Ալբերտ Շվեյցեր. Ծառայելով մարդկությանը, մշակույթին և գիտությանը

«Մի գեղեցիկ առավոտ Գյունսբախում Երրորդության օրը (1896 թվական) ես արթնացա այն մտքով, որ չպետք է միայն վայելեմ  այն երջանկությունը, որն ինձ բաժին է ընկել, այլ պետք է դրա դիմաց ինչ-որ բան տամ: Շարունակելով կամաց-կամաց խորհել այս մտքի շուրջ պատուհանից դուրս ծլվլող թռչունների հետ՝ ես որոշեցի, որ կարող եմ իմ կյանքն արդարացված համարել, եթե մինչև երեսուն տարեկանը ապրեմ գիտության և արվեստի համար, իսկ դրանից հետո նվիրվեմ մարդկանց ուղղակի ծառայելուն»:                      

Ալբերտ Շվեյցեր


Ինչպես գրել է գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, երգեհոնահար, բժիշկ, մեծ հումանիստ Ալբերտ Շվեյցերի կենսագիրներից մեկը, այս «երիտասարդն իր հոգում զգաց աշխարհի խղճի բեռը»։ Հենց այստեղից էլ երևում է, որ
Ալբերտ Շվեյցերի կյանքն ինքնին «էթիկական փաստարկի արժանիք ունի»։ Շվեյցերն, անշուշտ, եզակի երևույթ է մշակույթի պատմության մեջ՝ խորաթափանց փիլիսոփա , մեծ հումանիստ, քսաներորդ դարի մեծագույն երաժիշտ, որն ավելի քան կես դար աշխատել է որպես բժիշկ Հասարակածային Աֆրիկայում:

Հենց այն ժամանակ, երբ ճանաչումը, հռչակն ու համբավը շատ արագ հասան երիտասարդ գիտնականին և երաժիշտին, նա միաժամանակ անսպասելիորեն թողեց փայլուն կարիերայի հետագա ընթացքն ու 1905 թվականին ընդունվեց Ստրասբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Իր ուսանողների համար դասախոսություններ կարդալուց հետո Շվեյցերն արագ շտապում էր բժշկական ֆակուլտետ՝ դասախոսություններ լսելու։ Արդեն որակավորված մասնագետը «Հիսուսի անհատականության հոգեբուժական գնահատումը» թեմայով ատենախոսությունը պաշտպանեց Տյուբինգենում 1913 թվականին։ Այդ տարի մարտի 21-ին էլ իր կնոջ՝ Հելենա-Մարիանի հետ «Եվրոպա» նավով մեկնեց ֆրանսիական Հասարակածային Աֆրիկա (այժմ՝ Գաբոնի Հանրապետություն)։

Ալբերտ Շվեյցերն իր սեփական միջոցներով հիմնեց հիվանդանոց, որտեղ աշխատեց մինչև իր կյանքի վերջը։ Նա հիվանդանոց հիմնեց այն տարածքում, որտեղ միսիոները, որն ապրում էր այդ տանը մինչև իր գալը, հավաբուն ուներ։ «Չկա ավելի մեծ բավականություն, քան մարդկանց օգնելը»,- մշտապես ասում էր Շվեյցերը։ Շվեյցերն իր կյանքի ավելի քան 50 տարին նվիրեց Լամբարենում (Արևմտյան Աֆրիկա) Գաբոնի ջունգլիներում մարդկանց բուժելուն։

Երիտասարդ տարիներին աստվածաբանություն և փիլիսոփայություն սովերելիս նրան ուսուցանել էին Թեոբալդ Զիգլերը և Վիլհելմ Վինդելբանդը՝ Էմանուել Կանտի հետևորդները։ Նրանք ազդեցություն են ունեցել Շվեյցերի հայացքների ձևավորման վրա։ Ահա, օրինակ, Կանտը, ըստ Շվեյցերի, ամենամեծ մտածողն է։ Նա Կանտի դերը գերմանական փիլիսոփայության մեջ համեմատեց գերմանական երաժշտության մեջ Բախի դերի հետ։ Զիգլերի առաջարկով Շվեյցերն ընտրեց Կանտի կրոնի փիլիսոփայությունը` որպես իր դոկտորական ատենախոսության թեմա։ Այստեղ նաև նա բանավեճի մեջ է մտել Կանտի հետ՝ ապացուցելով նրա սխալը էթիկական խնդիրների լուծման հարցում։  Զուգահեռաբար շարունակվում էր նաև երգեհոնահար Շվեյցերի երաժշտական կարիերան։ Ռ.Ռոլլանը Շվեյցերի մասին գրում է.

«Շվեյցերի կատարած երգեհոնային համերգները գրավում են ուշադրությունը և հիացնում եվրոպական տարբեր երկրների հանդիսատեսին»։

Իսկ Ստեֆան Ցվայգը, որը մի անգամ եկել էր Գյունսբախ` հատուկ Շվեյցերի հետ զրուցելու և նրա կատարած Բախի երաժշտությունը լսելու համար, ավելի ուշ գրել է, որ Շվեյցերին լսելիս մոռացել է ժամանակի մասին, մոռացել, թե որտեղ է և երբ է եկել, իսկ ուշքի գալով՝ հասկացել է, որ լաց է լինում։

«Հասարակության հոռետեսությունն իր արտահայտությունն է գտնում նրանում, որ հասարակության և մարդկության հոգևոր առաջընթացի պահանջներն այլևս լուրջ չեն ընդունվում։ Մենք սովոր ենք, որ ծաղրի են ենթարկվում նախորդ սերունդների մեծ հույսերը։ Մենք կորցրել ենք իրական աշխարհն ու կյանքի հաստատումը` թափանցելով մարդկանց հոգևոր էության խորքերը: Մենք անօգնական կերպով ականատես ենք լինում նյութական և հոգևոր մշակույթի փլուզմանը՝ առաջընթացի էթիկական իդեալներից զրկված և ընթացիկ իրադարձությունների իշխանությանը հանձնված: Մշակույթի իրական և խորը իդեալներն աստիճանաբար կորցնում են իրենց իշխանությունը մարդկանց վրա»: Ալբերտ Շվեյցեր

Մեծ մարդասեր Ալբերտ Շվեյցերը՝ Ստրասբուրգի համալսարանի աստվածաբանության պրոֆեսորը, մի անգամ, երբ կարդաց բժշկական օգնության կարիք ունեցող սևամորթների ծանր վիճակի մասին հոդվածը, որոշեց ընդունել մարտահրավերը։ Աստվածաբանության պրոֆեսորը դարձավ նույն համալսարանի բժշկական բաժնի ուսանողը, որտեղ որ դասավանդում էր: Ուսման ծախսերն էլ վճարեց երգեհոնային համերգներ տալով:

«Բնական գիտությունների ուսումնասիրությունն ինձ շատ ավելին տվեց, քան պարզապես գիտելիքների ավելացում: Դա ինձ համար հոգևոր փորձ էր։ Ուսումնասիրելով քիմիա, ֆիզիկա, կենդանաբանություն, բուսաբանություն և ֆիզիոլոգիա՝ ես ավելի քան երբևէ պարզ հասկացա, թե որքան կարևոր է հոգևոր ճշմարտությունը փաստերի օգնությամբ հաստատված ճշմարտության հետ միասին։ Ալբերտ Շվեյցեր                                                    

Իմանալով փիլիսոփայության, աստվածաբանության և երաժշտագիտության պրոֆեսորի մտադրության մասին՝ ընկերները նրան խենթ համարեցին։ Իսկ նրա ուսուցիչը՝ ֆրանսիացի հայտնի երգեհոնահար Շառլ-Մարի Վիդորն ասում էր. 

«Շվեյցերը գնաց և մինչև կյանքի վերջ պայքարեց գաղութային երկրի անապահով մարդկանց առողջության համար։ Նրա աշխատանքը իրական բժշկի հերոսության օրինակ է»:

Ընդհանուր առմամբ Շվեյցերը կատարել է 15 ուղևորություն դեպի Լամբարեն. առաջինը տևել է ավելի քան 3 տարի, ամենաերկարը՝ 1938-1948 թվականներին։ 1924 թվականի փետրվարին Շվեյցերը կրկին մեկնեց Աֆրիկա։ Ամբողջությամբ ավերված հիվանդանոցը պետք է վերակառուցվեր մեկ այլ վայրում, սակայն այս անգամ Շվեյցերն ուներ ավելի շատ կամավոր օգնականներ։ 1927 թվականին կառուցվեց նոր հիվանդանոց, որը կարող էր ընդունել ավելի մեծ թվով հիվանդներ։ Չնայած պատերազմական դժվարություններին՝ Շվեյցերի հիվանդանոցը վերապրեց Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ շարունակելով աշխատել նույն ոճով։ Իսկ  մինչ այդ Շվեյցերը բեղուն գիտական գործունեություն էր ծավալում։

Հարուստ է հատկապես Շվեյցերի թողած փիլիսոփայական ժառանգությունը: Ահա, 1923 թվականին լույս է տեսել դեռ Գաբոնում սկսած «Մշակույթ և էթիկա» գիրքը, որին հաջորդել են «Մշակույթի անկումը և վերածնունդը», «Մշակույթի փիլիսոփայությունը», «Պողոս առաքյալի միստիկան», «Իմ կյանքից և իմ մտքերից» ինքնակենսագրականը, «Հնդիկ մտածողների աշխարհայացքը», «Միստիկա և էթիկա» աշխատությունները։

«Հարցը միայն այն չէ, որ աշխարհը գոյություն ունի միայն իմ երևակայության մեջ, այն ստեղծվում է իմ մեջ միայն այն պատճառով, որ իմ մեջ կա մի բան, որին կարող է մասնակցել իմ պարտականությունը՝ կատարելու իմ կամքը։ Ստեղծելու և ոչնչացնելու երևույթները, որոնք ես նախագծում եմ իմ հոգու խորքից, գոյություն ունեն միայն նրա համար, որ ես կարողանամ իրենց ֆոնին ընկալել ինձ որպես բարոյական էակ»։

                                                                                                           Ա.Շ. «Մշակույթ և էթիկա»

50-ական թվականներից սկսած՝ Շվեյցերն արդեն համաշխարհային համբավ էր վայելում․ նրա պատվին անվանեցին ուսումնական հաստատություններ, փողոցներ, նավեր: 1953 թվականին Շվեյցերը դառնում է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, իսկ ստացած միջոցներով Լամբարենեի մոտ բորոտների համար գյուղ է կառուցում։ 1957 թվականին նա հանդես եկավ իր նշանավոր «Կոչ մարդկությանը» ելույթով։ Նա կոչ արեց կառավարություններին դադարեցնել միջուկային զենքի փորձարկումները և ապագայում չդադարեց հիշեցնել ատոմային սպառնալիքի մասին։ 1959 թվականին, երբ Շվեյցերն ընդմիշտ հեռացավ Լամբարենից, հիվանդանոցային քաղաքը դարձավ ուխտատեղի շատերի համար ողջ աշխարհից։

«Էթիկան, ըստ Նիցշեի, կորցրեց իր ճշմարտությունը հենց այն պատճառով, որ բարու և չարի հասկացությունները վերցրեց ոչ թե մարդու կյանքի իմաստի մասին պատկերացումների զինանոցից, այլ դրանք հորինեց, որպեսզի առանձին անհատները կոլեկտիվին ենթարկվեն: Բոլոր մարդիկ, մոլորության մեջ լինելով, փորձում են իրենց ստիպել, որ անձնազոհությունն ու ուրիշներին ծառայելը համարեն գոյության բարձրագույն իմաստ, բայց այս գաղափարներն իրականում չեն դառնում նրանց ներքին համոզմունքը։ Նրանք ապրում են առանց սեփական պատկերացման, թե ինչն է իրենց կյանքը արժեքավոր դարձնում: Ճշմարտությունը, որ նրանք դավանում են ամբոխի հետ, հնազանդության և անձնազոհության բարոյականությունն է։ Բայց նրանք իրենք էլ չեն հավատում այս ճշմարտությանը՝ զգալով, որ ինքնահաստատումը բնական բան է. իրենց գործողություններում առաջնորդվում են դրանով՝ առանց իրենց դա խոստովանելու։ Այսպիսով՝ գոյություն ունեցող էթիկան մի ուսմունք է, որի օգնությամբ մի կողմից խաբվում է մարդկությունը, մյուս կողմից՝ մարդիկ իրենք են խաբում իրենց։ Իսկական էթիկան ոչ կյանքի մերժում է, ոչ էլ կյանքի հաստատումը, այլ երկուսի առեղծվածային համադրություն է»:

                                                                                                         Ա.Շ. «Մշակույթ և էթիկա»

Գերմանացի փիլիսոփան ընդարձակեց հանճարեղության սահմանները՝ հանճար, որի բազմոլորտ կյանքի տարածությունները ոչ թե տարանջատված էին, այլ փոխկապակցված․ փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, երաժշտությունը և բժշկությունն իր կյանքում և ստեղծագործության մեջ օրգանապես միասնական էին։

Ալբերտ Շվեյցերի մշակութային զարգացման հիմնական օրենքը.

«Երբ կոլեկտիվներն ավելի ուժեղ են ազդում անհատի վրա, քան անհատը, սկսվում է մշակույթի դեգրադացումը, քանի որ այս դեպքում վճռական արժեքը՝ մարդու հոգևոր և բարոյական հակումները, անպայմանորեն նվազում են։ Անձի և հասարակության հարաբերությունները խարխլվում են ոչ միայն մտավոր առումով, այլև բարոյապես, մարդը իր դատողությունը ստորադասում է զանգվածների դատողությանը, իսկ իր բարոյականությունը՝ զանգվածների բարոյականությանը»։

Շվեյցերը եղել է ոչ միայն նշանավոր երաժիշտ-կատարող, այլ նաև ականավոր երաժշտության պատմաբան և տեսաբան, ինչպես նաև երգեհոնի վարպետ։ Հետաքրքիր է, արդեն տարիներ անց հարցին, թե ով է ֆինանսավորում Լամբարենեի հիվանդանոցը (որը ստեղծել է 1915 թվականին), նա հաճախ կատակով պատասխանում էր՝ «Յոհան Սեբաստիան Բախը»։ Սա նշանակում էր, որ հիվանդանոցի գործունեությունը մեծ մասամբ իրականացվում էր երգեհոնային երաժշտության համերգներից ստացված միջոցների հաշվին, որոնք մաեստրո Շվեյցերն անցկացնում էր եվրոպական տարբեր երկրներում։ Երաժշտությունը Շվեյցերի կյանք էր մտել վաղ մանկությունից և նրա ողջ երկար կյանքի անբաժանելի մասն էր։ 8 տարեկանում նա սկսել էր երգեհոն նվագել, չնայած դեռ չէր կարողանում ոտքերով հասնել ոտնակներին, իսկ 9 տարեկանում եկեղեցական ծառայության ժամանակ փոխարինեց երգեհոնահարին։

Հետաքրքիր է, որ Շվեյցերի երաժշտագիտության դոկտորական ատենախոսությունը նվիրված էր Յ. Ս. Բախին: «Բախ, երաժիշտ և բանաստեղծ» գիրքը, որը գրել է ֆրանսերեն, հրատարակվել է 1905 թվականին։ Այստեղ ամփոփված են երաժշտության պատմության, տեսության և, ընդհանրապես, մշակույթի վերաբերյալ Շվեյցերի հայացքներն ու հետազոտությունները։ Առաջին անգամ գիրքն ընթերցելիս կարող եք իմանալ, թե ինչ գրչով է գրվել Բախի կենսագրությունը, իսկ պրոֆեսիոնալ երաժիշտների համար իրական հրաշքներ են «Բախը և գեղագիտությունը», «Բանաստեղծական և պատկերագրական երաժշտությունը», «Բառը և հնչյունը Բախում» և այլ արվեստաբանական գլուխները։

«Արվեստն ինքնին գեղանկարչություն չէ, ոչ պոեզիա, ոչ երաժշտություն, այլ ստեղծագործություն, որի մեջ նրանք բոլորը միավորված են: Յուրաքանչյուր իրական գեղարվեստական ​​ընկալում ներառում է այն բոլոր զգացմունքներն ու գաղափարները, որոնց ընդունակ է մարդը։ Ամբողջ արվեստը խոսում է նշանների և խորհրդանիշների միջոցով: Պոեզիայի և գեղանկարչության մեջ դա այնքան էլ ակնհայտ չէ, քանի որ այս արվեստների լեզուն միաժամանակ ամենօրյա լեզուն է։ Երաժշտության մեջ լեզուն արդեն ամբողջությամբ դարձել է խորհրդանիշ։ Նույնիսկ ամենաընդհանուր զգացմունքների ու գաղափարների փոխանցումը դառնում է խորհրդավոր։ «Մաքուր» երաժշտությունը տալիս է միայն պատկերների, գրի նշաններ, որոնց միջոցով կոնկրետ ֆանտազիան նկարում է որոշակի զգացմունքային բովանդակությամբ օժտված նկարներ»։ Ալբերտ Շվեյցեր

Բազմազբաղ գործունեության արդյունքում անհնար է թվարկել այն բոլոր պատվավոր կոչումներն ու մրցանակները, որոնց արժանացել է մեծ հումանիստը. Ցյուրիխի աստվածաբանության ֆակուլտետի պատվավոր դոկտոր, Պրահայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատվավոր դոկտոր, Խաղաղության Նոբելյան մրցանակ և այլ բազմաթիվ կոչումներ ու վկայագրեր։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 529

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: