«Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով». Հայաստանի պատմության թանգարանում ներկայացված են բրոնզեդարյան և երկաթեդարյան ուշագրավ ցուցանմուշներ
«Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով». Հայաստանի պատմության թանգարանում ներկայացված են բրոնզեդարյան և երկաթեդարյան ուշագրավ ցուցանմուշներ
«Հայաստանը եղել է մարդկային պատմության մեծ բնօրրաններից մեկը», «Հայերի դիրքը դարերի ընթացքում եղել է արժանավոր և դյուցազնական»։ Այս խոսքերի հեղինակը ֆրանսիացի հայտնի երկրաբան, հնագետ, ազգագրագետ Ժակ դը Մորգանն է: Նա ուսումնասիրել է բազմաթիվ հնագիտական հուշարձաններ Հայաստանում և Անդրկովկասում:
Ժակ դը Մորգանը (1857-1924 թթ․) առաջին անգամ Հայաստան է գալիս 1889 թվականին, երբ ֆրանսիացի ներդրողները նրան գործուղում են որպես ինժեներ աշխատելու Ախթալայի հանքերում: Սակայն Հայաստանը նրա համար դառնում է նոր հնագիտական հետազոտությունների երկիր։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում նա պեղում է 1003 դամբարան։
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությունը, որի շրջանակում առաջին անգամ Ֆրանսիայից Հայաստան են բերվել և ցուցադրվում են Ժակ դը Մորգանի կողմից Ախթալայում 19-րդ դ․ 80-ական թթ․ պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան հինգ ուշագրավ ցուցանմուշներ, որոնք ներկայացված են դեռ 1990-ական թթ․ հայ-ֆրանսիական արշավախմբերի կողմից տարբեր հնավայրերում հայտնաբերված և ՀՀ թանգարաններում պահվող ավելի քան վեց տասնյակ հնագիտական առարկաների համադրությամբ։
Դեկտեմբերի 11-ին կայացած ասուլիսում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ ազդադարվում է կարևոր միջազգային ցուցահանդեսի բացում, որը վերաբերում է Հայաստանի հարուստ պատմամշակութային, հատկապես հնագիտական ժառանգությանը և հայ-ֆրանսիական համագործակցությանն այս ոլորտում՝ սկսած 19-րդ դարից հայտնի հնագետ, երկրաբան, ինժեներ Ժակ դը Մորգանից։
«Առաջին անգամ ցուցահանդեսի շրջանակներում հնարավորություն ունենք տեսնելու 19-րդ դարի 80-ական թվականներին հայտնի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Ախթալայում պեղված հնագիտական ժառանգությունից հինգ ուշագրավ նմուշներ, որոնք համադրված են դեռևս 1990-ական թվականներից նաև Ժակ դը Մորգանի հետքերով աշխատող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի գործունեության արդյունքում բացահայտված վեց տասնյակից ավելի ցուցանմուշների հետ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում»,- ասաց Դավիթ Պողոսյանը։
Նա ընդգծեց, որ սա կարևոր նախադեպ է ու կդառնա հետաքրքիր ավանդույթ։
Ասուլիսին ներկա ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ասաց, որ 2024 թվականը թանգարանային ոլորտի համար իսկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների, համակարգային ձեռքբերումների տարի է՝ տարեսկզբին ընդունվեց Թանգարանների մասին օրենքը, թանգարաններում տեղադրվեց էլեկտրոնային տոմսային համակարգ, ինչպես նաև կարևոր է տարին միջազգային հարուստ համագործակցության ձեռքբերումներով։
«Սա այս տարի մեր երկրորդ նմանատիպ խոշոր նախաձեռնությունն է ու միջազգային համագործակցության կայացումն այս անգամ մեր ֆրանսիացի գործընկերների հետ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը, որի շրջանակում Բրիտանական թանգարանից Հայաստան է բերվել Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքը։
Աստղիկ Մարաբյանը նշեց, որ «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» ցուցադրությունը շեշտադրում ու բացահայտում է հայ մշակութային ժառանգության շատ կարևոր դրվագներ, փաստում հայ-ֆրանսիական դարավոր համագործակցությունը։
Նա կարծում է, որ ցուցադրությունը հետաքրքիր կլինի ոչ միայն մասնագիտական, հետազոտական, նաև ընդհանուր լսարանի ընդլայնման տեսանկյունից։
«Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությունը կազմակեպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի համագործակցությամբ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ակտիվ նախաձեռնությամբ ու աջակցությամբ, ՀՀ ԿԳՄՍ և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների ակտիվ աջակցությամբ և հովանու ներքո։
Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը նախ հայտնեց, որ ուրախ է այս համագործակցության կայացման, ցուցահանդեսի բացման, այս մեծ իրադարձության համար։
«Ցավոք, արևմտյան երկրներից Ֆրանսիան առաջինը չէ, որ իր ցուցանուշները բերել է Հայաստանում ցուցադրելու։ Անգլիացիները մեզնից առաջ անցան։ Ամեն դեպքում, շատ ուրախ ենք, որ այս համագործակցությունը կայացավ»,- ասաց Քսավիե Ռիշարը։
Ժակ դը Մորգանը հանդես է եկել նաև հայերի իրավունքների պաշտպանությամբ՝ ականատես լինելով Օսմանյան Թուրքիայում հայերի ջարդերին։
«Հատկապես կարևոր է, որ այս ցուցադրությունը ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանի անվան շուրջ է, մի մարդ, ով իր ամբողջ կյանքի նշանակալի հատվածը նվիրել է հայկական հարցը բարձրաձայնելուն ու հայկական հարցի պաշտպանությանը: Նա այն մտավորականներից էր, ով առաջինն էր արձագանքել ու բարձրաձայնել Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ջարդերի, աքսորի մասին:
Նրա անունը մշտապես շրջանառվում է, երբ հայկական հարցի մասին է խոսք լինում:
Նրա ողջ գործունեությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների, ջերմ բարեկամական համագործակցության ապացույցն է»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականը։
Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն նշեց, որ մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը երկարատև ու արդյունավետ է։
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ու Հայաստանի ԿԳՄՍ նախարարության կողմից համատեղ ֆինանսավորումը թույլ է տալիս ևս մեկ անգամ արժևորել այս պեղումների արդյունքները, որը պատմական իրադարձություն է։
Մեծապես հույս ունեմ, որ այս ցուցահանդեսն ոգեշնչման աղբյուր է դառնալու մի շարք հայ երիտասարդների համար, ովքեր 10-20-30 տարի անց, միգուցե այս ցուցադրությամբ ոգեշնչված, պետք է հայտնի հնագետներ դառնան»,- ասաց Ռոզ-Մարի Մուսսոն։
«Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» ցուցադրությունը կգործի մինչև 2025 թվականի մարտի 11-ը։
Տ․ Մ․
- Created on .
- Hits: 104