Բացվել է «Վարպետության եզրերը» ցուցահանդեսը
Հայկական կիրառական արվեստի հնագույն և ավանդական ճյուղերից մեկը` ժանեկագործությունը դարեր շարունակ պահպանել է հնագույն ավանդույթները և հասել մեր օրեր։ Ժանյակն առանց գործվածքային հիմքի գործված, հյուսված, կարված ցանցկեն նուրբ զարդարանքն է։ Կանայք և աղջիկները ժանյակ հյուսել են տարբեր գործիքներով՝ կարի սովորական ասեղով, կեռ ասեղով, գուլպայի շյուղերով, փոքր ու մեծ մաքոքով, գոբենակով: Միջնադարյան հայկական մանրանկարչության մեջ հանդիպում են վարագույրների, գլխի կանացի ծածկոցների, քողերի, սրբիչ-սփռոցների պատկերներ, որոնք վերջանում են ծոպերով և ատամնավոր եզրերով, ըստ ամենայնի՝ ժանյակներով: Եկեղեցական որմնանկարչության մեջ կան հագուստը զարդարող, մեծ նկարը եզերող զարդանկարներ, որոնք կապ ունեն ժանյակի հետ: Ավելի ուշ շրջանի եկեղեցական հանդերձանքի վրա կան ոսկեթել, արծաթաթել ժանյակներ:

Ժողովրդական ստեղծագործության նրբագեղ ճյուղերից մեկի՝ հայկական ժանեկագործության ուշագրավ նմուշները ցուցադրվում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում։ Այսօր էլ թանգարանում «Ինքնության դարբնոց» թանգարանային դպրոցի շրջանակներում դասավանդվում է ժողովրդական արհեստագործության նրբաոճ այս ճյուղը։ Օրերս ժանեկագործության հնագույն ավանդույթները վերհիշելու և յուրօրինակ նմուշներին ծանոթանալու հնարավորություն ընձեռեց Արարատի (ARARAT) թանգարանում բացված նոր ցուցահանդեսը։ ARARAT թանգարանը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի հետ համատեղ ներկայացնում են հայկական ժանեկագործության նուրբ և շքեղ նմուշները։ Ինչպես կազմակերպիչներն են նշում` դրանք անկրկնելի են, ինչպես երկնքից թափվող առաջին ձյան փաթիլները։ Ժանյակներն այնքան նուրբ են, որ դրանց հաճախ համեմատում են ձյան փաթիլների հետ։ Ասում են, որ ձեռագործ ժանյակն այնքան թեթև պետք է լինի, որ սավառնի օդում ինչպես ձյան փաթիլը։ Անկշռելիության մեջ դրանք «խաղում են» լույսի և ստվերի հետ՝ լցնելով դիտողի հոգին խաղաղությամբ ու ջերմությամբ, ոգեշնչելով նկատել գեղեցիկը։
Դեկտեմբերի 20-ին ARARAT թանգարանում բացված «Վարպետության եզրերը» նոր ցուցադրությունը համատեղ նախագիծ է, յուրօրինակ փորձ` նպատակ ունենալով բացահայտել վարպետությունը տարբեր տեսանկյուններից՝ որպես ավանդույթներից ծնվող բացառիկ երևույթ, անձնական փորձառություն կամ ստեղծագործական որոնումների արդյունք: Ցուցադրության համադրողն է Նարեկ Վան Աշուղաթոյանը:

«ARARAT-ի հարկի ներքո այս առարկաների ներկայացումն ունի շատ խորհրդանշական բնույթ, քանի որ ARARAT-ի ստեղծած արդյունքը ևս ճաշակի, աշխատասիրության` համբերատարության խտացում է: Թանգարանային այս առարկաների հյուրընկալումն այստեղ ստեղծում է մի նոր մշակութային մթնոլորտ»,-նշում է ցուցադրության համադրող Նարեկ Վան Աշուղաթոյանը:
«Վարպետության եզրերը» ցուցահանդեսը նաև առանձնահատուկ ուղերձ ու հարգանքի տուրք է նաև վարպետներին։ Այն կարևոր պատմություն է վարպետության միավորող ուժի մասին: Այստեղ անմահանում եմ նաև կոնյակագործության, ժանեկագործության, զարդարվեստի ամենանուրբ ցուցանմուշները` վարպետության դրսևորումները սերնդեսերունդ փոխանցելու ուղերձով։
«Այս ցուցադրությունը վարպետության էության մասին է այն անտեսանելի շնորհքի, որը ժամանակի, համբերության և նվիրումի միջոցով նյութը վերածում է արվեստի։ Վարպետությունն է, որ ձևավորում է հայկական կոնյակը՝ տարիների փորձով և խնամքով, և նույն վարպետությունն է, որ թել առ թել հյուսում է հայկական նուրբ ժանյակը։ Թեև տարբեր նյութերից ծնված, դրանք խոսում են միևնույն լեզվով՝ ստեղծագործ վարպետության լեզվով»,- ասում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Հայկական ժանեկագործությունը նախշազարդերի առանձնահատկություններով ու տեսակներով մի շարք ընդհանրություններ ունի դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի հետ. Փայտագործություն, քարագործություն, մետաղագործություն և այլն: Ժանյակե նախշը հաճախ նաև հիմք է հանդիսացել որպես նախշազարդ` խաչքարերի վրա պատկերելու: Հայաստանում ժանյակը համարվել է հայկական տարազի պարտադիր բաղկացուցիչ մասը: 19-ից 20-րդ դարերում ժանյակի պատրաստման կենտրոններ են եղել Կովկասում մի շարք քաղաքներ։ Դրա մշակմամբ են զբաղվել նաև Օսմանյան կայսրությունում ապրող հայերը։ Ժանեկագործները տիրապետում էին ժանյակ պատրաստելու բարդագույն, տարբեր ձևերին։ Կարևոր տեղ և նշանակություն ուներ հատկապես ոսկեգույն և մետաքսյա թելերով ասեղնագործությունը: Զարդանախշերում կիրառում էին տարբեր դիցաբանական խորհրդանիշներ։ Հետաքրքիր նախշերի էին համարվում արևը, թռչունները, ծաղիկները և ծառերը: Ժանեկագործության հեղինակավոր դպրոց էր Վանի դպրոցը։ Հայկական ժանեկագործական դպրոցն աչքի էր ընկնում հեղինակավոր վարպետներով. Սողոմե Ջրբաշյան, Ագապի Հայրապետյան (Կարինի դպրոց), Մարիամ Թութունջյան (Կիլիկիայի դպրոց), Անահիտ Անանյան (Երևանի դպրոց), Վարդ Քոչարյան և այլք։ Հայկական ժանյակի առանձին զարդանախշերը, նրանցից կազմված հորինվածքները նման են ճարտարապետական հին կառույցների և խաչքարերի քանդակներին: Մեծ նմանություններ կան ասեղնագործ ժանյակի և արծաթագործական, ոսկերչական այն զարդերի միջև, որոնք կատարված են զուգաթելի (ֆիլիգրան) տեխնիկայով:

Ժանեկագործության, ասեղնագործության, մաքրամեի նուրբ նմուշներ, կանացի զգեստներ, ինչպես նաև արծաթի գեղարվեստական մշակման՝ զուգաթելի և հատիկի տեխնիկաներով պատրաստված աշխատանքներ կարող եք տեսնել նաև Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում։ Մինչև դեկտեմբերի 24-ը թանգարանում գործող «Կամրջելով անցյալը և ներկան»․ ժամանակավոր ցուցադրությունն էլ միահյուսել էր արհեստավորների վարպետությունը և գեղագիտական զգացողությունը։
Ավանդույթի այս շունչը լրացվում է ժամանակակից ստեղծագործական մոտեցումներով․ Թումո ստուդիաների նոր նախագծերից Hand By Hand-ի հսկայական գործվածք-ինստալիացիան խորհրդանշում է նոր սերնդի փորձերը՝ վերաիմաստավորելու և նոր շունչ հաղորդելու հայկական գործվածքի ավանդույթներին։ «Կամրջելով անցյալը և ներկան» ցուցադրությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 136