Տեսքստիլի արտադրությունից՝ տեքստիլ արվեստ
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց 2026թ-ի առաջին միջազգային ցուցադրությունը: «Թելի իրադարձությունը: Տեքստիլի համաշխարհային պատումներ. Երևան» ցուցադրությունը նվիրված է տեքստիլ արվեստին: Այն ներկայացնում է տեքստիլը ոչ միայն որպես դեկորատիվ կամ կենցաղային նյութ, այլև բարձրացնում է ավելի խորքային հարցեր՝ ո՞վ է այն պատրաստում, ի՞նչ պայմաններում, ու՞մ պատմություններն են դրանով արտացոլվում, ինչպե՞ս կարող են հատվել աշխատանքը, ինքնությունն ու հիշողությունը…

Այն Բեռլինի միջազգային մշակութային կապերի ինստիտուտի (Ifa) կողմից իրականացվող շրջիկ ցուցահանդես է, որն իր շրջագայությունը սկսել է Գերմանիայից: Հայաստանի ազգային պատկերասրահը 11-րդ հանգրվանն է: Այն ցուցադրվել է Դրեզդենում, Քուվեյթում, Ստամբուլում, Բեեր Շևայում, Լիմասոլում, Սալոնիկում, Թունիսում, Պրիշտինայում, Սկոպյեում, Նովի Սադում:
«Թելի արվեստն այսօր ծաղկում է ապրում և Հայաստանի թելի արտադրության ծաղկումը համահունչ է համաշխարհային միտումներին»,- նկատեց Հայաստանի Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քուլինգը:
Ցուցահանդեսն ունեցել է չորս համադրող՝ ազգային պատկերասրահի համադրող Վիգեն Գալստյանը, Ասյա Յաղմուրյանը, Ինկա Գրեսելը՝ Գերմանիա, Սուսան Վայսը (Ifa):

«Այս նախագծի առաջարկը եղել է արտերկրից: Եվ սա ապացույցն է նրա, որ կա հետաքրքություն մեր հանդեպ և կա երկխոսելու ցանկություն: Այս ցուցահանդեսի փորձով տեսնում ենք, որ այդ երկխոսությունը կարող է կայանալ ամենալուրջ մակարդակում»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Գալստյանը:
Ցուցադրությունը ներառում է միջազգային 15 արվեստագետի աշխատանք ifa հավաքածուից, որոնք ներկայացված են Հայաստանի և Սփյուռքի 16 ավեստագետի գործերի երկխոսությամբ: Այն ներառում է ինստալացիա, պերֆորմանս, վիդեոարվեստ, նկարչություն և քանդակագործություն:

Նպատակն է մարտահրավեր նետել այն կարծրատիպային մոտեցումներին, որոնք երկար ժամանակ ձևավորել են տեքստիլի ընկալումը որպես սոցիալական անտեսանելիության և երկրորդականության՝ ապաքաղաքական, անանուն և «կանացի» ոլորտ:
Լինելով Մետաքսի ճանապարհի առանցքային հանգույց՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը կենսական միջնորդ են եղել Արևելքի ու Արևմուտքի միջև ձևավորված առևտրային ցանցերում՝ հանդես գալով որպես տեքստիլային տարբեր առարկաների և ավանդույթների արտադրողներ, վաճառականներ և տարածողներ: Այս առումով Հայաստանը և իր մշակույթը գրավիչ հանգուցակետ են տեքստիլ արվեստին առնչվող դիտարկումներ անելու համար:

«Փորձել ենք ընտրել այնպիսի աշխատանքներ, որոնք արդեն ունեին պատմական որոշակի կշիռ՝ սկսած Մարիամ Ասլամազյանի և Դովլաթ Գարանֆիլյանի աշխատանքներից: Արվեստագետներ, որոնք շատ տարբեր ձևերով են տեքստիլին առնչվել և մեկնաբանել»,- նշեց Վիգեն Գալստյանը:
Օրինակ՝ Մարիամ Ասլամազյանի «Տարբեր տարիների դիմանկարներում» հագուստը ոչ թե պարզապես կենցաղային գործոն է, այլ՝ արվեստագետի անձնական և ստեղծագործական էության շարունակություն: 1920-ականների համազգեստից մինչև շքեղ զգեստների անցումը վկայում է ոչ միայն նկարչուհու աճող վստահության և ինքնագիտակցության, այլև կանացիությունը որպես փոփոխվող դերակատարում և ուժի գործիք ընկալելու մասին:

«Կան նաև արվեստագետներ, որոնք աշխատում են այսօր և լուրջ գործեր են ստեղծել այս բնագավառում, օրինակ՝ Լիաննա Մկրտչյանը, Մանան Թորոսյանը, Լուսինե Թալալյանը և շատ ուրիշներ: Հետևաբար առաջնահերթությունը տրվել է այն արվեստագետներին, որոնք ոչ թե պատահական են առնչվել այս նյութին ու թեմային, այլ երկար ժամանակ հետազոտել են և իրենց ստեղծագործության մեջ վերաբերմունքը պարզորոշ երևացել է»,- պարզաբանեց Վիգեն Գալստյանը:

«Ցուցահանդեսի գերմանական մասը ներառում է աշխատանքներ, որոնք հիմնականում ստեղծվել են 1980-ակաների վերջից մինչև մեր օրեր: Հայկական մասը ներառում է պատմական ավելի լայն շրջանակ, այսինքն՝ սկսվում է 19-րդ դարի գորգագործության նմուշներից: Գործերի մեծ մասն առնչվում է 2000-ականներից մինչև մեր օրերն ընկած ժամանակաշրջանին: Ամենավերջին գործը ստեղծված է 2024թ-ին: Կան նաև խորհրդային և անկախության շրջանի տեքստիլին առնչվող նմուշներ»:

Ցուցահանդեսին ներկայացված է նաև նկարիչ Դավիթ Քոչունցի կողմից նախագծված «Չորեքթար» գործը, որը «Հղման կետ» շարքի 7 գործերից մեկն է: Այն 2024թ-ին ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ՝ որպես «կարմիր գորգ»:
Այն ստեղծվել է Սյունիքի սահմանամերձ գոտում ապրող կանանց ձեռքերով և կրում է ոչ միայն կորստի, այլև արարելու հմտության պատկեր:
Այն ուրվագծում է Արցախի գյուղերից մեկը, որի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց 2023թ-ին: Բնաջնջումն ուղղակիորեն պատկերելու փոխարեն հեղինակը փոխանցել է դրա հիշողությունը վերացականության, երկրաչափության և նյութական մակերեսի միջոցով: Այդ կերպ գորգն ընկալվում է որպես քարտեզի, հուշարձանի միջև մի երևույթ:
«Դա այն աշխատանքներից է, որը ցույց է տալիս, թե ոնց կարող են ողբերգական իրողությունները վերածվել հիշողության և փոխանցվել հաջորդ սերունդներին»,- մեկնաբանում է Վիգեն Գալստյանը:

«Իմ երազանքն է եղել, որ այս շրջիկ ցուցահանդեսը Հայաստանում հայտնվի»,- ասաց Ինկա Գրեսելը: Նա մեջբերեց Բաուհաուսի դպրոցի առաջնորդներից մեկի՝ Անիի Ալբերսի այն միտքը, ըստ որի՝ տեքստիլը դինամիկ գոյություն է: «Ինչպես մարդիկ կարող են մի կետից մյուսը տեղափոխվել, այնպես էլ մենք՝ այս տեղափոոխության ընթացքում նոր կետեր, նոր հարաբերություններ ենք ստեղծում մեկս մյուսի հետ, և, ասես թելի նման, երկրեերկիր ձգվում են այս կապերն ու չեն կտրվում»:
Ցուցադրությունը կգործի մինչ մայիսի 31-ը:
Մարջան Չոբանյան