեզոստիքոսները, ինչպես շուտով կտեսնենք, մեջտեղի տառերով հոդում են մերթ կրոնական որևէ ասույթ (անտիկ և միջնադարյան մեզոստիքոսները, որոնցից հաճախ մնացել են սոսկ վկայություններ), մերթ գործընկերոջ կամ որևէ կնոջ անուն (ամերիկյան և ռուսական նոր պոեզիայի նմուշները):
      Ա. Կվյատկովսկու բերած երկրորդ օրինակը, որ դարձյալ քաղված է 18-րդ դարի ռուսական պոեզիայից, էությամբ շատ մոտ է անտիկ աշխարհում և միջնադարյան հայ պոեզիայում առավելապես ակրոստիքոսի միջոցով արտահայտված այն ձևին, երբ հեղինակը տառերով կազմում է իր անունը (որոշ մասնագետներ այն հպանցիկորեն կոչում են ակրոստիքոս-ստորագրություն): Ընդգծված յուրահատկությունն այն է միայն, որ այդ բանաստեղծության հեղինակ Կարիոն Իստոմինը որոշ բառերի (ի դեպ, նաև տողասկզբի) սկզբնատառերով և կամ վանկերով հոդել է սեփական ազգանունը և կրոնական աստիճանը.
                                                   Иисус господь Ему Рабов Оных,
                                                    возмет ей МОлбы НАук всех свободных
                                                    Иже, Сия зде ТОщие навыкают.
                                                    МИлости любве всех благ Научают[xvii].
        Գրապատմական զուգահեռի առումով կարևոր է Ա. Կվյատկովսկու հետևյալ պնդումը. «19-րդ դարում Ռուսաստանում մեսոստիքոսներ չեն գրել: Միայն 20-րդ դարում՝ դեկադանսի դարաշրջանում, որոշ բանաստեղծներ թողել են մեսոստիքոսներ (օրինակ՝ Վ. Շերշենևիչի մեսոստիքոսը՝ հասցեագրված Վ. Բրյուսովին)»[xviii]:
        Բառահոդված-ակնարկն ավարտվում է մեզոստիքոսի և նման անսովոր ձևերի գեղարվեստական արժեքայնությունը միանշանակ կերպով հերքող մի թևավոր ասույթով, որին վերադառնալու առիթ դեռ կլինի: Գալով 20-րդ դարի սկզբի ռուսական դեկադանսին՝ դա արդեն Չարենցի ժամանակն է թե՛ ժամանակագրորեն, թե՛ գեղարվեստական որոնումների էությամբ: Ուստի «Պատգամի» ժանրային ծագումնաբանությունը դիտարկելի է հատկապես այդ շրջանի ռուսական պոետիկայի հետ ունեցած զուգահեռներում:
 
         2.«Պատգամը» և 20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը
   
           Մոտ ութսունամյա պատմության ընթացքում չարենցյան «Պատգամը» գրեթե չի ենթարկվել հատուկ վերլուծության, մանավանդ՝ ձևային-ժանրային տիպաբանության տեսանկյունից: Գրականագիտական և հուշագրական շարադրանքներում առկա են միայն թույլ ակնարկներ կիրառված եղանակի ինքնատիպության մասին: Առավել որոշակիորեն դա արտահայտվել է հայ հին գրականության մասնագետ Գրիգոր Հակոբյանի հուշերում, որ անկասկած ամենից «գրականագիտականն» է ստվարածավալ մեմուարային չարենցապատումի մեջ և պարունակում է շատ արժեքավոր վկայություններ Չարենցի պոետիկայի, մասնավորապես՝ տաղաչափության մասին: «Պատգամին» առնչվող մի քանի վկայություններին առընթեր հուշագիրը խորհում է, որ այն «յուրօրինակ աքրոստիքոս էր, որպիսին աշխարհում ոչ ոք չի գրել»[xix]: Այս միտքը ճիշտ կհամարվի, եթե «յուրօրինակ աքրոստիքոս» ասելով՝ հասկանանք մեզոստիքոսը: Բայց, ինչպես արդեն սկսեցինք նկատել, ուրիշները նույնպես գրել են մեջտեղի տառերով հյուսված տողեր: Այդ իմաստով հնչած միտքը պետք է ընդունել վերապահությամբ: Պնդումն արդարացի է միայն այն մասով, որ «աշխարհում ոչ ոք չի գրել» հենց երկրորդ տառերով կապակցված ուղղահայաց մեզոստիքոս (համենայն դեպս, հակառակը վկայող որևէ փաստ առայժմ չի գտնվում):
         Հետաքրքիր է, որ անգամ ռուսական բազմահարուստ պոեզիայում, ուր կարծես թե կան «համակցային բանաստեղծության» մոդեռնիստական ու ավանգարդիստական երևակայելի ու աներևակայելի բոլոր տեսակները, հատկապես երկրորդ տառերով մեզոստիքոս չկա՝ նախորդ դարի սկզբից մինչև մեր օրերը: Բայց զարմանալին ոչ այնքան դա է, որքան այն, որ Չարենցից հետո եկող տասնամյակներին նույն ռուսական  պոեզիայում կան,օրինակ, բոլոր տողերի երրորդ կամ հինգերորդ տառերից  կազմված մեզոստիքոսներ: Ամենից հետաքրքրական նմուշը մեջբերվել է Մ. Գասպարովի վերոհիշյալ գրքում և հետո նրա միջոցով հայտնվել տպագիր և էլեկտրոնային բազմաթիվ հրապարակումների մեջ:
           Չարենցի մահից մեկ տասնամյակ անց՝ 1948 թ., մոսկվացի բանաստեղծ Կոնստանդին Լիպսկերովը լենինգրադցի իր բանաստեղծ գործընկերոջը գրում է հոգեկան զորակցություն արտահայտող սոնետ, որի առաջին տառերով կազմված էր ակրոստիքոս, իսկ երրորդ տառերով՝ մեզոստիքոս: Գաղտնագիրը, որ միաժամանակ նվիրում էր և ասույթ, բաղկացած էր այդ երկուսից (Գասպարովը նման համակցումը կոչում է «ակրո-մեսոստիքոս»).
                                        МнОгоязычием пленительным звучат
                                            ЛеТейских берегов туманные дубровы.
                                            ОсЛавим же того, кто, мир увидев новый,
                                             ЗоИлом став, не чтит всех канувшего чад.
                                             ИсПании сады! В них птицы верещат
                                             НаСледьем сладостным. Италия! Суровый
                                             СоК выжав из терцин, там с бездны снял покровы
                                              КрЕст утвердивший муж. Былые не молчат!
                                              ОвРаги перейдя, хоть высь была бы в тучах,
                                              МхОм полускрытый ключ слов блещущих, певучих,
                                              УдВоив поиски, ищите в тьме густой.
                                              ДлАнь ваша с посохом. Придя к благому краю,
                                              АлКать недолго вам! Ручей коснется, знаю,
                                              РтА вашего... Мы ждем! Где стих ваш золотой?[xx]
   
                Իզուր չէ, որ մասնագետները մեզոստիքոսը և նման տեսակները բնորոշում   են «հետաքրքրաշարժ տաղաչափություն» գրավիչ անվանումով: Մ. Լոզինսկին շատ արագ պատասխանում է Կ. Լիպսկերովին՝ նրան նվիրելով մեկ ակրոստիքոս և երկու՝ մեզոստիքոս (3-րդ և 5-րդ տառերով) … նույն բանաստեղծության մեջ.
                                            МнОгОлюбезный друг, волшебник и поэт!
                                                Ах, ТоТ велик в веках, чья лира грянет храбро
                                                ГиМн, Воспевающий акростихи КонстАбра,
                                                УзЛы Его ,К. Л.ե и мудрый кабинет!
                                                ЛаЛ и Топаз камней. Пуссен — автопортрет.
                                                ИзОгНутое ,псиե тройного канделябра.
                                                По ЗвОнкому клинку резьба: ,Абракадабраե,
                                                С тИбЕтским буддою бок о бок Тинторет.
                                                КаНоПской лирницы уста, как ночь, спокойны.
                                                Ей СнИтся древний плеск, ей снится берег знойный
                                                РеКи, Струящейся, как вечность, где-то там.
                                                ОгОнЬ чуть теплится на самом дне печурки.
                                                В еГо Мерцании загадочным цветам
                                                УпОдОбляются картофельные шкурки.[xxi]
   
       Արդեն եռակի բարդացված այս «ակրո-դիմեսոստիքոսով» (Գասպարով) հեղինակը կապակցել է հետևյալ միտքը. «Մոգ Լիպսկերովին Մ.Լ.Լոզինսկուց պատասխան նամակ»: Զարմանալի է, բայց «ակրոկառուցվածքի» (Ի. Չուդասով) միտող այս պատասխանը նույնպես սոնետ է: Ավելի ապշեցուցիչ է շարունակությունը. ակրո-մեզոստիքոսային երկխոսությունը նախաձեռնած Կ. Լիպսկերովը գրել է էլ ավելի բարդացված պատասխան, որ չենք մեջբերում տեղի խնայողության նկատառումով: Ասենք միայն, որ արդի ռուսական պոեզիայում կան շատ ավելի բազմազան կառուցվածքներ, նույն բանաստեղծության մեջ ուղղահայաց և անկյունագծային բազմաթիվ տողեր համատեղող գործեր:
     Վերադառնալով մեկնակետին՝ հիշենք, սակայն, որ ո՛չ Չարենցից առաջ, ո՛չ նրանից հետո չկա երկրորդ տառերով  ուղղահայաց տող: Օրինաչափությունը հաստատող միայն մեկ բացառություն է նկատվում, այն էլ, որքան էլ անսպասելի թվա, հայ պոեզիայում: «Պատգամից» ավելի քան երեսուն տարի հետո Հովհաննես Շիրազը գրել և «Հուշարձան մայրիկիս» (1968) գրքում զետեղել է մի բանաստեղծություն, որի տողերի (բացառությամբ վերջին ութ տողերի) երկրորդ տառերով կազմվում է հետևյալ ասույթը. «Մռնչա, Շիրազ, ազատություն Մասիսին»[xxii]: Սա կարելի է համարել Չարենցի մեզոստիքոսի հետագա ներգործության ցավալիորեն եզակի մի դեպք, որը ըստ ամենայնի հիշեցնում է նախօրինակը: Այն նույնպես գաղտնագրված է[xxiii], ունի պատգամ-ա‎ֆորիզմի բնույթ, ազգային-քաղաքական բովանդակություն և այլն: Այսինքն՝ Շիրազն ուներ ուսուցիչ, որի աներկբայելի ազդեցությամբ էլ գրել է երկրորդ և վերջին մեզոստիքոսը հայ պոեզիայի պատմության մեջ:
         Իսկ ինչպե՞ս է ստեղծվել առաջինը, ունեցե՞լ է արդյոք Չարենցը ուսուցիչ և նախատիպ, թե՞ այն հորինել է ինքնաբուխ ձևով՝ ստեղծագործական ներքին տարերային մղումով: Տեսականորեն չբացառելով վերջին հավանականությունը՝ հարկ է հատուկ ընդգծել, սակայն, որ ոչ հորիզոնական տողը ոչ թե սկզբի, այլ մեջտեղի տառերի միացումով կազմելու միտումը անծանոթ չէ նախաչարենցյան համաշխարհային փորձին, իսկ գրականության տեսության մեջ թեկուզ և ոչ լայնորեն, շրջանառում էր համապատասխան տերմինը՝ ճիշտ է, դեռևս ս-ով («месостих»):
        «Պատգամը» ինքնին առեղծվածների կիզակետ է: Եթե նրա ենթատեքստային ասելիքը վերլուծելիս պարզվի, օրինակ, որ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» ա‎սույթը ուղղված է նաև ռուսական գերիշխանության և, հասկանալի է, ռուսերենի տիրապետության դեմ, կգոյանա ևս մեկ հանգուցային առեղծված:     Անշուշտ, չարենցյան խոսքարվեստի բազմաթիվ այլ տարրերի նման ակրոստիքոսն ու մեզոստիքոսը նույնպես նրա պոետիկա են թափանցել ռուսերեն գեղարվեստական խոսքի, որոշակիորեն՝ ռուսական սիմվոլիզմի, ակմեիզմի և մոդեռնիստական այլ հոսանքների «հայրերի» ինքնուրույն և թարգմանական չափածո որոնումների ինչ-որ չափով «ուշացած» և չափավոր ներգործությամբ:
        Համենայն դեպս, չի կարող շրջանցվել այսպիսի ցնցող փաստ: Հազարամյակների պատմություն ունեցող ակրոստիքոսի ձևը հայ պոեզիայում նույնպես ունի ավելի քան մեկ հազարամյակի պատմություն: Այն սկզբնավորվել է 7-րդ դարում որպես այբբենական ակրոստիքոս կամ, ինչպես տեսաբաններն են ասում, «աբեցեդարիում» (Դավթակ Քերթող և Կոմիտաս Կաթողիկոս): Հաջորդ դարում արդեն սկիզբ է առնում հայկական «ակրոստիքոս-ստորագրությունը». հայ առաջին կին բանաստեղծը՝ Սահակդուխտ Սյունեցին, մի բանաստեղծության տների սկզբնատառերով հոդել է իր անունը: Այնուհետև, հատկապես Նարեկացուց սկսած և մինչև 18-րդ դար, մինչև Նաղաշ Հովնաթան ու Պաղտասար Դպիր, բոլոր դարերի բանաստեղծները գրել են հարյուրավոր ակրոստիքոսներ: Դա միջնադարյան հայ պոեզիայում սովորական մի ձև է, որ մասնագետներից շատերը բնորոշում են «ծայրակապ» բառով: Իսկ ահա ամբողջ 19-րդ դարի և  20-րդ դարի առաջին տասնամյակների  նախաչարենցյան հայ պոեզիան ասպարեզ է բերում ընդամենը մեկ ակրոստիքոս: Դա Վահան Տերյանի «Վեչեսլավ Իվանովին» բանաստեղծությունն է.
                                          Վարդավառի վարդերը վառ
                                           Երգող երգչիդ երդվում եմ ես.
                                           Չըկար երկրիս նըման պարտեզ –
                                           Եվ նա ավե՜ր, չարին ավա՜ր…
                                           Սրտի երգիչ, դու բոցավառ
                                           Լուսե երգով ասա՛ հրկեզ. –
                                           Արդյոք «հարյա՜վ» պիտի երգե՞ս
                                           Վառված ու որբ երկրիս համար:
 
                                            Ինչպես կարկուտն արտն անարատ
                                            Վայր է թափում, այնպես առատ,
                                            Այնպես անգութ երկրում իմ որբ,
                                            Նայի՛ր՝ թափված քանի՜ կորյուն –
                                            Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն արյուն –
                                            Վերքե՜ր, վարդե՜ր արնոտ ու բորբ… [xxiv]
    
        Այս բանաստեղծությունը ուշադրության արժանի է հենց թեկուզ հայ նոր և նորագույն պոեզիայի՝  Չարենցի ակրոստիքոսներին և «Պատգամին» նախորդած երկարատև շրջանում միակը լինելու հանգամանքով: Առավել էական է, սակայն, որ մինչդեռ հայոց միջնադարի տասնյակ բանաստեղծների հարյուրավոր ակրոստիքոսները, ներառյալ 1930-ական թթ. Չարենցի ուշադրության կենտրոնում գտնվող Նարեկացու և Շնորհալու մեծաքանակ  «ծայրակապերը»[xxv]  գրեթե առանց բացառության «աբեցեդարիումներ» և «ստորագրություններ» են (այդպես է նաև անտիկ աշխարհի այլ գրականություններում), Վահան Տերյանը գրում է «ակրոստիքոս-նվիրում»: Ընդ որում նվիրումը հասցեագրված է մեկ այլ բանաստեղծի, իսկ գաղտնագիրն ամփոփող բանաստեղծությունը սոնետ է: Երկու հատկանիշն էլ խիստ բնորոշ են ժամանակի ռուսական պոեզիային, որի ակնհայտ ազդեցությամբ էլ գրված է Տերյանի ակրոստիքոսը:
         Այդ շրջանի ռուս բանաստեղծներից ակրոստիքոսներ են գրել Վ. Բրյուսովը, Ի. Աննենսկին, Ի. Սևերյանինը, Ս. Գորոդեցկին, Ն. Գումիլյովը, Մ.Կուզմինը, Ա. Ախմատովան, Ս. Եսենինը և ուրիշներ: Դրանցից շատերը գործընկեր բանաստեղծներին հասցեագրված նվիրումներ են (երբեմն՝ փոխադարձ): Այդ ավանդույթով ավելի ուշ Բ. Պաստեռնակը գրել է Մարինա Ցվետաևայի անունը հոդող երկու ակրոստիքոս: Կրկնակի նվիրում է, բայց միևնույն գրվածքի բնագրում, նաև Նիկոլայ Գումիլյովի մի բանաստեղծությունը, որ որոշ մասնագետներ համարում են առաջին մեզոստիքոսը 20-րդ դարի ռուսական պոեզիայում:
        Բանաստեղծության մեջ, որ գրվել է 1912 թվականին, հորիզոնական տողերի տարբեր տառերով հեղինակը կազմել է երկու անկյունագծային տողեր, որոնք հոդում են ռուս հանրահայտ գրող, թարգմանիչ Կոռնեյ Չուկովսկու և նրա կնոջ անուն-ազգանունները.
                                                           КРЕСТ
                                         Корней Иванович Чуковский, вот,
                                         ПОпал я к босоногим дикаряМ
                                         КоРмлю собой их я, и повАр сам –
                                         Увы, Наверно, выйдет стих-уРод.
                                         КорнЕй, меня срамите Вы. Иона.
                                         ВернеЙ нашел приют средь рыбьЯ лона!
                                         А я, увы, к Чуковскому попав,
                                         Добыча я ЧУКовского забав.
                                         Ведь кит, УслОжнивши пищеваренье,
                                         ЖелудоК к тВоему не приравнял
                                         И, вернО, им Совсем не управлял,
                                         Но ты Велик: Какое несваренье
                                         Тебя Сомнет?! Иона будет труп,
                                          Но, Кажется, попал тебе, ЧуковскиЙ,
                                          НА зуб, на твой огромный, страшный зуб,
                                          Я – не Иона, я же не таковский.[xxvi]
    
           Իրականում հեղինակը գրա‎ֆիկորեն չի ընդգծել անկյունագծային խաչվող տողերը, և բանաստեղծությունը «Խաչ» է կոչվում թերևս ոչ միայն անկյունագծային խաչաձևման պատճառով: Վերջինս գլխատառերով ընդգծել է Ի. Չուդասովն իր մի հրապարակման մեջ, ուր Ն. Գումիլյովի կիրառած այս ձևը կոչում է «անկյունագծային ակրոստիքոս» («диагональный акростих»)[xxvii]: Դա այնքան էլ համոզիչ չէ, որովհետև կատարելապես «վիզուալ պոեզիայի» օրենքներով ստեղծված այս նմուշում միայն մի քանի եզրային տառեր են մասնակցում անկյունագծային տողերի կազմությանը: Տերմինաբանական շփոթի մեջ ոմանք այս ձևը կոչում են լաբիրինթոս, ուրիշները՝ պարզապես մեզոստիքոս, որ առավել տրամաբանական է, քանի որ հավելյալ տողերը բաղկացած են գերազանցապես միջին տառերից:
     Հենց վերջին առումով էլ բերված օրինակը գրավում է մեր ուշադրությունը: Իր ամենանվիրական գաղափարներից մեկը արտահայտելու ծածուկ ձև որոնող Չարենցը, կարդալով Ն. Գումիլյովի բանաստեղծությունը և իմանալով նրա «անմեղ» գաղտնագրի մասին, կարող էր կռահել, որ թաքուն բառերը կամ մտքերը կարելի է արտահայտել հենց մեջտեղի տառերով: Մնում է պարզել, թե հայտնի՞ էր նրան գումիլյովյան «Խաչը»: Ցավոք,  Չարենցի գրադարանի ցաքուցրիվ վիճակը այս և նման դեպքերում թույլ չի տալիս փաստացի ապացուցել ուղղակի կապի գոյությունը, բայց ունենք վարկածն ուժեղացնող բավական ամուր մի փաստ: Չարենցը շատ լավ իմացել և բարձր է գնահատել Ն.Գումիլյովի պոեզիան: Իգոր Պոստուպալսկին պատմում է 1935 թվականի աշնանը վերաբերող մոսկովյան մի հանդիպման մասին, որի ընթացքում Չարենցը բնագրային վկայակոչումներով խոսում է Ն. Գումիլյովի գործերից, վերհիշում իր հին ընթերցումները և հատված արտասանում: «Մեր քննադատները,–ասում է Չարենցը,–պոեզիայում չեն կարողանում ընտրություն կատարել: Եվ փաստերը չգիտեն: Գումիլյովը նրանց համար ընդամենը իմպերիալիստ է և ոչ ավելին»[xxviii]:
      Նկատելով, որ խոսակցությունը կայանում է «Պատգամի» հրապարակումից շատ չանցած՝ հիշենք նաև, որ Չարենցը նույն շրջանում  թարգմանել է Ն. Գումիլյովի «Վեցերորդ զգացմունք» նույնպես շատ ինքնատիպ բանաստեղծությունը[xxix]:
     Ակրոստիքոս-եզրատողի փոխարեն  մեջտեղի տառերով կազմված գաղտնաբառի ձևին  դիմելը Ն.Գումիլյովի փորձարարությունից անմիջապես հետո դրսևորում է գտնում Վադիմ Շերշենևիչի և Վալերի Բրյուսովի մի արտառոց բանաստեղծական «երկխոսության» մեջ: Վ. Շերշենևիչը գրում է մի գործ, որի մեջ երկու թեք անկյունագծային տողերով կազմում է «Վալերի Բրյուսովին» նվիրումը, իսկ տողերի մեծ մասի 14-րդ տառերով՝ «հեղինակի կողմից» («от автора») ուղղահայաց տողը: Վերջինս այս լաբիրինթոսում փաստորեն ուղղահայաց մեզոստիքոս է՝ թերևս առաջինը դարասկզբի ռուսական պոեզիայում (ինչպես հիշում ենք, Ա.Կվյատկովսկին իր բառարանում այս բանաստեղծությունը կոչում է պարզապես «մեսոստիքոս»): Չարենցը, որ շատ լավ գիտեր ռուսական պոեզիան, այս հնարքին նույնպես պետք է որ ծանոթ լիներ: Մանավանդ որ այլոց շարքում  լավ գիտեր ու բարձր էր գնահատում Վադիմ Շերշենևիչին: Այդ մասին նա արտահայտվել է մասնավորապես 1922 թ. գրած «Արդի ռուսական պոեզիան» ծավալուն հոդվածում: Այդ ժամանակ Վ.Շերշենևիչն արդեն նորաստեղծ իմաժինիզմի խմբակի առաջնորդն էր. «Սիմվոլիստների այս ուշացած ասպետները անհարազատ են անգամ նէպմաններին, որոնք ունեն իրենց իսկական պոետները, որպիսիք են իմաժինիստներից երկուսը– Մարիենգո‎ֆն ու  Շերշենևիչը»[xxx] :
       Առավել ուշագրավ է, որ Վ. Շերշենևիչի լաբիրինթոս-մեզոստիքոսին փոքր-ինչ ուշացումով պատասխանել է հասցեատերը՝ Վ.Բրյուսովը (բանաստեղծությունն այդպես էլ կոչվում է՝ «Ուշացած պատասխան Վադիմ Շերշենևիչին»): Ստացվում է արդեն փոխադարձ նվիրում, որովհետև 1913 թ. գրված լաբիրինթոսային այդ ոտանավորում դարձյալ անկյունագծային տողերով Բրյուսովը կապակցել է «Վադիմ Շերշենևիչին» («Вадиму Шершеневичу») ընծայագիրը.
                                                В л е к и с у р о в у ю м е ч т У,
                 д А й у т о м л е н н о й р е Ч и,
                                                     в а Д и м ъ и э т у д а л ь И т у,
                                                     д а р И н а с т а р о м ъ В е ч е
                                                     с е б е М г н о в е н и Е о г н я,
                                                     д а й с м У т е с т е Н ы в о л и.
                                                     т ы и с к у Ш е н и Е к р е м н я:
                                                     з а т м е н и Е о Ш и б к у д н я –
                                                     т р о н ь и с к Р о ю д о б о л и! [xxxi]
   
           Եթե նախորդ երկու հեղինակների փորձերի մասին Չարենցի իրազեկությունը դեռ ինչ-որ չափով թեական է, Վ. Բրյուսովի պարագայում կասկածներն աննշան են, քանի որ «սառն ու հմուտ» այդ վարպետի գործերին նա տեղյակ էր խորապես և ըստ ամենայնի:
          Այսպիսով՝ 1910-ական թթ. ռուսական պոեզիայում սկսում են տարածվել մեջտեղի տառերից  կազմվող թաքնված տողերով բանաստեղծություններ, լաբիրինթոսներ և մեզոստիքոսներ, ընդ որում դրանց նախաձեռնությունը պատկանում է հատկապես Չարենցի նախասիրած  մի քանի բանաստեղծներին: Բայց քանի որ մեզ բնականաբար հետաքրքրում է «Պատգամի» հղացմանը հանգեցրած ժանրային մշակույթի դաշտը, նկատենք նաև հետևյալ ակնհայտ տարանջատումը: Մինչ Չարենցը ակրոստիքոս-եզրատողը փոխարինում է տողերի ներսում գործող ուղղահայաց մեզոստիքոսով, «արծաթե դարի» ռուս բանաստեղծները՝ Ն.Գումիլյովը, Վ. Շերշենևիչը և Վ.Բրյուսովը, ակնհայտորեն նախընտրում են անկյունագծային ներքին տողը: Այդ միտումը շատ ցայտուն է և իր հերթին բացատրություն է հայցում, որ այս պարագայում ավելորդ կլիներ, եթե սերտորեն չառնչվեր Եղիշե Չարենցի նախասիրություններին: Բանն այն է, որ հիշյալ ռուս բանաստեղծներից շատ առաջ անկյունագծային գաղտնագիր  տողի հնարքը հորինել է 19-րդ դարի ամերիկացի մեծ բանաստեղծ Էդգար Պոն: Վերջինս Չարենցին ամենից ավելի հոգեհարազատ բանաստեղծներից է, ընդ որում՝ անզուսպ հետաքրքրությունը նրա պոեզիայի հանդեպ ծնվել ու գնալով ուժգնացել է հենց «Պատգամին» նախորդած տարիներին և դարձյալ ռուսերենի, դարասկզբի ռուս բանաստեղծների, հատկապես Վ.Բրյուսովի «օգնությամբ»: Չարենցը անգլերեն չգիտեր, բայց այդ և ուրիշ լեզուներով ստեղծված համաշխարհային բանաստեղծական գանձերին մշտապես հաղորդակցվում էր ռուսերենի միջոցով: Իսկ Էդգար Պոն անցյալ դարի առաջին տասնամյակներին ռուս բանաստեղծների կուռքն էր:
 
                        3.Էդգար Պոյի «Առեղծվածը» եվ Եղիշե  Չարենցի գաղտնիքը 
   
          Պոեզիայի ժամանակակից տեսաբանները մեզոստիքոսը համարում են հանելուկային, առեղծվածային ձև: Նույնը կարելի է ասել հարակից ձևերի՝ լաբիրինթոսի, տելեստիքոսի, զանազան զիգզագների և անկյունագծերի, նվազ չափով՝ նաև սովորական ակրոստիքոսի մասին: Խորհրդավորությունը, գաղտնիքի առկայությունը երբեմն արտահայտվում է անգամ վերնագրում[xxxii]: Այն մի տեսակ հուշում է, դրդում կռահելու գաղտնագրի գոյությունը:
        Էդգար Պոն ունեցել է բարեկամ ամուսիններ, սակայն, ինչ-որ մի պահի, տիկնոջ նկատմամբ առաջացել են առանձնահատուկ զգացումներ, որոնց թելադրանքով նա 1847 թ. գրել է «An Enigma» («առեղծված»,«հանելուկ»,«գաղտնիք») վերնագրով մի բանաստեղծություն: Դա մի սոնետ է, որի առաջին տողի առաջին, երկրորդ տողի երկրորդ, երրորդ տողի երրորդ և հաջորդական մյուս տառերով գաղտնագրված է այդ տիկնոջ լրիվ անունը՝ «Sarah Anna Lewis»: Ահա այդ գաղտնիքը բնագրով.
                                              "Seldom we find," says Solomon Don Dunce,
                                              "Half an idea in the profoundest sonnet.
                                               Through all the flimsy things we see at once
                                               As easily as through a Naples bonnet-
                                               Trash of all trash!-how can a lady don it?
                                               Yet heavier far than your Petrarchan stuff-
                                               Owl-downy nonsense that the faintest puff
                                               Twirls into trunk-paper the while you con it."
                                               And, veritably, Sol is right enough.
                                               The general tuckermanities are arrant
                                               Bubbles-ephemeral and so transparent-
                                               But this is, now-you may depend upon it-
                                               Stable, opaque, immortal-all by dint
                                               Of the dear names that he concealed within ՚t[xxxiii].
          Այս բանաստեղծությունը նոր շրջանի համաշխարհային պոեզիայի առաջին նմուշն է, որը պարունակում է անկյունագծային միատող: Եվ քանի որ հին աշխարհից և միջնադարից համանման գործեր չեն պահպանվել (կան ընդամենը՝ դրանք հիշատակող կողմնակի վկայություններ), Պոյի բնագիրը ձեռք է բերում գեղարվեստական գյուտի արժեք: Թե՛ բնագրով, թե՛ զանազան թարգմանություններով այն քաջածանոթ էր հատկապես անցյալ դարասկզբի ռուսական պոետական շրջաններին:
        Պոյի ամբողջ գեղագիտության և մասնավորապես «An Enigma»-ի (վերստին հիշենք անկյունագծերի շարանը) մոգական դաշտում գտնվող ռուս բանաստեղծներից մեկը՝ Վալերի Բրյուսովը, կյանքի վերջին տարում թարգմանեց առեղծվածային սոնետը՝ նրբորեն պահպանելով նաև գաղտնագրված նվիրումը.
     
                                                     ,Сыскать, — так молвил Соломон Дурак, —
                                             Нам не легко в сонете пол-идеи.
                                             И чрез пустое видим мы яснее,
                                             Чем рыбин чрез неапольский колпак.
 
                                              Суета сует! Он не под силу дамам,
                                              И все ж, ах! рифм Петрарки тяжелей.
                                              Из филина пух легкий, ветер, взвей, —
                                              И будет он, наверно, тем же самым.
 
                                              Наверняка тот Соломон был прав;
                                              Смысл не велик лирических забав, —
                                              Что колпаки иль пузыри из мыла!
 
                                               Но за сонетом у меня есть сила,
                                               Бессмертен мой, как будто темный, стих:
                                               Я имя поместил в словах моих! [xxxiv]
               
Նույն տարում՝ 1924-ին, արդեն Վ.Բրյուսովի մահից հետո լույս տեսավ  Էդգար Պոյի բանաստեղծությունների ռուսերեն լիակատար ժողովածուն՝ նրա թարգմանությամբ: Եթե մինչև այդ Չարենցը ծանոթ չէր ամերիկացու պոեզիային (ինչը քիչ հավանական է), դրանից հետո ծանոթությունը և մերձեցումը դառնում են աներկբայելի: Մի քանի տարի անց Պոյի անունը հայտնվում է Չարենցի բնագրում՝ «ARS POETICA»-ի վերջին հատվածում (1928).
                                 Ես վախենում եմ, ինչպես նեկրոման, կես-գիշերային
                                                                                                           ժամից,
                                 Երբ ելնում է լուսինը դագաղից ու մեռնում է անգամ
                                                                                                            քամին:
                                 Այդ ժամին, թե արթուն եմ լինում, զգում եմ
                                                                                                    սարսափով,
                                 Որ ահա կգա Բոդլերը, կերևա Էդգար Պոն[xxxv]:
    
         Այս պահից Չարենցը  տառացիորեն հայտնվում է Պոյի պոեզիայի գերության մեջ, որը տևում է մինչև կյանքի վերջը: Բնագրային փաստերից դատելով՝ նրան հմայել է ամերիկացի բանաստեղծի հատկապես մի բանաստեղծություն՝ «Ուլյալումը»: Արդեն 1937 թ. գարնանը Չարենցը հենց այդպես է վերնագրել «Երազների մասին» պոեմի տարբերակներից մեկը, իսկ նույն ստեղծագործության «Պոեմ անվերնագիր» տարբերակի աշխատանքային նշումներում գրել է, որ նյութը շարադրելու է «Ըստ Էդգար Պո-ի» և Ֆրոյդի[xxxvi]: Ի դեպ, Պոյի բանաստեղծությունները լեփ-լեցուն են զանազան երազների ու մղձավանջների պատկերներով, իսկ «Ուլյալում» ոչ պակաս խորհրդավոր գործը ստեղծվել է առեղծվածային «An Enigma»-ի հետ գրեթե միաժամանակ՝ դարձյալ 1847 թ.՝ գրողի վախճանից ընդամենը երկու տարի առաջ: Եվ ահա Չարենցն էլ կյանքի նախավերջին տարում կարծես թե գրում է իր «Ուլյալումը». «Դանթեական սեր» պոեմի համար Motto-բնաբան է ընտրված «Ուլյալո՜ւմ, «Ուլյալո՜ւմ» տողը, իսկ անմիջապես հետո բանաստեղծն իր հերոսուհի Արուս Ոսկանյանին գեղարվեստորեն նույնացնում է ամերիկացի բանաստեղծի խորհրդավոր հերոսուհու հետ.
                                            
                                            Եվ Էդգար Պոն – Քե՛զ է իր պոեմում անհուն
                                            Կոչել միստիկ անվամբ – Ուլյալում[xxxvii]:
    
           Այսպիսով՝ 1928-1937 թվականները Չարենցի համար անցնում են Էդգար Պոյի «ներկայությամբ»: Այս մթնոլորտում «An Enigma»-ի և «Պատգամի» ընդհանրությունները թվում են նույնքան բնական, որքան և դրանց բացահայտ յուրահատկությունները։
     1.Ճիշտ է, որ Պոն դիմում է սիրելի կնոջը, իսկ Չարենցը՝ սիրելի ժողովրդին, բայց երկուսն էլ գաղտնագրում են, որովհետև բացահայտորեն չեն կարող ասել մտածածը:
     2.Պոն ծածկագրով գրում է հասցեատիրոջ սոսկ անունը, իսկ Չարենցը՝ հասցեատիրոջն ուղղված մի ամբողջ նախադասություն-ա‎ֆորիզմ, բայց երկուսն էլ թաքցնում են ոչ թե առաջին, այլ մեջտեղի տառերի միջոցով (հասկանալի բացառություն է միայն «Սառա Աննա Լյուիս» անվան առաջին տառը):
     3.Գաղտնագիր տողը Պոյի բանաստեղծության մեջ կազմում է անկյունագիծ, իսկ Չարենցի բանաստեղծության մեջ՝ ուղղահայաց տող, բայց երկուսն էլ տանջվում են գաղտնագրման փաստը կորստյան չմատնելու մարմաջով: Պոն դա արտահայտել է վերնագրով և շարադրանքով, ըստ որի՝ իսկապես անիմաստ է պոետական զվարճանքը, բայց իր սոնետն ուժ ունի, որովհետև, ինչպես ասվում է վերջին տողերում՝ «Անթափանց, անսուտ սոնետն իմ, սակայն, Կլինի անմեռ, անիմաց, կայուն, Նա մի թանկ անվան սուրբ հետքն է պահում» (Ն.Աթաբեկյանի թարգմանությամբ)::                                     
     Չարենցը նույնպես թաքցրած մտքի գոյությունը հասկացրել է վերնագրով  և անհամեմատ անորոշ ձևով՝ նաև շարադրանքով, որի մեջ երկար խոսում է իմաստությունը չկորցնելու մասին:

(շարունակելի)

Հոդվածի շարունակությունն այստեղ։ 


Ծանոթագրություններ

[ii] Եղիշե Չարենց, Նորահայտ էջեր, Եր., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1996, էջ 371:
[iii] Նույն տեղում: Տե՛ս նաև Դավիթ Գասպարյան, Փակ դռների գաղտնիքը, Եր., «Ապոլոն» հրատ.,1994, էջ 28-29: Հարցաքննության մեկնաբանության մեջ այս գրքի հեղինակը նույնպես օգտագործում է «ակրոստիքոս» բառը: 
[iv] Տե՛ս Եղիշե Չարենց, Նորահայտ էջեր, էջ 613:
[v]   Տե՛ս օրինակ, Վահան Նավասարդյան, Չարենց. Հուշեր և խորհրդածություններ, Գահիրէ,1957, Թէհրան, 1962: 2007 թ. վերահրատարակվել է  նաև Երևանում:
[vi] Տե՛ս «Զարթոնք»,Գահիրէ, 1939, գիրք Ա, պրակ 1-4, «Կյանք եւ արուեստ», Փարիզ,1940, թիվ 1 , «Հայրենիք» տարեգիրք, Պոսթըն, 1947 , էջ 168-169 ,«Համազգայինի» օրացոյց-տարեգիրք-1952, Պէյրութ, 1951, , էջ  224-225 ,«Նայիրի», Պէյրութ, 1952, դեկտեմբերի 21 , «Արմենիա», Պուէնոս Այրէս,1967 , մայիսի 12 , «Յառաջ», Փարիզ, 1967, ապրիլի 22 , «Սփիւռք», Պէյրութ, 1967, նոյեմբերի 5 , «Հայրենիք», Պոսթըն, 1968, փետրվարի 13, «Բագին», Պէյրութ, 1968, թիվ 9 :
[vii] Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հ.4 , Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1968 , էջ 605:
[viii] «Չարենցի «Պատգամ» բանաստեղծության երկրորդ տառերի եզրատողով (ակրոստիքոս) հայտնի պատվիրանը այսօր շատ է հիշվում»: Դ. Գասպարյան, Կոչ ժողովրդին. Չարենցի «Պատգամ» բանաստեղծությունը, «Ավանգարդ», Եր, 1990, հուլիսի 25, N 82:
[ix] Տե՛ս И. Чудасов, От акростиха к акроконструкции, https://sites.google.com/site/poeticeskiestranicki/ivan-cudasov-ot-akrostiha-k-akrokonstrukcii-2:
[x]   Հայկական սովետական հանրագիտարան, հ.7, Եր., 1981, էջ 377:   
[xi] Տե՛ս Гаспаров М. Л., Русские стихи 1890-х-1925-го годов в комментариях, Москва: Высшая школа, 1993. Լրացումներով վերահրատարակվել է 2001 և 2004 թթ.: https://philologos.narod.ru/mlgaspar/gasp_rverse.htm
[xii] Տե՛ս Бирюков С. Е., Поэтический мастеркласс. Урок первый, акростишный, 2003. https://www.topos.ru/article/1746
[xiii] Տե՛ս Бонч֊-Осмоловская Т., Курс лекций по комбинаторной литературе, 7. Последовательности. Буквенные последовательности: абецедарии и акростихи. Мезостихи и телестихи. Фонетические последовательности. Усложненные и множественные акростихи. Лабиринты. https://www.ashtray.ru/main/texts/bonch_course/l7a.htm
[xiv] Տե՛ս Чудасов И. В., Акростих в русской поэзии. https://reading-hall.ru/publication.php?id=693
[xv] Квятковский А. П., Поэтический словарь, М., Сов. Энцикл., 1966. с. 154.
[xvi] Նույն տեղում:
[xvii] Նույն տեղում:
[xviii] Նույն տեղում, էջ 155:
[xix] Գր. Հակոբյան, Ուսուցիչը: Չարենցի հետ. Հուշեր, Եր., «Նաիրի» հրատ., 2008, էջ 371:
[xx] Гаспаров М. Л., Русские стихи 1890-х-1925-го годов в комментариях, Москва: Высшая школа, 1993.  https://philologos.narod.ru/mlgaspar/gasp_rverse.htm
[xxi]Նույն տեղում:
[xxii]  Տե՛ս Հովհաննես Շիրազ, Երկեր, հ. 4, Եր., «Սովետական գրող» հրատ., 1986, էջ 128:
[xxiii]  Շիրազի մեզոստիքոսի գաղտնազերծումը և դրա չարենցյան ծագումնաբանության հայտնաբերումը կատարվել է բավական արագ: Արդեն 1969 թ. Բեյրութում լույս տեսնող «Սփիւռք» շաբաթաթերթը ( թիվ 15, մայիսի 4) վերահրատարակում է Շիրազի բանաստեղծությունը՝ բացահայտելով ծածկագիրը և կցելով լակոնիկ պարզաբանում, որի մեջ մասնավորապես ասված է. «Անմահ Չարենցի «Պատգամը» հիշեցնող քերթուած մը…
     Շիրազ կ՚ընթանա Չարենցի ճամբով և ճակատագրով…
     Վա՜յ Չարենցը «քակող» նոր օրերու Մուղդուսիներուն»:
[xxiv] Վահան Տերյան, Բանաստեղծություններ, լիակատար ժողովածու , Եր., «Սովետական գրող» , 1985, էջ 288:
[xxv] Մանուկ Աբեղյանը «Հայոց հին գրականության պատմություն» աշխատության մեջ օգտագործում է նաև «գլխակապ» և «գլխաբան» եզրաբառերը: Տե՛ս Մանուկ Աբեղյան, Երկեր, հ.3, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1968, էջ 561, 582:
[xxvi] И. Чудасов, О некоторых видах строчного акростиха. https://art-storona.ru/2007/2/article24.php
[xxvii] Նույն տեղում: 
[xxviii] Ի. Պոստուպալսկի, Եղիշե Չարենցը Եթովպիայի մասին: Չարենցի հետ. Հուշեր, Ե., «Նաիրի» , 2008, էջ 264-265:
[xxix]Տե՛ս Եղիշե Չարենց, Նորահայտ էջեր, էջ 299: Այս գրքում աղավաղումներով տպագրվել է Չարենցի թարգմանության կեսը: Ձեռագրի և Ն.Գումիլյովի բնագրի համեմատական վերլուծությամբ ճշտումներ են արվել մեր «Չարենցի անտիպ ժառանգության գնահատման մի քանի հարցեր» հոդվածում։ Տե՛ս «Չարենցյան ընթերցումներ», գիրք 7, Եր., Երևանի համալսարանի հրատ., 2002, էջ 171-174:
[xxx]Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հ. 6, 1967, էջ 62:
[xxxi]Տե՛ս Бонч֊Осмоловская Т., Курс лекций по комбинаторной литературе, 7. Последовательности. Буквенные последовательности: абецедарии и акростихи. Мезостихи и телестихи. Фонетические последовательности. Усложненные и множественные акростихи. Лабиринты. https://www.ashtray.ru/main/texts/bonch_course/l7a.htm
[xxxii] 18-րդ դարի վերջի-19-րդ դարասկզբի ռուս բանաստեղծ Յու. Նելեդինսկի-Մելեցկու վեցտողանոց փոքրիկ բանաստեղծությունը, որի առաջին տառերով կազմվում է «Բարեկամություն» բառը, վերնագրված է «Ակրոստիքոսային հանելուկ» («Загадка акростическая»):
[xxxiii] Эдгар Аллан По, Стихотворения, М., «Радуга», 1988, с. 170. Սա անգլերեն-ռուսերեն զուգադիր հրատարակություն է. հաջորդ էջում դրված է Ա. Շչերբակովի թարգմանությունը («Загадочный сонет»): Թեև վերջինս նույնպես պահպանել է գաղտնագիր անկյունագիծը, բայց գերադասում ենք մեջբերել նույն գրքի հավելվածում զետեղված բրյուսովյան թարգմանությունը («Энигма»)՝ որպես Չարենցի տեսադաշտին մոտ գտնվող սկզբնաղբյուր:
[xxxiv] Նույն տեղում, էջ 340-341: Իմ խնդրանքով բանաստեղծ Ներսես Աթաբեկյանը անգլերենից առաջին անգամ հայերեն թարգմանեց Պոյի սոնետը: Բավական համարժեք այդ թարգմանության մեջ նույնպես պահպանվել է առեղծվածային անկյունագիծը.
                                                          ԱՌԵՂԾՎԱԾ

                                            Սողոմոն Հիմարն ասում էր. «Փչո՜ց,
                                            Բարդ է լուրջ իմաստ գտնել սոնետում:
                                            Հեռուն է նույնքան հեշտությամբ դիտվում,
                                            Սևեռվես եթե գլխարկի միջով:
                                            Պարպածի մեջ է պարապը հոսում:
                                            Բայց հաղթում է մեծ Պետրարկային էլ
                                            Անմիտքն ամփոփված այդ տողերի մեջ:
                                            Ինչպե՞ս ընկալեն տիկնայք փափկասուն»:
                                            Իմաստնասաց է Սողոմոնն էլի,
                                            Որ  սին ու փայլուն և անհուսալի
                                            Պղպջակ է մի այս ստախաղը մեր քնարական,
                                            Անթափանց, անսուտ սոնետն իմ, սակայն,
                                            Կլինի անմեռ, անիմաց, կայուն.
                                            Նա մի թանկ անվան սուրբ հետքն է պահում:
                                                                                  (Տպագրվում է առաջին անգամ)

[xxxv] Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հ. 4, էջ 139:    
[xxxvi] Տե՛ս Եղիշե Չարենց, Անտիպ և չհավաքված երկեր, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1983, էջ 666, 668:

  • Created on .
  • Hits: 122074

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: