Ստեղծարար աշխատարանների ամփոփիչ ցուցահանդես Գեղագիտության ազգային կենտրոնում
Գույնը տիրել է ինձ, ես դրա հետևից ընկնելու կարիք չունեմ
Պաուլ Կլեե
«Արվեստում հոգևորի մասին» էսսեում նկարիչ Վասիլի Կանդինսկին գրել է, որ յուրաքանչյուր գույն համապատասխանում է որոշակի երաժշտական գործիքի, ուստի կախված դրա ինտենսիվությունից՝ կապույտը կարող է «հնչել» որպես ֆլեյտա, թավջութակ կամ նույնիսկ կոնտրաբաս: Այդպիսի պատկերներ էին պատկերված շվեյցարացի նկարիչ Պաուլ Կլեեի կտավներում, որը, լինելով գերազանց երաժիշտ, նրբորեն զգում էր դրանց մեկնաբանությունը։ Ինչպես ինքն է գրել. «Գույները մոնոֆոնիկ մասեր չեն խաղում, ավելի շուտ կազմում են եռամաս ակորդներ»։
Բացի փոխաբերական երաժշտականությունից, նկարիչը մեկ անգամ չէ, որ իր ստեղծագործություններում օգտագործել է երաժշտության ուղղակի հղումներ՝ օրինակ՝ պատկերելով երաժշտական գործիքներ, երաժշտական նոտացիոն նշաններ կամ երաժշտական գավազան, որը դարձել է կտավի մի մաս։
Սակայն նկարիչն այդպես էլ որոշեց չզբաղվել երաժշտությամբ՝ նկատի ունենալով, որ Մոցարտն ու Բախն այս ոլորտում արդեն հասել են բարձունքների։ Իսկ նկարչության մեջ դեռ տեղ կա շարժվելու։ Նկարիչն ասում էր՝ արվեստագետը պետք է լինի բանաստեղծ, փիլիսոփա և բնագետ։
Շվեյցարացի նկարիչ, արվեստի տեսաբան (1879 – 1940) Պաուլ Կլեեի անվան կենտրոնը 2021 թվականից համագործակցում է Հայաստանի Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ։ Իսկ այժմ Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահը կենտրոնի թանգարանի աշխատակից, արվեստագետ Ֆրանց Բրուլհարթի հետ համատեղ հրավիրում է բազմերանգ ու բազմալեզու ցուցահանդեսի։ Ցուցահանդեսում տեղ են գտել շուրջ 370 մասնակիցների ստեղծած հարյուրավոր աշխատանքներ։ Արվեստագետ Ֆրանց Բրուլհարթն արդեն երկրորդ անգամ է Հայաստան այցելում, իսկ այցի արդյունքները մշտապես ամփոփվում են ստեղծագործական տարբեր աշխատանքներում։ Ֆրանց Բրուլհարթը մասնակիցների մտքում տպավորվել է ոչ միայն հետաքրքիր արվեստագետի իր ոճով, այլ մարդկային ջերմ շփմամբ, հաղորդակցվելու իր ձևով, էմոցիոնալ տարբեր ընկալումներով։
Աշխատարաններն անցկացվել են Գեղագիտության ազգային կենտրոնի և շվեյցարական Պաուլ Կլեե Կենտրոնում (Zentrum Paul Klee) գործող Creaviva մանկական թանգարանի համագործակցության շրջանակում:
«Ուզում եմ մեր բոլորի անունից շնորհակալություն հայտնել Ֆրանցին՝ իր էներգիայի, սիրո համար, որը երեխաներին և մեզ էր փոխանցվում։ Մեծ հույս ունեմ, որ այս համագործակցությունը կշարունակվի, և արդեն մտքեր կան հաջորդ տարի Ֆրանցին հյուրընկալել որպես արվեստագետ իր աշխատանքներով։ Այս համագործակցության համար ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել կենտրոնին և թանգարանին, որոնց հետ համագործակցությամբ ենք այս նախագիծն իրականացնում։ Ինչպես նաև շնորհակալ եմ Վանաձորի և Գյումրու մեր ստորաբաժանումների ղեկավարներին, ծնողներին և երեխաներին՝ իրենց տաղանդն ու եռանդը այս աշխատանքներում ներդնելու համար»,- ասում է Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը։
Գույներ, ընտրություն, երևակայություն, ահա թե ինչով էին համեմվում արվեստագետի վարպետության դասերը, որոնք երեխաների համար էներգետիկ լիցքավորման առիթ էին դառնում։
«Ես շատ ուրախ եմ ևս մեկ անգամ լինել Հայաստանում և դեռ չեմ բացահայտել, թե ինչն է ինձ կապում Հայաստանի և հայերի հետ։ Ես հրաշալի ժամանակ եմ անցկացրել այս աշխատարանների ու դասընթացների ժամանակ և ևս մի քանի դասընթաց էլ պետք է անցկացնեմ։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին՝ մեծերին ու փոքրերին, որոնք նվիրվել են այս աշխատանքային ընթացքին։ Այս խմբային աշխատանքներում ամփոփվել են գույները, երևակայությունը, տրամադրությունը։ Այժմ արդեն աշխատանքներում տեսանելի է այն, ինչը երեխաների հետ փորձել ենք տալ, հենց դա է ստեղծարարությունը»,- ասում է Կրեավիվա թանգարանի աշխատակից Ֆրանց Բրուլհարթը։
Հայաստանի տարբեր մարզերից առանց տարիքային սահմանափակման հավաքված մասնակիցները շուրջ 20 աշխատարանների են մասնակցել։ Իսկ վարպետության դասերի ընթացքում մասնակիցները յուրացրել են նկարիչ, երաժիշտ Պաուլ Կլեեի մեթոդները։ Ուսումնասիրել են մանկական թանգարանի նոր մոդելներն ու մեթոդները։
Վանաձորում, Գորիսում և Երևանում իրականացվել են աշխատարաններ՝ միջազգային փորձի փոխանակմամբ, ԳԱԿ - Կրեավիվա համագործակցությամբ։ Կրեավիվա թանգարանի աշխատակից Ֆրանց Բրուլհարթը վարպետության դասեր է անցկացրել նաև հաշմանդամություն ունեցող և չունեցող շուրջ 600 երեխաների և պատանիների համար, ինչպես նաև փորձի փոխանակման հանդիպումներ ունեցել ԳԱԿ ուսուցիչների հետ։
Գեղագիտության ազգային կենտրոնի և Կրեավիվա մանկական թանգարանի միջև համագործակցությունը մեկնարկել է 2021 թվականի հոկտեմբերին՝ ԳԱԿ պատկերասրահում իրականացված համատեղ ծրագրով։ Կրեավիվա մանկական թանգարանն արվեստային կրթության այլընտրանքային հարթակ է։ Այն աշխատում է իր ուրույն փիլիսոփայությամբ և հայեցակարգով։ Առանցքում՝ ստեղծվում է արվեստ երեխաների համար, երեխաների կողմից և երեխաների հետ, ինչն էլ հոգեհարազատ է Գեղագիտության ազգային կենտրոնի ռազմավարությանը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 877