Բացվեց «Արմենպրես»-ի` «Դարի վավերագրություն» խորագրով ցուցահանդեսը
Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը։ «Դարի վավերագրություն» խորագրով ցուցահանդեսում ներառված են բացառիկ արխիվային լուսանկարներ։ Դրանք վերականգնում են անցյալի հետ կապը, բարձրաձայնում հիմնախնդիրներն ու երևույթները։ Այդտեղ անմահացել են այդ խնդիրների մասին ահազանգող գործիչները, անհատները, որոնք իրենց ուրույն տեղն ունեն մեր կյանքում։ Նրանց թվում են նշանավոր քաղաքական գործիչներ, արվեստի, սպորտի, գիտության, մշակույթի հանրաճանաչ անուններ, մտավորականներ։
«Ուրախ եմ ողջունել մեզ համար նշանակալի այս օրը: Մենք հանրության դատին ենք հանձնում այն, ինչն իրեն է պատկանում, քանի որ իր անցյալի, պատմության, արժեքների մի մասն է: Մեկ դարից ավելի «Արմենպրեսը» հայ ժողովրդի զավակն է ու պատասխանատու է հոգ տանել ժողովրդի հիշողության համար՝ փաստագրելով կարևոր իրադարձությունները գրչով, խոսքով և կադրով, որը երբեմն ավելի խոսուն է, գունեղ: Այսօր ցուցադրված շուրջ ինը տասնյակ լուսանկարները փաստում են, որ «Արմենպրեսի» աչքից չի վրիպել ոչինչ: Այս կադրերը բոլորիս մտապատմություններն են, ցուցադրում են իրադարձություններ, որոնց մասին լսել ենք, կարդացել»,- նշեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը։
Հատկանշական է, որ երբ լրացավ գործակալության հիմնադրման օրը, ներկայացվեց հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ էր համախմբել պաշտոնյաների, հասարակական, քաղաքական գործիչների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչների։ Այդ ժամանակ ցուցահանդեսը բաց էր միայն մեկ օր։ Իսկ այժմ այցելուների համար մուտքն ազատ է մինչև հուլիսի 4-ը: Ինչպես նշում է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը՝ լուսանկարները ժամանակի մեջ ճամփորդելու յուրօրինակ հնարավորություն են ընձեռում։
«Դրանք «Արմենպրես»-ի լուսանկարիչների օբյեկտիվների ֆիքսած կադրերով յուրաքանչյուրիս դարձնում են պատմական իրադարձությունների ականատեսը։
«Դարի վավերագրություն» ցուցահանդեսը անցյալի տարեգրման և սերունդներին փոխանցման գործակալության հանձնառության վկայությունն է: Մենք սիրով հրավիրում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին, արվեստի նվիրյալներին, պատմաբաններին և լայն հանրությանը՝ միանալ մեզ։ Ցուցահանդեսը խոստանում է դրական էներգիա, մտածելու ու քննարկելու հարուստ նյութ ու լուսավոր փորձառություն տալ ակնդիրներին»,- նշում է Նազարյանը։
«Արմենպրես» գործակալությունը սկսել է գործել 1918 թվականից, այն Հայաստանի առաջատար լրատվական գործակալությունն է։ Լրատվական գործակալությունն ունի Հայաստանի ամենահին ու ամենամեծ ֆոտոարխիվը, այդտեղ տեղ են գտել ավելի քան 1 մլն լուսանկարներ։ Բացառիկ ու շատ կարևոր լուսանկարները պատմական կարևոր աղբյուրներ են նաև, արխիվային վավերագրեր, որոնք պետք է ուսումնասիրել։ Ցուցահանդեսը ներկայացվում է Նկարիչների միությունում։ Այդ ամենը գնահատվում է և արժևորվում նաև Նկարիչների միության նախագահի կողմից։
«Այսօր Արա Սարգսյան ցուցասրահում բացվում է մի շատ հետաքրքիր ցուցահանդես, որը ցուցադրում է մեզ բոլորիս մեր անցած տարիները:
Գործակալությունը կարողացել է երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում հավաքագրել մի մեծ պատմություն, որը նվիրված է Հայաստանի Հանրապետությանը: Ես շատ արժևորում եմ այն փաստը, որ «Արմենպրեսը» ոչ միայն քաղաքական իրադարձություններն է երկար տարիներ ներկայացրել, այլ նաև մշակութային կյանքը, մեր մեծանուն վարպետներին, արվեստագետներին:
«Արմենպրեսը» կարողացել է ֆիքսել տարբեր իրադարձություններ և բերել հասցրել մեր օրեր։ Այս լուսանկարներն արտացոլում են մեր երկրում կատարվող կարևորագույն իրադարձությունները թե՛ խորհրդային շրջանում, թե՛ անկախությունից հետո, ուստի մեծ ուրախությամբ ենք ցուցադրությունը հյուրընկալում միությունում»,- փաստում է Սուրեն Սաֆարյանը:
Ցուցադրության բացմանը նաև ներկա էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Թույլ տվեք ԿԳՄՍ նախարարության անունից ջերմորեն շնորհավորել բոլորիս թե՛ գործակալության երկար տարիների փորձառության ու դերի, թե՛ նաև այս հրաշալի ցուցահանդեսի բացման առիթով: Ընդհանրապես լուսանկարչությունը մեր կարևորագույն ուղղություններից է, լուսանկարների միջոցով կյանքի վավերագրումը արվեստ է: Այսօր այս լուսանկարների միջոցով մենք ներկա ենք մեր պատմության վավերագրմանը և արվեստային գործերի ցուցադրմանը: Թող մեր դպրոցականները, երեխաները ներկա լինեն, կրթվեն, սովորեն՝ այս ցուցահանդեսին ներկա լինելով»,-ասաց Ժ. Անդրեասյանը։
Ալմաստ Մուրադյան
Լուսանկարները՝ «Արմենպրեսի»
- Created on .
- Hits: 367