Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում
Մանկապատանեկան գրականությունը կարևոր դեր ունի գալիք սերնդի արժեքային համակարգի ձևավորման գործում: Այն զարգացնում է երևակայությունը, խթանում մտածողությունը և սերմանում բարություն։ Գիրքն ու արվեստը մանկության անբաժան ուղեկիցներն են, որոնք բացում են աշխարհընկալման նոր հորիզոններ։ Այս գաղափարների շուրջ է ձևավորվում նաև «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագիրը: Այն տարիներ շարունակ իր շուրջն է համախմբում փոքրիկ ընթերցասերներին։
Ապրիլի 2-ին «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ում մեկնարկեց ծրագրի հերթական շաբաթը՝ ստեղծելով երեխաների համար ընթերցանության մշակույթը զարգացնելու հրաշալի հնարավորություն։ Մեկնարկը տրվեց «Տարվա լավագույն ընթերցող 2025» մրցույթի ամփոփմամբ, որը դարձավ իսկական տոն՝ նվիրված գրքին և երազելու կարողությանը։

Միջոցառման ընթացքում պատանի ընթերցողները հանդիպեցին ժամանակակից մանկագիրների՝ Արփի Մաղաքյանի, Լիլիթի, Ալվարդ Հովսեփյանի և Եսթերի հետ։ Հանդիպումը ջերմ և անմիջական էր, իսկ Գայանե Սամվելյանն ընթերցասերներին ներկայացրեց հեղինակների ստեղծագործությունները։ Հաղթողներին շնորհավորեցին նաև գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը և գրողները՝ նրանց հանձնելով գրքեր ու պատվոգրեր։
Մրցույթի հաղթողներ ճանաչվեցին Դավիթ Մալխասյանը, Մարիա Աբրահամյանը, Էմիլի Ամիրաղյանը, Էվա Հայրապետյանը, Անահիտ Ավագյանը, Անահիտ Առաքելյանը, Արեն Սահակյանը, Հայկ Թաթմանյանը, Հայկ Մուրադյանը, Ինեսա Երվանդյանը, Գայանե Վարդանյանը և Մարիա Ղուշչյանը։ Միջոցառումն անցավ ջերմ և ոգեշնչող մթնոլորտում՝ դառնալով հիշարժան օր բոլոր մասնակիցների համար։

Շաբաթվա շրջանակում իրականացվեցին բազմաբովանդակ գրական միջոցառումներ։ Ապրիլի 6-ին գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Նելլի Նովեմի «Հրաշքադարան» գրքի քննարկումը, որը վերածվեց ակտիվ և հետաքրքիր զրույցի։ Երեխաները կիսվում էին իրենց տպավորություններով, ներկայացնում սիրելի դրվագները և փորձում բացահայտել ստեղծագործության խորքային իմաստները։ Նրանց համար «Հրաշքադարանը» դարձավ մի կախարդական աշխարհ տանող դուռ՝ լի բարությամբ և երազանքներով։ Հանդիպման ընթացքում ծնվեց նաև հետաքրքիր գաղափար՝ երեխաները կարող են նամակներ գրել հեղինակին, ինչը կարող է հիմք դառնալ նոր համատեղ ստեղծագործությունների։

Նույն օրը կայացավ նաև Ճուղուր Երևանցու «Արմենո պապը, ով ապրում է Արարատի գագաթին» վիպակի ընթերցանությունը և մուլտֆիլմի ցուցադրությունը։ Ստեղծագործությունը պատմում է հրաշագործ պապիկի մասին, ով հոգ է տանում հայ մանուկների մասին՝ պաշտպանելով և ուղղորդելով նրանց։ Միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց դպրոցականների շրջանում, որոնք ակտիվորեն հարցեր ուղղեցին հեղինակին։

Ծրագրի շրջանակում տեղի ունեցավ նաև Աիդա Ասատուրյանի «Կատակասեր թվերը» և «Կատակասեր տառերը» գրքերի քննարկումը, որը փոքրիկների կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ։
Քննարկմանը ներկա էին Վ. Տերյանի անվան դպրոցի սաները՝ առաջին դասարանի աշակերտները։ Նրանք ակտիվորեն միացան քննարկմանը, կիսվեցին իրենց տպավորություններով և մեծ հետաքրքրությամբ արձագանքեցին ստեղծագործություններին։ Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաև գրքերից հատված, մասնավորապես՝ «Բլոգեր մուկը» հումորային երկխոսությունը․
- Տո՜ւ-տո՜ւ... ալո՛, կատու,
քեզ հետ խոսում է մուկը։
- Ասա՛, մկնիկ, լսում եմ։
- Ե՞ս եմ մկնիկ, ա՛յ փիսո,
ո՞նց ես խոսում մկան հետ,
մուկ, որ ունի ինտերնետ,
կերած-խմած ու շատ գեր,
ինքն էլ՝ հայտնի բլոգեր...
Ստեղծագործությունը երեխաների մոտ առաջացրեց աշխույժ քննարկում։ Նրանք ոչ միայն ծիծաղով ընդունեցին պատմությունը, այլև փորձեցին հասկանալ դրա խորքային միտքը՝ խոսելով չափի, վարքի և պատասխանատվության մասին։ Աշխատանքի հեղինակն աշխատում է EditPrint հրատարակչությունում՝ որպես բովանդակություն ստեղծող, և ստացել է հանձնարարություն՝ հրատարակչության YouTube հարթակի համար ստեղծել կրթական տեսահոլովակներ։ Կարծում է՝ դասագիրք ստեղծելը շատ կարևոր և պատասխանատու գործ է։

«Ամեն անգամ երեխաների հետ հանդիպումն ինձ համար մեծ տոն է։ Վերջերս, երբ այցելեցի մանկապարտեզներից մեկը և հանդիպեցի երեխաներին, նրանց ասացի, որ մենք՝ մեծերս, երեխաներից սովորելու շատ բան ունենք։ Հանձնարարության առիթով սկսեցի ուսումնասիրել գրողների, մանկավարժների և հեղինակների գործունեությունը։ Ինձ հատկապես հետաքրքրում են Ղազարոս Աղայանի հեքիաթները, և դրանց ուսումնասիրության ընթացքում կատարեցի հետաքրքիր բացահայտումներ։ Երբ ուսումնասիրեցի Աղայանի մանկավարժական հոդվածները, հասկացա, որ նա ոչ միայն մեծ գրող է, այլև մեծ մանկավարժ։ Նա իր կրթությունը ստացել է Լենինգրադում՝ այն միջավայրում, որը ռուսական և եվրոպական մշակույթի ու կրթության խաչմերուկ էր, և ուսումնասիրել է ռուս մանկագիրներին ու մանկավարժներին։ Վերադառնալով հայրենիք՝ նա ստեղծել է կարևոր դասագրքեր, այդ թվում՝ «Արևիկ» այբբենարանը։ Այսինքն՝ մեր մեծ գրողը նաև կարևոր ներդրում է ունեցել դասագրքերի ստեղծման գործում: Աղայանի մանկավարժական հոդվածներում հանդիպեցի մի կարևոր գաղափարի, որը ինձ համար հայտնության նման բացահայտում էր։ Նա տարբերակում է «կրթություն» և «ուսում» հասկացությունները։ Մենք հաճախ դրանք ընկալում ենք որպես հոմանիշներ, սակայն Աղայանը ցույց է տալիս դրանց էական տարբերությունը։ Երբ ուսուցիչը երեխային փոխանցում է նոր գիտելիքներ՝ սովորեցնում է տառեր, թվեր, բառեր և թվաբանություն, դա ուսուցման գործընթաց է։ Իսկ երբ ուսուցիչը օգնում է երեխային բացահայտել իր կարողությունները, հմտությունները և ներուժը, դա արդեն կրթություն է։
Ես նաև հասկանում եմ, որ մենք հաճախ, տարբեր պատճառներով, սահմանափակում ենք երեխաների մտածողությունը։ Օրինակ՝ ռուս մանկավարժներից մեկը նշում է, որ եթե երեխային հարցնենք՝ «2 + 2 ինչ է», նա կպատասխանի «4»։ Սակայն եթե նրան հարցնենք, թե ինչի հետ է նա կապում «4» թիվը իր շրջապատում, ապա մենք արդեն զարգացնում ենք նրա ընդլայնված մտածողությունը։ Այս մոտեցումը կարևոր է, սակայն շատ մարդիկ գիտակցում են, որ պետք չէ սահմանափակել երեխաների մտածողությունը։
Օրինակ՝ խորհրդային կրթության կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ տարրական դպրոցում մեկ ուսուցիչ դասավանդում էր տարբեր առարկաներ․ մաթեմատիկայի ժամին կարող էր անդրադառնալ մայրենիին, իսկ մայրենիի ժամին՝ մաթեմատիկային։ Եթե մենք սովորում ենք մաթեմատիկա, զարգացնում ենք մեր ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանական մտածողության համար։ Սակայն կարևոր է զարգացնել նաև երևակայությունը։ Հեքիաթները կարևոր միջոց են երևակայության զարգացման համար։ Օրինակ՝ Ղազարոս Աղայանի «Արեգնազան» հեքիաթը հրաշալի ստեղծագործություն է, որը ներկայացնում է ընտանիքի իդեալական մոդել։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հաջողության են հասնում այն մարդիկ, ովքեր ունեն ոչ միայն գիտելիքներ, այլ նաև զարգացած երևակայություն։ Այս գաղափարների հիման վրա ես ստեղծեցի տեսահոլովակներ, իսկ հետո որոշեցի դրանք վերածել գրքի։ Գրքում տառերն ու թվերը կարծես կենդանանում են՝ զրուցում են, կատակում և փոխանցում կարևոր գաղափարներ»,- ասում է Աիդա Ասատուրյանը:

Օրինակ, տառերից մեկը կարող է առաջարկել փոխվել և դառնալ «ավելի կարևոր», սակայն մյուսը չի փոխվում, որովհետև գիտի իր արժեքը։ Սա կարևոր ուղերձ է երեխաներին՝ յուրաքանչյուրն ունի իր առաքելությունը, իր տեղը և իր արժեքը։ Յուրաքանչյուր մարդ պետք է ճանաչի իր առաքելությունը, սիրի այն, ինչ անում է, և իր գործը կատարի սիրով։ Սա է կրթության և ինքնաճանաչման կարևոր ուղերձներից մեկը:
Շաբաթվա ընթացքում անցկացվեցին նաև թատերական ներկայացումներ։ Միջոցառման ավարտին երեխաները մասնակցեցին Հովհաննես Թումանյանի հանելուկների աշխարհին նվիրված խաղերին և ստացան գրքեր որպես նվեր։ Ծրագրի շրջանակում իրականացվեցին նաև կրթամշակութային այլ նախաձեռնություններ։ Մարինե Ղազարյանը ներկայացրեց գրադարանի ծրագրերը՝ ներառյալ օտար լեզուների դասընթացները, Իսահակյան թատերախմբի գործունեությունը և «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը։ Միջոցառման ավարտին գրքեր նվիրաբերվեցին դպրոցների գրադարաններին։

«Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ»-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գիրքը շարունակում է մնալ երեխաների կրթության և դաստիարակության կարևորագույն միջոցներից մեկը՝ ձևավորելով գիտակից, ստեղծագործ և արժեքներով հարուստ սերունդ։
Ալմաստ Մուրադյան