«Շատ արվեստագետներ հենց այստեղ բացվեցին և հենց այստեղ վարագույրը փակեցին». Արա Հայթայան
Լույս է տեսել արվեստաբան, կինոգետ, լրագրող, նկարիչ, համադրող Հարություն Զուլումյանի և տիկնոջ՝ արվեստաբան Զինաիդա Բերանդրի հեղինակած «Հայկական ավանգարդի պատմությունը ի դեմս 47 արվեստագետի» գիրքը: Գիրքը հարցազրույցների ժողովածու է, որն ամփոփ ձևով ընթերցասերներին և մասնագիտական շրջանակներին է ներկայացնում Հայաստանում և արտերկրում ապրող հայ արվեստագետների մտքերը, տեսակետները, արվեստում լինելու յուրաքանչյուրի փորձառությունը:
«Հարությունն այն արվեստագետներից է, որ միշտ շարժման մեջ է: Շարժման մեջ է արվեստի տարբեր ոլորտներում, շաժման մեջ է աշխարհագրական և սոցիալական առումով: Եվ հենց այդ շարժումը 6-7 տարի առաջ իրեն հասցրեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ երբեմն-երբեմն սկսեց հարցազրույցներ անել. հարցազրույցը կամ զրույցը հեղինակի սիրելի ձևաչափն էր հարաբերություններ կառուցելու: Այդ զրույցները իրենցից ներկայացնում էին պարզ ծանոթացումներ այս կամ այն հայաստանցի արվեստագետի հետ օտար միջավայրում»,- գրքի շնորհանդեսին նշեց Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ, համադրող Նազարեթ Կարոյանը:
Այսպիսով՝ Հարություն Զուլումյանը տարիներ ի վեր արվեստագետների հետ մեծաթիվ հարցազրույցներ ունենալուց հետո որոշել է այն գրքի վերածել: Գաղափարը իրականություն է դարձել հենց արվեստի ոլորտի մարդկանց, գրքում տեղ գտած նկարիչների դրամական աջակցությամբ։ Արդյունքում տպագրվել է գրքի 200 օրինակ: Այն տպագրության է պատրաստել նկարիչ, արվեստի տեսաբան Արա Հայթայանը, ձևավորումն արել է Արամ Ուռուտյանը:
Հարցազրույցների զգալի մասը տպագրվել է Սանկտ Պետերբուրգի արվեստաբանական հանդեսներում, ուստի ռուսալեզու այս գիրքն ի սկզբանե ուղղված է եղել ռուսական միջավայրում հայ արդի արվեստը ներկայացնելուն: Գրքում ներկայացված են արվեստագետներ Արմեն Ռոտչը (Հաճեյան), Էդուարդ Էնֆիաջյանը, Արևիկ Արևշատյանը, Արա Հայթայանը, Անուշ Ղուկասյանը, Նարինե Զոլյանը, Արեգ Բալայանը, Ռուբեն Գրիգորյանը, Գագիկ Չարչյանը, Նազարեթ Կարոյանը և տասնյակ այլ մարդիկ:
«Մենք գործ ունենք մի գրքի հետ, որտեղ երբեմն ուղղակի խոսքով ներկայանում է 47 արվեստագետ: Նրանց մեջ արդեն իսկ կան լեգենդար մարդիկ: Ունենք մի գիրք, որտեղ խոսում են Արման Գրիգորյանը, Կիկին (Գրիգոր Միքայելյան), Սև Հենդոն (Հենրիկ Խաչատրյան)… մարդիկ ում խոսքը շատ հետաքրքիր է նոր սերնդին, նույնիսկ եթե նոր սերնդի պրոֆեսիոնալների մեջ լինեն մարդիկ, որ կասեն՝ արդյո՞ք տվյալ նախադասությունը տվյալ արվեստագետը կասեր, կամ եթե ասեր՝ այդպե՞ս կասեր, թե ոչ: Այսինքն՝ կփորձեն ստուգել հավաստիությունը: Բայց Հարութի խնդիրը դա չի եղել, նա հավաստիության չի ձգտել, դրա կարիքը չի ունեցել: Պարզապես պետք է ընդունել, որ սա իր ստեղծագործության մի ուրիշ ընդլայնում է…
Անշուշտ, գրքի մեջ հնարավոր չի եղել հաղթահարել իր ծագումնաբանությունը, մի փոքր զբոսաշրջային անդրադարձը արվեստի դաշտի գործող անձանց հետ կապված, բայց ժամանակակից արվեստաբաններն իրենք իսկ որոնումների մեջ էին»,- պարզաբանում է Նազարեթ Կարոյանը:
Արա Հայթայանի խոսքով՝ գրքի ստեղծմանն իր ներգրավվածությունը պայմանավորված է նրանով, որ 21-րդ դարում արվեստագետի միտք շատ քիչ է տեսնում, ինչը մտահոգում է իրեն: Ուստի, ծանոթ լինելով Զուլումյանի մոտեցումներին, իրեն ևս հետաքրքրել է՝ գրքի մեջ ինչ ձև ու բովանդակություն կստանան այդ հարցազրույցները: Նրա համոզմամբ՝ գրքի մեջ հարցազրույցի տեսքով ներկայացված միտքը էապես տարբերվում է զուտ երկու արվեստագետի միջև ծավալված զրույցից: Եվ այս առումով գիրքը հաջողված է համարում:
«Շատ հետաքրքիր ճանապարհ անցանք միասին: Գիրքը, ստեղծված լինելով ռուսական միջավայրի համար, կարծես, մի ուրիշ թարմություն մտցրեց, որը հայաստանյան միջավայրում ստեղծվելու պարագայում գուցե ուրիշ ձև ստանար: Ժանրային առումով կարծում եմ՝ յուրահատուկ է: Լավ կլինի, որ այս գիրքը շատերին բարկացնի, ովքեր կփորձեն իրենց պարականոնը առաջարկել սրան, ինչն էլ հենց հնարավորություն կտա բացահայտելու ժամանակը: Եթե սա համարենք «սխալ», թող սրան ի պատասխան ծնվեն այն մյուս տարբերակները և այդ տարբերակների միջոցով սկսենք հասկանալ ժամանակաշրջանների տարբերությունը: Այսինքն՝ ինչպիսին էին(են) և ինչպես էին(են) մտածում արվեստագետները: Կարող եմ ասել, որ շատ արվեստագետներ հենց այստեղ բացվեցին և հենց այստեղ վարագույրը փակեցին: Շատերը խոսքի միջոցով բացեցին փակագծերը, որպեսզի իրենց արվեստի այբուբենը հասկանալի լինի, շատերն էլ ուղղակի ձևական պատասխաններ տվեցին, որպեսզի առհասարակ մուտք չլինի դեպի իրենց ստեղծած արվեստը: Եվ դա էլ, կարծում եմ, արժեքավոր է»:
Հեղինակի խոսքով` մտադրություն կար ավելի մեծ քանակի հարցազրույցներ ներառել գրքում, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: Հույս ունի՝ գիրքը երկրորդ մաս կունենա՝ նոր անուններով ու ասելիքով:
Լուսանկարների մի մասը՝ ICA Yerevan-ի ֆեյսբուքյան էջից
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 778