«Էդմոնդ Քեոսայան-90». Բացառիկը հայ կինոյում
Էդմոնդ Քեոսայանը հայ կինոյի այն բացառիկ դեմքերից է, որոնց ներկայությունը ոչ միայն լրացրեց մի ժամանակաշրջան, այլև ձևավորեց դրա գեղարվեստական լեզուն։ Նրա արվեստը դուրս է դասական սահմանումներից: Նա չէր տեղավորվում միայն ռեժիսորի շրջանակում, այլ հանդես էր գալիս որպես մտածող, դիտորդ և ստեղծագործող, որը կարողանում էր կինոյի միջոցով խոսել կյանքի ամենաբարդ շերտերի մասին։
Քեոսայանը կինոյում հայտնվեց այն ժամանակ, երբ ձևավորվում էին գաղափարական և գեղարվեստական խիստ համակարգեր, սակայն նրան հաջողվեց պահպանել իր ինքնատիպությունը։ Նրա ուշադրության կենտրոնում մշտապես մարդն էր՝ իր ներքին հակասություններով, ապրումներով և ցավով։ Այդ պատճառով նրա կինոն երբեք չի դառնում քարացած, այն կենդանի է, շարժուն և մարդկային։ Նրա ֆիլմերը ձևավորվել են որպես մտածողության տարածք:

Ռեժիսորին վերհիշելու գեղեցիկ առիթ է ընձեռել Գրականության և արվեստի թանգարանը: Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Էդմոնդ Քեոսայան-90» խորագրով ցուցադրությունը։ Այն նվիրված է անվանի ռեժիսոր, կինոդրամատուրգ, դերասան Էդմոնդ Քեոսայանի հոբելյանին։ Թանգարանի միջոցառումների պատասխանատու Լիլիթ Մադոյանն ասաց.
«Ցուցահանդեսը ձևավորվել է թանգարանային հավաքածուի հիման վրա: Ներկայացված են բացառիկ արխիվային նյութեր, այդ թվում՝ լուսանկարներ, կադրեր «Տղամարդիկ» ֆիլմի նկարահանումներից, «Լքված հեքիաթների կիրճը» ֆիլմի սցենարը, նամակներ և այլն, որոնք պահպանվում են Գրականության և արվեստի թանգարանում»։
Կինոգետ Սիրանուշ Գալստյանը, անդրադառնալով Քեոսայանի ստեղծագործությանը, նշում է, որ երբ Քեոսայանը «Մոսֆիլմից» տեղափոխվեց «Հայֆիլմ», հայկական կինոն ստացավ ամենավառ կատակերգություններից մեկը՝ գեղարվեստական բարձր մակարդակով և համընդհանուր լեզվով, որն ընկալելի է նաև երկրի սահմաններից դուրս։

«Քեոսայանը կարող էր անգամ ամենաշատ քննարկված թեմաներում գտնել նորամուծություն և հետաքրքիր կերպով ներկայացնել իր ֆիլմերում։ Քեոսայանը յուրահատուկ կերպար էր, որը կարողացավ ինքնադրսևորվել միանգամից երկու մշակութային տարածքներում՝ Մոսկվայում և հայկական կինոյում։ Սերո Խանզադյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Լքված հեքիաթների կիրճը» կինոնկարը պատշաճ գնահատված չէ։ Այն շատ նուրբ, դրամատիկ սիրո պատմություն է Սյունիքի բնապատկերների ֆոնին։ Սովոր ենք մտածել, որ նման ֆիլմեր նկարահանվում են Եվրոպայում կամ Հոլիվուդում, բայց մենք ունենք մեր ուրույն կինեմատոգրաֆիական պոեզիան։ Ֆիլմում նկարահանվել են Արմեն Ջիգարխանյանը և ռեժիսորի կինը՝ Լաուրա Գևորգյանը։ Սա շատ նուրբ, հուզիչ և դրամատիկ գործ է։ Քեոսայանը ոչ թե պարզապես ռեժիսոր է, այլ հայ կինոյի նշանակալի գործիչ, որի աշխատանքներն օգնում են վերաիմաստավորել ազգային ինքնությունը և պահպանել սերունդների միջև կապը։ Ռեժիսորի վերջին աշխատանքը «Համբարձում» ֆիլմն էր։ Այն հայտնի չէ լայն լսարանին, թեև խոր և անձնական պատմություն է՝ հիմնված ռեժիսորի ընտանեկան ճակատագրի վրա և կապված է սիբիրյան աքսորի հետ։ Ինչ վերաբերում է «Մոսֆիլմի» հետ համատեղ նկարահանված «Հուսո աստղ» ֆիլմին, ապա այնտեղ հնչող և հատկապես այսօր խիստ արդիական արտահայտություններից է «Եթե հանձնենք Արցախը, դա տապանաքար կլինի հայոց պետականության համար»»,- ասում է կինոգետը:

Քեոսայանի ֆիլմերը կարելի է ընկալել որպես մեկ ամբողջական աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ստեղծագործություն նոր դիտակետ է նույն հարցի շուրջ՝ մարդն ու ժամանակը։ Նրա կինոն չի սահմանափակվում սյուժեով: Այն վերածվում է դիտարկման, զգացողության և հաճախ՝ ներքին երկխոսության: Ահա օրինակ «Տղամարդիկ» ֆիլմում նա ստեղծում է առօրյա կյանքի պարզ, բայց խորքային պատկերներ։ Այստեղ հերոսները սովորական մարդիկ են՝ իրենց թուլություններով և ուժեղ կողմերով, և հենց դրա մեջ է թաքնված ֆիլմի գեղարվեստական ուժը։
Սերո Խանզադյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Լքված հեքիաթների կիրճը» ֆիլմն էլ բացում է ավելի նուրբ, գրեթե պոետիկ աշխարհ։ Սա սիրո, հիշողության և կորստի պատմություն է, որտեղ բնապատկերը դառնում է ոչ թե ֆոն, այլ զգացողության մասնակից։

«Հուսո աստղ»-ն էլ ցույց է տալիս Քեոսայանի կինոյի գաղափարական շերտերը, որտեղ անհատական պատմությունները միահյուսվում են ազգային մտահոգությունների հետ՝ ստեղծելով ավելի լայն մտածողության դաշտ։
Հեղինակի վերջին աշխատանքը՝ «Համբարձում» ֆիլմը, թեև քիչ հայտնի է լայն լսարանին, առանձնանում է իր անձնական խորությամբ։ Այն հիմնված է ռեժիսորի ընտանեկան պատմության վրա և առնչվում է սիբիրյան աքսորի թեմային՝ բացահայտելով հիշողության և անձնական ցավի շերտերը։
Քեոսայանի կինեմատոգրաֆիական ձեռագիրը դժվար է սահմանել մեկ ձևակերպմամբ։ Այն կառուցված է հակադրությունների նուրբ համադրության վրա՝ հումոր և տխրություն, առօրյա և փիլիսոփայական, պարզություն և խորություն։ Նրա ֆիլմերում հաճախ նույն տեսարանում կարող են համատեղվել ծիծաղն ու ներքին լռությունը։ Նրա կարևոր առանձնահատկություններից մեկը մարդու նկատմամբ ուշադրությունն է: Այնտեղ նա չի իդեալականացնում կերպարներին, այլ ներկայացնում է նրանց իրենց ամբողջականությամբ։ Այդ պատճառով նրա ստեղծած աշխարհը վստահելի է և հարազատ։
Քեոսայանի ձեռագիրը նաև միջմշակութային է: Արդյունքում հնարավոր է եղել գործել միաժամանակ երկու տարածքներում՝ «Մոսֆիլմի» և «Հայֆիլմի»: Ստեղծել է կինո, որը և՛ ազգային է, և՛ համընդհանուր։ Սա է պատճառը, որ Էդմոնդ Քեոսայանի ֆիլմերը հասկանալի են տարբեր մշակույթների համար։
Ալմաստ Մուրադյան