«Արի խաղանք ավանդական խաղեր». ամփոփվեցին «Եվրոպական ժառանգության օրերը»
«Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը տրվեց «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: Ծրագիրն այս տարի բազմազան էր, «Եվրոպական ժառանգության օրերին» միացել էին Երևանի և մարզերի մի շարք թանգարաններ, արգելոցներ և այլն։ Ցուցադրություններին, դասախոսություններին եզրափակեց «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցած «Արի խաղանք ավանդական խաղեր» խորագրով մասնակցային խաղ-փառատոնը։ Միջոցառմանը մասնակցում էին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ եզդիներ, իրանցիներ, ասորիներ, լեհեր։ Ներկայացվեցին ազգային մշակութային առանձնահատկությունները։ Ազգային խաղերով, երաժշտությամբ և պարեղանակներով էլ հանդես եկան «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը, «Մասունք» ավանդական երգի-պարի խումբը, «Բունիկ» մշակութային կենտրոնը, «Փալանչու» թատերախումբը։
Միջոցառմանը ներկա էին նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
ԿԳՄՍ նախարարը այցելեց նաև թանգարան, հետաքրքրվեց պատմությամբ, ծագմամբ և զարգացմամբ։ Ժաննա Անդրեասյանը դրական է գնահատում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում ազգային ավանդական խաղերի անցկացումը։ Ընդգծում՝ դրանք պետք է հանրային ավելի լայն շերտերին հասանելի դառնան, անհրաժեշտ է դրանց լայն տարածումը՝ առանձին փառատոների կազմակերպմամբ։
Խաղերն ու տարբեր կատակերգական խաղիկները, հնագույն ժամանակներից, հանդիսացել են հայ ժողովրդի կենցաղի անբաժան մասը: Միջնադարում խաղ էին անվանում ոչ միայն մանկապատանեկան խաղերը, այլ նաև թատերական և կրկեսային ներկայացումները: Խաղ կամ խաղիկ էին կոչվում նաև որոշ երգեր, որոնք ուղեկցվում էին խաղային ներկայացումներով: Խաղիկները կարճ բանաստեղծություններ էին, որոնք տարբեր տոների և ծիսական արարողությունների ընթացքում ներկայացվում էին երգերի տեսքով: Պատմական տարբեր դարարջաններում տարբեր տոհմերի ներսում գոյություն են ունեցել միություններ, որոնք ունեին միայն իրենց հատուկ խաղերը։ Հայկական ավանդական խաղերը հայոց մշակույթի յուրօրինակ գույներն են եղել, որոնք շեշտել են ազգային մշակույթի կենցաղավարական առանձնահատկությունները։ Իսկ մանկական խաղերը ոչ միայն երեխաներին զբաղեցնելու, այլ նաև նրանց համար կրթական գործառույթ դառնալու դեր են ունեցել։ Խաղերը դեռ մանկուց ազդել են երեխաների ոչ միայն ֆիզիկական կարողությունների զարգացման և կոփման վրա, այլ նաև օգնել են երեխաների մեջ զարգացնել հնարամտության և մրցակցության գաղափարը, ներդնել սրամտություն ու արագ կողմնորոշում։
Միջոցառման ընթացքում տարբեր խաղերով են ներկայանում տարբեր երաժշտական և պարային խմբեր։ Ահա օրինակ հայ ավանդական խաղերը փոխակերպվում են Մասունք համույթի կողմից։ Մասունքցիներն իրենց բնորոշ ոճով պահպանում են ավանդույթները։ Խմբի անդամները նշում են.
«Միջոցառումների ժամանակ հաճախ կարող եք հանդիպել հայկական լեռնաշխարհի տարբեր տարածաշրջաններից ավանդված խաղերի նմուշների, որոնք առաջին անգամ վերականգնվել և հանրությանն են ներկայացվել մեր համույթի շնորհիվ։ Հավատարիմ մնալով Ռուդիկ Հարոյանական դպրոցին՝ բացի ավանդական ծեսերում ընդգրկված երգ ու պարի, ծիսական պատառիկների վերականգնումից, Մասունք համույթն ակտիվորեն վերապրեցնում է հայ ավանդական խաղերը»։
Հիշարժան օրվա ընթացքում համույթը հանդես եկավ խաղային ներկայացմամբ, հայ ավանդական խաղերի նորովի մեկնաբանմամբ։ Մասունքի կողմից վերականգնվում են ավանդական մի շարք խաղեր, ահա այդպիսին է ալրախաղը։
Միջոցառման մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։ Ակտիվ մասնակցում էին հատկապես երիտասարդներն ու պատանիները։ Օրը հետաքրքրական դարձավ նաև զբոսաշրջիկների և տեղացի օտարերկրացիների համար։ Հայկական ավանդական մշակույթն ու ազգագրական ավանդույթը գրավել են նաև մարդաբան Թամարա Սահակյանի ուաշադրությունը։ Տարիներ առաջ ընտրել է այս մասնագիտությունը հենց նույն խորհրդով՝ դեպի անցյալ շրջվելու, վերականգնելու ու անցյալը պահպանելու համար։
«Այս օրը հիանալի առիթ է մեր մշակութային արմատներին վերադառնալու համար։ Հատկապես կարևոր է նման հսկայական հարուստ ժառանգություն համարվող կոթողի ընտրությունը միջոցառման համար։ Ժամանակի ընթացքում շատ բան է փոխվում, տեխնոլոգիաները ներխուժել են մեր կյանք։ Մենք կարծես թե կորցնում ենք այն արժեհամակարգը, որն ունեցել ենք։ Իսկ արժեհամակարգ կարող ենք փոխանցել փոքր հասակից երեխաներին կրթելով և օրինակ ծառայելով։ Այսօր շատ ուրախ եմ, որ հնարավորություն կա այդ վերադարձն ապահովելու։ Մեր ավանդական երգ ու պարի ուղեկցությամբ է դա տեղի ունենում։ Հուսով եմ՝ շատ բան այլ կլինի երեխաների մոտ։ Կպատմեն և կխաղան մեր ավանդական խաղերը»,- ասաց Թամարան։
«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում իրականացված մշակութային միջոցառումներն ավարտվեցին պաշտոնական փակման և ամփոփման արարողություններով։ Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Երևանի մնջախաղի պետական թատրոնը՝ «Խաղ» ներկայացմամբ։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 771