Ի՞նչ են առաջարկում աշխարհի թանգարաններն առցանց ցուցադրությամբ

Համավարակով պայմանավորված՝ այս օրերին աշխարհի շատ թանգարաններ, որոշները բացառության կարգով, հնարավորություն են ընձեռնում վիրտուալ այցելությունների միջոցով ծանոթանալ իրենց հավաքածուներին: Մենք առանձնացրել ենք հինգ վիրտուալ ցուցադրություն, որ կարող եք տեսնել հենց այս պահին:
Բրիտանական թանգարան
1759-ին բացված թանգարանը իր տեսակի մեջ առաջին ազգային կառույցն էր, որ անդրադարձել է գրեթե բոլոր ոլորտներում մարդկության ձեռքբերումներին: Անցյալին վերաբերող բազմաբնույթ հավաքածուները տարեկան վեց միլիոն այցելու են բերում Լոնդոն: Գործունեության շուրջ 260 տարում այստեղ հավաքվել ու պահպանվում է մոտ ութ միլիոն ցուցանմուշ:
Աշխարհում արվեստի և մշակույթի լավագույն հավաքածուներից մեկն ունեցող Բրիտանական թանգարանն իսկական թվային ճանապարհորդություն է առաջարկում: Թանգարանի կայքում կգտնեք լավագույն հավաքածուների քարտեզագրված առցանց բաժինները:
Առցանց ցուցադրությունն՝այստեղ:
Լուվր
Գեղարվեստի հռչակավոր հավաքածուներ ունեցող աշխարհի ամենաճանաչված թանգարանը գտնվում է Փարիզում: Ֆրանսիական Լուվրում հնարավոր է բացահայտել Արևմտյան արվեստը՝ Միջնադարից մինչև մեր օրեր: Այստեղ են ցուցադրվում աշխարհի ամենահայտնի կտավները՝ ստեղծված հանճարեղ արվեստագետների կողմից: Լուվրը զբաղեցրած տարածքով մեծությամբ աշխարհի երրորդ թանգարանն է: Էքսպոզիցիաների տարածքը կազմում է շուրջ 59 հազար քմ: Հետևաբար, հնարավոր չէ տեսնել Լուվրի գանձերը մեկ օրում կամ մեկ շաբաթում:
Ժամանակավորապես փակված փարիզյանը Լուվրը ևս առաջարկում է թվային շրջայցեր:
Առցանց ցուցադրությունն՝ այստեղ:
Գուգենհայմի թանգարան
Նյու Յորքում գտնվող Գուգենհայմի թանգարանում ներկայացված է համաշխարհային ժամանակակից արվեստի լավագույն հավաքածուն: 20-րդ դարի կեսերին ստեղծելով Միացյալ Նահանգների արվեստի եզակի թանգարանը՝ մեկենաս և հավաքորդ Սողոմոն Գուգենհայմը նախ հանրության համար ցուցադրեց իր հավաքածուները՝ ցանկանալով ամերիկացիների ուշադրությունը կենտրոնացնել հատկապես աբստրակցիոնիստների, օրինակ, Կանդինսկու և Մոնդրիանի արվեստին: 1959-ին ավարտվեց շրջված բրգաձև աշտարակի տեսքվ կառուցված թանգարանային շենքի կառուցումը: Նախագծելով անսովոր ֆորմաներով ճերմակ շենքը՝ ճարտարապետ Ֆրենկ Ռայթը ստեղծեց չտեսնված կառույց՝ բոլորովին տարբեր թանգարանային ճարտարապետության գոյություն ունեցող մոդելներից:
Գուգենհայմի թանգարանի արվեստի առցանց հավաքածուի մեջ շուրջ 8 հազար աշխատանք է ցուցադրված:
Առցանց ցուցադրությունն՝ այստեղ:
Էրմիտաժ
Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում 233 345 քմ տարածքի վրա պահվում են կերպարվեստի, կիրառական արվեստի, նումիզմատիկայի և հնագիտության հազվագյուտ հավաքածուներ:
Թանգարանի պատմությունն սկսվում է 18-րդ դարում՝ ռուսական Եկատերինա Բ թագուհու արվեստի մասնավոր հավաքածուից: Կյանքի ընթացքում կայսրուհին ձեռք է բերել եվրոպական հայտնի նկարիչների մի քանի հարյուր աշխատանքներ: Նրա հրամանով կտավների համար կառուցվել են պալատներ, որոնցից հետագայում ձևավորվել է Էրմիտաժ թանգարանային մեծ համալիրը՝ մեծությամբ աշխարհում երկրորդը:
Էրմիտաժում գործում են 365 ցուցասրահներ՝ տարվա օրերի թվով:
Առցանց ցուցադրությունն՝ այստեղ:
Վատիկանի թանգարաններ
Հանրության համար ժամանակավորապես փակ են Վատիկանի թանգարանները: Դրանցից ճանաչված զբոսաշրջային վայր է Սիքստինյան մատուռը: Վերածննդի երևելի կոթողը հայտնի է հազվագյուտ որմնանկարներով՝ նկարված 15-րդ դարում հատուկ Հռոմ հրավիրված ֆլորենցիացի արվետսագետների կողմից: Վատիկանի ամենահայտնի մատուռը պատկերազարդել են Միքելանջելոն, Բոտիչելլին, Պերուջինոն և այլոք: Արտաքինից բավական համեստ շինություն մտնելով՝ կարելի է ուղղակի պապանձվել պահպանված որմնանկարների գեղեցկությունից:
Առցանց ցուցադրությունն՝ այստեղ:
Մնացեք տանը:
պատրաստեց Հերմինե Հակոբյանը
Լուսանկարը՝ Շթեֆան Դրաշանի
- Created on .
- Hits: 2891