Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։ Երկար սպասված լուրը հայտնեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։ Իսկ կարևոր նորության հայտնումն էլ համընկել է կարևոր օրվա հետ։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 9-ամյակը։
«Այս տարի նաև Կոմիտասի 155-ամյակն է, որին լայնածավալ ծրագրերով պատրաստվել ենք: Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուի՝ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու փաստը մեզ համար պարտավորեցնող է»,- ասում է թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` շատ կարևոր է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, և շատ ուրախալի է, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը միանալու է այն թանգարանների շարքին, որոնք, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, հնարավորություն են տալու այցելուներին, հատկապես` երեխաներին, բոլորովին նորովի բացահայտել Կոմիտասի աշխատասենյակը:
«Թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական ժառանգության հանրահռչակման, հատկապես միջազգային հարթակներում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում գրանցելու նպատակով շարունակական աշխատանքներ են իրականացվում: Գրանցվել է Գյումրու դարբնության ավանդույթը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն, մեկնարկել է Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրի, Որոտան գետի կիրճի հուշարձանախմբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու գործընթացը: Պետական բյուջեում առանձին տեղ է հատկացվել հայտերի պատրաստման համար: Հայտերի ցանկերը, որոնց շուրջ աշխատանքներ են իրականացվելու, արդեն հստակեցված են»,- ասաց նախարար Ժաննա Անդրեասյանը։
Այս տարի հոբելյանի առթիվ արվեստասերներին նոր անակնկալներ են սպաավում։ Դրանցից մեկը «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի լույսընծայումն է։ Ինչպես նաև գործարկվեց «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը: Թանգարանը սկսել է Կոմիտասի ստեղծագործությունների հրատարակությունների նոր շարք, որտեղ կարևոր են միջազգայնացումը և դրանք ավելի հասանելի դարձնելը:
Թանգարանի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը պատմում է, որ շարքի հրատարակումը մեծ պահանջարկ է ունեցել, քանզի ստեղծագործություններն ու հեղինակը մշտապես հետաքրքրություն են վայելել թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս։ Նրա խոսքով՝ թանգարանը մշտապես կրթական ծրագրեր է իրականացնում, և օտարազգի մասնակիցների հետ լեզվի խնդիր էր առաջանում: Այս բացը լրացնելու համար էլ սկսել են հատորների տպագրության շարքը։ Այդտեղ ներառված են ֆոլկլորային երաժշտության 50-ական նմուշներ։
Կարևոր իրադարձության առթիվ շնորհավորեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի՝ ԱԳ նախարարությունը հետևողական է մշակութային ժառանգության միջազգայնացման հարցում: Իսկ ծրագրի գլխավոր նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների կորուստը և նպաստել դրանց արդյունավետ պաշտպանությանը և լայն տարածմանը։
«Մինչ այդ նշված հեղինակավոր ցանկում իրենց արժանի տեղն են գտել Բյուրականի աստղադիտարանի առաջին հետազոտությունը, Մատենադարանի ձեռագրերի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների հավաքածուները: Կոմիտասի ստեղծագործությունների գրանցումը Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում նախևառաջ տարիների համատեղ աշխատանքի արդյունք է»,- նշեց Վ. Կոստանյանը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 690