Գրիգոր Խաչատրյան. Թատրոնն այսօր կոլապսային իրավիճակում է հայտնվել

 

Ամբողջ աշխարհում Քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ կատարողական արվեստի բնագավառում գործունեություն իրականացնողները հայտնվել են խոցելի իրավիճակում: Հունիսի վերջին հայտնի դարձավ, որ Բրոդվեյի թատրոնները չեն գործելու ընդհուպ մինչև 2020 թվականի ավարտը: Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ընթացքում, որը հետաձգվեց մի քանի անգամ, թատրոնները ևս դադարեցրել են իրենց գործունեությունը: Ավելի ուշ ՀՀ պարետի որոշման մեջ կատարվել էին լրացումներ և փոփոխություններ համաձայն որոնց՝ հունիսի 3-ից թատերախմբերը, առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ, կարող են իրականացնել փորձեր:  

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի գնահատմամբ թատրոնն այսօր հայտնվել է «կոլապսային իրավիճակում» և հայտնի չէ, թե դերասանները երբ և ինչ պայմաններով են վերադառնալու բեմ:  

«Եթե թատրոնի շենք հանդիսատես չի մտնում, թատրոնի գործունեությունն ուղղակի կասեցվում է: Մեր աշխատանքային ոլորտը, տեսակը երևի ժամանակակից աշխարհում միակն է, որ հիմնված է կենդանի շփման վրա, այսինքն ինչպես կար երկու հազար տարի առաջ, այդպես էլ մնացել է»,-ասում է ռեժիսորը՝ հակադարձելով այն փաստարկին, որ շատ ոլորտներ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կարողացել են ադապտացվել ներկա իրավիճակին:

Այն քննարկումները, թե թատրոնի դահլիճում, պահպանելով 1.5 մետր ֆիզիկական հեռավորությունը և հակահամաճարակային բոլոր կանոնները, հնարավոր է ներկայացումներ խաղալ, Գրիգոր Խաչատրյանի կարծիքով պարունակում են որոշակի ռիսկեր:

«Մեր դահլիճը (Հ․ Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոն) 300 հոգանոց է և ենթադրենք, քիչ թվով հանդիսատես լինի, մենք հնարավոր է չխաղանք այդ ներկայացումը, քանի որ ներկայացման ծախսերը փակվում են տոմսերի վաճառքից ստացված գումարով: Առհասարակ, մենք կարողանում ենք խաղալ ներկայացումն այն ժամանակ, երբ վաճառած տոմսերի գումարը փակում է ներկայացման բոլոր ծախսերը»:

Բացի հարցի ֆինանսական կողմից, ըստ ռեժիսոր, չպետք է մոռանալ այլ կարևոր հանգամանքներ ևս. դերասանների առողջական անվտանգությունն ու բեմական կերպարին համապատասխան տեսքը:

«Մենք ներկայացում ունենք, որտեղ ներգրաված է 28 դերասան: Ինչպե՞ս ենք խաղալու այդ ներկայացումը, 28 հոգին էլ թեստ են հանձնելո՞ւ, միայն ջերմաչափելով և ախտահանվելով արդյո՞ք կարող ենք մտնել թատրոնի տարածք: Արդյո՞ք պետք է կրենք դիմակներ, եթե այո, ապա այդ դեպքում հնարավոր չէ ներկայացում խաղալ»,-ասում է Խաչատրյանը:

Դեռ հայտնի չէ, թե երբ ենՀայաստանում թատրոնները  վերսկսելու են իրենց գործունեությունը, ինչպես հայտնի չէ այն՝ արդյոք հանդիսատեսը կցանկանա վերադառնալ թատրոն և դիտել ներկայացումները:

«Ես տեսնում եմ, որ մարդիկ ամիսներ շարունակ փակված լինելուց հետո մեծ սիրով, կարոտած գնում են սրճարաններ, ռեստորաններ: Բայց արդյոք այսքան բանից հետո հանդիսատեսը կցանկանա, կուզենա մտնել թատրոն: Սա շատ կարևոր հարց է»,- նշում է ռեժիսորը:

Գրիգոր Խաչատրյանի խոսքով, արտակարգ դրության ընթացքում տարբեր քննարկումներ են եղել թատերական աշխարհի ներկայացուցիչների շրջանում, որի ժամանակ փորձ է արվել հնարավոր լուծումներ գտնել: Այդ թվում, քննարկվել են առցանց ներկայացումներ բեմադրելու տարբերակներ, ինչին, սակայն ինքը՝ ռեժիսորը, կտրականապես դեմ է: «Ես բացարձակ դեմ եմ օնլայն, անորակ տարբերակներին: Քննարկումները կապված օնլայն ներկայացումների հետ շատ խղճուկ ու ոչ պրոֆեսիոնալ են: Թատրոնը անմիջական կոնտակտի վայր է: Իմ կարծիքով տեսախցիկի դիմաց տեքստերը անգիր ասելը թատրոն չէ»:

Ռեժիսորը վստահ է՝ չնայած ստեղծված իրավիճակին, հնարավոր լավագույն լուծում կարող է լինել բացօդյա ներկայացումների ձևաչափը:

«Մեր կառավարությունը, հաշվի առնելով թե որքան կտևի պանդեմիան, կարող է հարմար տարածքներում մետաղական կոնստրուկցիաներով քանդվող-հավաքվող բեմեր ու նստատեղեր սարքել, որտեղ հանդիսատեսը, սոցիալական հեռավորությունը պահելով, կդիտի ներկայացումները: Այս պայմաններում միակ տարբերակը, որը ես տեսնում եմ բացօդյա թատրոնն է: Համոզված եմ, բոլոր կոլեգաներս անմիջապես կանցնեն աշխատանքի»,- ասում է ռեժիսորը, ապա ժպիտով շարունակում, - «hին աշխարհում` Հունաստանում, Հռոմում, բոլոր կառույցները տանիք ու պատեր ունեին, բացի թատրոններից: Երևի նրանք վիրուսների մասին ավելի ճիշտ պատկերացումներ ունեին»:

 

Ալինա Նահապետյան

  • Created on .
  • Hits: 2320

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: