Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 18-ին նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 18-ին նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է Տիրամորը նվիրված տոնը, որը հնագույններից է:
Տոնը նկարագրում է որդիական սիրո ու մայրական զուսպ սպասման ու հավատի խորհուրդը։ Այսօր Որդին աստվածային զորքով ու հրեշտակներով եկավ Մոր հետևից։ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը առավել հայտնի է «Խաղողօրհնեք» և «Աստվածածին» անուններով: Տոնակատարության օրը՝ Սուրբ Պատարագից անմիջապես հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում են ժողովրդին:
Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով․
«Ես եմ ճշմարիտ որթատունկը»։
Տոնը Հիսուս Քրիստոսի գալստյան խորհուրդն ունի, Ով բյուր հրեշտակներով եկավ Իր պատվական և սուրբ ծնողի մոտ, որպեսզի պատվի հանգուցյալի մարմինը, ինչպես որ պատվեց կենդանության օրոք:
Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսյան այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակաշրջանից սկսած՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Տոնի օրը՝ Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը` որպես լիառատության ապահովման նշան։ Տոնը կրոնական նշանակությունից զատ՝ նաև մշակութային և ազգագրական առանձնահատկություններ ունի։
Ահա տոնի մասին մի շարք առանձնահատկություններ է ներկայացնում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
Քանի որ տոնը նշվել է օգոստոսին, իսկ օգոստոսին հայոց մեջ նշվել է նաև Նավասարդը, տոնի համատեքստում հաճախ ներառվել են նաև նավասարդյան տոնակատարություններ։ Ձոնվել են երգեր և բանաստեղծություններ։ Հիշենք դրանցից մի քանիսը։
Գեղեցիկ գեղ, գովելի, աննման,
Վեհ տաճար, մաքուր, աննման,
Աննման կույս Մարիամ, աննման։
×××××××××
Դու լուսեղեն տաճար ես,
Ոսկիապատ խորան ես,
Դու մարգարիտ անգին ես,
Աստվածածին, մեղա քեզ։
×××××××××××
Լուսնիակը կամար, կամար,
Քեզի կուզեմ ինծի համար,
Բարակ մեջքիդ, օսկի քամար,
Քելե, քելե, բոյիդ մատաղ։
××××××××××
Աստվածածնին ապավինում էին հատկապես կանայք, աղաչում էին օգնել իրենց զավակներին, բուժել հիվանդներին, իրենց զավակ պարգևել, պաշտպանել ընտանիքի անդամներին։ Ոչ մի Սրբի այդքան աղոթք չէր հղվում, որքան Մարիամին։ Բազմաթիվ են նաև Մարիամին նվիրված երգերը, տաղերը։ Իսկ Ծննդյան պասը հայոց ավետիսներում հաճախ անվանվում է Մարիամի պաս.
Ալելույա, ալելույա,
Եվ ցնծացեք, ուրախացեք,
Մեր Մարիամի պասը բացեք,
Մարիամ գնաց լեռն ի ծնունդ,
Ծննդեցավ, ազատեցավ...
Բարի րիգուն ձեզ, ալելույա,
Հա ցնծացեք, ուրախացեք,
Մեր Մարիամի պասը բացեք,
Մարիամը գնաց էլի ծնունդ,
Ծննդեցավ, ազատեցավ,
Լուսաթաթախ մանուկ ծնեց։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 239