Հավաքական հիշողություն և վիզուալ վկայություն․ «Դիլդիլյաններ» ցուցահանդես
Հավաքական հիշողությունը մշտապես հանդես է գալիս որպես հիմնարար հարթակ, որի միջոցով հասարակությունները վերապրում, վերաիմաստավորում և փոխանցում են իրենց պատմական փորձը հաջորդ սերունդներին։ Հատկապես ցեղասպանությունների պարագայում հիշողությունը չի սահմանափակվում անցյալի արձանագրմամբ, այլ դառնում է ինքնության պահպանման և պատմական արդարության պահանջի առանցքային գործոն։
Հայոց ցեղասպանությունը՝ որպես 20-րդ դարասկզբի մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործություններից մեկը, շարունակում է մնալ հավաքական հիշողության կենտրոնական հանգույցներից մեկը։ Այն ձևավորել է ազգային ինքնագիտակցությունը և պատմական արդարության վերականգնման շուրջ համախմբված պայքարը։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված զանգվածային տեղահանություններն ու բնաջնջումները ոչ միայն մարդկային աղետներ էին, այլև քաղաքակրթական ու մշակութային ժառանգության համակարգված ոչնչացում։ Այս իրադարձությունները խորապես դրոշմվել են հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ՝ դառնալով սերունդների միջև փոխանցվող փորձառություն։


Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը, ինչը նորից արդիականացնում է հիշողության պահպանման և ներկայացման տարբեր ձևերի կարևորությունը՝ հատկապես մշակութային դաշտում։ Հիշողության նյութականացման կարևոր դրսևորումներից է լուսանկարչությունը, որը ոչ միայն արձանագրում է իրականությունը, այլև վերածվում է պատմական վկայության։
Հատկապես առանձնահատուկ նշանակություն ունի Դիլդիլյանների ընտանիքի լուսանկարչական ժառանգությունը։ Դիլդիլյանները 19-րդ դարից գործունեություն են ծավալել Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում՝ Սեբաստիայում, Մարզվանում, Սամսունում և այլուր։ Ցեղասպանությունից և բռնագաղթից հետո ընտանիքը հաստատվել է սփյուռքում՝ շարունակելով իր մասնագիտական գործունեությունը Հունաստանում և ԱՄՆ-ում՝ միաժամանակ պահպանելով անցյալի հիշողությունը լուսանկարների միջոցով։ Ահա պատմական ժառանգության վերաիմաստավորման կարևոր օրինակ է Հայաստանի պատմության թանգարանում բացված «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Ցուցահանդեսը ներկայացնում է ընտանեկան արխիվի եզակի նյութեր՝ ապակե նեգատիվներ, լուսանկարներ և փաստաթղթեր: Այն վերածվում է հիշողության վերականգնման ու հանրայնացման հարթակի, որտեղ անհատական պատմությունները միահյուսվում են ազգային պատմությանը։


«Նոր ձևաչափը ենթադրում է թանգարանի ու նաև սփյուռքում ապրող մեր տարբեր հայրենակիցների, կազմակերպությունների համագործակցության միջոցով ստեղծվող ցուցադրություններ։ Խնդիր ունենք հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ ներկայացնել այն արժեքավոր ժառանգությունը, որը պահվում է նաև Հայաստանից դուրս։ Այս համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար, որի շնորհիվ Օսմանյան կայսրությունում, ապա նաև Հունաստանում, ԱՄՆ-ում արված 200-ից ավելի բնօրինակ լուսանկարներ մոտակա ամիսներին հետաքրքիր ձևով կներկայացվեն մեր հանրությանը և կպատմեն շատ արժեքավոր պատմություններ ինչպես Դիլդիլյանների ընտանիքի, այնպես էլ այն իրադարձությունների մասին, որոնք այս ընտանիքը վավերագրել ու թողել է մեզ: Ցուցահանդեսին փոքր մասով ազգագրական մի հավաքածու համադրվել է Պատմության թանգարանի հավաքածուից: Այս ֆոտոպատմությունը բաղկացած է ոչ միայն ֆոտոատելիեներում արված լուսանկարներից, այլև ընդգրկում է համայնապատկերային իրադարձություններ, ընդհուպ նույնիսկ աղետների արձանագրում։ Մենք քիչ լուսանկարիչներ ունենք, որոնք արձանագրել են պատմական վայրերն ու իրադարձությունները՝ անկախ դժվար իրավիճակներից։ Այս ընտանիքի պատմությունը սխրանքի նման է, որովհետև տեսնում ենք, թե ինչպես նրա անդամները, առաջնորդվելով իրենց մասնագիտական գործունեությամբ ու նաև ամեն ինչ վավերագրելու մղումով, ոչ միայն ապրել են իրադարձությունները, այլև փրկել են Ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ որբերի։ Մեծ հաշվով՝ սա աղետը վերապրելու և հետագա կյանքը շարունակելու շատ կարևոր մի պատմություն է»,-ասում է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:


Ցուցահանդեսի իրականացման գործում առանցքային դեր ունի Դիլդիլյանների ընտանիքի ժառանգորդ, ԱՄՆ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ և պրոֆեսոր, ինչպես նաև Metaphilosophy գիտական հանդեսի խմբագիր Արմեն Մարսուբյանը, որն այս օրերին Երևանում է: Նրա գիտական հետաքրքրությունները ներառում են փիլիսոփայությունը, գեղագիտությունը, բարոյագիտությունը և ցեղասպանագիտությունը։ Նա հեղինակել և խմբագրել է մի շարք աշխատություններ այս ոլորտներում։
Պրոֆեսոր Արմեն Մարսուբյանն ասաց, որ պատրաստվում է մոտ ապագայում վերադառնալ Երևան և առանձին դասախոսությամբ հանդես գալ ուսանողների առջև: Հանգամանորեն կներկայացնի իրենց ընտանեկան հավաքածուի արժեքը, իրենց առաքելությունը: Արմեն Մարսուբյանը Հայաստանի պատմության թանգարանին նվիրաբերեց որոշ լուսանկարներ: Պրոֆեսորը հուզված է, ասում է՝ իր նախնիները շատ գոհ կլինեին այն գիտակցումից, որ Հայաստանում տեղի է ունենում նման իրադարձություն։


«Այս բացառիկ լուսանկարների հավաքածուն արդեն երկու անգամ ցուցադրվել է Հունաստանում։ Վերջին տարիներին այն ցուցադրվել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, և այժմ ցուցադրվում է Երևանում՝ Հայաստանի պատմության թանգարանի աջակցությամբ: Նախկինում մասամբ ցուցադրվել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ։ Հավաքածուն չորս անգամ ցուցադրվել է նույնիսկ Թուրքիայում, ինչը մեր օրերում հասկանալի պատճառներով արդեն հնարավոր չէ։ Հիմա սա է մեր հայրենիքը, և ես շատ երջանիկ եմ՝ թանգարանին նվիրաբերելու որոշ լուսանկարներ մեր ընտանեկան հավաքածուից: Իմ նախնիներն իսկապես կատարել են հսկայածավալ աշխատանք՝ պահպանելով պատմական լուսանկարները։ Դրանք մի մասն են մեծ հավաքածուի, որն ընդգրկում է նաև հազարավոր ֆոտոժապավեններ։ Դիլդիլյան ընտանիքի անդամները փրկել են այդ ժառանգությունը և իրենց հետ տարել արտերկիր, որպեսզի հետագայում գտնեն դրանք հանրայնացնելու և հետագա սերունդներին փոխանցելու տարբերակներ»,- պատմում է Արմեն Մարսուբյանը:


Ցուցադրության բացմանը ներկա էին մի շարք հյուրեր: Ներկաներին ողջունեց և ցուցադրության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Խրիստոս Սոֆիանոպուլոսը:
«Շատ կարևոր է այսօր այսպես ներկայացնել այս պատմությունը, որը կապված է նաև Հունաստանի հետ: Հունաստանի հետ է կապված նաև Դիլդիլյանների ընտանիքը, որը արմատներ է դրել Հունաստանում։ Շատ կարևոր է ցուցադրության օրվա ընտրությունը, որը ապրիլի 24-ին է նախորդում և մեծ կարևորություն ունի նաև հայկական համայնքի համար։ Հայերն ու հույներն ունեցել են նման փորձ՝ ջարդեր, տեղահանություն, գաղթ: Դա իհարկե կարևոր է հիշել: Այս հավաքածուն նաև կարևոր է հայերեի համար որոնք ապրում են Հունաստանում: Այս լուսանկարներում ես նաև իմ բնակավայրերն եմ տեսնում»,- ասաց դեսպանը:


Ակադեմիական գործունեությունից զատ պրոֆեսոր Մարսուբյանը կազմակերպել է Դիլդիլյանների լուսանկարչական հավաքածուի վրա հիմնված մի շարք ցուցահանդեսներ՝ Ստամբուլում, Մարզվանում և Դիարբեքիրում։ Նա արժանացել է «Հրանտ Դինք» հիմնադրամի մրցանակի։
Մարսուբյանի գործունեությունը կարելի է դիտարկել որպես հիշողության վերականգնման և արխիվացման օրինակ, որտեղ անձնական ժառանգությունը վերածվում է հանրային պատմության։ Տարիների ընթացքում նա զբաղվել է Դիլդիլյանների ընտանեկան արխիվի հավաքագրմամբ, ուսումնասիրությամբ և հանրայնացմամբ՝ վեր հանելով արժեքավոր վիզուալ և փաստագրական նյութեր, որոնք կարևոր սկզբնաղբյուր են ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Օսմանյան կայսրության վերջին շրջանի սոցիալ-մշակութային կյանքի ուսումնասիրության համար։


Հատկանշական է, որ նրա նախաձեռնությամբ Դիլդիլյանների ժառանգությունը դուրս է եկել ընտանեկան շրջանակից և ներառվել գիտական ու ցուցադրական դաշտում՝ դառնալով հանրային հիշողության բաղկացուցիչ մաս։
Մարսուբյանի մայրը ծնվել էր 1911 թվականին Մարզվանում՝ Օսմանյան կայսրության Սևծովյան կենտրոնական շրջանում։ Դիլդիլյանների ընտանիքի պատմությունը սկիզբ է առնում Սեբաստիա քաղաքից, որտեղ Ցոլակ Դիլդիլյանը հիմնադրել է ընտանեկան լուսանկարչական գործը։ Նրա հայրը՝ Գրիգոր Դիլդիլյանը, հայտնի կոշկակար և կաշվի վաճառական էր, որն իր մասնագիտությունը յուրացրել էր Յոզգատում և Կոստանդնուպոլիսում։ Սակայն Ցոլակը չէր ցանկանում շարունակել հոր արհեստը։ Նա արվեստագետ էր՝ խորապես տարված լույսի և պատկերի աշխարհով։ Լուսանկարչության արվեստը նա յուրացրել է ինքնուրույն՝ փորձարկումներ կատարելով իր ընտանիքի անդամների վրա։


Ավելի ուշ նա Կոստանդնուպոլիսից ձեռք է բերել մասնագիտական սարքավորումներ, ապա բացել իր առաջին ստուդիան՝ կոշիկի խանութի և գործարանի հարևանությամբ։ Ցոլակ Դիլդիլյանը հաճախ ճամփորդում էր՝ նոր հաճախորդներ գտնելու նպատակով։ Սիվասի նահանգապետի և սուլթանական իշխանությունների պատվերով նա լուսանկարում էր պետական շենքեր, պատմական հուշարձաններ և ազդեցիկ անձանց։ Նրան վստահվել էր նաև լուսանկարել Խաթթուսաի շրջակայքում գտնվող սֆինքսները, ինչպես նաև Սև ծովի ափամերձ քաղաքները մինչև Կաստամոնու։
Նրա ստուդիայի համբավը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ նահանգում։ Շուտով բացվեց երկրորդ ստուդիան Մարզվանում, որտեղ գտնվում էր 1885 թվականին ամերիկացի միսիոներների կողմից հիմնված Անատոլիա քոլեջը։ Քոլեջը և նրա միջավայրը ապահովում էին կայուն հաճախորդներ՝ ամերիկացի աշխատակիցների, ուսանողների և դասախոսների շրջանում։


1915 թվականի ջարդերը ծանր հարված հասցրին նաև Դիլդիլյանների ընտանիքին։ Հայոց ցեղասպանության ընթացքում ընտանիքը մեծ կորուստներ կրեց, հատկապես Մարզվանից դուրս բնակվող հարազատների շրջանում։ Ընտանիքի հայրը կարողացավ փրկել միայն իր եղբայր Արամ Դիլդիլյանին և քույր Հայկանուշ Դիլդիլյանին՝ նրանց երեխաների հետ միասին։ Մինչդեռ կրտսեր եղբայրը՝ Շմավոնը, Փառանձեմը և նրա երեխաները զոհվեցին։ Սեբաստիաում, Սամսունում, Խարբերդում և այլ բնակավայրերում ապրող Դիլդիլյանների մասին այլևս որևէ տեղեկություն չստացվեց։
Այս ողբերգական իրադարձություններից հետո ընտանիքը ժամանակավորապես դադարեցրեց իր լուսանկարչական գործունեությունը և ներգրավվեց մարդասիրական օգնության աշխատանքներում։ Արամ Դիլդիլյանը հավաքեց կոտորված ու տեղահանված հայերից բաղկացած փոքր խմբակ և հիմնեց Սամսունի հայկական որբանոցը։ Սկզբնական շրջանում այն գոյատևում էր տեղական սահմանափակ միջոցներով, սակայն հետագայում սկսվեց արտաքին օգնության հոսք։ Ժամանակ անց Դիլդիլյանների լուսանկարչական սարքերը կրկին գործի դրվեցին, սակայն արդեն այլ նպատակով․ նրանք լուսանկարում էին որբացած երեխաներին՝ փաստագրելով նրանց գոյությունն ու ճակատագիրը։

1920 թվականի ամռանը Մարզվանում Դիլդիլյանների վիճակը վատթարացավ։ Ցոլակ Դիլդիլյանը որոշեց ընտանիքը տեղափոխել Սամսուն և միանալ իր եղբայր Արամին։ Նա ստիպված եղավ իր երեք որդիներին թողնել Անատոլիա քոլեջում՝ հույս ունենալով, որ պայմանների կայունացման դեպքում կվերադառնա։ Սակայն այդ վերադարձը երբեք տեղի չունեցավ։ 1921 թվականին, ընտանիքի ոչ մի անդամ այլևս չէր մնացել Մարզվանում։ Թեև Սամսունը, որպես Սև ծովի ափամերձ քաղաք, համեմատաբար ավելի ապահով էր, բռնության սպառնալիքը շարունակվում էր կախված մնալ նրանց վրա։

1922 թվականին Դիլդիլյանները կանգնեցին վերջնական ընտրության առաջ՝ կամ հրաժարվել իրենց ինքնությունից, կամ լքել երկիրը։ Նրանք ընդամենը 24 ժամվա ընթացքում հավաքեցին իրենց ունեցածը՝ վերցնելով հարյուրավոր լուսանկարներ և ապակե նեգատիվներ, որոնք իրենց հիշողության ու աշխատանքի կարևորագույն վկայություններն էին, և բարձրացան տարհանման նավ։ Ծանր և վտանգավոր ճանապարհորդությունից հետո նրանք հասան Պիրեոս՝ Հունաստանի գլխավոր նավահանգիստը, որտեղ սկսվեց նրանց կյանքի նոր փուլը։
Ալմաստ Մուրադյան