Հոգում՝ լույսը․ Երբ գրում է կրկեսի պոետը

Ես փորձում էի մտաբերել, թե հանուն ինչի արժե ապրել,
Հանունի արևի՞...
Այն բոլորինն է։
Հանուն գարնա՞ն... հանուն առաջին ձյա՞ն,
Հանուն մայիսմեկյան ամպրոպի՞...
Ես կենդանի մնացի։
Եվ ես գնահատեցի արևը, գարունը, առաջին ձյունը, առաջին ամպրոպը։

Նա երազում էր իր թատրոնը ստեղծել, իր կրկեսը ստեղծել, մի քանի գիրք գրել:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ծաղրածու-մնջախաղաց, մնջկատակ, կրկեսի դերասան, գրող Լեոնիդ Ենգիբարյանի կարճատև, սակայն բեղուն գործունեությունը շատերին է հայտնի: Կրկեսից դուրս էլ արտիստը նորից շարունակում էր արարել, ստեղծագործել, առանձնահատուկ էին նաև Լեոնիդ Ենգիբարյանի գրական մտորումները։ Հանճարեղ մնջախաղացը սիրում էր մանրապատումներ, նովելներ գրել։ Այդ մանրապատումներն արտահայտում են արտիստի ներաշխարհի խոհափիլիսոփայական կողմերը, մենության և մանկության մասին հույզերը։ Հետաքրքիր է, որ դրանց հետևում պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվող և մրցաշարերի հաղթող Լեոնիդն էր կանգնած։

«Կրկեսում մարդիկ բարդ համարներ են անում: Նրանք ճախրում են գմբեթի տակ, տասնյակ իրերով աճպարարություն են անում, հետո ձեռքերի վրա են կանգնում, ու դա, հաստատում եմ, հատկապես բարդ է ու դժվար է սովորելը: Եվ բարդ է ոչ միայն այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից հետո գիշերը կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն թևերը և աչքերն արյունով կլցվեն․․․ Այս ամենը, իհարկե, ծանր է և այնուամենայնիվ, այն վաղ թե ուշ մոռացվում է: Միայն մի բան երբևէ չի մոռացվում, որ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ և հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է», Լ.Ե.:

Տասնյակ կրկեսային ներկայացումներում և ֆիլմերում Ենգիբարյանը կերտել է կատակերգական և ողբերգական ինքնատիպ կերպարներ։ Ենգիբարյանի ստեղծած մնջախաղի էստրադային թատրոնը կարճ ժամանակահատվածում մեծ հնչեղություն ձեռք բերեց։ Ենգիբարյանական ուղղությունը գրավել էր նշանավոր արվեստագետներին։ Արդյունքը՝ Ս. Փարաջանովի, Վ. Շուկշինի, Ռ. Բիկովի հետ համագործակցությունն էր։ Իսկ նշանավոր ռուս դերասան Յ. Նիկուլինը Ենգիբարյանին անվանում էր «Ծաղրածու՝ Աստծո կայծը աչքերում»։ Ի՞նչ էր մտածում այսպիսի մարդը մեկ այլ մարդու ներաշխարհի մասին:

«Մի՛ նեղացրեք մարդուն: Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետև դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը ու նշանակում է լավ մարդիկ էլ կպակասեն։ Իհարկե, մեկ ուրիշին կարելի է և նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․»:

                                   Հատված «Մի՛ նեղացրեք մարդուն» մանրապատումից

Ենգիբարյանը մշտապես համախմբել է ծանր ու բարդ ապրումները, որոնք ընթերցողներն ընկալում են՝ ապրումակցելով միմյանց ու իրենց սիրելի արտիստին: Ինչպես գրում է Սմբատ Բունիաթյանը՝ մենք՝ ընթերցողներս, կարդալով Ենգիբարյանին՝ որևէ այլ զգացողություն չենք կարող ունենալ երախտագիտությունից բացի, քանզի Ենգիբարյանի նովելներում մահն անգամ ծածկված է գեղեցկության քողով։ Սմբատ Բունիաթյանի պնդմամբ՝ Ենգիբարյան արվեստագետն իր ընթերցողին բացահայտում է «մահվան հետ համբուրված գեղեցկության հոգևոր խորհուրդը»:

Իր «Լեոնիդ Ենգիբարով. Ծաղրածու՝ աշունը սրտում» ինքնակենսագրականում Ենգիբարյանն իր արվեստի սիրահարների առջև  բացում է իր տխուր ու ուրախ աշխարհը, իր մանկության և երիտասարդության հուշերը:

«Ես ծնվել եմ Մոսկվայում։ Ինը տարի անցկացրել եմ ռինգում։ Ես սկզբունքորեն սխալ եմ համարում «եթե ինչ-որ մեկը հարվածում է քո աջ այտին, թեքիր ձախը» պատվիրանը։

Շատ մասնագիտություններ փոխեցի, իսկ քսաներկու տարեկանում ինձ մնում էր դերասան դառնալ։ Ես սկսեցի գրել այն ժամանակ՝ իմ կամքին հակառակ։ Գրողներից ոչ ոք չէր ցանկանում աշխատել ինձ հետ, ուստի ես ինքս պետք է սցենարիստ դառնայի։ Ինձ դուր եկավ: Հիմա սարսափով մտածում եմ՝ իսկ եթե իսկական սցենարիստ հայտնվի...

Ես սիրում եմ ծովը, աշունը...

Ինձ համար կյանքում գլխավորը պատասխանատվություն զգալն է այն ամենի համար, ինչ կատարվում է մեր շուրջը»:

                 Հատված «Լեոնիդ Ենգիբարով. Ծաղրածու՝ աշունը սրտում» գրքից

Երբ թերթում ենք արտիստի ինքնակենսագրականը, բացահայտում ենք Ենգիբարյանի գոյաբանական  մտորումների խաչմերուկները: Սկզբում անհատն ու ամբոխն են հանդիպում, հետո սպասումով ու հիացմուքով գալիս են դերասանն ու հանդիսատեսը և ի վերջո շղթան նեղանում է հավերժական մի հարցի ճանապարհին. Կյանք ու մահ.

«Չգիտես ինչու, յուրաքանչյուր ոք, ով գալիս է ներկայացման, անշուշտ ցանկանում է դերասանին փակուղի տանել, ստի մեջ բռնել և, իհարկե, բեմի վրա գտնվող դագաղին սեփական մեխը խփել: Հետո դա իսկապես ջղաձգում է նյարդերդ, հետո իսկապես շունչդ կտրում է այն հույսով, որ հիմա վերջապես դերասանը կպարտվի։ Ոչ ոք չի ուզում, որ դերասանն իրականում մահանա, բոլորը համոզված են, որ տեսարանը պայմանական է, բայց պատրաստ են լրջորեն միջամտել նրան։ Այս անհավասար մենամարտում տարօրինակ կերպով, շատ ավելի հեշտ է հաղթել շառլատանին, ով պատրաստ է խաբել և գնում է դրան: Նման մարդիկ արագորեն ընդհանուր լեզու են գտնում հասարակության հետ, որը ծափահարում է չբացահայտված կեղծիքը՝ համոզված և գոհ լինելով, որ դերասանը «յուրայինն է»։ Ամբոխը չի կարողանում հասկանալ նրան՝ ով ոտք դնելով բարձր ձգված պարանի վրա, վճռականորեն և ազնվորեն արձակում է անվտանգության պարանը, ով անկեղծ է և անզիջում է իրական մահվանը մարտահրավեր նետելով իր վարպետությամբ։ Նա պատրաստ է հիացմունքից սառչել, բայց սովորությունից դրդված ցինիկորեն շշնջում է՝ իրենից հեռու քշելով սեփական անարժեքության և վախի գիտակցումը։ Եվ վա՜յ այն կուռքին, ով մարդկային թուլության դեմ իր հրաշալի պայքարում ձախողվեց, սայթաքեց և եթե նույնիսկ ողջ մնար, ձախողվեց: Նրան չեն ներում նման սխալները»:

Հատված «Լեոնիդ Ենգիբարով. Ծաղրածու՝ աշունը սրտում» գրքից

Արտիստը հավատում է իր հանդիսատեսին, նրա համար կարևոր է, թե օրինակ ինչու չժպտաց անկյունում նստած պատանին, կրկեսի միջանցքում վազվզող փոքրիկ աղջնակը: Որոնելով ու գտնելով իր հանդիսատեսին՝ արտիստը չի շրջվում, այլ հակառակը՝ նրան տանում է իր հետ: Ամեն երեկո հսկայական դահլիճում հավաքում է հազարավոր ծափեր, մարդկային ձեռքերի հազարավոր ծափեր, և նրանց տուն բերում՝ գրկած։ Նրանք նստում են բազմոցին՝ գիրքը ձեռքներին՝ ծածկված վերմակով։ Ենգիբարյանը վառում է լույսը, որպեսզի տեսնի, թե ինչ է բերել և փակում է պատուհանը, որպեսզի նրանք չթռչեն։ Ծափերը լցնում են ամբողջ սենյակը, ցայտում, բարձրանում առաստաղ, իսկ Լեոնյան, ինչպես ասում են մտերիմները, ուրախանում է փոքրիկ երեխայի նման։ Հետո նստում է աթոռին ու սպասում, որ ամեն ինչ հանդարտվի:

«Ես վեր եմ կենում և բացում պատուհանները, ծափերը դուրս են գալիս փողոց ու թռչում... Մի րոպե ևս, և հետո վերջին ծափը մարում է։ Ես դիմում եմ քեզ, ուզում եմ, որ դու ինձ նայես, ես հոգնած եմ, սոված եմ ու ցավում են ուսերս... Բայց դու ոչինչ չես տեսնում ու չես լսում, դու խլացել ես հսկայական դահլիճից ու այն փակել է քեզ։ Վաղը ես նորից կգնամ հավաքելու քեզ համար այն, առանց որի այլևս չես կարող ապրել»:

Իր ասպարեզում մշտապես հնչող ինչպե՞ս դառնալ ծաղրածու հարցին՝ Ենգիբարյանը պատասխանում է հանգամանորեն, փաստարկներով, վերջապես հարուստ փորձով:

Իսկ գուցե հարցը նորից արդիակա՞ն է...

«Վերջերս այս մասնագիտությունը հատկապես տարածված է դարձել։ Նախ՝ այն տալիս է մեդալների անսովոր առատ պաշար, բայց ամենակարևորը՝ դափնու տերևներ (այնքան քիչ են մեր շուկաներում)։ Համոզված եմ, որ Կարանդաշի, Պոպովի, Նիկուլինի կանայք շուկա չեն վազում այս ապրանքի համար, և դա արդեն ինչ-որ բան է։ Երկրորդ, բոլորին գրավում է այս մասնագիտության մատչելիությունը, ուստի արտիստը, նախկինում ինչ-որ չափով զբաղվելով կրկեսով, ցանկանում է օգտակար խորհուրդներ տալ երիտասարդների բազմությանը, ովքեր որոշել են նվիրվել հնագույն ծաղրածուների արվեստին: Ահա այն հատկանիշները, որոնք պետք է ունենա մեծ կոշիկներ և վանդակավոր տաբատ կրող մարդը:

Հումորը պետք է իսպառ բացակայի, քանի որ հումորի զգացումով օժտված մարդը ոչ միայն ծաղրածու չի դառնա, այլ նույնիսկ չի կարողանա շպարվել։ Նա կսկսի ծիծաղից պայթել: Նա տանել չի կարողանում իրեն տեսնել հայելու մեջ կանաչ-կարմիր կեղծամով։ Ծաղրածուն պետք է լինի բացարձակ լուրջ մարդ»:

 Իր փորձից ելնելով՝ Ենգիբարյանը շարունակում է՝ հաջորդ չափանիշը կյանքի փորձառությունն է: Այն պետք է լինի հնարավորինս ընդարձակ:

«Դուք պետք է փոխեք տասնյակ մասնագիտություններ, որպեսզի համոզվեք ձեր կատարյալ անհամապատասխանության մեջ որևէ աշխատանքի կամ ծառայության համար...

Առողջություն. Այն պետք է լինի գերազանց, քանի որ կրկեսում քեզ շատ անակնկալներ են սպասվում։ Դուք շնչելու եք համազգեստավորների ցախավելների բարձրացրած փոշին։ Գմբեթից ձեր գլխին ընկնելու են բլոկներ, ընկույզներ և այլ առարկաներ: Կուլիսների հետևում ձեզ կկծեն շներն ու արջերը, որոնք շատ զգայուն և նյարդային են: Կրկեսի բուֆետում քեզ այնպես կկերակրեն... ավելի լավ է նախօրոք ժամադրվել թերապևտի հետ։

Ընտանեկան կարգավիճակ. Ծաղրածուն պետք է ամուսնացած լինի: Այդ դեպքում նա չի ունենա դժբախտ սեր, և նրա ստեղծագործությունը չի ունենա «Ծիծաղի՜ր, ծաղրածու, կոտրված սիրո վրա» թեման: Ամենևին պարտադիր չէ, որ ծաղրածուն ստեղծագործելու կարողություն ունենա, ընդհակառակը, ծաղրածուն պետք է լինի մեզանից մեկը, հասարակ տղան՝ առանց «իզմերի», հակումների կամ տատանումների. Նա պետք է հաճախ կրկնի ճշմարտությունները՝ «Կրկեսը կրկես է», «Մենք օպերա չենք, մենք կրկես ենք»: Եվ միայն սրանից հետո ծաղրածուն հայտնի կդառնա որպես կրկեսի սիրահար և շատ ընկերներ ձեռք կբերի իր գործընկերների շրջանում։

Խաղացանկ. Այս խնդիրը չնչին է և պարզ: Ոչ մի ծաղրածու երբեք չի ունեցել իր սեփական խաղացանկը:

Վերաբերմունքը մամուլին. Ծաղրածուն պետք է լինի խիստ, մարդասեր, խանդավառ, խոժոռ և աստվածավախ: Լրագրողները սիրում են սա, հատկապես վերջինը։ Լրագրողի աչքում նորմալ ծաղրածուն պետք է շատ անսովոր լինի: Եվ ահա գալիս է ամենազգայուն պահը՝ ինքդ գրե՞ս հոդվածներ, էսսեներ և այլն։ Ես կտրականապես «Ոչ» եմ պատասխանում, ինչը նշանակում է «Այո»: Պարզաբանեմ, որ պետք չէ գրել, պետք է ձայնագրվել, խմբագրվել։ Դու հեղինակ ես, բայց քո անվան կողքին համեստորեն գրված է. «Այսինչի գրական գրառումը...» Եվ հետո կանաչ լույսը բացվում է քո առաջ»։

Հետո Ենգիբարյանն ամփոփում է․

«Պետք է ասեմ, որ եթե երիտասարդն ունի այս բոլոր անհրաժեշտ հատկությունները, ապա նրա կյանքը կլինի անամպ, առանց հիմար տանջանքների՝ ի՞նչ, ինչո՞ւ և ինչպե՞ս։ Երիտասարդ ծաղրածուն պրեմիերաներից առաջ անքուն գիշերներ և սրտի սպազմ չի ունենա։ Եվ մենք բոլորս միայն, ես սա լրիվ լուրջ եմ ասում, միայն կնախանձենք նրան»:

                         Հատված «Լեոնիդ Ենգիբարով. Ծաղրածու՝ աշունը սրտում» գրքից

2021 թվականին հայերեն թարգմանվեց «Մի նեղացրեք մարդուն․ արտիստի կյանքը եւ նովելները» նովելաշարը: Հովհաննես Այվազյանը ռուսերենից թարգմանել է և փոքր պատումներով ներկայացրել է արտիստի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկից մինչև կրկեսի ու կինոյի աստղ տանող ճանապարհը: Իսկ, թե ինչպիսի՞ ժանրային առանձնահատկություններ և վերջապես ո՞ր ժանրին են դասվում Ենգիբարյանի մանրապատումները, քննարկում են արվեստաբանները: Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու Սոս Պետրոսյանի խոսքով՝ Ենգիբարյանի նման նրա գրական գործերի հերոսներն էլ տխուր են, չես գտնի մի գործ, որ կարդաս ու ծիծաղես՝ մարդիկ կարդում են, սկսում են խորհել։

«Երբ գրում էր, չէր մտածում, որ այդքան կսիրվեն իր նովելները։ Մեկ-մեկ ասում էր՝ Սոս, գնանք ման գալու, վերցնում էի իր պայուսակը ու շրջում էինք փողոցներում։ Նովելներ են ասում, էտյուդներ, ինտերմեդիաներ։ Մեծ ասելիքով գրական փոքրիկ ստեղծագործություններ են։ Նա շատ պարզ է գրում։ Նրա գրականության գեղեցկությունը լեզվի ճոխության, խրթինության, երկարաշունչ նախադասությունների, վերամբարձ դատողությունների մեջ չէ։ Լույսը խորքից է գալիս։ Օրինակ բերեմ, ասում է՝

Գրպանահատը

Ես գրպանահատ եմ,
Ես գրպանահատների արքան եմ,
Ես հարուստ եմ ու երջանիկ,
Ես գրեթե երջանիկ եմ,
Միայն, ափսո՜ս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում:

 Լեոնիդ Ենգիբարյան

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 481

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: