Պոեզիայի ակունքները որոնելով

Խոսքն իր նախաստեղծ էությամբ մշտապես ուղեկցել է մարդկությանը: Կրելով տարբեր վարք ու բարքի ազդեցությունը՝ այն ենթարկվել է կառույցների և ձևերի մի շարք փոխակերպումների, իսկ ուղերձը մշտապես նույնն է եղել: Արձա՞կ, թե՞ պոեզիա, ո՞րն է ավելի վաղ առաջացել․ մինչ պոետները կքննեն վիճարկելի հարցը, պատմությունը կվկայի՝ տեքստեր ստեղծելու անհրաժեշտությունը՝ սերունդներին ժառանգելու խորհրդով, առաջացել է ամենավաղը: Ահա առաջին ստեղծագործությունները՝ հեքիաթներ, դիցաբանություն, արքայական պատումներ, վարքեր: Փոխակերպումներում առաջիններից էին բանաստեղծությունները, որոնք պապիրուսի և մագաղաթների տեսքով փոխանցում էին մարդկության փորձը: Արձակ ստեղծագործությունների լայն տարածումն արդեն պարտական է հռոմեական ծաղկման դարաշրջանին, իսկ մինչ այդ արձակը կիրառվում էր ավելի շուտ որպես փորձարարական ժանր: Պոեզիան գրական արտահայտման ամենահին ձևերից է, գերազանցելով ժամանակն ու տարածությունը, կարծրատիպերն ու մարտահրավերները՝ պոեզիան մշտապես ազատության, սիրո, գեղեցկության, ներդաշնակության ուղերձներ է հղել իր բարձունքից: Այն օժտված է մարդկային հոգու արահետները լուսավորելու ինքնատիպ շնորհով՝ նպատակ ունենալով ընթերցողին ներհայեցման դրդելու: Պոեզիայի պատմությունը սկիզբ է առնում նախապատմական ժամանակներից, երբ գերիշխում էին բանավոր ավանդույթները: Ամենահին բանաստեղծություններն, ըստ պատմական վկայությունների, գրվել են մ.թ.ա. 23-րդ դարում: Դրանք ստեղծվել են արքայադուստր Էն-Հեդու Անայի կողմից, որը հաստատվում է արտեֆակտներով: Արքայադուստրը հայտնի ամենավաղ հեղինակն է, ինչպես նաև առաջին բանաստեղծուհին։ Նա Աքքադական թագավորության հիմնադիր Սարգոն թագավորի դուստրն էր, հայտնի էր շումերական օրհներգերից։
Վաղ պոեզիան հաճախ օգտագործվում էր որպես այլաբանական կրոնական գաղափարներ արտահայտելու միջոց, որն ի վիճակի էր օգտագործել պատկերներ և սիմվոլիզմ՝ ուսումնասիրելու բարդ աստվածաբանական հասկացությունները և տիրող հոգևոր համոզմունքները: Օրինակ՝ եբրայերեն Աստվածաշնչի Սաղմոսները 150 երգերի, աղոթքների և բանաստեղծությունների ժողովածու են, որոնցից շատերը փոխաբերություններ են օգտագործում՝ կրոնական գաղափարներ արտահայտելու համար։
Մարդկությանը հայտնի հնագույն պոեզիայի մեծ մասը պահպանվել է սուրբ տեքստերում, ինչպիսիք են վեդաները: «Ռիգվեդան»՝ սանսկրիտ օրհներգերի հնագույն հավաքածուն և հինդուիզմի չորս սուրբ տեքստերից մեկն է, Վեդաներից ամենահինն ու նշանակալիցը, որը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 1500-1000 թվականներով: «Ռիգվեդան» ներառում է 1028 օրհներգեր, որոնք բաժանված են 10 գրքերի՝ նվիրված տարբեր աստվածություններին, ինչպիսիք են Ինդրան, Ագնին, Վարունան և Սոման:
Եթե տարաբաժանում կատարենք տարբեր դարաշրջաններում ստեղծված ստեղծագործությունների միջև, կստանանք հետևյալ տեսքը՝
Հին Արևելքի պոեզիա
Երբ 5000–6000 տարի առաջ Նեղոսի դելտայում և Եփրատ ու Տիգրիս գետերի հովիտներում զարգանում էին առաջին քաղաքակրթությունները, առաջացավ գիրը: Ձևավորման փուլում պոեզիան գոյություն ուներ միայն բանավոր ավանդույթների տեսքով: Արդեն մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջերից սկսեցին ի հայտ գալ առաջին բանաստեղծությունները:
Հին Եգիպտոսի, Հին Միջագետքի, խեթական, ուգարիտա-փյունիկյան (քանանական) հնագույն տեքստերը թվագրված են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներով և բնութագրվում են իրենց «բազմաշերտությամբ»:
Հնագույնը շումերական գրականությունն է, որը ներառում է էպոսներ, առասպելներ, դրույթներ, ողբեր, օրհներգեր, գրական նամակներ և այլ ժանրեր, որոնք առաջացել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերից և հասել են մինչև հելլենիստական շրջանը, երբ շումերերենը դարձել է մշակութային, այլ ոչ թե կենդանի լեզու:
Ամենահին հայտնի ստեղծագործությունը «Գիլգամեշի էպոս»-ն է, շումերական թագավորի մասին պոեմը, որն ապրել է մ.թ.ա. մոտ 2800–2700 թվականներին։ Այն բաղկացած է մի քանի երգերից, որոնք գրված են սեպագիր կավե տախտակների վրա, չորս հին արևելյան լեզուներով՝ շումերերեն, աքքադերեն, խուռիերեն և խեթերեն։ Այս հուշարձանը ինքնատիպ գործ է և պատմության ամենահին երկար պոեմը։ Էպոսն արծարծում է հավիտենական հիմնահարցեր՝ կյանք և ունայնություն, տառապանք ու մահ, ազնվություն և անարդարությունը, անմահ մնալու ձգտում: Վերջինս յուրահատուկ ձևով ողջ ընթացքում ուղեկցում է հերոսին ու ընթերցողին, պատահական չէ, որ հետագայում հին Արևելքի շատ հերոսներ և ոչ միայն հին աշխարհում, կփորձեին գնալ Գիլգամեշի ճանապարհով ու հետքերով:
Աքքադական գրականություն. Ներառում է էպոսներ, առասպելներ, օրհներգեր, պատմություններ, սիրային պոեզիա և այլ ժանրեր, որոնք սկիզբ են առել մ.թ.ա. երրորդ հազարամյակի վերջին և հասել մինչև պարթևական կամ հռոմեական ժամանակաշրջանները: Աքքադական գրականության հայտնի գործերից են «Էնումա Էլիշի» էպոսը և ջրհեղեղի բաբելոնյան պատմությունը:
Եգիպտական գրականությունը վկայված է մ.թ.ա. երրորդ հազարամյակի վերջից մինչև հելլենիստական ժամանակաշրջանը երկարակյաց եգիպտական լեզվի տարբեր փուլերով և ոճերով։ Այն գրվել է բարդ գրային համակարգով: Եգիպտական գրականության հիմնական գործերը ներառում էին հրահանգներ, այսինքն՝ նախկին կառավարիչների, կամ իմաստունների ասացվածքներ, ուսմունքներ, երկխոսություններ, ողբեր, շարականներ, աղոթքներ, առասպելներ և երգեր։ Եգիպտոսը էպոսներ չունի, բայց նշանավոր են «Խորտակված նավաստիի պատմությունը», «Սինուհեի պատմությունը» գործերը:
Հին հունական և հռոմեական պոեզիա
Հին հույներն ու հռոմեացիները զգալիորեն նպաստել են պոեզիայի զարգացմանը: Հունական հարուստ դիցաբանությունը՝ զարգացած առասպելաբանությամբ ու լեգենդներով, հիմք դարձան էպիկական, հովվերգական և քնարերգական խոշոր գործերի: Նշանավոր հնագույն ստեղծագործություններ են «Իլիականը» և «Ոդիսականը» պոեմները, որոնք վերագրվում են է Հոմերոսին, որը ներկայացնում է Տրոյական պատերազմի իրադարձություններն ու հետևանքները: Էպիկական այս գոհարներն էլ հիմք դրեցին արևմտյան գրական ավանդույթին և ոգեժնչեցին պատմությանը հայտնի անթիվ ստեղծագործությունների:
Մինչ հունական քրմերին ոգեշնչում էր Սապֆոն՝ ամենավաղ հայտնի կին բանաստեղծներից մեկը ու գովվերգում սերը, հռոմեական վեստալուհիներն էլ գրական ստեղծագործությունների պակաս չէին զգում: Ի շնորհիվ Վերգիլիոսի և Հորացիոսի նման բազմատաղանդ բանաստեղծների, ավելի զարգացում ապրեց պոեզիան և նաև երգիծանք ներմուծվեց պոեզիայի մեջ:
Մ.թ.ա. առաջին դարում էլ հռոմեացի շատ բանաստեղծներ սկսեցին գրել էլեգիաներ։ Հույները սկզբում մշակեցին էլեգիան որպես նոր ժանր, ապա հռոմեացիները փոխակերպեցին դրանք։ Հռոմում պոեզիայի այս ձևի ծաղկման 75 տարիների ընթացքում գրվել են շատ նշանավոր բանաստեղծություններ: Էլեգիական պոեզիան գրված է էլեգիական երկտողերով: Հռոմեական էլեգիական պոեզիան գրեթե ամբողջությամբ սահմանափակված է սիրային էլեգիայով, մի ձև, որը ստեղծել է Կատուլլոսը մ.թ.ա. մոտ 60 թվականին: Հռոմեացիները զարգացրեցին նաև երգիծանքը որպես գրական ձև։ Մեծ հռետոր Կվինիտիլիան պարծեցավ, Գայոս Լուկիլիոսը դարձավ չափածո երգիծանքի զարգացման առաջին կարևոր գործիչը, Հորացիոսն էլ համեստորեն գրավեց երկրորդ տեղը երգիծանքի զարգացման մեջ:
Միջնադարյան պոեզիա
Միջնադարյան պոեզիան կազմում է հարուստ և բազմազան գրականություն, որն ընդգրկում է մոտավորապես 5-15-րդ դարերը: Եվրոպայում շատ բանաստեղծություններ գրվել են լատիներեն, մինչդեռ ժողովրդական լեզուները, ինչպիսիք են հին անգլերենը և հին ֆրանսերենը, ժամանակի ընթացքում ավելի հաճախակի գրական կիրառություն են ստացել:
Ի տարբերություն անտիկ դարաշրջանի՝ միջնադարում ծաղկում է ապրել ռոմանտիկ և կրոնական պոեզիան: Եվրոպական Պրովանսի առաջին տրուբատուրները դարձել էին պալատական, սիրային, լիրիկական բանաստեղծությունների առաջին հեղինակներն ու արտասանողները: Սակայն, միաժամանակ աշխարհիկ կյանքի գովվերգն էլ միակողմ չէր ներկայացվելու և կգար հին աշխարհի վերջին և նոր ժամամակների առաջին բանաստեղծը, մտածողը, «հնի ու նորի միջնորդը»՝ Դանթե Ալիգիերիին: Իր «Աստվածային կատակերգությունը», որը գրվել է 14-րդ դարի սկզբին, նորից կշրջեր մարդկային հոգու խորխորատները՝ վերջում ուղեկցելով դրախտ, դժոխք, կամ քավարան: Հետաքրքիր է, որ իտալական միջնադարյան պոեզիան ոչ միայն միավորել է դասական ազդեցությունները ասպետական և պալատական սիրավեպի թեմաներով, այլև խորապես քրիստոնեական գաղափարներ ընդունել: Օրինակ՝ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունում» գլխավոր հերոսին առաջնորդում է հին հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսը, որը ոչ միայն մարդկային բանականության և իմաստության խորհրդանիշ է, այլև կապող օղակ դեպի դասական անցյալ:
Միջնադարյան ժամանակաշրջանում բազմաթիվ բանաստեղծներ ձգտել են վերափոխել դասական Հունաստանի և Հռոմի գրականությունը՝ համաձայն ժամանակի ոճական պայմանականությունների և թեմատիկ հետաքրքրությունների: Ահա՝ Ջովաննի Բոկաչչոն՝ 14-րդ դարի նշանավոր գրողը, որն առավել հայտնի է իր ազդեցիկ «Դեկամերոն» աշխատությամբ:
Իտալացի բանաստեղծներն էլ, ինչպիսին Բոկաչոն էր, զգալիորեն ազդեցին Անգլիայի գրական զարգացումների վրա: Օրինակ՝ Ջեֆրի Չոսերի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Քենթերբերիի հեքիաթները» ոգեշնչված է Բոկաչիոյի «Դեկամերոն»-ից՝ օգտագործելով պատմություն, որտեղ մի խումբ կերպարներ հավաքվում են միմյանց հետ պատմություններ կիսելու համար:
Պոեզիայի ժանրերն էլ այս շրջանում նորամուծությունների էին ենթարկվելու՝ առաջանալու էր սոնետը: Սոնետի ծագումը կարելի է գտնել 14-րդ դարում, իտալացի բանաստեղծ Պետրարկայի «Երգեր»-ում, որը 366 բանաստեղծությունների ժողովածու է, որոնց մեծ մասը սոնետներ են՝ նվիրված Լաուրային: Սոնետի հաջորդականությունը հատկապես հայտնի դարձավ 16-րդ դարի Անգլիայում ի շնորհիվ՝ սըր Ֆիլիպ Սիդնիի, ապա կգան Էդմունդ Սպենսերը և Ուիլյամ Շեքսպիրը: Ուիլյամ Շեքսպիրի ներդրումը պոեզիայում վկայվում է նրա 154 սոնետներից բաղկացած ժողովածուով (1609 թ.):
Վերածնունդ և Լուսավորականություն
Պոեզիայի զարգացման ոսկե դարն անշուշտ Վերածնունդն էր և հաջորդող դարերը: Ուիլյամ Շեքսպիրը, Ջոն Դոննը և Էդմունդ Սփենսերը խորհում էին սիրո, գեղեցկության և բարոյականության մասին: Իսկ երբ ծագեց ռոմանտիզմը, Ուիլյամ Ուորդսվորթը և Ջոն Քիթսը երանգավորում էին մարդկային նուրբ գացմունքներն ու մարդկային սկիզբը՝ բնությունը։ Վերածննդի բանաստեղծներն ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին դասական գրականության ոճերի ու ձևերի, հատկապես էպիկական ավանդույթներն ընդօրինակելու նկատմամբ:
Հիշենք օրինակ Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտ»-ը, որը հրատարակվել է 1667 թվականին, այն հաճախ համարվում է էպիկական վերածննդի ամենամեծ գլուխգործոցը՝ Ադամի և Եվայի գայթակղության և մարդու անկման պատմությունը վերապատմելով:
Պոեզիան՝ փիլիսոփայության և պատմության մրցակիցը
Ի պատասխան Էլիզաբեթյան շատ մտավորականների կողմից տարածված պոեզիայի անտեսման միտմանը՝ սըր Ֆիլիպ Սիդնին պնդում էր, որ բանաստեղծին և նրա արհեստին պետք է ավելի լուրջ վերաբերվել, քան փիլիսոփայությանը և պատմությանը որպես հարգալից ոլորտներ: Հենվելով հունական և հռոմեական դասականների օրինակներից, Սիդնին պնդում է, որ բոլոր լավ գրույթները բանաստեղծական են, քանի որ բանաստեղծական ոճն ամենավառ և հետևաբար, ամենակարողն է սովորեցնել և ուրախացնել ընթերցողին:
Հնագույն ժամանակներում տարբերություն չկար փիլիսոփայության, պատմության և պոեզիայի միջև, և լավագույն գրողները բանաստեղծորեն էին գրում: Շատ անտիկ փիլիսոփաներ գրել են պոեզիա, օրինակ՝ Սոլոնը, որը գրել է վաղ Աթենքի սահմանադրությունը, նաև Պլատոնը․ նրանց երկխոսությունները զարդարված են «պոեզիայի ծաղիկներով»։ Իսկ լավագույն պատմիչմները, ահա, օրինակ, Հերոդոտոսը «գողացել կամ յուրացրել է պոեզիան»: Սիդնին գրում է, որ հռոմեացիները նշանավորեցին իրենց հարգանքը պոեզիայի նկատմամբ՝ անվանելով բանաստեղծին՝ տեսնող կամ մարգարե՝ ենթադրելով, որ պոեզիայի բովանդակությունը կարևոր «սրտաճմլիկ գիտելիք» է, նույնքան կարևոր, որքան ցանկացած այլ տեսակի տեղեկատվություն: Սիդնին, ընդգրկելով իր բոլոր հիմքերը, նշում է, որ նույնիսկ Աստվածաշունչը պոեզիայի տեսակ է. Սաղմոսները «աստվածային բանաստեղծություն» են, որը ընթերցողին ստիպում է «տեսնել Աստծուն, որ գալիս է Իր վեհությամբ»՝ միավորելով բանաստեղծի նկարագրության հմտությունը ապագան կանխատեսելու նրա կարողության հետ:
Սիդնիի կարծիքով, պոեզիան գերազանցում է փիլիսոփայությանը և պատմությանը, քանի որ այն կարող է ընթերցողին ներկայացնել վառ, համոզիչ օրինակներ ոչ միայն այն մասին, թե ինչ եղել է կամ կլինի, այլ այն, ինչ պետք է լինի: Փիլիսոփան կարող է միայն էթիկական սկզբունքի վերացական նկարագրություն արտահայտել։ Բանաստեղծը, սակայն, «կատարյալ պատկերացում է տալիս դրա մասին», քանի որ, օգտագործելով իր երևակայությունը, «զուգակցում է ընդհանուր հասկացությունը կոնկրետ օրինակի հետ»: Բանաստեղծը կոնկրետացնում է վերացական սկզբունքը կատարյալ օրինակով այն բանի համար, ինչ փիլիսոփան կարող է տալ միայն «բառային նկարագրություն»: Մյուս կողմից, պատմաբանը, իրոք, տալիս է մարդկային առաքինության բազմաթիվ օգտակար օրինակներ անցյալից, բայց այս օրինակները պարտադիր չէ, որ ավելի ուսանելի լինեն ընթերցողի համար: Ուստի պոեզիան սինթեզում է փիլիսոփայության՝ բարոյական սկզբունքները արտահայտելու կարողությունը կոնկրետ օրինակներ բերելու պատմության շնորհի հետ: Սա բանաստեղծին դարձնում է «ճիշտ ժողովրդական փիլիսոփա», քանի որ նա կարողանում է առաքինություն հաղորդել բոլորին, ոչ միայն գիտուններին, վերացական գաղափարները կոնկրետ օրինակներում մարմնավորելու իր ուժի միջոցով:
Վերջապես, պոեզիան ավելի արդյունավետ ուսուցման գործիք է, քան պատմությունը կամ փիլիսոփայությունը, քանի որ այն ստիպում է ընթերցողին սովորել առաքինությունը իր վառ օրինակներով: Այս վառ օրինակները կարողանում են ընթերցողին հուզել այնպես, որ վերացական լեզուն չի կարող:
Պոեզիան ընթերցողին մղում է դեպի առաքինություն, քանի որ այն «ոչ միայն ցույց է տալիս առաքինության ճանապարհը, այլև այնքան քաղցր հեռանկար է տալիս դեպի ճանապարհը, որը ցանկացած մարդու կգրավի մտնել դրա մեջ»:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 361