«Սէր վանդակում». թռչուններ, որոնք մարդկային զգացմունքներ ունեն

Նոր թատերախմբերի ձևավորումը մշակութային դաշտը դարձնում է մրցունակ և բազմաշերտ։ Վերջին տարիներին հատկապես նորաստեղծ խմբերի թիվն ավելացել է, ինչը հետաքրքիր հարց է առաջացնում․ ինչպե՞ս են դրանք ձևավորվում, ի՞նչ գաղափարական հիմք ունեն և ինչպիսի՞ տեսլական են որդեգրում իրենց հետագա ստեղծագործական ուղու համար։

2021 թվականին Հովհաննես Շանթէն, Գևորգ Շահինյանը, Նաիրա Ահարոնյանը, Արմինե Փամբուխչյանը և Թերեզա Հայրապետյանը հիմնեցին «Էութեան» թատրոնը։ Նրանց առաջին ներկայացումը մանկական «Ուրախության բանալի» բեմադրությունն էր, որին հաջորդեցին «Սէր վանդակում»-ը և «Լույսով արարված նկարը»։ Մանկական ներկայացումներին առանձին անդրադառնալու հնարավորություն դեռ կլինի, իսկ այս հոդվածում կքննարկեմ «Սէր վանդակում» տրագիկոմեդիան։ 

Ser vandakum 2

Բեմադրության հիմքը և գաղափարական շեշտադրումները

Ներկայացման հիմքում Գևորգ Շահինյանի «Թութակները վանդակում» պիեսն է։ Պիեսի կենտրոնում արու և էգ թութակներն են, որոնք ներկայացնում են մարդկային հարաբերությունների փոխկապակցվածությունն ու անհամաձայնությունը․ արուն սիրելու պատրաստակամ է, բայց վախենում է պատասխանատվությունից, մինչդեռ էգը ձգտում է ընտանիք կազմել՝ առանց լիովին գիտակցելու դրա հետևանքները։

Հովհաննես Շանթէն պիեսի անունը վերափոխել է՝ վերանվանելով այն «Սէր վանդակում»։ Այս վերնագիրը հուշում է ոչ միայն ֆիզիկական կացության՝ վանդակում գտնվելու, այլև հոգեբանական ու սոցիալական սահմանափակվածության մասին։ Բեմադրական լուծումներով թութակների վարքը վերածվել է խորհրդանշական համակարգի, որը վերաիմաստավորում է մարդկային փոխհարաբերությունները։ Ներկայացման ընթացքում ակնհայտ է դառնում հիմնական հարցադրումը․ արդյո՞ք մարդիկ էլ ենթարկվում են միայն բնազդներին, թե՞ նրանց վարքը որոշվում է գիտակցված ընտրությունների միջոցով։

Ser vandakum 3

Բեմադրական լեզուն և դերասանական խաղը

Ներկայացման մթնոլորտը ձևավորվում է լույսի, շարժման և երաժշտական կոմպոզիցիաների միջոցով։ Դահլիճի լույսերն անջատվելուց հետո, երբ վարագույրը կիսով չափ բացվում է, բեմում հայտնվում է Սուսաննա Բաբայանը՝ կատարելով կարճ պարի ձևով պլաստիկ իմպրովիզացիա։

Գլխավոր հերոսը՝ արու թութակը (Ավագ Վարդանյան), բեմ է մտնում և, նստելով ճոճաթոռին, շեշտադրված գործողությամբ սկսում է հագնել բաց կապույտ գուլպաները, միաժամանակ բարձրաձայն արտաբերելով պիեսի առանցքային նախադասությունը․ «Էգ եմ ուզում»։ Այս խոսքն ընդգծում է նրա բնազդային առաջնային պահանջը, որը ձևավորում է պատմության շրջափուլային կառուցվածքը․ այն նույն նախադասությունն է, որով եզրափակվում է ներկայացումը։

Ser vandakum 4

Էգ թութակը (Հասմիկ Վերդյան) բեմ է մտնում որպես հակապատկեր՝ շեշտված սեթևեթանքով և պլաստիկ խաղով։ Նրա կերպարը կառուցված է սիրելու, սիրվելու և, ամենակարևորը, մայրանալու գաղափարի շուրջ, ինչը դառնում է ներկայացման հիմնական թեմատիկ առանցքը։ 

Բեմական տարածությունը պայմանական լուծումներ ունի։ Գործողությունը զարգանում է փակ տարածությունում՝ վանդակի ներսում, ինչը խորհրդանշում է ընտրության բացակայությունը, սահմանափակվածությունը և սոցիալական կաղապարները։

Բեմի ձախ կողմում տեղադրված է փայտյա դուռ, որը հերոսների համար դառնում է անցումային տարածք՝ արտահայտելով երկու իրականությունների սահմանագիծը։ Բեմի մյուս մասում՝ ճոճաթոռը, սեղանը (ծաղիկներով) և սպիտակ կտորները, որոնցից մեկը գործառույթային նշանակություն է ստանում սիրային տեսարանի ժամանակ։ Այդ տեսարանը լուծված է սյուրռեալիստական կերպով՝ վարագույրի հետևում, որտեղ պարի միջոցով արտահայտվում է կերպարների ներքին ապրումը։

Բեմի վերևում տեղակայված են երկու օղակներ, որոնք կարող են ընկալվել երկակի կերպով․ որպես թռչունների վանդակի կառուցվածքային տարր կամ որպես մարդ-թռչուն փոխաբերական կապի տարրեր։

Ser vandakum 5

Գաղափարական շերտերը և ընդհանուր դիտարկումներ

«Սէր վանդակում»-ը կառուցված է բազմաշերտ թատերագիտական դաշտում, որտեղ առկա են մի շարք բանալի թեմաներ՝
Կնոջ և տղամարդու փոխհարաբերություններ – ի՞նչ է որոշում մարդու վարքը՝ գիտակցական ընտրությու՞նը, թե՞ բնազդը։
Սեր և բնազդ – որտեղի՞ց է սկսվում սիրո գիտակցումը։
Ազատություն և սահմանափակվածություն – վանդակը պարզապես ֆիզիկական տարածությո՞ւն է, թե՞ սոցիալական շղթա։

Այս հարցադրումները ներկայացման ընթացքում զարգանում են դերասանական խաղի և ռեժիսորական լուծումների միջոցով։

Կարևոր է նաև այն փաստը, որ պիեսի հեղինակը ժամանակակից է, ինչը հնարավորություն է տալիս նրան ներկայություն ունենալ ստեղծագործական գործընթացում, համագործակցել ռեժիսորի հետ և դերասաններին ուղղորդել՝ պահպանելով պիեսի նախնական գաղափարական առանցքը։

«Էության» թատրոնը դեռ նոր է իր ուղու վրա, և որոշակի բացթողումները բնական են։ Ժամանակի ընթացքում խմբի աշխատանքը հղկվելով կարող է ձևավորել իր ուրույն թատերական ձեռագիրը՝ գտնելով իր տեղը 21-րդ դարի հայ թատրոնում։

Արմինե Դանիելյան

  • Created on .
  • Hits: 193

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: