Խանջյանի եռապատկերի վերածնունդը «Գաֆէսճեան» կենտրոնում

20-րդ դարի հայկական մոնումենտալ գեղանկարչության գաղափարական և պատկերային համակարգի ձևավորման մեջ առանցքային դեր ունեցող արվեստագետներից էր Գրիգոր Խանջյանը։ Նրա ստեղծագործական մտածողությունը դուրս էր գալիս զուտ պատկերագրական խնդիրների շրջանակից և վերածվում էր պատմական հիշողության կառուցման ու վերաիմաստավորման համակարգի, որտեղ կերպարը հանդես էր գալիս ոչ միայն որպես պատկեր, այլ նաև որպես գաղափարի կրող։

Այս մտածողության առանձնահատկությունները առավել հստակ են դառնում նաև այսօր՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում նրա մոնումենտալ եռապատկերի վերակենդանացման համատեքստում։ Այն հնարավորություն է ընձեռում վերանայելու ոչ միայն Խանջյանի պատկերային լեզուն, այլ նաև դրա ժամանակակից ընթերցման սահմաններն ու հնարավորությունները։ Վերականգնման գործընթացը այս իմաստով դուրս է գալիս տեխնիկական վերականգնման պարզ գործողությունից և վերածվում է մեկնաբանական դաշտի, որտեղ արվեստի գործը դիտարկվում է ոչ թե որպես ավարտված օբյեկտ, այլ որպես շարունակաբար փոփոխվող մշակութային կառուցվածք։

Grigor Khanjyan 6

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ավարտվել է Գրիգոր Խանջյանի մոնումենտալ եռապատկերի՝ «Հայոց այբուբենի ստեղծումը», «Վարդանանք» և «Հայաստանի վերածնունդը» գործերի վերականգնման երկարատև գործընթացը։ Տարիներ շարունակ դեգրադացված և տեխնիկական բարդ վիճակում գտնվող այս ստեղծագործությունները կրկին վերադարձել են իրենց սկզբնական գեղարվեստական ամբողջականությանը՝ բացելով ոչ միայն տեսողական, այլև պատմամշակութային նոր ընթերցման հնարավորություն։ Վերականգնումը վերածվել է միջդիսցիպլինար աշխատանքի՝ համադրելով արվեստաբանություն, նյութագիտություն և մշակութային հիշողության ուսումնասիրություն։

Grigor Khanjyan 7

Գրիգոր Խանջյանի վերոնշյալ ստեղծագործությունները հանրությանը ներկայացվել են իրենց նախնական գեղարվեստական ամբողջականությամբ ու խորությամբ։ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Խանջյան» ցուցասրահը վերջին ամիսներին վերածվել էր գիտական լաբորատորիայի և հոգևոր երկխոսության տարածքի։

Կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը նշում է, որ գոբելենի ճակատագիրը սերտորեն կապված է Հայաստանի նորագույն պատմության հետ, և այս պատմությունը սկսվել է դեռևս 1970-ականների վերջին։

Grigor Khanjyan 8

«Ամենայն հայոց կաթողիկոսը (Վազգեն Ա-ն) պատվիրեց ստեղծել ստվարաթղթե պաննոները, որպեսզի Ֆրանսիայում գործվեն գոբելենները։ Այդ ժամանակ երևի հենց ինքը՝ հեղինակը, չէր պատկերացնում, թե հայկական վիզուալ մշակույթի համար որքան առանցքային ու խորհրդանշական կդառնա այս գործը»,-ասում է Եսայանցը։

Սակայն գործերի ֆիզիկական վիճակը տարիների ընթացքում զգալիորեն վատթարացել էր։ Վարպետի դուստր Սեդա Խանջյանը նշում է, որ թեև երկաթյա կարկասն ու հիմքը պատրաստ էին դեռ 1985-ին, հայրը բուն աշխատանքը սկսել է 1992-ին՝ ամենածանր տարիներին։

Grigor Khanjyan 3

«Այդ տարիներին այստեղ ոչ ջերմություն կար, ոչ լույս, նույնիսկ պատուհանները բացակայում էին։ Հենց այդ խոնավությունից ու անբարենպաստ պայմաններից էլ սկսվել էր վնասումը։ Երկար տարիներ դիմում էինք մասնագետների, բայց ոչինչ չէր ստացվում։ Այս վերականգնումը հայրիկի 100-ամյակի ամենամեծ շնորհակալությունն էր, նրա վերջին գործն ու ուղերձը՝ հայ ժողովրդին»,- ասում է Սեդա Խանջյանը։

Grigor Khanjyan 4

Խանջյանի կոթողային եռամաս աշխատանքն անցել է ամրակայման և ռեստավրացիայի բարդ ու զգայուն փուլ։ Նախագծի ղեկավար, նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը նշում է, որ այս նախագիծը դարձավ իր 50-ամյա մասնագիտական փորձի ամենահուզիչ հանգրվանը։ Ամեն ինչ սկսվել է մի տագնապալի ազդակից․ դեռ վարպետի կենդանության օրոք որմնանկարի վրա դեֆեկտներ էին հայտնվել։ Եղել են հրդեհի հետքեր, շերտազատումներ, որոնք ժամանակին փորձել էին անհաջող սոսնձել։ Մշակվել է հատուկ մեթոդիկա։

«Մենք փորձանմուշ վերցրեցինք և տեղափոխեցինք Սանկտ Պետերբուրգի լաբորատորիաներ։ Այնտեղ իրականացվեց բիոքիմիական անալիզ՝ պարզելու ներկաշերտի, նախաներկի և գրունտի հստակ բաղադրությունը»,- ասում է նա:

Grigor Khanjyan 5

Տեխնիկական խնդիրներից բացի առաջացել են նաև բարդ ինժեներական մարտահրավերներ։ Սրահի ճարտարապետական առանձնահատկությունների պատճառով ստեղծվել են հատուկ շարժական, եռահարկ փայտամածներ, որոնք թույլ են տվել մոտենալ պատի յուրաքանչյուր հատվածին։ Վերականգնողի խոսքով՝ գործընթացը միայն տեխնիկական միջամտություն չէ, այլ նաև ստեղծագործական շփում արվեստի գործի հետ։

«Պետք է խոստովանեմ, որ նույնիսկ ես զգում էի նրանց շունչը… Դա միստիկա էր, օդի տատանում, որն առաջին անգամ էի զգում իմ պրակտիկայում»,-ասում է նա։

Grigor Khanjyan 9

Վերականգնողները փակել են ոչ միայն խոշոր ճաքերը, այլև մազանման վնասվածքները, որոնք անզեն աչքով գրեթե անտեսանելի էին, սակայն խաթարում էին ամբողջականությունը։ Միխայլովի խոսքով՝ նախագծի կարևոր նպատակներից մեկը նաև սերնդափոխությունն էր՝ տեղացի մասնագետների պատրաստումը։

«Իմ նպատակը նաև որպես հայ այն էր, որ փոխանցեմ սեփական փորձս, որպեսզի ապագայում հայկական հուշարձանները վերականգնեն հենց տեղացի վարպետները…»,- նշում է Միխայլովը:

Grigor Khanjyan 2

Այս վերականգնումը դուրս է գալիս զուտ պահպանության շրջանակից և վերածվում է մշակութային ինքնության վերաիմաստավորման գործընթացի։ Խանջյանի եռապատկերը այսօր արդեն ոչ միայն արվեստի գործ է, այլև հիշողության կառուցվածք, որտեղ պատմությունը, տեխնիկան և գաղափարաբանությունը միավորվում են մեկ ամբողջության մեջ՝ շարունակելով իրենց գոյությունը նոր ընթերցումների և մեկնաբանությունների միջոցով։

Ալմաստ Մուրադյան

71
Ապրիլ 30, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: