«Գարուն» ամսագիրը մշակութային հիշողությունից դեպի կենդանի ժառանգություն

Խորհրդային Հայաստանի գրական-մշակութային կյանքում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում «Գարուն» ամսագիրը: Այն վաղուց դադարել է ընկալվել որպես պարզապես գրական պարբերական։ «Գարուն»-ը հանդես էր գալիս որպես ինքնատիպ հարթակ, որտեղ ձևավորվում էին ոչ միայն գրական ճաշակներ, այլև մտածողության նոր ուղղություններ։ «Գարունը» միավորում էր գրողներին, հրապարակախոսներին և ընթերցողներին՝ ստեղծելով կենդանի ստեղծագործական միջավայր, որն ազդում էր մի ամբողջ սերնդի աշխարհընկալման վրա։

Garun amsagir 5

Այս ամսագիրը դարձավ յուրահատուկ մշակութային միջավայր, որտեղ կարևոր էին ոչ թե կապերն ու պայմանականությունները, այլ ստեղծագործական որակը։ Այստեղ ձևավորվեցին բազմաթիվ հեղինակներ, որոնց համար այդտեղ տպագրվելը ոչ միայն առաջին քայլ էր գրական ճանապարհին, այլև ճանաչման և ինքնահաստատման կարևոր փուլ։ Միևնույն ժամանակ ամսագիրը արձագանքում էր ժամանակի հասարակական և քաղաքական մարտահրավերներին և փոփոխություններին՝ վերափոխելով իր գեղարվեստական լեզուն և թեմատիկ ուղղվածությունը։ «Գարունը» ոչ միայն արտացոլում էր ժամանակաշրջանը, այլև ակտիվորեն մասնակցում էր նրա ձևավորմանը՝ դառնալով մշակութային հիշողության և ստեղծագործական ինքնության կարևորագույն կրողներից մեկը։

Garun amsagir 6

Ապրիլի 8-ին Էպիգրաֆ գրախանութում, Հայաստանի ազգային գրադարանի հետ համատեղ, բացվեց «Գարուն» ամսագրի շապիկների ցուցահանդեսը՝ ներկայացնելով տարիների ընթացքում ձևավորված գեղարվեստական ինքնատիպ լուծումները և ժամանակի շունչը կրող ձևավորումները։ Ցուցադրությունը ոչ միայն գեղարվեստական հիշողության ներկայացում էր, այլև մշակութային վերաիմաստավորման հարթակ, որտեղ «Գարունը» բացահայտվում էր իր բազմաշերտ պատմական ընթացքով։

Միջոցառմանը ներկա էին «գարունականները»։ Նրանք պատմեցին «Գարուն» իրենց մուտքի, առաջին հոդվածների և խմբագրական աշխատանքի մասին՝ կիսվելով անձնական պատմություններով:

Garun amsagir 4

Թատերագետ Կարինե Խոդիկյանը հիշում է իր մուտքը «Գարուն»՝ որպես հրապարակախոս․ գործընթացը հեշտ չէր։ Նրան հարցրել էին՝ որն է իր նախասիրությունը, և նա պատասխանել էր՝ հրապարակախոսությունը՝ նշելով, որ իր համար մեծ նշանակություն ունեն Մուշեղ Գալշոյանը, Վարդգես Պետրոսյանը և Մարգո Ղուկասյանը: Նա ցանկություն էր հայտնել միանալ հրապարակախոսական բաժնին, սակայն ընդունվելու համար պահանջվում էր հոդված գրել։ Այդ ժամանակ Մերուժան Տեր-Գուլանյանը պատահականորեն սեղանից վերցրել էր մի ներկայացման հրավիրատոմս և խորհուրդ տվել՝ «գնա այս ներկայացմանը»։ Այդ կերպ նա ուղղորդել էր դեպի թատերական միջավայր՝ խթանելով ստեղծագործական ներգրավվածությունը: Խոսքը արձակագիր, դրանատուրգ, դերասանուհի Աննա Պետրոսյանի Գյումրու թատրոնի ներկայացման մասին էր Երևանում:

«Երազում էի աշխատել «Գարունում»: Իմ պատմությունը սկսվում է Ախալքալաքից՝ մանկության համառ սպասումից: Օրը մեջ շուկայի կրպակ էի մտնում՝ ամսագիրը գտնելու համար։ Վաճառողը մի օր ասաց՝ եթե էլի եկար, ոտքերդ կջարդեմ: «Գարունը» պարզապես տպագիր հարթակ չէր, այլ որակի չափանիշ: Մեզ մոտ «խնամի-ծանոթ» չի եղել։ Եթե զգացել ենք՝ սա «Գարունի» հեղինակ է, անպայման տպագրվել է: Իմ առաջին հրապարակախոսական նյութը Գյումրիի դպրոցական թատրոնի մասին պատմությունն էր երկրաշարժից հետո։ Ես ապրեցի այդ մարդկանց կյանքը, նրանց կորուստը դարձավ իմը: Այդ հոդվածը բացեց ճանապարհը դեպի խմբագրություն։ Հիշում եմ խմբագրության մթնոլորտը՝ խառնաշփոթ, կենդանի, ստեղծագործական: Ինձ համար առանձնահատուկ էր նաև «գարունականների» կերպարը՝ գալիս էին երիտասարդ, ըմբոստ, տաղանդավոր եւ դառնում էին մերը»,- հիշում է Կարինե Խոդիկյանը։

Garun amsagir 7

«Գարուն»-ի նկարիչ Գրիգոր Խաչատրյանի խոսքով էլ Ժամանակի ընթացքում փոխվեց նաև ամսագրի գեղարվեստական լեզուն: Սկզբում ավելի հովվերգական մոտիվներ էին՝ թե բանաստեղծների, թե նկարիչների մոտ:

«Չեմ կարող առանձնացնել մի համար, որն ամբողջությամբ հաջողված համարեմ: Այն տարիներին բոլոր աշխատանքները կատարվում էին «ձեռքով»: Պետք էր շաբաթներով մոնտաժ անել տպարանում, «հավաքել» համարը: Երբ սկսվեց 1988-ի Ղարաբաղյան շարժումը, մենք մտանք քաղաք, մտանք իրականություն, եւ այդ հովվերգական շրջանը ավարտվեց»,-հիշեց «Գարուն»-ի նկարիչ Գրիգոր Խաչատրյանը։

Ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանն էլ վստահ է, որ «Գարունն» իր համար ոչ թե աշխատավայր էր, այլ իր ամբողջ կյանքը։

««Գարունը» իմ կյանքի լավագույն ժամանակն էր: Իմ ճանապարհը դեպի խմբագրություն սկսվել է համալսարանն անգամ չավարտած, երբ «Գարունի» գլխավոր խմբագիր Վարդգես Պետրոսյանը, կարդալով իմ հոդվածը, հրավիրեց աշխատանքի: Կես հաստիքով ընդունեց։ Նստում էինք մի սենյակում՝ Մուշեղ Գալշոյանի հետ։ Ինքը 60 ռուբլի էր ստանում, ես՝ 65, որովհետեւ վարձով էի ապրում: Վարդգես Պետրոսյանը հրաշալի հիմք դրեց: Իմ գլխավոր խմբագիր դառնալը այդ շարունակականության մաս էր»,-ասում է ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը։

Garun amsagir 3

Հուսիկ Արան էլ պատմեց, որ «Գարունը» ձեռք բերելը ինքնին պայքար էր:

«Եթե գարունական ես, երբեք «Գարունից» չես հեռանում»: «Գարունական» լինում են էությամբ։ Եթե մարդը «գարունական» է, դա ամբողջ կյանքում իր մեջ է, ինքը երբեք «Գարունից» չի հեռանում»: Մեր դպրոցական տարիներին՝ գյուղական իրականությունում «Գարունը» ձեռք բերելը ինքնին պայքար էր։ Հերթ էինք կանգնում, որ մի օրով վերցնենք, կարդանք ու փոխանցենք։ Բաժանորդագրվել չէինք կարող, դժվար էր: Տարիներ շարունակ իմ բանաստեղծությունների կառուցվածքը «Գարունի» չափերով էր՝ երկու էջ, երկու սյուն։ Նույնիսկ հիմա այդ ձեւը, ոճը պահպանվել է»,-պատմում է Հուսիկ Արան։

Garun amsagir 2

Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ընդգծեց, որ արդեն ձևավորված ավանդույթ է դարձել թերթերի և ամսագրերի հոբելյանների առթիվ ընթերցողներին նվեր մատուցելը՝ դրանց ամբողջական թվայնացման և նշաճանաչման միջոցով։ Նրա խոսքով՝ սա միաժամանակ կարևոր մշակութային առաքելություն է և մեծ պատասխանատվություն։ Հայաստանի ազգային գրադարանը իր կարևոր նվերը «Գարուն»-ին մատուցել է դեռևս ամսագրի 55-ամյակի առթիվ՝ ամբողջությամբ թվայնացնելով և առցանց հասանելի դարձնելով 1967-2018 թթ․ բոլոր համարները։

«Գարուն»-ը գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական անկախ ամսագիրը տպագրվել է Երևանում՝ 1967 թվականից։ Այն միավորել է հայ անվանի և երիտասարդ գրողներին՝ տպագրելով նրանց ստեղծագործությունները, իսկ ակնարկների, հոդվածների և հարցազրույցների միջոցով մշտապես բարձրացրել ու լուսաբանել է հասարակական, տնտեսական, բարոյական, գիտական և դաստիարակչական հարցեր։

Էպիգրաֆ գրախանութը տպագրել է «Գարուն» ամսագրի շապիկներով պաստառներ և փոստային բացիկներ, որոնք կարելի է գտնել գրախանութում, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնում։

Ալմաստ Մուրադյան

70
Ապրիլ 17, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: