• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Հիշողության կերպարանքները․ տպագիր և գրավոր ժառանգության պահպանման նորագույն տեխնոլոգիաներ»․ Մաշտոցյան Մատենադարանը համախմբել է ոլորտի մասնագետներին

«Հիշողության կերպարանքները․ տպագիր և գրավոր ժառանգության պահպանման նորագույն տեխնոլոգիաներ»․ Մաշտոցյան Մատենադարանը համախմբել է ոլորտի մասնագետներին

Մաշտոցյան Մատենադարանում այս օրերին՝ հոկտեմբերի 9-12, ընթանում է «Հիշողության կերպարանքները․ տպագիր և գրավոր ժառանգության պահպանման նորագույն տեխնոլոգիաներ» խորագրով 13-րդ ամենամյա միջազգային գիտագործնական սեմինարը։

Միջոցառումը համախմբել է շուրջ 120 միջազգային կառույցների, մասնակցում են հարյուրավոր վերականգնողներ, գրադարանավարներ, ֆոնդապահներ, արխիվագետներ և թանգարանագետներ։ Տարբեր երկրներ ներկայացնող հյուրերն ու տեղացի մասնագետները Մատենադարանում հանդես են գալիս ելույթներով, կազմակերպվում են վարպետության դասեր։ Այս տարի շուրջ 13 երկրից մասնակիցներ են հյուրընկալվել՝ ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան, Նիդերլանդներ, Լատվիա, Լիտվա, Վրաստան, Հնդկաստան, Իրան, Եթովպիա և այլն։

Hishoxutyan kerparanqnery 4

Միջոցառման մեկնարկին մասնակիցներին ողջունեց ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիսի Մարագոսը՝ փաստելով, որ Մատենադարանը տուն է դարձել ոչ միայն հայկական, այլև համամարդկային ժառանգության նմուշների համար, քանի որ մշակույթն ու մշակութային ժառանգությունը մարդկության գանձերն են, որոնց սահմաններն ազգային պատկանելությունից անդին են։
«Մշակութային ժառանգությունը մարդկության հիշողության մեջ պահելու և հաջորդ սերունդներին փոխանցելու գործում չափազանց արժեքավոր է ձեռագիր և տպագիր ժառանգության նշանակությունը։  

Այսօրվա սեմինարի դերը ոչ միայն նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու հարթակ է, այլև քննարկելու, թե ինչ անել հիմա, որպեսզի առավել գրավիչ դարձնենք ձեռագիր և տպագիր ժառանգության ոլորտը երիտասարդների, ինչպես նաև հետազոտողների և վերականգնողների հաջորդ սերնդի համար: Մատենադարանն աշխարհում այն ուրույն հաստատությունն է, որտեղ պահվում են ձեռագրերի հարուստ հավաքածուներ և կուռ փորձագիտական ներուժ»,- ասաց Մարագոսը: 

Hishoxutyan kerparanqnery 2

Սեմինարի մասնակիցներին բացման օրը ողջունեց նաև Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։ Տնօրենը կարևորեց Մատենադարանի դերը որպես գիտահետազոտական կենտրոն, որի ջանքերն ուղղվալ են գրավոր մշակույթի պահպանմանն ու փոխանցմանը։ Ա. Խզմալյանը կարևորեց նաև կառավարության ջանքերը այդ ամենի իրագործման ճանապարհին։

«Արդեն 13-րդ տարին է՝ «Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարն իր շուրջն է համախմբում գրավոր ժառանգության պահպանության առաքելություն ունեցող մի շարք հաստատությունների։ 13 տարիների ընթացքում հյուրընկալել ենք ավելի քան 130 միջազգային կառույց։ Կարևոր այս նախաձեռնության իրականությանը մասնագիտական և նյութատեխնիկական կարողություններից զատ հաղորդում է նաև որոշակի բարոյական հիմք։

Մտածողներից մեկն ասել է՝ հիշողությունը մի դրախտ է, որից ես չեմ կարող արտաքսվել։ Հազարամյակների գրավոր հուշարձաններն այդ դրախտի աշխարհասփյուռ կենտրոններն են, որոնք կարծես դարձել են հիշողության հաստատություններ։ Դրանք մեզ են հասել՝ ժամանակի դրոշմներով, պատմական տարբեր փուլերի, տարբեր արհավիրքների միջով անցնելով։ Ցավոք, համաշխարհային մշակութային ժառանգության ոչնչացման ռիսկը որևէ կերպ չի մեղմացել նաև այսօր։ Մասնագիտական ջանքերի մեկտեղելուն պետք է ուղղվեն բոլոր կառավարությունների, միջազգային հաստատությունների, սոցիալական պատասխանատվություն ստանձնած մասնավոր կազմակերպությունների ջանքերը։ Այս համատեքստում իմ շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությանը, որի աջակցությամբ է ընթանում սեմինարը, նաև Արարատ բանկի խորհրդին, բանկի գործադիր տնօրենին»,- ասաց Մատենադարանի տնօրենը։

Hishoxutyan kerparanqnery 3

«Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում նաև Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիան։ Ինչպես հայտնում են Մատենադարանից՝ լաբորատորիան որակապես նոր հարթության վրա է դնելու Մատենադարանի գործունեությունը ձեռագրերի վերականգնման ոլորտում և էապես նպաստելու Մատենադարանի՝ որպես գրավոր ժառանգության վերականգնման միասնական կենտրոնի նոր ծրագրերի իրականացմանը, մասնավորաբար՝ աշխարհասփյուռ հոգևոր կենտրոնների ձեռագրական հավաքածուների վերականգնմանը։

Բացման արարողությանն էլ հաջորդեց «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով ցուցադրությունը։ Այդտեղ ներկայացված են Հայաստանի տարբեր կառույցների, Մատենադարանի աշխատակիցների վերականգնած նմուշները՝ ձեռագիր, կտավ, արխիվային փաստաթղթեր, թանգարանային այլ առարկաներ։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 182

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: