Ապրիլի 16-ին կինոթատրոններում կցուցադրվեն հայկական հին ու նոր  ֆիլմեր՝ նվիրված հայ կինոյի օրվան

2019 թվականից սկսած ապրիլի 16-ին պաշտոնապես նշվում է հայ կինոյի օրը: Այն խորհրդանշական է նրանով, որ 1923 թվականի ապրիլի 16-ին ստեղծվեց «Պետկինոն», որն ընդամենը երկու տարի անց` 1925թ.-ին, «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացմանը հանդիսատեսին ներկայացրեց «Խորհրդային Հայաստան»` առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը: Մեկ տարի անց հայ կինոն ունեցավ նաև իր առաջին լիամետրաժ համր ֆիլմը. էկրան բարձրացավ Համո Բեկնազարյանի «Նամուս» գեղարվեստական կինոնկարը, որով էլ նշանավորվեց հայ կինոյի ծնունդը:

 

 

Հայ կինոյի օրվան ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ օրվա առիթով կինոկենտրոնը միջոցառումներ է նախաձեռնել:

 «2020թ-ին, համաճարակով պայմանավորված, չեղարկվել էին մի շարք միջոցառումներ, այդ թվում նրանք, որոնք Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսել էր անցկացնել առաջին անգամ՝ հայ կինոյի օրվա շրջանակում: Այս տարի, մենք կարծես հարմարվեցինք այս պայմաններին և կարողացանք հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել: Երևանում և մարզերում գտնվող  կինոթատրոններին կոչ էինք արել ապրիլի 16-ին ցուցադրել միայն հայկական ֆիլմեր: Ի ուրախություն մեզ բոլորն արձագանքեցին և այդ օրը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մարդիկ կարող են դիտել միայն հայկական ֆիլմեր»:

Քանի որ վերջին երկու տարվա ընթացքում Ազգային կինոկենտրոնն ունեցել է պետական աջակցություն ստացած բազմաթիվ կարճամետրաժ, լիամետրաժ և անիմացիոն ֆիլմեր, ուստի կինոցուցադրություների ծրագիր է կազմվել, որը ապրիլի 16-ին կցուցադրվի Մոսկվա կինոթատոնում:

«Ծրագիրը կազմելիս ուշադրություն ենք դարձրել հատկապես կարճամետրաժ ֆիլմերին: Ինչու՞, որովհետև դրանց մեջ բազմաթիվ ֆիլմեր կան, որոնք ստեղծվել են նոր սերնդի երիտասարդ կինոգործիչների կողմից և կինոկենտրոնը նպատակ է ունեցել հանրայնացնելու դրանք»,-ասում է Շուշանիկ Միրզախանյանը՝ շեշտելով, որ վերջին 2 տարում մեծ ուշադրություն է դարձվել դեբյուտանտներին և կինոկենտրոնի բյուջեի 40 տոկոսից ավելին տրամադրվել է հենց նրանց:

Նա ընդգծեց Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը, որը վերջերս ներկայացվեց Կաննի միջազգային փառատոնում և ընդգրկվեց մրցութային ծրագրում: Վերջին տարիների կտրվածքով այն հայկական առաջին ֆիլմն էր, որ ներկայացվեց այդ կինոփառատոնին: Նախկինում, դեռևս 1965թ-ին, այդ փառատոնին ներկայացվել էր Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ» ֆիլմը՝ որպես սովետական կինո, մինչդեռ Նորա Մարտիրոսյանի նշված ֆիլմը ներկայացվել էր որպես հայկական ֆիլմ, չնայած այն Հայաստան-Ֆրանսիա -Բելգիա համարտադրություն էր:

Բանախոսի խոսքով՝ կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությանը ներկա են լինելու նաև հեղինակ-ստեղծագործողները  և  կինոսերները հնարավորություն են ունենալու հանդիպել նրանց, ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Իսկ կինոցուցադրությունների նախորդ օրը՝ ապրիլի 15-ին,  առցանց հանդիպում  կանցկացվի Հայաստանում ու սփյուռքում ապրող հայ կինոգործիչների հետ՝ քննարկելու ոլորտային հարցերն ու հետագա անելիքները:

«Հայ կինոյի օրը ոչ միայն անցյալը վերաարժևորելու և խոնարհվելու, այլ նաև առաջ նայելու, գոյություն ունեցող խնդիրները տեսնելու և դրանց լուծման  ճանապարը գտնելու առիթ է: Գոնե ես հուսով եմ, որ այս տոնը հենց այս իմաստով կլինի և չի դառնա  հիշատակի կամ տոնացույցում տեղ գտած ինչ-որ մի օր: Իհարկե, ինչպես արվեստի ցանկացած ոլորտում, կինոյում ևս՝ լավ արված ցանկացած աշխատանքի կողքին տեսնում ենք երեք քննադատություն, որոնք հաճախ մերկապարանոց են լինում և նպատակ ունեն չնկատել այն ամբողջ փոփոխությունները, որոնք արվել են և կան այս ոլորտում, ուստի կարևոր է բարձրաձայնել և արժևորել  մեր ունեցած անգամ ամենափոքր հաջողությունը»-ասում է ասուլիսի մասնակից, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը:

Ըստ նրա՝ ապրիլի 16-ին ներկայացվելու են մի շարք ֆիլմեր, որոնք նաև հաջողություններ են ունեցել տարբեր միջազգային կինոփառատոններում: Դրանցից են օրինակ Անգինե Իսանյանի «Շեմից այն կողմ» ֆիլմը՝ ներառված Կլերմոն Ֆերան միջազգային փառատոնի մրցութային ծրագրում, Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի», Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի» ֆիլմերը:  

Ընդ որում՝ տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել սիմվոլիկ՝  հազար դրամ արժեքով:

Րաֆֆի Մովսիսյանը նշում է, որ կինոցուցադրությունների հանրային արշավին միացել են նաև Ստեփանակերտի, Գյումրիի, Երևանի և Դիլիջանի «Թումո» կենտրոնները:

Կինոգործիչ Անդրանիկ Սահակյանը կարևորում է հատկապես ապրիլի 16-ին ցուցադրվելիք ֆիլմերը, որոնք քննարկումների, շփումների, նոր համագործակցությունների ու փորձի ձեռքբերման առիթ կարող են լինել:

Ըստ երիտասարդ կինոգործիչ Անժելա ֆրանգյանի՝ շատ կարևոր է, որ ոչ միայն հիշենք՝ ինչ մարդկանց ենք ունեցել կինոոլորտում, այլև տեսնենք մեր կողքի ստեղծագործողներին և սկսենք միմյանց ճանաչել: Այլ հարց է՝ որքանով կհավանենք նրանց աշխատանքը: «Ցուցադրվելիք ֆիլմերը ապացուցում են, որ մենք սկսել ենք գործելու ավելի շատ հնարավորություններ  ստանալ ու ճիշտ ներկայացնել մեր մշակույթն ու երկիրը  միջազգային հարթակներում: Ինձ համար ամենակարևորն այն է, որ երիտասարդները միմյանց հետ նաև շատ առողջ կերպով համագործակցում են: Կարևոր է գիտակցումը, որ յուրաքանչյուրիս փոքրիկ հաջողությունը ընդհանուր ոլորտի  նկատմամբ նաև  միջազգային ուշադրություն բերելն ու այդ ճանապարհը մյուսների համար ավելի հեշտ դարձնելն է»:

Անդրադառնալով կինոոլորտում առկա խնդիրներին բանախոսները նշեցին՝ առաջնահերթություն է կինոյի մասին օրենքի ընդունումը, որը կբխի դաշտի և կինոգործիչների պահանջներից:  Անդրանիկ Սահակյանն իր հերթին  մատնանշում է  կինոկրթությանն առնչվող բացերը, որովհետև երիտասարդ կինոգործիչները կինոարտադրության ընթացքում հաճախ փորձի պակաս են զգում: Ընդհանուր առմամբ, ըստ բանախոսների, վերջին երկու տարում երիտասարդ կինոգործիչների կողմից ավելացել են հայկական կինոարտադրության ծավալները: Շուշանիկ Միրզախանանն ասում է՝ մեզանում ձևավորվում է պրոդյուսերական թիմ, որը կարողանում է գրագետ կերպով իրականացնել իր աշխատանքը:

Անդրադառնալով Cultural.am-ի այն հարցին, թե հայկական կինոարտադրության վրա ինչ ազդեցություն են ունեցել համավարակն ու պատերազմը, կինոկենտրոնի տնօրենը նշում է՝ որոշ աշխատանքներ հետաձգվել են, բայց չնայած ծանր իրավիճակին, կինոարտադրությունը չի դադարել:

Նրանից հետաքրքրվեցինք նաև նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերի արխիվացման գործընթացիի մասին, որը  Ազգային կինոկենտրոնը մեկնարկել էր նախորդ տարի: «Այդ գործընթացը դեռ չի ավարտվել: Նյութերի հավաքագրումը, պատերազմական իրավիճակով պայմանավորված, որոշ ժամանակով դադարեցվել էր: Հիմա նորից վերսկսում ենք: Նյութերը պիտի տեղափոխվեն արխիվի տարածք, որպեսզի կարողանանք ավելի մանրամասն ուսումնասիրել»:

Հայ կինոյի օրվան նվիրված կինոցուցադրություններից հետո կինոկենտրոնը նոր ծրագիր կմեկնարկի՝ ուղղված մանուկներին: Հունիսի 17-ից սկսած մինչև տարեվերջ, հանգստյան օրերին, կցուցադրվեն մանկական անիմացիոն ֆիլմեր, որոնք հասանելի կլինեն նաև մարզերում:

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 112

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: