• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Գրականությունն ինձ պաշտպանեց. Այն ինքս ինձ ճանաչելու ամենալավ ձևը, ճանապարհն ու գործիքը դարձավ». Գուրգեն Խանջյան

«Գրականությունն ինձ պաշտպանեց. Այն ինքս ինձ ճանաչելու ամենալավ ձևը, ճանապարհն ու գործիքը դարձավ». Գուրգեն Խանջյան

Օրերս «Էպիգրաֆ» գրախանութում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջանի հետ։ Զանգվածային մշակույթ, արհեստական բանականություն և այլ ժամանակակից մարտահրավերներ, հարցեր, որոնք մտահոգում են բոլորին, գրականությունն էլ թերևս նման հարցերի պատասխաններ է փնտրում։ Բախումների ու մեր ժամանակների հերոսի փնտրտուքով՝ երիտասարդներն էլ մշտապես արդիական հարցերը հավաքելով՝ գրական խարիսխներ են փնտրում, գրական էջերում ու ստեղծագործություններում էլ իրենց հարցերի շուրջ մտորումներ ու գաղափարակիցներ գտնում։ Հրավիրված գրական հանդիպմանն էլ Գուրգեն Խանջյանը մեծ ուրախությամբ ու վառ հուշերով համեմված արձագանքում էր հարցերին: Դե իսկ արդիական հարցերն էլ սովորաբար սկսվում են մեկով՝ հեղինակն ու գրողը, որտե՞ղ է սահմանը: Խանջյանի հերոսի բարդ կյանքը առնչվո՞ւմ է արդյոք հենց իր կյանքին։

«Ես կարող եմ հեռու գնալ, բայց ոչ շատ հեռու, ուր էլ գնամ, գտնում եմ ինչ-որ մարդկանց, որոնք առնչվում են ինձ հետ, որ կարողանամ ստեղծել ճանապարհներ, կառույցներ գրական։ Երբ եկա գրականություն, շատ անպաշտպան էի։ «Հիվանդանոց» գրքի հերոսը ևս ճիշտ նույն կերպ եկավ: Դժվարանում էի ապրել «սովորական» կյանքով։ Գյուղատնտեսական ինստիտուտն էի ավարտել,  սակայն ես ու գյուղատնտեսությունը խիստ հեռու էինք իրարից: Ծառայությունից վերադառնալուց հետո սկսեցի աշխատել ոլորտում, բայց դա իմը չէր հաստատ: Չէի կարողանում աշխատել, դժվարությամբ էի հասնում աշխատանքի: Հիշում եմ՝ մի սրճարան կար, «Հանճարանոց» կամ «Կոպեկանոց» էր կոչվում, երեկոյան, երբ անցնում էինք, նստած էին Երվանդ Քոչարը, Լևոն Ներսիսյանը: Մտածում էի՝ գոնե միջին կարգի արվեստագետ լինեի, այնտեղ նստած կլինեի, թե չէ ես ու հողագործությունը հաստատ շատ հեռու ենք (խմբ.՝ ժպտում է): Սիրում էի նկարչությունը, երաժշտությունը, բայց հաղթեց խոսքը, գրականությունը: Երկար ժամանակ գրում էի, բայց չէի կարողանում բացվել: Գրում էի պատմվածքներ, բայց կարծես լեզվամտածողությունս չէր հերիքում: Պետք էր ինչ-որ մեկը, որը կօգներ: Տարբեր հեղինակների կարդացի, հետո հանկարծ ձեռքս ընկավ Կոբո Աբեն, որն ինձ բացեց: Սկսվեց առաջին պատմվածքների շրջանը։ Այդ շրջանում անպաշտպանության մեջ գրականությունն ինձ պաշտպանեց։ Գրականությունը ինձ տվեց պաշտպանություն, ամենակարևորը՝ գրականությունը ինքս ինձ ճանաչելու ամենալավ ձևը, ճանապարհն ու գործիքը դարձավ»,- պատմում է Գուրգեն Խանջյանը։

Հիմա ապրում ենք լրիվ այլ Երևանում: Ինչպիսի՞ն էր Խանջյանի Երևանը, այն քաղաքը, որն այդքան վառ է արտահայտված հեղինակի գործերում։ Մեր օրերի Երևանն արդյոք շա՞տ է փոխվել։

«Նոր գրքում հենց Երևանում Երևանը կարոտելու մասին եմ խոսում։ Կենսագրական է, յոթանասունական թվականների մասին, մի քիչ էլ Թիֆլիսի, Կովկասի, բայց հիմնականում Երևանի մասին է։ Իհարկե, կարոտը,  ցավն էլ կա, քանի որ լրիվ այլ քաղաք էր, հիմա շատ է փոխվել, բազմազանություն է մտել։ Բայց, օրինակ, յոթանասունական թվականներին մշակութային բում էր, որը երևի պայմանավորված էր նրանով, որ Խորհրդային Միությունը մի քիչ ազատություն տվեց և անվտանգություն կար ու սոցիալապես ապահով էինք, պայթեց ամենը: Մարտիրոս Սարյան, Արամ Խաչատրյան, Հրանտ Մաթևոսյան․․․ Այդպիսի հարուստ մշակույթ ենք ունեցել: Պետք էր պահել այդ մշակույթը, կառույցը: Քաղաքն ուրիշ էր, մարդկային հարաբերություններն էին ուրիշ, հիմա շատ բաներ են փոխվել, քաղքենիության ենք հասել: Խոսում ենք, որ գնում ենք դեպի մարդու ազատացումը, բայց մարդու ստրկությանն ենք գնում: Գամված ենք էկրաններին, քանի որ կապիտալիստական շնագայլը բռնել է մարդու կոկորդից և բաց չի թողնում, չի թողնում, որ գնա դեպի արվեստը: Սա ես ուզում՝ վերցրու՛, արվեստը դառնում է արագ սննդի նման, վերցրու և օգտվիր»։

Զանգվածային մշակույթի, արհեստական բանականության ֆոնին գրականությունն էլ է փոխակերպումների ենթարկվում, հեղինակների նոր սերունդ է գալիս։ Գրողի խոսքով՝ ունենք ինտելեկտուալ բազայով, համակարգված երիտասարդներ, որոնք գիտեն ինչ գրել, որ թարգմանվեն, բայց սա գրականության ճիշտ ճանապարհը չէ։ Եթե իրական գրականությունն ես գրում, դրա մասին չպետք է մտածես։ Սակայն ուրախալի է, որ գոնե 2-3 հոգի կան, որոնք ամեն տարի գալիս են և ուզում են հենց գրականության մեջ ճիշտ կյանքը բացել:

Գրական աշխարհում շատ կարևոր են նաև ազդեցությունները, ինչպիսի՞ հեղինակներ, երաժշտություն, արվեստի ճյուղեր են ազդել Գուրգեն Խանջյան անհատի վրա։ Բայց ինչպե՞ս չմնալ ազդեցության տակ…

«Շատ կարևոր է երաժշտության հետ խոսելը, որը ավելի խորը արդեցություն ունի, իսկ խոսքը ինչ-որ խորամանկություններ ունի: Երաժշտությունը լեզու է, ընկեր է, որը շատ առաջ է տեսնում և հնանալ չունի: Աղմուկից ինձ երաժշտությունը փրկում է, առանց երաժշտության չեմ կարող գրել, այն տրամադրում է: Ժամանակի հետ հասկանում ես նաև, որ փոփ երաշտությունը հիմնված է նոստալգիայի վրա, հետո հանկարծ գալիս է էթնիկ երաժշտությունը, այն քոնն է, ազգայինն է, որը նաև դարերից եկող նոստալգիան է, ազգային, ժառանգված։ Զգացվում է դարերի շունչը: Երաժշտությունը հավերժական հիմնի է նման:

Ազդեցությունը կարևոր է, դրանից վախենալ պետք չէ,  քանզի նրանք ստեղծել են գրականություն, մշակույթ, որը գրողին ինչ-որ բան է տալիս, բայց կարևոր է ազդեցության տակ չմնալու խնդիրը: Սկզբում հանգիստ գրիր, առանց վախենալու, դա քեզ բացում է, պետք է փնտրես, թե որ գրողը քեզ ավելի շատ կբացի, որն է քեզ ավելի հոգեհարազատ։ Դա թեստի նման է, եթե կարողացար այդ ազդեցությունից դուրս գալ, ուրեմն քո մեջ տաղանդ կա։ Եթե ոչ, չկարողացար և մնացիր, ուրեմն դա չէր ստացվելու: Լավ գործերից պետք է ազդվել, մտածել, ավելի լավ, հետո դուրս կգաս ազդեցությունից, ավելի ճիշտ կգտնես քոնը։ Հատկապես լեզվական տեխնիկայի տեսանկյունից շատ օգտակար է լավ գործեր կարդալը։ Դա արդեն ազդեցություն չէ, դա սովորելն է։ Մի՛ վախեցիր, ազդվի՛ր, գրի՛ր, չի ստացվի, մեկ այլ բան փորձիր»։

Գուրգեն Խանջյանն ասում է, որ մեր օրերում գրականության, արվեստի, նկարչության, երաշտության մարդն այլևս հերոս չէ: Այսօրվա հերոսներն այլ են, հարկատուներն են հերոսներ, երջանիկ ապրողներն են հերոսներ, բայց կարծես, արվեստը չի սպառվում, մեկ է, բազան կա, հինը կա, չի սպառվում: Բարդ է, քանի որ կան գրողներ, որոնք չեն պայքարում, որ դեպի վատն են տանում, բայց վատն էլ բացում են։ Իսկ ինչպե՞ս է հենց ինքը հավաքել իր հերոսներին, ինչպիսի՞ն էր ժամանակաշրջանի ազդեցությունը, ինչպես ներկայացնել յուրատեսակ կոլորիտը։

«Այնպես ստացվեց, որ Խորհրդային Միությունում անցավ իմ գործունեության մի շրջանը: Այդ ամենը իմ ժամանակն էր, դա քեզ տրված ժամանակն է, որը դրել եմ գրքերում, ոչ թե հայտնի մարդկանց, այլ հասարակ մարդկանց կերպարներ, այդ ամբողջ շփումների տեսակն է, որակը, որը պետք է ծառայի: Գրականությունը միշտ չէ, որ մտքերի խորության մեջ է, կարևոր է կոլորիտը, կոլորիտն էլ պետք է չկորչի, դրանք ժամանակի նշաններ են, առանց դրանց եթե գրես, կստացվեն գեղարվեստականորեն ձևակերպված մտքեր, որոնք ճիշտ չեն պատկերի ամենը։ Եթե դրանք տեղավորես այլ նշանների և ժամանակի մեջ, դրանք ուրիշ ազդեցություն կունենան: Կարող են նաև նոր շերտեր բացել, բայց ասված մտքերի մեջ նոր երանգներ գտնելը դեռևս սպառված չէ, սպառված չէ ոչինչ, կարևորը՝ դու քեզ գտնես, մատնահետքդ պինդ լինի, լղոզված չլինի, մտքերդ էլ ամրապնդվեն և ավել բաներ չասես: Պետք է կարողանաս նախ քեզ ճանաչել, կանգնես և ասես առանց ամաչելու, որ վատն էլ, լավն էլ քոնն է, դու ես, ուրեմն պահիր, ոչ ոքի մի վնասիր, ճանաչիր քեզ, մի կողմդ լավն է, մյուսը՝ վատը»։

Ստեղծագործելիս անկեղծության չափաբաժնի մասին, գրողը կարո՞ղ է և ցանկանո՞ւմ  է թաքցնել անկեղծությունը։ Ինչպե՞ս աշխատել անկեղծության հետ։

«Սկզբում շատ անկեղծ էի, քանի որ դեռ չգիտեի գրական նրբությունները, փիլիսոփայական նրբությունները, հետո երբ հանկարծ ասացին, որ դու գրող ես, մտածեցի՝ ուրեմն պետք է որոշ բաներ թաքցնել։ Դա պարտության ճանապարհ էր, գրող դառնում էի, բայց որպես անկեղծություն ես ուզում էի պարտվել: Բայց որքան էլ թաքցնես, մեկ է տակից դուրս է գալիս, եթե լավ ես անում, դա դառնում է ենթաշերտ և ավելի հետաքրքիր է դառնում: Սկսում ես անկեղծությունը մտցնել ներքին շերտեր։ Վերջում էլի գալիս է անկեղծության պահը, բայց զգում ես, որ հիմա էլ անկեղծությունն այլևս այն անկեղծությունը չէ, ավելի պարզ անկեղծություն է, ավելի անթաքույց, ավելի անպաճույճ, դրանք փուլեր են, որով գրողն անցնում է։ Հետաքրքիր է, որ տարիքն իր մեծ առավելությունն ունի, երբ չես չարանում, անկեղծ ես դառնում, հանգստություն է գալիս լցվում ներսդ, էլ թաքցնելու բան չունես, ինչի՞ց թաքնվես, ո՞ւր, արդեն ամեն ինչ պարզ է այս աշխարհում, խաղացված են բոլոր դերերը, ամեն ինչ հայտնի է դառնում, ու այդպես ապրում ես՝ ամենը ներսումդ հավասարակշռելով»։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 210

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: