Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու «Նստվածք» անհատական ցուցահանդեսը
Ըստ Անրի Բերգսոնի՝ ժամանակը չի կարելի հասկանալ որպես պարզապես չափելի հաջորդականություն։ Այն ունի ներքին որակ՝ «տևողություն» (durée), որտեղ անցյալը չի անհետանում, այլ շարունակաբար ներգրավված է ներկայի մեջ։ Մարդու գիտակցությունը չի գործում առանձին պահերով, այլ որպես շարունակական հոսք, որտեղ յուրաքանչյուր նոր փորձառություն կրում է նախորդների ամբողջ կուտակումը։ Այդ տևողության նյութականացված ձևը՝ ժամանակի ընթացքում կուտակված փորձառության շերտը, կարելի է դիտարկել որպես «նստվածք», որը ձևավորում է մարդու ներքին կառուցվածքը և նրա ընկալման աշխարհը։

Իսկ ըստ Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական մոտեցման՝ մարդու հոգեկանը բաղկացած է շերտերից, որտեղ անգիտակցականը պահպանում է այն փորձառությունները, որոնք չեն արտահայտվել կամ ամբողջությամբ չեն գիտակցվել։ Այս կուտակումները չեն վերանում, այլ շարունակաբար ազդում են մարդու վարքի, հույզերի և ստեղծագործական դրսևորումների վրա։ Ֆրոյդի տեսանկյունից այդ «նստվածքը» կարելի է դիտարկել որպես անգիտակցականի կուտակային շերտ՝ ներքին փորձառությունների և ճնշված զգացումների պահեստ։ Այսինքն այն ունի երկակի բնույթ՝ որպես թե՛ ժամանակի, թե՛ հոգեկանի կուտակում։

Հայաստանում յուրատեսակ փորձառությունների մի հավաքատեղի է հիշեցնում Գեղագիտության ազգային կենտրոնում բացված Վրեժ Քասունու «Նստվածք» անհատական ցուցահանդեսը։
Ցուցադրության խորագիրը տանում է դեպի փիլիսոփայական մտորումներ։ Այստեղ «Նստվածք»-ը ձևավորվել է որպես ստեղծագործական պրակտիկա։ Ցուցահանդեսի գաղափարական կառուցվածքը հիմնված է երկար տարիների կենսափորձի վրա և դրա կուտակման արդյունքն է։ Հեղինակը Վրեժ Քասունին է։

«Ժամանակի ընթացքում կուտակումները ձևավորում են մի «նստվածք», որը հետագայում դառնում է հիմք։ Այդ նստվածքի մեջ են մեր հուշերը՝ թե՛ ապրած, թե՛ չապրած, սերը, հարաբերությունները, առօրյա կյանքը, ստեղծագործությունները։ Այս ամենը ժամանակի ընթացքում կուտակվում է, ձևավորում ներքին շերտեր և, ի վերջո, զտվում՝ դառնալով մի վերաբերմունք, մի արտահայտչական ձև։ Կարծես այդ ամենը նստած է մարդու ներսում և անպայման պետք է դուրս գա, դառնա տեսանելի։ Հակառակ դեպքում մարդը սկսում է ներքուստ «ժանգոտել», կորցնել իր հավասարակշռությունը։ Այս իմաստով նստվածքը տարիների փորձառությունն է, ապրած կյանքը, որը պահանջում է արտահայտություն։ Ցուցահանդեսի «Նստվածք» խորագիրը բնականաբար ձևավորվել է շուրջ 26 տարվա կենսափորձի արդյունքում։ Սա նաև իմ գեղանկարչական մոտեցումն է, քանի որ երկար տարիներ զբաղված լինելով փառատոնների կազմակերպմամբ և անիմացիայով՝ չեմ կարողացել բավարար ժամանակ հատկացնել հենց գեղանկարչությանը։ Այդ պատճառով որոշում կայացրի և արդեն շուրջ յոթ տարի է՝ աշխատում եմ այս շարքի վրա»,- նշում է Քասունին:

Ցուցահանդեսի աշխատանքների զգալի մասը ստեղծվել է հատկապես վերջին տարիներին՝ 2019-2026 թվականները, և առավել ինտենսիվ՝ վերջին ամիսների ընթացքում։ Սա վկայում է ոչ թե հանկարծակի ոճային փոփոխության, այլ երկարատև ներքին կուտակման հասունացման մասին։ «Նստվածք»-ը այս համատեքստում դառնում է ոչ միայն թեմատիկ խորագիր, այլ ստեղծագործական մեթոդաբանություն։

«Ես հասկացա, որ չեմ ստեղծում պարզապես մի շարք, որի անունը «Նստվածք» է, այլ արտահայտում եմ իմ ներսում կուտակված կյանքի փորձառությունը՝ այն մնացորդը, որը յուղաներկով, կտավի վրա ներկայացնում եմ որպես գեղանկարիչ։ Քանի որ շուրջ 20 տարի հիմնականում զբաղվել եմ երգիծանկարչությամբ, կազմակերպել եմ փառատոններ և աշխատել եմ անիմացիայի ոլորտում, գեղանկարչությունը որոշ ժամանակ երկրորդ պլան էր մղվել, թեև մասնագիտական կրթություն ունեմ՝ ավարտել եմ Թերլեմեզյանի վարժարանը և ուսանել եմ նաև Սիրիայում ակադեմիական միջավայրում։ Այդ տարիների ընթացքում իմ ներսում կուտակվել էր մեծ «նստվածք», որը պետք էր «քերթել», դուրս բերել և արտահայտել։ Նկարելու ընթացքում նկատեցի, որ իմ վրա ազդեցություն են ունեցել տարբեր մտավոր հոսքեր՝ Ֆրոյդի, Այնշտայնի և այլ փիլիսոփայական գաղափարներ։ Սակայն դրանք երբեք առանձին չեն գործում․ դրանք միախառնվում են իմ անձնական փորձառության հետ, և հենց այդ համադրությամբ էլ ձևավորվում է ստեղծագործությունը»,- Վ. Քասունի։

Ցուցահանդեսում ներկայացված մեծածավալ աշխատանքների զգալի մասը ստեղծվել է հատկապես 2026 թվականի վերջին հինգ ամիսների ընթացքում, իսկ մյուսները՝ 2019-ից մինչև 2026 թվականը։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է տարիներով կուտակվածը մի փուլում սկսում ինտենսիվորեն արտահայտվել։ Հեղինակի ստեղծագործական ճանապարհը սկսվել է երգիծանկարչական մտածողությամբ, և երկար տարիներ նա աշխատել է գրաֆիկայի և երգիծանկարչության լեզվով։ Այդ փորձը բնականաբար ազդեցություն է թողել նրա գեղանկարչության վրա։ Կարելի է ասել, որ այս ամենը ձևավորել է դրական փորձառության այն «նստվածքը», որի վրա կառուցվում է նրա ներկայիս աշխատանքը։ Այս պարագայում «նստվածքը» դառնում է ոչ միայն անձնական, այլև արվեստի փիլիսոփայական արտահայտություն։ Ժամանակի ընթացքում այն կարող է դառնալ նաև ուրիշների «նստվածքը»․ երբ դիտողը հանդիպում է աշխատանքին, այն իր մեջ ինչ-որ բան է թողնում՝ պատկեր, զգացողություն, մի հարց, որը «նստում է» նրա ներսում և շարունակում է ապրել նրա հետ։

Աշխատանքների հեղինակը՝ Վրեժ Քասունին, հանդիսանում է նաև ՌեԱնիմանիա միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի հիմնադիրը և տնօրենը, ինչպես նաև փառատոնի գեղարվեստական և կազմակերպչական ղեկավարը՝ ձևավորելով դրա հիմնական ուղղությունները, ծրագրային քաղաքականությունը և զարգացման ռազմավարությունը։ Քասունու նախաձեռնությամբ ՌեԱնիմանիան դարձել է ոչ միայն անիմացիոն ֆիլմերի միջազգային ցուցադրության հարթակ, այլ նաև ստեղծագործական և մասնագիտական համագործակցության միջավայր։ Փառատոնի շրջանակում ձևավորվել են մի շարք միջազգային նախագծեր և հարթակներ, որոնք ուղղված են անիմացիոն արվեստի արտադրության, զարգացման և փոխանակման խթանմանը։ Հեղինակի կյանքում տարիների ընթացքում ձևավորվել են տարբեր ստեղծագործական փուլեր՝ երգիծանկարչություն, անիմացիա, գրաֆիկա, փառատոնային գործունեություն, ինչպես նաև գեղանկարչական փորձառություն, որը ժամանակավորապես մղվել էր երկրորդ պլան։ Այս բազմաշերտ փորձառությունը ձևավորել է ներքին «նստվածք», որը երկար ժամանակ չի արտահայտվել անմիջապես, սակայն աստիճանաբար կուտակվելով՝ պահանջել է դուրս գալ և դառնալ տեսանելի ձև։
Ալմաստ Մուրադյան