«Քաղաքային մեղեդիներ. Երևանի երաժշտական փոխակերպումները» բացահայտում է Երևանի երաժշտական կյանքը

Ինչպիսի մշակութային, սոցիալական փոխակերպումների է ենթարկվել Երևանի երաժշտական կյանքը, ինչպիսի գործիքներ են կիրառվել. այս և նման այլ հարցերի պատասխաններ կկարողանաք գտնել Երևանի պատմամշակութային օջախներից մեկում՝ Երևանի պատմության թանգարանում։

Թանգարանն այսուհետ իր այցելուների առջև դռները բացում է «Քաղաքային մեղեդիներ. Երևանի երաժշտական փոխակերպումները» խորագիրը կրող ցուցահանդեսով։ Ցուցահանդեսը հավաքագրել է բազմապիսի երաժշտական գործիքներ։ Այդտեղ ներկայացված է ամենատարբեր նմուշներից կազմված հավաքածու։ Ցույց է տրվում նաև գործիքների ծագումը, թե ինչպիսի պատմություն ունեն, ինչպիսի աշխարհագրական արեալներում են տարածվել։ Ըստ այդմ երևում է նաև գործիքնեի պատրաստման, ապա կիրառման գործում թողած սոցիալ-մշակութային նշանակությունն ու գործառույթը։

Qaxaqayin mexediner 3

Ցուցահանդեսում ներկայացված են նաև երաժշտական կյանքը պատկերող մի շարք լուսանկարներ, ազդագրեր, հայ կոմպոզիտորներին պատկանող ձեռագիր նոտագրություններ, ձայնասկավառակներ, նվագարկիչներ, ռադիոընդունիչ և այլն։
Կաևորագույն ցուցանմուշների խումբը պատականում է երաժիշտ, երգահան Արա Գևորգյանին։ Երաժշտի անձնական հավաքածուի զարդը Ջիվան Գասպարյանի դուդուկն է՝ իր մակագրությամբ: Թանգարանում առաջին անգամ ցուցադրվեց նաև կոմպոզիտորի հեղինակած բաս քանոնը։ Ի դեպ՝ այն աշխարհում միակն է երաժշտական գործիքների մեջ:

«Ցուցադրված է հայրիկիս՝ Կառլեն Գևորգյանի թառը, որով նա 1960-ականներին է նվագել, երբ ղեկավարել է սարքաշինական գործարանի ժողգործիքների նվագախումբը։ Այստեղ է նաև Ջիվան Գասպարյանի դուդուկը, որը նվեր եմ ստացել իր ստորագրությամբ»,- նշում է Արա Գևորգյանը։

Qaxaqayin mexediner 2

Ժամանակագրական առումով երաժշտական գործիքները մեծ տարածում են գտել միջնադարում, ապա այն շարունակվել է հաջորդիվ և հասել մեր օրեր։ Այս ժամանակաշրջաններում մեծ արժեք ունեին նաև գործիքների պատրաստման, կիրառման ավանդույթները, երաժշտարվեստի ժառանգական փոխանցումը։

«Ներկայացրել ենք լուսանկարներ, ձեռագիր մատյանների լուսանկարների կրկնօրինակներ ենք վերցրել, որոնցում պատկերված են երաժշտական գործիքները։ Դրանք էլ հիմք ծառայեցին ցուցադրությունը լարային, փողային, հարվածային գործիքների բաժանելու համար: Ցուցադրում ենք նաև Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու քշոցներն ու ծնծղաները, որոնք օգտագործվել են ծիսակատարությունների ժամանակ։ Մեզ մոտ է նաև դաշնամուրի գործարանի արտադրանքը՝ 1800-ականների դաշնամուր, որը 1906 թվականին Երևանում Կոմիտասն է նվագել։ Թեև հիմա այն էլ կիրառելի չէ, բայց իրենից կարևոր պատմական արժեք է ներկայացնում»,- ասում է թանգարանի տնօրեն Գեւորգ Օրբելյանը։

Ցուցահանդեսը բաց է մինչև 2025 թվականի հուլիսի 17-ը։

Ցուցահանդեսի բացմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Ալ. Սպենդիարյանի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցների սաները։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 125

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: