Կբացվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանը

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2013 թ. ապրիլի 11-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կբացվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանը։ Նվագախումբը կղեկավարի 11 «Գրեմմի» մրցանակների արժանացած ամերիկացի հռչակավոր դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը։ Համերգի մենակատարն է հանրահայտ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը։
    Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 11-ին, ժամը 19:30-ին։ Ծրագրում կհնչեն Ֆրանց Շուբերտի Նախերգանք «Ռոզամունդ» դո մաժոր, Յոհաննես Բրամսի թիվ 2 սի բեմոլ մաժոր դաշնամուրային կոնցերտը և Յոհաննես Բրամսի թիվ 1 սոլ մինոր դաշնամուրային կվարտետը՝ Արնոլդ Շյոնբերգի փոխադրությամբ:
    «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 14-րդ փառատոնն այս տարի կներկայացնի նաև Շանհայ քառյակը, Յուրի Բաշմետ֊-60 հոբելյանական համերգը, Սիդնեյի սիմֆոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Աշկենազիի ղեկավարությամբ, աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկուն և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին, Ստեֆան Վիլլիխին, Ալեքսեյ Լյուբիմովին և այլ մեծանուն երաժիշտների:
    Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ստեղծվել է 1842 թվականին, այն աշխարհի լավագույն նվագախմբերից է, որի հետ աշխատել են ականավոր դիրիժորներ և կոմպոզիտորներ Ռիխարդ Վագները, Ջուզեպպե Վերդին, Անտոն Բրուքները, Յոհաննես Բրամսը, Ֆերենց Լիստը, Գուստավ Մալերը։ Անցյալ դարաշրջանում նվագախմբի համար նշանակալից էին երկարատև համագործակցություններն Արթուրո Տոսկանինիի, Վիլհելմ Ֆյուրթվանգլերի, Կառլ Բոմի, Հերբերտ ֆոն Կարայանի և Լեոնարդ Բերնսթայնի հետ։ Վիեննայի ֆիլհարմոնիկը հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր փառատոներում և համերգասրահներում։ Նվագախումբը կազմակերպում է հանրահայտ «Ամանորյա համերգը», որը միջազգայնորեն հեռարձակվում է ավելի քան 70 երկրներում։
   Մայքլ Թիլսոն Թոմասը Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենն է, Նոր աշխարհի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը։ 1971–1979 թթ. եղել է Բաֆալոյի ֆիլհարմոնիկի երաժշտական տնօրենը, իսկ 1981–1985 թթ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Նրա տասնյոթամյա գործունեությունը Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենի պաշտոնում լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում: 2010 թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարգևատրել է Մայքլ Թիլսոն Թոմասին ամերիկյան կառավարության կողմից արվեստագետներին տրվող բարձրագույն պարգևով՝ Արվեստի ազգային շքանշանով։
    Եֆիմ Բրոնֆմանը համարվում է մեր օրերի վիրտուոզ դաշնակահարներից մեկը։ Բրոնֆմանի 2012–2013 թթ. համերգաշրջանը սկսվել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգներով, սըր Սայմոն Ռեյթլի ղեկավարությամբ՝ Բեռլինում, Զալցբուրգում և Լոնդոնում։ Նախատեսվում է վերադարձ դեպի Զալցբուրգի Զատկի փառատոն՝ Դրեզդենի պետական կապելլայի և Քրիստիան Թիլեմանի հետ՝ Վիեննայի ֆիլհարմոնիկի և Մայքլ Թիլսոն Թոմասի հետ Վիեննայում, Լոնդոնում և Երևանում կայանալիք համերգներից հետո։ 1997 թվականին Եֆիմ Բրոնֆմանն արժանացել է «Գրեմի» մրցանակի՝ Բելա Բարտոկի դաշնամուրի երեք կոնցերտների ձայնագրության համար։
    Ս. թ. մարտի 19-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի բացման և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հայաստանյան համերգին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
  • Created on .
  • Hits: 3242

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: