Ֆրանսիական գրական շունչը FrancoFest փառատոնի շրջանակում
Օրերս Կոմիտասի անվան լարային քառյակի ելույթով մեկնարկեց տարվա գրական կարևոր իրադարձություններից մեկը՝ Newmag հրատարակչության Ֆրանկոֆեստը։ Բացմանը հանդես եկան ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, փառատոնի գլխավոր հովանավոր ԱԿԲԱ Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանն ու Ֆրանկոֆեստի հովանավոր Luxury Voyage զբոսաշրջային ընկերության ղեկավար Աննա Դավիդյանը։ Հանդես եկան նաև Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ժամանակակից ամենահայտնի փիլիսոփաներից Պասկալ Բրուկները, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինին։
Փառատոնի գործընկերներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Ազնավուր հիմնադրամը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը։
Ֆրանկոֆեստի պանելային քննարկումներից առաջինն անդրադառնում էր Գոնկուրի ոդիսականին և ֆրանսալեզու գրականության արկածներին։ Իսկ պանելային քննարկման մասնակիցներն էին Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի անվանի գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները, Գոնկուր ակադեմիայի գլխավոր դելեգատ Ֆրանսուազ Ռոսինոն, Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը և գրականագետ Անուշ Սեդրակյանը, մոդերատորը՝ ֆրանսիացի հեղինակ, կոմպոզիտոր, հաղորդավար Ուլիս Մանը։
Փառատոնի այս տարվա գլխավոր իրադարձությունն, իհարկե, ֆրանսիական ամենահայտնի ու հեղինակավոր գրական մրցանակի՝ Գոնկուրի՝ Հայաստանում ազգային ժյուրիի հայտարարումն էր։
Փառատոնն ամեն անգամ փորձում է անդրադառնալ արդիական ու ժամանակակից հիմնահարցեր արծարծող գործերի։ Այդպիսի մի գործ է, օրինակ, Անյես Մարտեն-Լյուգանի «Թելից կախված երջանկություն» վեպը, որը թարգմանել է Հասմիկ Առաքելյանը։ Վեպը պատմում է հասուն տարիքում մասնագիտությունը փոխած մի կնոջ մասին, որը դառնում է հայտնի դիզայներ։ Գրքի թարգմանիչ Հասմիկ Առաքելյանը պատմում է, որ հեղինակը կարծեք թե իր հարազատ հոգին լինի, նրա ձեռագիրը շատ ջերմ է, մտերմիկ, պարզ, բայց միևնույն ժամանակ նաև շատ խորը շերտեր ունի։
«Լյուգանի ձեռագիրն ինձ գրավեց իր անկեղծությամբ, այստեղ նաև մեծ դեր է խաղացել նրա հոգեբան լինելու հանգամանքը։ Նա կարողացել է ներթափանցել մարդկային ապրումների, հույզերի շատ նեղ անկյուններ, որտեղ մարդն անգամ հայելու մեջ նայելիս կարող է ինքն իրեն չխոստովանել։ Իսկ հեղինակն իր կերպարների միջոցով կարողացել է ներկայացնել դրանք»,- ասաց Հ. Առաքելյանը։
«Մանուշյանի կյանքն անավարտ մի սիմֆոնիա էր, երբեմն՝ որոշ սխալ նոտաներով, երբեմն՝ ամբողջական նվագախմբի կատարմամբ, և այնտեղ իրար էին հաջորդում Մոցարտի մաքրությունը, Բեթհովենի ուժն ու պոռթկումը։ Դժվար է ասել, թե ուրիշ ինչ ավարտ կարող էր ունենալ այդ սիմֆոնիան, եթե ոչ ողբերգական։ Ի վերջո, ես մի բացառիկ կին չէի։ Այն աղջիկների շարքում, որոնց նա կարող էր հանդիպել, ես գուցե այն քչերից էի, որ կարող էր նրան տալ այն օգնությունն ու ըմբռնումը, որոնք նրան անհրաժեշտ էին։ Բացառիկը Մանուշյանի սերն էր։ Ես կարծում եմ, սակայն, որ Մանուշը չէր էլ կարող այլ կերպ սիրել։ Նրա բոլոր զգացմունքները, բոլոր կրքերը բացառիկ տեսակի էին. նա կարող էր միաժամանակ չափն անցնել, բայց լինել խորամիտ»։
Այս հատվածը ներկայացված է Մելինե Մանուշյանի «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» հուշագրությունից։ Գրքի թարգմանիչն է Լիլիթ Բլեյանը, խմբագիրը՝ Արմեն Ամիրխանյանը, այն տպագրվել է Ազնավուր հիմնադրամի աջակցությամբ։ Փառատոնն անմասն չէր նաև պատմական հիշողության արժևորման գործում։ Այս անգամ էլ ներկայացվեց խոշորագույն գործիչներից մեկի՝ հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի կյանքն ու գործը՝ ըստ կնոջ՝ Մելինե Մանուշյանի վկայությունների։
Ինչպես պատմաբան Էդգար Հովհաննիսյանը նշեց՝ այս գիրքը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը խաղաղություն սպառող չէ, այլ խաղաղություն կերտող։ Այդ գործընթացում մենք տեսնում ենք բազմաթիվ հայերի և առաջատար դերակատար, ինչպիսին Մանուշյանն է։
«Այդ իմաստով գիրքը նաև արդիական է, արդիական է նաև սփյուռքում հայ մնալու խնդիրը։ Այս գիրքն օրինակ է, թե ինչպես էին մարդիկ ֆաշիստական ծանր ռեժիմի և սոցիալական դժվար պայմանների պարագայում մաքառում ու նաև չէին մոռանում ազգային ինքնության պահպանման մասին, ոչ միայն Հայաստանով էին ապրում, այլև հայերեն էին ապրում, քանի որ իրենց մտածողությունը, գիտակցությունը հայերեն էր։ Այդ իմաստով գիրքն ուղղված է ոչ միայն Հայաստանի ընթերցողին, այլև սփյուռքի լայն շրջանակին»,- ասաց Է. Հովհաննիսյանը։
Փառատոնն ուղեկցվեց նաև Ամելի Նոտոմբի «Թշնամու հարդարանքը» վեպի թատերական ընթերցումով։ Բեմում էին դերասաններ Վարշամ Գևորգյանն ու Կառլեն Մուրադյանը։ Ներկայացվեց հատված Ա. Նոտոմբի նոր վեպից։ Սպասված նորություններից էր նաև «Կյանքը Շառլի աչքերով» նոր գրքի շնորհանդեսը։ Նկարազարդ անթոլոգիան ներկայացրեց Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, թարգմանիչն է Սամվել Գասպարյանը, խմբագիրը՝ Հասմիկ Առաքելյանը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 214