Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Կերոն» հիմնադրամի նոր համագործակցությունը

«Կերոն» հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրով շուտով Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում աշխատելու և իրենց փորձով ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով: Այս մասին հայտարարեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Կերոն» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ստորագրվեց համագործակցության հուշագիրը։
«Տաղանդների ֆոնդ» նախագիծը «Կերոն» զարգացման հիմնադրամի առաջնային ծրագրերից է։ Դրա հիմնական նպատակն է ներգրավել աշխարհի տարբեր երկրներից հիմնադրամի որդեգրած ռազմավարական հինգ ոլորտներից՝ կրթություն, մշակույթ, սպորտ, առողջապահություն և տարածքային զարգացում, բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Հուշագրի կնքմանը մասնակցեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը: Կարևոր մշակութային իրադարձությունը ողջույնի խոսքով ազդարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Դանիել Դանիելյանը նաև շնորհավորեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և «Կերոն» հիմնադրամին՝ խոշոր համագործակցության առթիվ: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Դանիել Դանիելյանը կողմերին մաղթեց հաջողված ու շարունակական համագործակցություն։
«Սա պետություն-մասնավոր համագործակցության ևս մեկ հաջողված ու արդյունավետ քայլ է, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող նվագախմբի և հիմնադրամի միջև։ Այստեղ խորքային մեծ խնդիրներ լուծելու կամք ու ցանկություն կա, կարևոր է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման ու ամրապնդման գործընթացի ապահովումը, որի տեսլականը կիսում են պետությունը և «Կերոն» հիմնադրամը: Շատ ուրախ ենք, որ այս համագործակցության սկիզբը դրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակում: Ցանկանում ենք, որ հաջորդ 100-ամյակում նվագախումբը լինի էլ ավելի բարձրակարգ և դիմակայուն:
Շնորհակալություն նվագախմբին, սիրելի մաեստրո Թոփչյանին և հիմնադրամին՝ մեր հասարակությանն այս նվերը պարգևելու համար, քանի որ գործ ունենք մարդկային ռեսուրսի զարգացման և որակի ապահովման հետ, որը ծառայելու է մեր հասարակությանը: Հիանալի է, որ հուշագիրը ստորագրվում է մեր երկրի գլխավոր դահլիճներից մեկի՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում. պետության օրակարգում է նման կառույցներն առավել գրավիչ ու հյուրընկալ դարձնելը երաժշտասեր հանրության և մայրաքաղաքի հյուրերի համար»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն էլ վստահ է, որ այս համագործակցությունն իրապես նպաստավոր կլինի մեր երկրի համար, իսկ տարիներ անց արդյունքը կերևա։
«Մեկ տարվա պատմություն ունենալով՝ հիմնադրամը հինգ ռազմավարական ուղղություններով որդեգրել է Հայաստանում միջավայր փոխելու քաղաքականություն։ Ուղղություններից մեկն արվեստն ու մշակույթն է, և մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է համագործակցել մեկդարյա պատմություն ունեցող այնպիսի կառույցի հետ, որն արժեք է ստեղծում ոչ միայն մեր երկրի ներսում, այլև նպաստում է արտերկրում Հայաստանի հանրահռչակմանը»։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի խոսքով՝ նման քայլով շարունակվում են կյանքի կոչվել այն ծրագրերը, որոնք իրենց մեջ կրում են գաղափար և արժեք.
«Նման նախաձեռնությունները շատ կարևոր են ոչ միայն նվագախմբի, այլև Հայաստանի Հանրապետության համար։ Դրանք պետք է շարունակական լինեն: Շնորհակալություն եմ հայտնում «Կերոն» հիմնադրամին։ Վստահ եմ՝ այն ինչ նախատեսել ենք առաջիկա հինգ տարիների համար, հաջողությամբ կիրականացնենք, ինչին հանրությունն անպայմանորեն ականատես կլինի»,- ասաց Ն. Նազարյանը։
Նորայր Նազարյանը հուսով է, որ երաժիշտները, որոնք հրավիրվելու են արտասահմանից, կլրացնեն նվագախմբի թափուր հաստիքները: Նպաստելու են նաև, որ նրանք իրենց փորձն ու հմտությունները փոխանցեն հայ երիտասարդ երաժիշտներին, որոնք կլրացնեն թե՛ Ֆիլհարմոնիկի երաժիշտների շարքերը, թե՛, առհասարակ, կբարձրացնեն Հայաստանում կատարողական արվեստի մակարդակը՝ հանրահռչակելով այն ողջ աշխարհում։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ նշեց, որ նվագախմբի կատարողական որակն այժմ բավականին բարձր մակարդակի վրա է, սակայն ձգտումներն ավելին են։ Մինչև 2000-2005 թվականները Հայաստանում եղել է ուժեղ լարային դպրոց, ինչի շնորհիվ նվագախմբերի լարային կազմերը լավ են նվագել: Փողային դպրոցը միշտ զիջել է լարային դպրոցին։ Տարիների ընթացքում փորձել են դա ստեղծել, քանի որ ցանկացել են համաքայլ լինել աշխարհի նվագախմբերի հետ։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 126