Ծափեր, հույզեր ու կինոյի մարդիկ. Կայացավ 5-րդ «Անահիտ»-ը

Կարմիր գորգ, ծափեր ու հույզեր. Հայկական ազգային կինոակադեմիան իր հիմնադրման 15-ամյակի տարում 5-րդ անգամ «Անահիտ» մրցանակները հանձնեց հաղթողներին։

Երկու տարին մեկ անգամ արվեստի մարդիկ հավաքվում են լավագույներին ճանաչելու նպատակով։ Այս անգամ նրանք 12 անվանակարգերում էին։ Ընտրությունը կատարվել էր 2024-2025-ին արտադրված ֆիլների միջև։

«Լավագույն սցենար», «Կնոջ լավագույն դերակատարում», «Լավագույն ռեժիսորական աշխատանք» և «Լավագույն խաղարկային ֆիլմ». միանգամից 4 անվանակարգերում հաղթող դարձավ  երիտասարդ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» կինոնկարը։

«Սա իմ առաջին խաղարկային կինոնկարն է։ Երբ վավերագրական կինոյից ես գալիս խաղարկային կինո, շեշտում են, որ դոկումենտալիստ ես, ինչի համար ես հպարտ եմ, բայց ինձ համար խաղարկային կինոն ուրիշ պատմություն է, ուրիշ ելևէջ ու աշխարհ է»,- առաջին  մրցանակը ստանալիս իր հույզերով կիսվեց ռեժիսորը։

Anahit 2026 2

Աշխարհի ամենախիզախ, ամենաուժեղ կանայք կնոջ լավագույն դերակատարմանն առաջադրված կանայք են. այսպես էլ երկրորդ մրցանակը հանձնելիս ասաց շոումեն Գարիկ Մարտիրոսյանը. Իսկ մրցանակը՝ «Կնոջ լավագույն դերակատարում»-ը կրկին  «Արտոյի երկրին»-ն էր, ֆրանսիացի դերասանուհի Կամիլ Կոտենինը։ Նա մրցանակաբաշխությանը ներկա չէր, փոխարենը ռեժիսոր Թամարա Ստեփանյանն ընթերցեց Կոտենի նամակը.

«Շատ ուրախ եմ մրցանակի համար։ Շատ հաճելի էր, որ Թամարան առաջարկեց նկարահանվել իր ֆիլմում։ Ինձ համար մեծ պատիվ էր մարմնավորել Սելինին, լինել հանդիսատեսի աչքերն ու ճանապարհորդել Հայաստանում, բացահայտել ձեր գեղեցիկ երկիրն ու գեղեցիկ մարդկանց»,- գրել էր ֆրանսիացի դերասանուհին։

«Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում էլ  Թամարա Սահակյանին մրցանակը հանձնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետի  խոսքով՝ ռեժիսորի գործը հավանաբար ամենադժվարն է, քանի որ պատասխանատվությունն ավելի մեծ է, հաղթանակը՝ բոլորինը, իսկ պարտությունը՝ ռեժիսորինը։

Մրցանակը ստանալիս Թամարա Ստեփանյանը հիշեցեց, որ ծնվել է  արվեստագետների ընտանիքում։ Խոստովանեց՝ երբ ասել է, որ  ցանկանում է ռեժիսոր դառնալ, հայրն ընդգծել է՝ պետք է այնպես անի, որ լավագույնը լինի։

Anahit 2026 5

«Լավագույն խաղարկային ֆիլմ» - անվանակարգի «Անահիտ»-ն էլ ստանալիս նա կրկին շնորհակալություն հայտնեց իր թիմի բոլոր անդամներին, նրանց բոլորին հրավիրելով բեմ, Սահակյանը շեշտեց՝ առանց թիմի, ֆիլմը չէր հաջողվի։

«Լավագույն խաղարկային ֆիլմ»- այս անվանակարգի հաղթողը «Մենակ երկուսով» կինոնկարն էր, ռեժիսոր՝ Արթուր Սահակյան, պրոդյուսերը՝ Արամայիս Հայրապետյանը։

Մրցանակը հանձնեց դերասանուհի Անի Խաչիկյանը։ Դերասանուհին կարևորեց, որ մշակվեն այնպիսի օրենքներ, որոնք կնպաստեն հայ կինոյի փառահեղ զարգացմանը, որի արդյունքում էլ «Անահիտ» մրցանակաբաշխությունը կանցկացվի ամեն տարի։

Մրցանակը ստանալիս Արթուր Սահակյանը շնորհակալությունը հայտնեց ֆիլմի բոլոր աջակիցներին ու մասնակիցներին։

Anahit 2026 6

«Լավագույն վավերագրական ֆիլմի»-  «Անահիտ»-ի արժանացավ «Վերապրել Շեքսպիրին» կինոնկարը։ Ռեժիսորներն են Իննա Սահակյանն ու Ռուբեն Ղազարյանը, պրոդյուսերները՝ Վարդան Հովհաննիսյանը, Մարիամ Դավթյանը։

«Լավագույն մոնտաժ»  անվանակարգում մրցանակը տրվեց Յաննիկ Լերոյի և Մերի Աղախանյանի «Բնակիչները» ֆիլմին։ Մրցանակը հանձնեց կինոռեժիսոր Դավիթ Բաբախանյանը՝ շեշտելով, որ մոնտաժի ռեժիսորը հետարտադրական փուլի ամենակարևոր դերակատարներից է։

«Լավագույն հնչյունային ձևավորում» անվանակարգում մրցանակը «Բախտի տերը» ֆիլմինն էր, իսկ Լավագույն նկարչական ձևավորում մրցանակը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմինը։

«Լավագույն երաժշտության» «Անահիտ»-ը ստացավ Արմեն Մարտիրոսյանը՝ «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի համար։

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում հաղթեց Սուրեն Թադևոսյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» կինոնկարի համար։

Անահիտ 2026 8

«Տղամարդու լավագույն դերակատար»-ի մրցանակը  Խորեն Լևոնյանինն էր՝ «Վազգեն. վերջին սպարապետը» կինոնկարում Վազգեն Սարգսյանի դերը փայլուն կերպով մարմնավորելու համար։ Լևոնյանը շեշտեց, որ առաջին անգամ է մասնակցում «Անահիտ»-ին, շնորհակալ է նման գնահատականի համար։

Նա կայունություն  մաղթեց կինոարտադրությանը՝ ելույթն ավարտելով Վազգեն Սարգսյանի խոսքերով. «Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից»։

Ազգային կինոարտադրության զարգացման գործում նշանակալի ավանդի համար հատուկ մրցանակի արժանացավ  կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը։

«Կինոն շատ լուրջ ու կարևոր զենք է հատկապես փոքր ազգերի համար։ Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ստացան մրցանակներ, բոլոր նրանց, ովքեր չստացան։ Հաջորդ անգամ նրանք կստանան. ոչինչ»,- ասաց Խաչատրյանը։

Կինոաշխարհը չէր մոռացել նաև իրենց ուրույն դերն ու տեղը ընդգծած հայ կինոյի այն արտիստներին, որոնք, ցավոք, այլևս մեզ հետ չեն․ Ռաֆայել Քոթանջյան, Գուժ Մանուկյան, Զառա Արամյան, Ռաֆայել Գրիգորյան։

Միջոցառման գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Հայկական ազգային կինոակադեմիան մրցանակաբաշխության կազմակերպիչն է «Sharm Holding» ընկերությունը։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանը։

Մերի Խաչատրյան

126
Ապրիլ 18, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: